HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ոռոգման խողովակների գողության փորձ՝ Փանիկ համայնքում

Մոտ մեկ ամիս առաջ Շիրակի մարզի Փանիկ համայնքում լուրեր էին տարածվել, որ անհայտ անձինք փորձում են գողանալ ոռոգման համար նախատեսված խողովակները: Լուրն առաջիններից մեկը ստացած համայնքապետ Հրաչիկ Սալնազարյանը ոստիկանությանը դիմելու փոխարեն որոշել էր 15 օր գյուղապետարանի աշխատակիցների եւ համագյուղացիների ուժերով հերթապահություն սահմանել գյուղից 7 կմ հեռավորության վրա գտնվող հանդամասում, որտեղ հայտնաբերվել էր 57 մետր խողովակաշարը` զոդված վիճակում:

Համայնքապետի հաջորդ քայլը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի անունով նամակ հղելն էր, որով մարզպետին տեղեկացրել էր կատարվածի մասին եւ թույլտվություն խնդրել խողովակները գյուղ փոխադրելու՝ առավել ապահով վայրում պահեստավորելու համար: Նամակներ էր ուղարկվել նաեւ ֆինանսների եւ քաղաքաշինության նախարարություն:

Շիրակի մարզպետարանի աշխատակազմի տարածքային վարչության պետ Կառլեն Աբրահամյանը հաստատեց կատարվածի մասին լուրը՝ նշելով, որ իրենք դրա վերաբերյալ նամակ-գրություն են ստացել Փանիկի համայնքապետից:

«Համայնքապետն, իմիջիայլոց, կարող էր եւ թույլտվություն չհարցնել, մանավանդ եթե դա համայնքի սեփականությունն է: Նա կարող էր խողովակները գյուղ փոխադրել եւ պահեստավորել առանց մեր թույլտվության: Հետագայում կարող է ավագանու որոշմամբ, իհարկե, վճռել դրանց ճակատագիրը,-նկատում է Կառլեն Աբրահամյանը,-այստեղ հարցը դա չէ, այլ այն, թե ով կամ ովքեր են որոշել կտրել այդ խողովակներն ու տանել Փանիկ համայնքի սեփականությունը»:

Փաստի առթիվ Հրաչիկ Սալնազարյանը չի դիմել ոստիկանություն: Նրա փոխարեն ոստիկանություն ահազանգել է հարեւան Մեղրաշեն համայնքի ղեկավար Հունան Պետրոսյանը:

«Ինձ ահազանգեցին, որ մեր հողատարածքներով անցնող խողովակները կտրել են եւ ուզում են տեղափոխել: Ես, որպես Մեղրաշեն համայնքի ղեկավար, հարկ համարեցի պաշտոնապես տեղեկացնել իրավապահ մարմիններին, եւ պաշտոնական գրություն եմ ուղարկել, որտեղ ներկայացրել եմ ջրագծերի կարեւորությունը մեր համայնքի համար, եւ ընդհանրապես տարածաշրջանի համար եւ ահազանգել եմ, որ խողովակները ապամոնտաժել են եւ արդեն մոտ 60 մետր գողացված է, խնդրում եմ ձեռք առնել համապատասխան միջոցներ»,-ասում է Մեղրաշեն համայնքի ղեկավար Հունան Պետրոսյանը:

Զրուցակիցս հավելում է, որ  շատերը տեղյակ չեն ադ ջրատարի կարեւորության մասին: Մոտ 200 մետր երկարությամբ ջրագիծը կառուցված է եղել Արթիկ 1 պոմպակայանի հիման վրա: Ջուրը ինքնահոս եկել է Կառնուտ ջրամբարից, ջրատարը ոռոգել է հինգ համայնքի հողեր՝ Ջրառատի, Մուսայելյանի, Փանիկի, Մեղրաշենի եւ Վարդաքարի: «Ու ամենակարեւորը՝ ստրատեգիական նշանակության ջրագիծ է դա, որ Կառնուտի ջրամբարից դոտացիա է տալիս Վարդաքարի ջրամբարին,-շեշտում է Հունան Պետրոսյանը,- սա շատ կարեւոր ջրատար է: Միայն 606 հա այդ հատվածում Մեղրաշենը հող ունի, որ ոռոգվել է ժամանակին այդ ջրատարով»:

Մեղրաշենի գյուղապետը պնդում է, որ ներկայում էլ կարելի է ոռոգում կազմակերպել այդ ջրատարով, քանի որ գտնվում է բավականին բարվոք վիճակում: Պոմպակայանն եւս աշխատող է, մղման խողովակաշարը տեղում է, եւ երբ գյուղացիները ցանականան այդ տարածքներում հողեր մշակել, ոռոգելու հարց չի առաջանա:

«Սա մեծ օգուտ կլինի գյուղացիական տնտեսություններին, իրենց եկամուտները կավելանան,-նկատում է զրուցակիցս,-բայց հիմա, փաստորեն, 60 մետր ընդհատված հատված կա: Իմ կարծիքով, խողովակները պետք է հետ վերադարձնել ու կրկին զոդել, դրա համար պատրաստ եմ իմ համայնքային բյուջեից գումարներ տրամադրել: Ես չգիտեմ, թե ոստիկանությունում իմ դիմումն ինչ ընթացքի մեջ է հիմա, բայց մինչեւ վերջ հետամուտ եմ լինելու, որ պարզվի, թե ում էր ձեռնտու խողովակները կտրելը»:

Փանիկ համայնքի ավագանու անդամ Վահան Նազարյանը պատմում է, որ ապրիլի 10-ին տեղի է ունեցել ավագանու արտահերթ նիստ, որտեղ երկու հարց է քննարկվել եւ դրանցից մեկը՝ մոտ 200 մետր խողովակաշարը համայնքի հաշվեկշիռ փոխանցելու հարցն է եղել: «Տաս ավագանուց մասնակցել են յոթը: Ես եւ ավագանիներից էլի մեկը խողովակների հարցի քննարկման ժամանակ ձեռնպահ ենք քվեարկել, մյուս հինգը՝ կողմ,-պատմում է Վահան Նազարյանը,-այդ խողովակաշարը 2010 թ.-ից դատարանի վճռով պատկանում է Փանիկ համայնքին, սակայն չգիտես ինչու մինչեւ էս դեպքը հաշվեկշիռ չէր բերվել»:

Փանիկի համայնքապետարան

Զրուցակիցս նշում է, որ տարբեր համայնքներից տարբեր ժամանակահատվածներում խորհրդային տարիներից մնացած խողովակների տեղափոխման, վաճառքի դեպքեր շատ են եղել եւ այդ ամենի հետեւում «լուրջ թիկունք» ունեցող մարդիկ են կանգնած եղել: Այս դեպքում խողովակաշարը կտրել են, սակայն տեղափոխել չեն հասցրել: Վահան Նազարյանը պնդում է, որ նման բան կարող էր անել միայն լավ տեղեկացված անձը կամ անձինք:

«Որ չգործող խողովակաշար կա մեր տարածքում, բնականաբար, պիտի տեղյակ լինեին մեր եւ հարեւան համայնքների համայնքապետերը: Փանիկի համայնքապետ Հրաչիկ Սալնազարյանն ասում է՝ ես տեղյակ չեմ գողությունից, Մեղրաշենի ղեկավարը ոստիկանություն գրություն է ուղարկում, մյուս համայնքներն էլ մեզնից հեռու են, ուրեմն ո՞վ է,-հարցնում է Վահան Նազարյանը,-իհարկե իմացող մարդ է արել, մենակ թե չեն հասցրել տանել»:

Փանիկի ավագանու անդամին տարօրինակ է թվում նաեւ հանգամանքը, որ իրենց ղեկավարը գողության փորձը բացահայտվելուց հետո չի դիմել ոստիկանություն, այլ որոշել է գյուղացիների ուժերով հերթապահություն սահմանել բաց դաշտում, որ կանխի խողովակների տեղափոխումը: Ի վերջո, դրանք բերել եւ պահեստավորել է գյուղում:

«Ես դեմ եմ եղել դրանք գյուղ տեղափոխելուն,-ասում է զրուցակիցս,-էդ հեռավորությունից բերելն էլ է ծախս, դրա փոխարեն կարելի է նորից զոդել ու հարցը համարել փակված: Հիմա խողովակաշարը պիտանի չէ գործածության, կտրված հատվածն էլ պահեստավորված է ու դեռ հայտնի չէ, թե ինչ առաջարկով հանդես կգա գյուղապետը կամ ավագանին»:

Վահան Նազարյանը համարում է, որ Փանիկում ոչ միայն ղեկավարն է թույլ, այլեւ ավագանին: Երկու ամսից համայնքում ավագանու ընտրություններ են, եւ երիտասարդ ավագանին որոշել է այս անգամ ընտրությունների գնալ թիմով:

«Չի կարող ավագանու ինստիտուտը կայանալ, եթե մեծ մասը անում է էն, ինչ գյուղապետն է ասում,-նկատում է Վահան Նազարյանը,-Հրաչիկ Սալնազարյանը 7 տարի է՝ Փանիկի ղեկավարն է ու գյուղը զարգացում ապրելու փոխարեն լրիվ հետ է գնացել: Անհասկանալի է, թե 60 մլն դրամ բյուջե ունեցող գյուղի փողոցներն ինչի՞ չեն վերանորոգվում, ժամանակին գիշերային լուսավորության շատ լավ ցանց ունեցող համայնքն ինչի՞ է հիմա խավարի մեջ: Կամ ինչու՞ են գյուղապետարանում աշխատում 13 հոգի, եթե ամբողջ աշխատանքը ֆինանսիստն է անում: Ինչու՞ պիտի մենք հարկեր վճարենք, որ գյուղապետի բարեկամը պահեստի դուռ բացել-փակելու համար 100 հազար դրամ աշխատավարձ ստանա»:

Խողովակների գողության փորձի հետ կապված Փանիկի համայնքապետ Հրաչիկ Սալնազարյանից անցած շաբաթվա ընթացքում այդպես էլ հարցազրույց վերցնել չհաջողվեց՝ նա կամ տեղում չէր, կամ խուսափում էր պատասխանել հեռախոսազանգերին: Միակ «հաջողված» հեռախոսազրույցի ժամանակ Փանիկի համայնքապետը միայն փոխանցեց, որ «շատ խառը գործ է»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter