HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապավորը. պատերազմի «աչքերը»

Նույնիսկ հիմա, երբ պատերազմից անցել է 21 տարի, կապավոր Սերյոժա Մելքոնյանը զգուշությամբ է խոսում իրենց կատարած աշխատանքի մասին: Ասում է` ամեն բան չէ, որ պիտի ասվի: Իրենց գործը խիստ գաղտնի է, հաղորդվող տեղեկությունը` կոդավորված:

Գաղտնակոդերը

«Էրեբունի» օդանավակայանի հարևանությամբ գտնվող շենքերից մեկի նեղ միջանցքում մեզ դիմավորում է հաղթնադամ, Չաուշի բեղերով կապավորը, բարի ժպիտով: Հյուրասենյակի սեղանին պատերազմի տարիների կապի «մասունքներն» են: Մինչ մեր գնալը պատրաստել է արխիվային թղթերը: Հերթով բացում ենք մատյանների նմանվող տետրերը` այդտեղ բառեր են, որոնց դիմաց նշված են թվեր: «Սրանք մեր գաղտնի կոդերն էին»,- ասում է Ս. Մելքոնյանը: Յուրաքանչյուր բառ` եղանակի տեսությունից սկսած, ունի իր քառանիշ կոդը` 4 կամ 5 տարբերակներով: «Գերի», «կոտորած», «զոհ», «վիրավոր» և այլ բառերի կոդերն եմ նայում: Հարցնում եմ` ի՞նքն է կազմել դրանք: Պատասխանի փոխարեն նախ բացում է կապավոր Սերգեյ Աթարբեկյանի տված տետրը, որտեղ կոդերը երկնիշ թվերով են: Զրուցակիցս ասում է, որ Սերգեյ Աթարբեկյանն իր առաջին ուսուցիչն էր կապի ոլորտում, նրա տված այդ «մասունք» տետրը հիմք դարձավ հետագայում կոդերը զարգանելու համար: Գերխնդիրը մեթոդիկան է, որի հիմքն էլ դրել էր Ս. Աթարբեկյանը: «Աթարբեկյան Սերգեյը եղել է առաջին մարդը, ով զբաղվել է կապի ոլորտով շարժման հենց սկզբից: Ճակատագրի բերմամբ բախտ եմ ունեցել ընկերություն անել նրա հետ»,- նշում է կապավորը:

Զրուցակիցս պատմում է, որ երկու կողմերն էլ` թե´ հայերը, թե´ ադրբեջանցիները, գաղտնալսում էին իրար: Կապավորի գործն այն էր, որ կարողանա ստեղծել ապահով և գաղտնի կապ: Իսկ դրա համար տեղեկությունը հաղորդում էին ծածկագրերով: Ամիսը մեկ անգամ ծածկագրերը պարտադիր փոխվում էին: «Դո՞ւք էի կազմում այս քառանիշ ծածկագրերը»,- հարցնում եմ Սերյոժա Մելքոնյանին: Ժպտում է, հետո հայացքը հանդարտ սահեցնելով թղթերի վրա, պատասխանում է, թե իհարկե, ինքը իր ուսուցչի փոխանցած մեթոդիկայով սկսեց շարժվել, այն զարգացրեց, ավելի բարդ դարձրեց, որպեսզի հակառակորդին անհասանելի լինի տեղեկությունը: Իսկ հետո այդ ծածկագրերը գաղտնի ծրարներով ուղարկում էին համապատասխան կայաններ:

Ճակատագրական մեկ միավորը

Սերյոժա Մելքոնյանը պատում է, որ 1987-ին 11 տեղական օդանավակայանների կապի պետ նշանակվեց: Հարցնում եմ` ի՞նչն է գրավել նրան ավիացիայի ոլորտում: Ասում է` հետաքրքիր պատմություն է: Դպրոցական տարիներին հետաքրքրված էր պատմությամբ, աշխարհագրությամբ և աստղագիտությամբ: Պատրաստվում էր ընդունվել համալսարանի կա´մ պատմական, կա´մ աշխարհագրական բաժին: Սակայն պատմությունն ուսումնասիրելիս էլ ճակատագրորեն «հանդիպել» է Հայրենական մեծ պատերազմի օդաչուներից մեկին` Գաստելլոյին: Երբ դպրոցն ավարտել է, որոշել է ընդունվել ռազմական ավիացիայի ինստիտուտ: Ծնողներից գաղտնի ընդունվել է Կուրսկի ավիացիոն ուսումնարան, որտեղ պատրաստում էին բորտ-ռադիստներ և վերգենտյա կապավորներ: Երրորդ կարգի ռադիոտեխնիկի մասնագիտացումից մինչև առաջի կարգի ինժեների պատրաստություն է ստացել: Ավարտել է Կիևի ավիացիոն ինստիտուտի Ռոստովի մասնաճյուղը: Ավարտական քննության մեկ միավորը կրկին ճակատագրական է դարձել նրա համար: Ասում է` դիպլոմային աշխատանքը փայլուն հանձնեց, գովեստների արժանացավ, և կասկած չուներ, որ 5 է ստանալու: Երբ երեկոյան ռեստորանում ուսանողներով պատրաստվում էին նշել, դասախոսը զանգահարել էր, ասել, որ 4 են նշանակել: Բայց հենց այդ մեկ միավորն էլ հետագայում, ասում է, պատճառ դարձավ Հայաստանում մնալու:

Մինչ օրս էլ, սակայն, ռազմական ավիացիան նրա երազանքն է մնում: Ի տարբերություն քաղավիացիայի` ռազմական ավիացիայում մի հստակ բան կա. եթե առաջադրանքը տրվել է, պետք է կատարել` անկախ եղանակից. «Քաղավիացիայի դեպքում գործ ունենք քաղաքացու հետ. ուղևորը գալիս թռչում է, և նրա անվտանգությունն ապահովելը գերակա խնդիր է: Իսկ ռազմականը, որքան էլ այդ պահանջն ունի, եթե առաջադրանքը կա, այն պետք է կատարել` անկախ եղանակային փոփոխություններից»:

Մորուքավոր մարդը. հանդիպում Շահեն Մեղրյանի հետ

Պատերազմի տարիներին էլ «Էրեբունի» օդանավակայանում, որ այն ժամանակ դեռևս քաղավիացիայի մեջ էր մտնում (Ս. Մելքոնյանն ասում է, որ 1994-ի դեկտեմբերի 1-ից այն դարձավ ռազմական օդանավակայան), ստեղծեց «Մուշ» կապի հանգույցը: Անվանումը պատահական չէ, քանի որ Սերյոժայի հայրական կողմը Մուշից է: Պահ է եղել, հիշում է զրուցակիցս, երբ 17 թղթակից (տեղեկություն հաղորդող) են ունեցել: Կապի կայաններ են հիմնել Գետաշենում, Շահումյանում, Քոլատակում, Ներքին Հոռաթաղում, Ստեփանակերտում, իսկ սարքավորումներով ապահովել են ավելի շատ վայրեր:

1989 թ. առաջին անգամ գնացել է Ղարաբաղ: Այդ ժամանակ պատերազմը դեռևս սաղմնային փուլում էր: Շահումյանի կապի կայանը վնասվել էր, պետք էր վերանորոգել: Միևնույն ժամանակ Գետաշենի կապի կայանում խնդիր կար: Երևանից երկու ուղղաթիռ պիտի գնար. մեկը` Շահումյան, մյուսը` Գետաշեն: Տղերքից մեկը Սերյոժայի ընտրությամբ նստում է Գետաշեն տանող ուղղաթիռը, իսկ ինքը` Շահումյան թռչողը: Վայրէջք է կատարում Շահումյանի շրջանի Վերինշեն գյուղի հրապարակում:

«Ասացին մարդ կա, պիտի տեսնես: Ինչ-որ «Վիլիս» են նստեցնում, ոլորաններով բարձրանում ենք բարձունք տեղ, պատկերացում էլ չունեմ` ուր: Հասնում ենք փայտե մեծ տնակի մոտ, որը բարձունքին է: Էդտեղ առաջին անգամ տեսա մեր կռվող տղերքին, որոնք անտառի մեջ էին գիշերում: Մորուքավորներ էին նստած: Հետո մի ուրիշ մորուքավոր եկավ: Շահեն Մեղրյանն էր: Այդ հանդիպումը միշտ մնալու է իմ սրտում: Ես հենց էդ պահին զգացի նրա լավագույն հատկանիշները` ցեղապաշտ, լավ հայ լինելը: Դա պետք էր զգալ, իսկ զգալու համար պետք էր տեսնել: Նրա հետ միասին էլ գնացինք կապի կայանը, ասաց` ինչո՞վ կարող ես օգտակար լինել: Առաջին անգամ իմ կայանի հետ կապի դուրս եկա»,- վերհիշում է Սերյոժա Մելքոնյանը:

Ասում է` պատերազմի ժամանակ ավիացիան բացառիկ դեր է կատարել: Շահումյանի մարտիկների համար միայն օդային ճանապարհով էր հնարավոր սնունդ, զինամթերք և այլ անհրաժեշտ պարագաներ տանել: «Շահումյան թռնում էինք միայն վատ եղանակի ժամանակ, որովհետև Քարվաճառն էդ ժամանակ մերը չէր: Պետք է լիներ անպայման վատ եղանակ, մշուշ, բարձրանում էինք այդ մշուշից վերև, հակառակորդը ներքևից չէր տեսնում: Եվ այդպես գնում-գալիս էինք»,- ասում է Սերյոժան:

«Ամբողջ պատերազմի ժամանակ ամենակարևոր բաներից մեկը»

Մեր զրույցը երկար հյուսվում է դրվագի, դետալի շուրջ: Կապավորը խնամքով է պատմում այն, ինչ հարկավոր է իմանալ:

«Ամբողջ պատերազմի ժամանակ ամենակարևոր բաներից մեկը պիտի ասեմ, որի մասին գուցե մինչ օրս չեք լսել: Եթե Գորիսի ռադիոտեղորոշիչից ստացած տեղեկությունը չստանայինք, եթե Յուրա Հակոբյանը չլիներ, մենք ավելի շատ մարդկային և տարածքային կորուստներ կունենայինք»,- ասում է արդեն նախկին կապավորը: Հետո բացատրում է, թե ինչպես էին այն ստանում:

Գորիսի ռադիոտեղորոշիչը, ըստ նրա, տալիս էր ամենակարևոր ինֆորմացիան: Այն կարող էր տեղեկություն հաղորդել Ադրբեջանից ցանկացած թռչող ապարատի մասին: Յու. Հակոբյանը Սերյոժա Մելքոնյանին էր հաղորդում, նա` Ստեփանակերտ, իսկ այդտեղից էլ` հակաօդային պաշտպանություն:

«Կապը աչքերն են»

Այս տարվա փետրվարից 2-ից Սերյոժա Մելքոնյանը զինծառայությունից թոշակի է անցել: «38 տարի աշխատեցի կապի ոլորտում»,- ասում է նա` թերթելով փաստաթղթերը: «Ո՞նց եք հաշտվում»,- հարցնում եմ նրան: Հոգոց է հանում, թե «էլ մի հարցրեք, դժվար է»:

Հետո սկսում ենք խոսել պատերազմի ժամանակ կապի կարևորության մասին: «Կապը պատերազմի ժամանակ աչքերն են, առանց աչքերի մարդը չի կարող քայլել: Պատերազմի թատերաբեմում առանց կապի չգիտես` ուր ես գնում, չգիտես` երբ ես գնում, չգիտես` ինչ տեղով ես գնում, և կգաս թե ոչ` Աստված գիտի: Կապի կարճ բացատրությունը, թերևս, դա է»,- ասում է նա:

Ըստ Ս. Մելքոնյանի` ավիացիան կուռ ընտանիք էր պատերազմի տարիներին` հրամանատարից մինչև հավաքարար, բոլորն անում էին կարևոր գործ: Դա է պատճառը, որ չի կարող առանձնացնել որևիցե մեկին: Նրանք բոլորն աշխատում էին, որպեսզի օդաչուն թռչի: Քիչ անց, սակայն, ավելացնում է, որ որոշակի գերակա դեր կտա օդաչուներին: «Եթե օդաչուները չլինեին, մնացածի արածն էական չէր լինի: Այդ օդաչուներով էր պայմանավորված հաղթանակի շղթան: Դեռ էնքան գրքեր ու ֆիլմեր պիտի լինեն նրանց մասին, նրանք հերոսներ են»,- նշում է կապավորը:

«Այդ տարիներին եղե՞լ են դեպքեր, երբ շփոթել եք, սխալ կոդ եք ասել»,- հետաքրքրվում եմ: Ծիծաղում է, հետո միանգամից լրջանում, հայացքն ավելի խորաթափանց է դառնում: Ասում է` կապավորն իրավունք չունի սխալ թույլ տալ, հակառակ դեպքում ինչ-որ տեղից վատ լուր կլսենք: Իսկ դրա համար տեղեկությունը ստուգել է պետք, այնուհետ հաղորդել:

Ս. Մելքոնյանը կոչումով մայոր է, չնայած, ասում է, մանկության տարիներին երազում էր դառնալ «զվյոզդնի մալչիկ», ունենալ բոլոր աստղերը: Բայց շեշտում է` աստիճանը չէ, որ որոշում է մարդու արածը: Եվ եթե իրեն հարցնեին` ինչպես կապրեր, եթե հնարավորություն ունենար նորից ծնվել, կանցներ նույն ճանապարհը, ու գուցե լինեին խնդիրներ, որ ավելի լավ կլուծեր:

Այսօրվա շատ ու շատ հայտնի «դեմքեր», ովքեր ժամանակին նրա մոտ մտնում էին դուռը թակելով, հիմա բարձր պաշտոններ ունեն: Ասում է` այժմ մարդկային հարաբերություններում կորել է նաև այն մաքրությունը, որ կար կռվի տարիներին: Թվարկում է մարդկանց, որոնք արժանի գնահատական չստացան այս կյանքում: Իսկ իրեն համարում է երջանիկ մարդ: Օրուգիշեր մնալով կապի կայանում` իրեն աջակցում էր իր կինը, ով աշխատում էր օդանավակայանում:

Մեր ամբողջ զրույցի ժամանակ զրուցակիցս նշում էր իր լավագույն ընկերներից մեկի` կապի ինժեներ Մաքսիմ Բաղմանյանի մասին: Նա միացնում է Արցախի հեռուստատեսության պատրաստած ֆիլմն ընկերոջ մասին: Ասում է` 92-ի սեպտեմբերի 28-ի, լույս 29-ի գիշերը երբեք չի մոռանա: Մաքսիմ Բաղմանյանը Շահումյանից եկող ուղղաթիռի մեջ էր, որը պայթեցվեց հակառակորդի կողմից: «Ասել էր` շտապ պիտի գնամ Երևան, նրան ճանաչում էին, չէին հարցնում` ինչի՞: Պատմում են, որ բուշլատը գցել էր ուղղաթիռի մեջ, այն արդեն վեր էր բարձրանում, կախվել էր ուղղաթիռից, տղերքն օգնել էին ներս մտնել»,- հեռուստացույցի դիմաց նստած, կարծես, անթարթ դիտում է, հետո ձեռքով արագ մաքրում է աչքերը: «Մենք 8 ամիս ենք ընկերություն արել, բայց համոզված եմ` մի 80 մարդու կյանքը կարելի է տեղավորել այդտեղ»,- ավելացնում է Սերյոժա Մելքոնյանը: Լռում ենք, իսկ սենյակ հասնում են «Էրեբունու» օդանավերի ձայները: Հետո հասկանում ես, որ իրական արժեքներն ապրում են հենց այսպիսի մարդկանց ներսում, ովքեր համեստորեն չեն ուզում խոսել իրենց կատարած աշխատանքի մասին` գուցե ներքուստ մտածելով, որ կխոսեն այն մարդիկ, ովքեր տեղյակ են դրա մասին:

Լուսանկարները` Հակոբ Պողոսյանի և Սերյոժա Մելքոնյանի անձնական արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter