HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Ապրիլի 24-ը՝ ծննդյան պայմանական օր

Մեկ տասնյակից չանցնող թղթերի վրա Հերիքնազ Թորոսյանը շարադրել է այն, ինչ հիշել է մինչև Արևելյան Հայաստան հասնելը: Գրում է, թե 6 տարեկան է եղել, երբ գաղթել է, թեև չի հիշում ո՛չ ծննդյան թիվը, ո՛չ էլ գյուղը, որտեղ ապրել է: Հիշում է միայն Մուշը, ծնողների՝ Երանոսի ու Աղունիկի, Մանուկ մորեղբոր, ավագ քրոջ՝ Լուսիկի և եղբոր՝ Պողոսի անունները:

Մի քանի ամիս ապրած մյուս քրոջ անունը նույնպես չի հիշում: Հայրը ծառայելիս է եղել, հավանաբար, Ալեքսանդրապոլում: Երբ նամակներով մորը համոզել է, որ տեղափոխվեն իր մոտ, մայրը երեխաների հետ գնացել է ազգությամբ քուրդ հարևանի մոտ, որպեսզի խնոցին բերի և ճանապարհի համար յուղ պատրաստի:

«Գնացինք դրանց տուն` խնոցին բերելու: Մայրս էնտեղ զրույց էր անում, մեկ էլ տեսանք թվանքը դուրս բերեց ու նստեց դռանը, իբր մաքրում է: Փողն ուղիղ մորս կրծքին էր բռնել: Եղբայրս ասաց՝ մամա ջան, վեր կաց գնանք, մեզ սպանելու է: Մայրս ասաց՝ չէ, բալիկս, քուրդն էլ հասկացավ, ասաց՝ էդպիսի բան չկա, ես չեմ սպանի: Ասելուց հետո տեսանք՝ թվանքը տրաքեց. մեկ էլ տեսանք ուղիղ մորս կրծքին դիպավ»:

 «Մենք մնացինք դռներին: Գիշերը մտնում էինք գոմեր, [երբ] լուսանում էր, դուրս էինք գալիս, որ հաց հավաքենք, որ կրծքի երեխային պահենք, էն էլ չկարողացանք պահենք. մեռավ»,- գրում է Հերիքնազ Թորոսյանը, ով այնուհետև «կազակների» օգնությամբ, ավագ քրոջ ու եղբոր հետ հասնում է Ալեքսանդրապոլ: Քանի որ տուն չունեին, հայրն իրեն ու եղբորը հանձնում է որբանոց: Հետո եղբայրն էլ գնում է հոր ու քրոջ հետևից, ու Հերիքնազը ողջ կյանքում չի իմանում՝ հանդիպեցին նրանք, թե ոչ: Նրա կրտսեր դուստրն այժմ հիշում է, որ մի անգամ իմացել են, թե իրենց մորեղբայրը Թբիլիսիում է: Գնացել են ու պարզել, որ Պողոսը մահացել է, և այդ մասին ասել են Հերիքնազին: «Սկսեց լացել մամաս, որ Պողոսը մահացել է: Փոշմանեցի, որ ասել եմ, չպիտի ասեի»,- «Հետքի» հետ զրույցում ասում է Արուս Իշխանյանը:

Միայն տառերը սովորած Հերիքնազը այս պատմությունը վերաշարադրել է մի քանի անգամ: Գրել է, որ Ալեքսանդրապոլի որբանոցից տեղափոխվել է Ջալալօղլի (այժմյան Ստեփանավան), հետո այնտեղից էլ ստիպված են եղել տեղաշարժվել անտառի միջով, ու քանի որ չի կարողացել անցնել ողջ ճանապարհը, սովից ուշաթափված երեխային գտել են ճամփորդներն ու հասցրել Ալավերդի: Դուստրը պատմում է, որ կինը, ում խնամքին են հանձնել իր մորը, Հերիքնազ անունով աղջիկ է ունեցել և ցանկացել է փոխել «գաղթականի աղջկա» անունը, ինչին վերջինս ընդդիմացել է՝ սպառնալով փախչել տնից: 14 տարեկանում ամուսնանալուց հետո Հերիքնազի ընտանիքն ապրել է Վրաստանի Մառնեուլի շրջանի Գյուլիբաղ (թուրքերենից՝ վարդերի այգի) գյուղում: Քանի որ նա չի իմացել իր ծննդյան օրը, զավակներն այն նշելու համար պայմանականորեն ընտրել են ապրիլի 24-ը: Հերիքնազի ամուսնուն ձերբակալել են 1937-ին, ինչից հետո նա միայնակ մեծացրել է դուստրերին, «օղի քաշել ու մեղու պահել» մինչև 1985 թվականը:

«Հիմա ունեմ 5 աղջիկ, 5 փեսա, տասնինը թոռ: Փառք աստծո, շատ գոհ եմ իմ բախտից»,- մի տեղ գրում է Հերիքնազը: Նրա ժառանգներն այժմ հույս ունեն, որ իր գրի առած պատմությունը ծանոթ կթվա Պողոսի կամ Լուսիկի զավակներին ու թոռներին, ու որ մի օր իրենք կհանդիպեն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter