HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Նորից Հայաստանի մասին. Վլադիմիր Պոզների դասը

Հայաստանը զարգացած քաղաքների, լավ ճանապարհների ու հնագույն շինությունների երկիր է։ Հայ ժողովուրդն աշխատասեր ու հյուրընկալ ժողովուրդ է։ Եթե թուրքերը մեր կեսը չջարդեին, այդ ժողովուրդը կարող էր հյուրասիրության սփռոց բացել ամբողջ աշխարհի համար։

Հրանտ Մաթեւոսյան, «Գոմեշ»

 Վերջերս ինտերնետում «Պոզները Հայաստանի մասին» վերնագրով հրապարակվեց մի հատված ռուս հեռուստալրագրող Վլադիմիր Պոզների գրքից։ Գիրքն առաջին անգամ անգլերեն լեզվով տպագրվել է 1990 թվականին։ Կարելի է գտնել այդ հատվածի մի քանի հայերեն թարգմանություններ։ Այն շարունակում է Հայաստանի մասին ռուսական տեքստերի երկար շարքը՝ նորից ու նորից առաջ բերելով հայերի հիացմունքն ու երախտագիտությունը…

Պոզները Խորհրդային Հայաստանում եղել է ոչ շուտ, քան 1970-ականների երկրորդ կեսը, ըստ երեւույթին՝ Արփա-Սեւան թունելի մասին տեղեկություններ հավաքելու նպատակով։ Նախ՝ ավելորդ չէ նկատել, որ այս լրագրողական ուղեւորությունը արտացոլում է խորհրդային կենտրոն-ծայրագավառ հիերարխիային հարաբերությունը։ Տեքստում գտնում ենք որոշ մանրամասներ այդ ժամանակաշրջանի մասին, ինչպես, օրինակ, օդափոխիչների բացակայությունը։ Կարելի է ենթադրել, որ ադրբեջանական արտադրության խորհրդային օդափոխիչներն արդեն գոյություն ունեին, բայց Հայաստանում դեռ տարածված չէին։ Պոզները հպանցիկորեն նկատում է, որ իրեն նստեցնում են «Վոլգա» ավտոմեքենա։ Սա պետք է համարել հարգանքի առաջին նշանը, որին կհաջորդի հյուրասիրության մի ամբողջ ծես։ Իսկ «մենք ապրում ենք քսաներորդ դարի վերջին քառորդում իբրեւ թե առաջավոր երկրում» նախադասության մեջ խորհրդային հավաքական «մենք»-ի որոշակի հեգնական համատեքստը՝ «իբրեւ թե առաջավոր»-ը, ինչպես նաեւ այլ ակնարկներ, կարող ենք համարել հետագա տարիների հավելում, երբ թույլատրված էր արտահայտվելու ավելի մեծ ազատություն։

Արեւելյան եւ հինավուրց

Այս ոչ մեծ տեքստից ընտրենք երկու հատված, որոնցից մեկը գիշերային երկնքի, իսկ մյուսը գյուղական տան ու ընտանիքի նկարագրություն է։ Ահա առաջինը. «Բացելով աչքերս` մեքենայի պատուհանից տեսա սեւ թավշյա երկինք` ողողված անհավանական չափերի աստղերով, որոնք այնքան ցածր էին կախված, որ, թվում էր, կարող ես ձեռք տալ։ Եւ հանկարծ նկատեցի լուսինը, ավելի շուտ` նրա կեսը. Այն, ասես հեքիաթային նավակ, կողքի պառկած լողում էր երկնքում: Երեխա ժամանակ «Հազար ու մի գիշերվա» հեքիաթները կարդալիս սիրում էի նայել նկարազարդումները, որոնցում մինարեթների աշտարակներից վեր լողում էր կողքի պառկած կիսալուսինը։ Այն ժամանակ ես կարծում էի, թե դա երեւակայության հեքիաթային թռիչք է` լիովին համապատասխան անիրական սյուժեներին։ Ես հասկանում էի, որ կիսալուսինը չի կարող կողքի պառկել։ Եվ ահա այստեղ` Սեւանի ափին, ես բացահայտեցի, որ նկարները կարող են լինել իրական, որ «Հազար ու մի գիշերվա» հեքիաթներն իմ գլխավերեւում են` հերիք է ձեռքդ մեկնես»:

Իհարկե, երկինքը ողողած մեծ աստղերը, որոնց կարելի է դիպչել ձեռքով, եւ հարակից զեղումները հեքիաթի ու իրականության մասին բազմիցս կրկնված նկարագրություն է, արեւելյան ուղեգրության հասարակ տեղիք։ Բայց բանը աստղերն ու լուսինը չեն, այլ այդ նկարագրությամբ եւ մշակութային հղումների ցանցով ներմուծվող արեւելյան տարաշխարհիկությունը (էկզոտիկությունը), որ կառուցված է գրական-գեղարվեստական ստերեոտիպերից եւ ընթերցողի մտքում արթնացնում է Արեւելքը՝ իր հանրածանոթ հարանշանակություններով հանդերձ. հետամնացություն, կրավորականություն, ստորադասություն Արեւմուտքի (կամ Հյուսիսի) նկատմամբ եւ այլն։

Հաջորդ հատվածում նկարագրվում են ընտանիքի անդամները, մասնավորապես՝ ծեր կինը եւ դեռահաս տղաները։ Ծեր, «հինավուրց» կնոջ եւ դեռահաս տղաների աչքերում Պոզները ամփոփ ձեւով «կարդում է» այն, ինչ ամենայն հավանականությամբ նրան ինչ-որ մեկը կամ մի քանիսը արդեն պատմել են հայ ժողովրդի «բազմադարյա պատմության, մաքառումների ու հարատեւության» մասին (ես ընտրում եմ բառեր հայության ինքնաներկայացման ստանդարտ բառարանից), կատարում եզրահանգումներ տպավորիչ գնահատականների տեսքով. «Նրա (ծեր կնոջ - Հ.Բ.) աչքերում կենում էր դարերի իմաստությունը, եւ նայելով այդ աչքերին՝ ես ինձ զգում էի բոլորովին փոքր ու մերկ», «Այդ պահին ես հասկացա, որ իմ մշակույթը, իմ քաղաքակրթությունը ոչինչ են այն բանի համեմատ, ինչ նրանք պահպանել են», «…նրանք առաջին փարավոնների ժամանակի՝ գաղտնիքով պարուրված եգիպտացիների ժամանակակիցների անմիջական սերունդներն են» եւ այլն։

Պոզները նկարագրում է տարեց մարդու դեմքով, բայց իրենց տարիքից ավելի փոքր երեւացող տղաների, որոնք հավանաբար երբեք հասուն, ժամանակակից մարդ չեն դառնա (ի միջի այլոց, նրանք իսկապե՞ս յոթն էին, թե՞ յոթ թիվը եւս առասպելականացման միջոց է)։ Ինքնաստորադասման մեծահոգի ժեստով Պոզները միաժամանակ այս մարկանց զետեղում է արդիությունից դուրս վաղնջական ժամանակներում։ Նրանք միայն կարող են գոյատեւել եւ պահպանել. «Այս մարդիկ կարողացել են գոյատեւել որպես ժողովուրդ եւ պահպանել իրենց լեզուն, իրենց մշակույթը….»։ Նկատում ենք, որ այստեղ «այս մարդիկ»-ը արդեն վերաբերում է ոչ միայն գյուղական ընտանիքին։ Նման տեքստերում այսպիսի ընդհանրացումներն անխուսափելի են։ Այո, «Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ», եւ թանգարանային նմուշներ են ոչ միայն վանքերն ու խաչքարերը, գորգերն ու մատյանները, այլեւ մարդիկ։

Այսպիսով, ակներեւ է գիշերային տեսարանի եւ այս իրադարձության «հերոսների» անողոք (ստերեո)տիպականացումը։ Գուցե պատճառների թվում հաղորդակցական խոչընդոտներ էին, փոխհասկացողության դժվարությունը այդքան տարբեր մշակույթների՞, թե՞ այդքան տարբեր ժամանակների մարդկանց՝ հյուրի եւ բնիկների միջեւ։ Այս մարդիկ իրենք իրենց մասին ոչինչ չեն ասում։ Կանայք եւ երեխաները միշտ լուռ են, թերեւս նաեւ ռուսերեն չիմանալու պատճառով, իսկ տղամարդկանց հետ շփումը միշտ չէ, որ արդյունավետ է («Բայց ես հասկանում էի, որ վիճելն անօգուտ է»)։ Փոխարենը, պերճախոս են նրանց աչքերը, եւ, այո, մոսկվացի հյուրն առանց դժվարության կարդում-վերծանում է դրանցում գրվածը։

Իհարկե, կա իրադրության մյուս կողմը. ինչո՞ւ էին այս մարդիկ՝ մեծից փոքր, գիշերվա այս ժամին իրար անցել մի հյուրի համար, այդ բացահայտ աղքատության մեջ այդքան առատ սեղան գցել, ինչո՞ւ էին այդ տղաներին հագցրել նրանց տոնական շորերն ու շարել նրա ետեւում։ Սա հյուրընկալությա՞ն , թե՞ պարզ ենթարկվածության ծես է, որտեղ խոսում է տիրապետողի կողմից դիտված եւ գնահատված լինելու մեծ ցանկությունը…

Ռուսական-խորհրդային գաղութային դիսկուրս

Մոսկվացի հեռուստալրագրողի ստացած դասը՝ «Մի դատիր, եթե նյութին ծանոթ չես», կնոջ նկատմամբ վերաբերմունքի մասին է. տանտիրուհին չէր հրավիրվել գիշերային սեղանի մոտ, եւ, ինչպես Պոզներին բացատրել էին, դա ուներ ուրիշ իմաստ, քան նա կարծում էր։ Այդուհանդերձ, անծանոթ բաների մասին չդատելու պատվիրանը նա ձեւակերպում է բավական ուշ, երբ արդեն արվել են բոլոր անվերապահ դատողությունները բնության ու մարդկանց, ժողովրդի ու նրա պատմության մասին։

Հայտնի են գաղութային դիսկուրսի մեջ գաղութային ուրիշի ներկայացման մի քանի եղանակներ, որոնցից մեկը «վայրենի»-ն է (պրիմիտիվը, թերզարգացածը, արխայիկը, ավանդականը, տարաշխարհիկը), որը «վայրենի-քաղաքակիրթ» հակադրության մեջ իմաստավորվում է որպես մեկը, որ, գտնվելով Արեւմուտքի համեմատությամբ ավելի ցածր մշակութային աստիճանի վրա, ենթակա է քաղաքակրթման։ Այս կերպ գաղութատիրության մեջ առաջին պլան է մղվում նրա «քաղաքակրթող առաքելություն»-ը։

18-րդ դարում, արդյունաբերացվող եւ ուրբանացվող Եվրոպայում ծնվում է նախնական անմեղության եւ ազատության մեջ ապրող «բնական» մարդու նոսթալգիական հասկացությունը։ Նրան վերագրվում են այնպիսի հատկություններ, որ արեւմտյան քաղաքակրթությունը հասցրել է կորցնել։ Այս ինքնաքննադատական հայացքի մեջ կառուցված «ազնվահոգի (ազնվական) վայրենու» (‘noble savage’) դրական կերպարը ծայրահեղորեն պարզունակացված եւ իդեալականացված է։

Վերջապես, գաղութացված ժողովուրդը կարող է լինել անցյալի մեծ քաղաքակրթության «անարժան» ժառանգորդը (Հնդկաստան, Եգիպտոս), եւ Արեւմուտքն իրեն պարտավորված է զգում՝ փրկել եւ նրան ու «մարդկությանը» վերադարձնել այդ մոռացված մշակույթը։ Սա Արեւմուտքի եւ Արեւելքի օրիենտալիստական հարաբերության տիպային դեպքն է։

Կարծում եմ՝ Պոզների տեքստում կան երկրորդ եւ երրորդ դիսկուրսների տարրեր՝ երբեմն պարադոքսային ձեւով իրար խառնված։ Այստեղ պատկերված են հին, պատկառելի մարդիկ, որոնց պատմական մոնումենտալությունը շատ բան չարժե ժամանակակից աշխարհում։ Վերը հիշատակեցի նաեւ Պոզների հեգնական ակնարկը Խորհրդային Միության «իբրեւ թե առաջավոր երկիր» լինելու մասին։ Ուրեմն, հնության, վաղնջականության հետ միասին, գուցե պակաս բացահայտ ձեւով, բայց ոչ պակաս ուժով այստեղ գործում է նաեւ առաջընթացի (պրոգրեսի) դիսկուրսը, եւ ի հայտ է գալիս ռուսական կրկնակի անլիարժեքությունը. նրանք բավականաչափ հին չեն՝ հայերի հետ համեմատվելու եւ բավականաչափ առաջավոր, զարգացած չեն՝ Արեւմուտքի հետ համեմատվելու համար։

Կարելի է կռահել, թե ինչու հայ ժողովրդի պատմության Պոզների շարադրանքից դուրս է մնում ռուսական-խորհրդային տիրապետության շրջանը, ինչպես նաեւ հեշտ է տեսնել, որ երկու դեպքում էլ՝ եւ Սեւանի գիշերային երկինքը, եւ տան բնակիչներին նկարագրելիս Պոզները ամբողջովին ապավինում է իր ունեցած գիտելիքին, որ նրա «բացահայտումները» ուրիշ բան չեն, քան նախկինում կարդացածի կամ լսածի վերագրումը անծանոթ բնությանն ու մարդկանց։ Նունիսկ բնակիչների դժվարին կյանքի մասին վկայող տան աղքատիկ հարդարանքը լրագրողին հիշեցնում է Մեծ դեպրեսիայի տարիների Օկլահոմայի ֆերմերների տների լուսանկարները։

Սրան ավելացնենք մի ընտանիքի միջոցով մի ամբողջ ժողովրդի գնահատելու պատրաստակամությունը, որոշ հատվածներում բանեցված «բարձր ոճը» եւ անհարկի պաթոսը… Ի վերջո, այս անծանոթ, բայց ճանաչելի լեռնային տեղանքը, տարօրինակ, բայց միանգամայն կանխատեսելի մարդիկ պատկերված են որպես ռուսահպատակներ, ինքնին հասկանալի ձեւով ռուսական արեւելքի եւ խորհրդային տերության անբաժանելի մաս։

Թերեւս, հասկանալի է, որ ես չեմ ցանկանում ապացուցել, թե Հայաստանը արեւելք չէ, այլ որ պետք է հարցականի տակ առնել, կազմաքանդել ուրիշների սահմանած եւ շատ հայերի համար այդքան հմայիչ Հայաստանն ու հայկականությունը, բուն փոխհարաբերությունը, երբ հայությունը մշտապես ապրում է ռուսական հայացքի ներքո՝ հաճույք ստանալով վերահսկված եւ գնահատված լինելուց։

Մեկնաբանություններ (2)

Շահեն
Այդ մարդը ջհուդ է՝ իր նպատակներով, մեթոդով ու հոտառությամբ: Նրանց մեջ էլ են հանդիպում արժանի ու ուրիշների համար պիտանի մարդիկ: Սա ոնց որ դրանցից չէ
Աննա
Պոզներն օդանավից իջել է...ու հայտվել վայրի մութ քարանձավում. շատ հարմար դիտանկյուն՛հազար ու մի գիշերի՛ մոտիվներով մի հետաքրքիր հեքիաթ կառուցելու համար: Ինչպես որ դու ես նշել նախորդ հոդվածներից մեկում, խորհրդային - գաղութային այդ միջավայրում սեփական դիմագիծը նկարելու գործը թողնված էր վերեւին...եւ վարորդը պիտի լիներ նրան ՛դաս՛ տվողը...քանի որ մնացածը՝ լուռ էին, լեզուն չգիտեին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter