HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հայրը բժիշկներին չի մեղադրում, բայց պահանջում է բացատրել՝ ինչից է մահացել երեխան

Արմեն եւ Վեսմիրա Դավթյանների բազմանդամ ընտանիքի խնդիրներին «Հետք»-ն անդրադարձել էր 2014թ-ի հունիսին: Դավթյանները բնակվում են Շիրակի մարզի Մայիսյան գյուղում՝ բնակարանային աղքատիկ ու անհարմար պայմաններում մեծացնելով հինգ երեխա: Սեպտեմբերի 26-ին ընտանիքը համալրվել էր եւս երկու փոքրիկով: Վեսմիրան երկվորյակ էր ունեցել՝ Նարեկ եւ Նարե Դավթյաններին, միայն թե փոքրիկներից աղջկա մոտ հետագայում հայտնաբերվել էին առողջական լուրջ խնդիրներ: 2015 թ-ի մարտի 14-ին վեց ամսական Նարե Դավթյանը մահացել էր Գյումրու «Մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոցում՝ ախտորոշումը հիդրոցեֆալիա:

Այս հիվանդությունը լինում է բնածին եւ ձեռքբերովի: Բնածին հիդրոցեֆալիայի առաջացման հիմնական պատճառների շարքում նշվում են այնպիսի վարակիչ հիվանդություններ, ինչպիսին են սիֆիլիսը, տոքսոպլազմոզը, ցիտոմեգալիան: Իսկ հետծննդաբերական շրջանում հիվանդությունը կարող է զարգանալ մինինգիտի հետեւանքով: Եթե երեխայի մոտ առկա է լինում թարախային պրոցեսներ եւ ուղեղի թաղանթի ընթացիկ բորբոքում, ապա վիրահատությունը հակացուցվում է:

Շիրակի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ փոքրիկ Նարեի մոտ ախտորոշվել է հիդրոցեֆալիա եւ աջ կիսագնդում նոյագոյացություն՝ կիստոզ փոփոխություն, երեխան հասակակիցների համեմատ ունեցել է մոտ երկու կգ պակաս քաշ:

«Երեխան Գյումրու «Մոր եւ մանկան» հիվանդանոցում անցել է տարբեր հետազոտություններ՝ ներառյալ մագնիսառեզոնանսային հետազոտություն (NRT)` դրանով են հայտնաբերել ուղեղի թաղանթի բորբոքումը, կիստոզ գոյացությունը,- հեռախոսազրույցի ժամանակ նշեց Հովհաննես Հովհաննիսյանը,- սակայն ծնողն այսօր բողոքում է՝ ասելով, թե բացատրեք իմանամ ինչից է մահացել իմ երեխան: Ասեմ, որ նրանք ի սկզբանե էլ իմացել են, որ փոքրիկը խնդիրներ ունի»:

Մահացած երեխայի հայրը՝ 32-ամյա Արմեն Դավթյանը «Հետք»-ին պատմեց, որ երկվորյակների ծնվելուց հետո հիվանդության բացահայտ նշաններ նրանցից որեւէ մեկի մոտ բժիշկները չեն նկատել: Միայն երկու ամիս անց աղջկա մոտ առավոտյան ժամերին մայրը նկատել է ցնցումներ, որին սկզբում ուշադրություն չեն դարձրել, իսկ հետո, երբ հաճախակիացել է՝ տեղափոխել են հիվանդանոց:

«Էրեխուս երկու անգամ տարել եմ Գյումրու մանկական հիվանդանոց, մեկ անգամ էլ Երեւան՝ հետազոտման: Առաջին անգամ դեկտեմբերի 5-ին էր՝ ցնցումներով, ջերմությունուվ տարել ենք հիվանդանոց, 10-12 օր պառկել է վերակենդանացման բաժնում, հետո ուղղակի դեմը նոր տարի էր, դրա համար էլ Երեւան ուշ եմ տարել՝ հունվարի 6-ին էլի ցնցումներով ու ջերմությունով: Վերջին անգամ էլ, որ հասցրեցինք հիվանդանոց՝ անմիջապես տեղավորեցին վերակենդանացման բաժնում: Մեզի ըսեցին, թե էրեխեն թոքաբորբ է»,- պատմում է Արմեն Դավթյանը:

Երեխայի մահվան լուրը ծնողներին հասել է մեկ ժամ ուշացումով: Արմենը վրդովված է, որ հիվանդանոցում իր հեռախոսահամարը սխալ են գրել եւ իրենք գյուղում ուշացումով են իմացել, որ պիտի գնան հիվանդանոց:

«Մեզի ըսին, որ չանհանգստանանք, երեխու վիճակը լավ է, մենք էլ թողինք եկանք գյուղ, հետո որ համարս սխալ էին գրել, մեր գյուղացիների միջոցով էին գտել խաբար արել, որ նորից գնանք հիվանդանոց: Նոր էնտեղ իմացել ենք երեխու մահվան լուրը: Հըմի մենք ընուրից ենք վիրավորված, ջղայնացած, որ մեզի հենց սկզբից չեն ըսել, հիմի էլ կպատճառաբանեն, թե գլուխն է, թոքաբորբ էր, սրտի կանգ է: Ճիշտն ըսած հիմի ինչ բողոք էլ ներկայացնեմ, ես իմ երեխուս հետ չեմ բերե, ուղղակի գուզենք ճիշտն իմանանք, թե ինչ բդի էնեինք, որ չկրցանք էնել մեր երեխու համար»,- ասում է Արմենը Դավթյանը:

Նարեի երկվորյակ եղբայրը՝ Նարեկը նմանատիպ խնդիրներ չունի: Հայրն ասաց, որ միայն երեխայի ոտքերն են թույլ, սակայն բժշկական ստուգման չեն տարել, մտածում են կալցիումի պակասից կլինի: Ըստ Արմենի՝ Նարեկը մինչեւ Նարեի դեպքը նորմալ ձգվել է մահճակալում կամ երբ գրկել են, բայց արդեն մեկ ամիս է նկատում են, որ երեխան թույլ է կանգնում ոտքերի վրա:

Հարցին, թե ինչու են Դավթյանները Նարեի մահվան մասին որոշել խոսել միայն դեպքից մեկ ամիս անց եւ չեն դիմել իրավապահ մարմիններին, այլ խնդիրը բարձրաձայնել են «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման միջոցով, Արմենը նորից կրկնեց, որ իրենք բժիշկներին երեխայի մահվան մեջ չեն մեղադրում: «Մենք գուզենք օր իրանք կոնկրետ ըսեն մե՞ր սխալն է, թե իրա՞նց, օր երեխեն մահացավ»:

Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ Գյումրիում երեխաների մահացությունը ընդամենը 7 տոկոս է կազմում, այնքան որքան Եվրոպայի զարգացած երկրներում: «ԱՊՀ երկրներում 24-30 տոկոս է: Մեր մոտ բավական ցածր ցուցանիշ է: Պետք է հաշվի առնել նաեւ որոշ հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կյանքի հետ եւ պետք չէ ամեն ինչում մեղադրել բժիշկին»,- նկատեց զրուցակիցս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter