HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էրգրից եկածները պահպանում են իրենց ավանդույթները

Արմավիրի մարզի Ապագա գյուղի բնակիչների համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիը դարձել է գերեզմանատեղի, որտեղ այցելում և ծաղիկներ են դնում`հարգելով իրենց հայրերի ու պապերի հիշատակը: Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Մոտկանի գավառի Նիչ, Մցու, Կնձու, Բուգնոտ, Հիզան, Տնկի, Մրցան, Քաշախ, Խութի՝ Գելոնք գյուղերի՝ ցեղասպանությունից փրկված հայերը իրենց ապաստանը գտան հայ-թուրքական սահմանից քիչ հեռու մի բնակավայրում, որը 1935թ. անվանել են Ապագա՝ որպես նոր կյանքի սկիզբ և շարունակություն: Նրանց պատմությունը որմնանկարի տեսքով տեղ է գտել գյուղի մշակույթի տան պատին, որպեսզի նոր սերունդները ևս տեղեկացված լինեն: 

Պատմությունը հանգիստ չի տալիս

Արամ Մխիթարյանը 80 տարեկան է, ծնվել է Հայաստանում՝ Ապագա գյուղում, սակայն նրա արտաքին տեսքը վկայում է, որ Արևմտյան Հայաստանի արմատներ ունի: Նրա հիշողության մեջ ծնողների դառը պատմությունն է, թե ինչպես են իրենց Էրգրում թողել ունեցվածքը, տունը և բռնել հարկադրված գաղթի ճանապարհը:

Հայրը՝ Բուգնոտ, իսկ մայրը Շեն գյուղից են արտագաղթել Հայաստան 1916թ.: Այդ ժամանակ հայրը եղել է 21, իսկ մայրը՝ 6 տարեկան: Վերջինս Հայաստան է եկել Զորավար Անդրանիկի զորքի հետ: Սկզբում տեղավորվել է Գորիսում, այնուհետև՝ Էջմիածնում ու Թալինի շրջանի Մեհրիբան գյուղում (ներկայիս Կաթնաղբյուր), որտեղ հավաքվել է բռնագաղթած սասունցիների մեծ մասը:

Մայրը պատմել է, որ Էջմիածնի եկեղեցու բակում գաղթականներին օրեր շարունակ պահել են մի բուռ չամիչով, հաց չեն ունեցել ուտելու, իսկ եկեղեցին հնարավորություն չի ունեցել բոլորին կերակրելու: Ով դիմացել է, ապրել է, ով ոչ՝ մահացել է ու սայլով մահացածների մարմինները հավաքել են ողջերի միջից:

Արամ պապը, հիշելով մոր պատմածները, նշում է, որ Մոտկան գավառի տարածքում ջարդեր չեն եղել: Այնտեղ ամեն մի հայկական տոհմ ունեցել է քուրդ աղա, ով հայ ընտանիքներից հավաքել է հարկերը: Աղաները նախապես զգուշացրել են հայերին, որ կառավարական զորքը գալու է նրանց հետևից: Քուրդ աղաները հայերից վերցրել են ամբողջ ունեցվածքը և նրանց խաղաղ ճանապարհել են:

«Մայրս պատմում էր, որ երբ հասել են Մշո դաշտ, տեսել են, որ թուրքերը մարագի մեջ այնքան հայեր են լցրել ու վառել, որ բաց դաշտում շնչելու օդ չի եղել մարդու վառված մարմնի հոտից: Մարագներն ամբողջությամբ լցրել են մարդկանցով, դուռը մեխով փակել, դրանից հետո մարագը մարդկանցով լցրել են երդիկից ու այրել են»,-ասում է Արամ Մխիթարյանը:

Սովորույթներ, որոնք Ապագայի բնակիչները պահպանում են

Բացի Սասնա երգն ու պարը, Մխիթարյանների ընտանիքում պահպանվել են Էրգրի ավանդույթները, ընտանիքում բոլորը խոսում են պապական գյուղի բարբառով, իսկ տոնական սեղաններին գերակշռում են իրենց ավանդական ուտելիքները: Միմյանց ճանաչելու համար այստեղ իրար դիմում են պապական գյուղերի անունով, ասենք՝ բուգնոտցի Մխիթար, նիչեցի Արտաշ և այլն:

Արամ Մխիթարյանի ասելով՝ իրենց ավանդույթներից մեկն էլ այն է, որ քավորին չեն փոխում: Ապագա գյուղում կան մարդիկ, ովքեր Էրգրից են քավորությունը սկսել ու մինչ հիմա՝ 100 տարուց ավելի, շարունակում են: Իրենց համար քավորը սրբություն է, որին չի կարելի փոխել:

«Հարսները երբեք սկեսրայրների մոտ բարձր ձայնով չեն խոսել, մեծերից միշտ խորհուրդ են հարցրել: Նույնիսկ գարնան ցանքի վերաբերյալ խորհուրդներ են հարցրել: Այսօրվա նման չի, որ հենց որդին ծնողներից բաժանվում է, արդեն չի լսում մեծերին: Սա ամենակարևոր սովորույթներից է, որ մինչ օրս սասունցիներիս մոտ պահպանվել է»,-նշում է նա:

Ապագայում բնակվող սասունցիների ընտանիքում պահպանվել են նաև ավանդական կերակուրները, օրինակ՝ չորթանով ճաշը, որը պատրաստում են ձավարով, յուղով ու աղի թանով, կամ դդմով ճաշը, որը եփում են մածունով ու սխտորով: Այդ ուտելիքի անվանումը եղել է բորանի և ուտում են հատկապես Զատկի օրերին: Հաջորդ հարգի կերակուրը շաղգամով ճաշն է: «Ամեն տարի ցորենը քաղելուց հետո շաղգամը ցանում եմ, ուշ աշնանը հողից հանում եմ ու ամբարում, հետո դրանով պատրաստում ենք համեղ ճաշ, որի մեջ միս են գցում»,-ժպտալով ասում է Արամ Մխիթարյանը:

Արամ պապը պատմում է, որ երբ իր նախնիները եկել են Հայաստան, խառնվածքի տարբերության պատճառով տեղացիների հետ չեն հաշտվել: Այդ «սրությունն» այն աստիճանի է եղել, որ Էրգրից եկածները հայաստանցիներին ոչ աղջիկ են տվել, ոչ էլ նրանցից հարս տարել: Իրենց առաջին սերունդը գնացել Թալինի շրջանից են աղջիկներ բերել Ապագա գյուղ, ովքեր ևս եղել են Էրգրից: Նա հիշում է, որ իրենց հարսներից մեկը եղել է Շիրակի մարզից, և դա «սենսացիա» է եղել: Հետո պարզվել է, որ շիրակցի հարսի պապերը արմատներով մշեցի են: Նույնիսկ Արամ պապն է իր կնոջն ընտրել Թալինից:

«Առաջներում գլխարկով զարկել են փոքր աղջկան, որ չի ընկել, ըսել են՝ իմունն ա, ու տարել են: Ըտենց էլ ամուսնացել են: Եթե տղու ծնողներն ըսեին՝ պտի ամուսնանաս էս աղջկա հետ, ուրեմն պտի ամուսնանար, տեր էղներ»,- ասում է Ա. Մխիթարյանը և հավելում, որ իր ծնողներն ամուսնացել են ավելի վաղ, երբ մայրը փոքր է եղել, սակայն նա շարունակել է ապրել հայրական տանը՝ մինչև մի քիչ հասունացել է ու 15 տարեկան հասակում «օրինական» եկել է ամուսնու տուն:

Հայրերի և որդիների «կռիվը»

Մխիթար Մխիթարյանը՝ Արամ պապի որդին, այժմ Ապագա գյուղի պատմության ուսուցիչն է ու դպրոցի տնօրենը: Նա իրեն սասունցի է համարում և դպրոցում դասավանդելիս աշակերտներին փոխանցում է իրենց պապերի պատմությունը:

«Մենք ավանդապաշտ ընտանիք ենք: Հայրս եղել է իրենց ընտանիքի փոքր տղան, ծնողների հետ է ապրել: Ես էլ պապիս ու տատիս տեսել եմ, ինչպես ասում են՝ տատուս փեշի տակ եմ մեծացել, և այն, ինչ տեսել եմ իրենցից, սովորել եմ: Խառնվածքով, բնավորությամբ ես հիմա ավելի մոտ եմ իմ ծնողներին, քան իմ երեխեքը՝ ինձ: Իմ վրա կրել եմ Էրգիր տեսած մարդու նիստուկացը, իսկ իմ երեխաներն ավելի ազատ են մեծացել: Հիմա իմ ու իմ երեխու մեջ կոնֆլիկտ ավելի շատ է լինում, քան իմ ու իմ ծնողի: Մարդու իրավունքներ կոչվածը շատ փչացրեց մարդկանց: Ես ընդունում եմ, որ մարդիկ պետք է ազատ լինեն, բայց դա չպետք է լինի ազգային արժեքների հաշվին»,- ասում է Մխիթար Մխիթարյանը:

Նա շատ է կարևորում ավանդական հայ ընտանիքի դերը, հատկապես մեր տարածաշրջանում, երբ շրջապատված ենք ոչ բարեկամ պետություններով:

«Հիմա ասում ենք, որ ազգային ազատագրական պայքարի շնորհիվ փրկվեցինք, ճիշտ է, բայց փրկվեցինք, որովհետև դրա հիմքում եղել է ավանդական հայկական ամուր ընտանիքը: Այդ ընտանեկան սովորությունները, դաստիարակությունն է մեզ ավելի շատ փրկել: Այդ ընտանեկան դաստիարակությունն է ֆիդայինին ուղարկել կռվի դաշտ, մայրը իր տղային ուղարկել է մարտի, որ փրկի ժողովրդին, ի տարբերություն  այսօր շատերի: Այսօր երեխան դեռ չծնված՝ մտածում են «գժի թուղթ» հանեն կամ փախցնեն, որ բանակ չգնա: Այն ժամանակ այդպես չի եղել, դրա համար էլ փրկվել ենք: Ամենակարևորը՝ մեր մեծերը մեզ սովորեցրել են դավաճան չլինել, համախմբված լինել»,- նշում է Մ. Մխիթարյանը:

Ըստ նրա՝ սասունցիների մոտ ընտանիք հասկացությունն ավելի ամուր է, իրար թիկունքից չեն խփում, օգնում են: Մխիթարյանի խոսքով՝ Ապագա գյուղում կարող է մարդիկ «իրար ուտեն», բայց գյուղի սահմաններից դուրս իրար թիկունքի կանգնած են: Դա է պատճառը, որ գյուղում բնակվող ոչ մի եզդի իրեն ազգային փոքրամասնություն չի զգում: Տարիներով ապրում են միասին, մասնակցում և՛ տխրության և՛ ուրախության միջոցառումներին և որևէ տարբերություն չեն զգում: Բացատրություններից մեկն էլ այն է, որ եզդիները ևս տուժած ժողովուրդ են, ունեն նույն ճակատագիրն ու իրար լավ են հասկանում:

«Դու կարող է աշխարհի ամենալավ մարդը լինես, բայց գյուղի սահմաններից դուրս, գյուղի ներսում մեր գյուղացուց լավ մարդ չկա: Ես երեխաներին դպրոցում ասում եմ, որ տանը պարտադիր խոսեն բարբառով, դպրոցում՝ գրական, որովհետև բարբառն էլ է արժեք: Իմ եղբոր փոքր երեխեքը՝ 5 և 6 տարեկան, տանը մեր պապական բարբառով են խոսում: Այս ամենի հետ մեկտեղ մենք «ծուռ» ենք, որը բնորոշ է հենց մեզ՝ սասունցիներիս, ինչպես հումորն է բնորոշ գյումրեցիներին, հանդարտությունը՝ վանաձորցիներին և այլն»,- նշում է Մխիթար Մխիթարյանը: 

Առաջին լուսանկարում Արամ Մխիթարյանն է 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter