HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Քաղցրաշենի ոռոգման ծրագրի ճակատագիրը կորոշի Ազատ գետի ջրի մակարդակը

Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագրի վերաբերյալ Համաշխարհային բանկը դեռեւս փաստաթղթային եզրահանգում չունի: Ծրագրի իրականացմանը դեմ է Գառնիի բնակչությունը եւ հանրային քննարկումների ու ՀԲ-ի մասնագետների հետ հանդիպումների ժամանակ, ի թիվս մի շարք այլ մտահոգությունների, համոզիչ փաստարկներ է ներկայացրել Ազատ գետում ջրի մակարդակի շարունակական նվազման մասին: Հիշեցնենք, որ ծրագրով Ազատի գետի վրա նախատեսվում է կառուցել ջրընդունիչ կառույց եւ խողովակաշար՝ մոտ 900լ/վրկ քանակությամբ ջուր Քաղցրաշենի պոմպակայանի ջրթող ավազան հասցնելու համար, որպեսզի ինքնահոս ոռոգման ջրով ապահովեն Արարատի մարզի 12 գյուղերին:

Ներկայումս ծրագրին առնչվող բոլոր կողմերը համատեղ քննարկում են Քաղցրաշենի ծրագրի նախագծային տվյալների հիմնավորվածությունը: Ազատ գետի մակարդակն ստուգելու համար պարբերական չափումներ են կատարվում գետում, միաժամանակ քննարկվում է ջրընդունիչ կառույցը Ազատի ջրամբարին առավել մոտ հատված տեղափոխելու առաջարկը:

Ազատ գետի վրա տեղադրված դիտակետում Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայությունը (Հիդրոմետ) շարունակական ջրաչափումներ է իրականացնում, սակայն այս տարի այդ չափումներն առանձնահատուկ կարեւորություն ունեն: Դրանով է կանխորոշվելու Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագրի իրագործումը, ուստի չափումներին մասնակցում են Համաշխարհային բանկի, «Ջրային տնտեսություն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները եւ գառնեցիներ՝ հավաստիանալու ջրային տվյալների հիմնավորվածության հարցում:

Գառնիի բնակչության դիտարկումով՝ Ազատ գետի ջրային պաշարների վերաբերյալ ներկայացվող տվյալները չափազանցված են, եւ խողովակաշարով 900լ/վրկ ջուր վերցնելու դեպքում՝ գետում չի պահպանվի օրենքով նախատեսված 850լ/վրկ բնապահպանական թողքը: Նրանց համոզմամբ՝ հիմնավորված չէ Քաղցրաշենի ծրագրի իրագործումը, եւ կատարվող ծախսերը չեն արդարացվի միայն պատճառով, որ ոռոգման սեզոնին գետում պահանջված քանակի ջուր չի լինում, իսկ այդ պայմաններում գետից լրացուցիչ ջուր վերցնելը կվտանգի գետի եւ Ազատի կիրճի բնապահպանական վիճակը:

Հիդրոմետ ծառայության հիդրոգրաֆիայի, հիդրոմետրիայի բաժնի պետ Էդգար Միսակյանը տարիներ շարունակ անձամբ է այս դիտակետից չափումներ կատարել, եւ այս տարի արդեն 7-րդ անգամն է չափում:

Նա հաստատեց, որ վերջին երկու տարիներին ոչ միայն Ազատ գետն է սակավաջուր եղել, այլեւ ՀՀ ողջ տարածքում է սակավաջրություն գրանցվել:

«Անցյալ տարվա ամռան ամսիներին ջրի քանակությունն ավելի է մոտեցել նվազագույնին, բայց պատմական նվազագույնի մակարդակին, որը 1961թ·-ին է դիտվել, դեռեւս չի իջել»,- ավելացրեց բաժնի պետը:

Ապրիլի 12-ի չափումների ժամանակ Ազատ գետում 7700 լ/վրկ ջրի քանակություն արձանագրվեց: Պետք է նկատի ունենալ, որ ապրիլ եւ մայիս ամիսներն Ազատի գետի վարարման շրջանն են եւ դրանից ավել այս տարի ջրի մակարդակը դեռեւ չի ավելացել:

Մեր այն հարցին, թե նախորդ տարվա ապրիլ ամսին գրանցված ցուցանիշների համեմատությամբ ջրի քանակությունն ավելացե՞լ է, թե՝ պակասել, Է. Միսակյանը հայտեց, թե գետի 7 մ-ոց հունն այս տարի փոխվել է եւ դարձել 15 մ, իսկ ձեւափոխված հունի դեպքում ինքը չի կարող ասել՝ ջրի մակարդակը բա՞րձր է, թե՞ ցածր: Սակայն, նրա ասելով, անցած տարվա նույն ամսվա տվյալների հետ հավասար է:

Է. Միսակյանի կարծիքով՝ այս տարի ջրի քանակությունն ավելանալու միտում ունի: Մեր այն հարցին, թե ինչն է նրան լավատեսություն հաղորդում, պատասխանեց. «Ազատի ավազանում մեծ քանակությամբ ձյան պաշարներ կան եւ Հիդրոմետ ծառայության կանխատեսումներով Ազատի ջրամաբարն այս տարի 100%-ով կլցվի: Մասնագետները կանխատեսում են, որ օդերեւութաբանական պայմանները բարենպաստ են ջրամբարները լցվելու համար: Տեսողական դիտարկումով էլ կարելի է ասել, որ ձյան շերտը բարձր է այս տարի: Կարդարանա՞ն կանխատեսումները, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա, 100% կանխատեսում ոչ ոք չի կարողանա անել»,- հայտնեց նա:

Նշենք, որ Համաշխարհային բանկի 2014թ·-ին իրականացրած «Դեպի ջրային ռեսուրսների համալիր կառավարում» հետազոտության արդյունքներով ոլորտի մասնագետները Հայաստանում մինչեւ 2030թ-ը գետերի ջրահոսքի 25% կրճատում են կանխատեսել: Ծրագրի իրագործմամբ շահագրգռվածների պնդմանը հակառակ, թե Ազատ գետում ջրի քանակությունն ավելանալու միտում ունի, ՀԲ-ի հետազոտությունը փաստում է, որ ապագայում «օդի ջերմաստիճանի աճն ու տեղումների կրճատումը կավելացնեն գոլորշիացման մակարդակը եւ կնվազեցնեն ձմռանը ձյան շերտի ծածկույթն ու գարնանային արտահոսքը, ինչի հետեւանքով կկրճատվի գետերի հոսքը»:

Մեր նախորդ հրապարակումներից մեկում «Սեւան-հրազդանյան-ջրառ» ՓԲԸ տնօրեն Սամվել Հովհաննիսյանը նույնպես փաստել էր, որ հիմա ջուրը քչացել է, բայց համոզմունք ուներ, որ գետերի բնական ջրատվության ցիկլը կփոխվի: «Այսպես չի մնալու, հիմա նվազման պիկն է, արդեն պետք է փոխվի պատկերը: Սա մենք կանխատեսել չենք կարող, բնական վիճակ է»,- հայտնել էր նա:

«Ոչ ոք չի կարող ասել, թե երբ կավելանա ջրի քանակությունը, նման ուսումնասիրություն չկա,- հայտնեց տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլիկ Սարգսյանը,- դեռեւս նվազման միտում կա եւ դժվար է ասել, որ ջրային պաշարների վերականգնում է սպասվում: Այսօրվա դրությամբ ջրի մակարդակն աստիճանաբար նվազում է՝ կապված կլիմայի փոփոխության հետ, որովհետեւ ապացուցված է, որ վերջին 100 տարում ջերմաստիճանը բարձրացավ 6 աստիճանով, դա նշանակում է՝ գոլորշիացումն ավելացավ, իսկ տեղումները պակասել են 10%-ով, որի հետեւանքով 100 տարվա ընթացքում ջուրն էլ պակասեց»:  

Ազատ գետի վրա կառուցված հիդրոլոգիական դիտակետն ըստ էության, ոչ միայն Ազատի կիրճում այլեւ տարածաշրջանում եղած միակ դիտակետն է, որը գործում է 1936թ·-ից: Հավաստի՞ են այն տվյալները, որոնք Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայությունը գրանցում է չափիչ մետրով, մեր հարցին, պրն Սարգսյանը հայտնեց, որ աշխարհի բոլոր երկրներում ջրաչափման համար նույն ավանդական գործիքն են կիրառում եւ դրանով չափումների ճշգրտությունը 3-5%-ի միջեւ է տատանվում:

Պրոֆեսորը նշեց սակայն, որ Ազատի ավազանում՝ Գառնիում, առկա մի դիտակետի տվյալները բավարար չեն նման ծրագրերի հաշվարկներ կատարելու համար: Նրա կարծիքով՝ «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագիրն» իրականացնելու համար պետք է տարբեր դիտակետերից չափումներ կատարել, գիտականորեն հիմնավորել, այն պետք է կապել նմանատիպ մեկ այլ գետում առկա տվյալների հետ եւ այդ տվյալներն օգտագործել:

Վարարած Ազատ գետը Գետի լայնացած հատվածը

Գառնիի բնակչությանը մտահոգող մյուս հարցը՝ ջրընդունիչ կառույցի գլխամասը ավելի ցածր հատված տեղափոխել՝ Ազատի կիրճի տեսքը չաղճատելու համար, Գառնիի բնակիչներն ապրիլի 21-ին քննարկեցին Քաղցրաշենի նախագծի հեղինակների՝ «Հայհիդրոէներգանախագիծ» ընկերության աշխատակիցների հետ: Քննարկմանը մասնակցող Ջրային պետական կոմիտեի «Ջրային տնտեսություն» ԾԻԳ-ի ճարտարագետ-հիդրոտեխնիկ Համլետ Հարությունյանը հայտնեց, որ 1218 մ բարձրությունն է ընդունվել ջրառի համար եւ այդ նիշը նվազեցնելու դեպքում հնարավոր չէ ինքնահոս ջուր ապահովել: «Իմ նպատակը ՀՀ-ում 12,000 հա մեխանիկական եղանակով ոռոգվող հողերն ինքնահոսով փոխարինելն է»,- հայտնեց Հ· Հարությունյանն ի պատասխան գառնեցիների այն պնդումներին, որ այդ ծրագրի վնասներն ավելին են լինելու, քան ակնկալվող օգուտները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter