HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Բռնի հեռացում»` Ամերիաբանկից. դատական վեճը շարունակվում է

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Արտաշես Հովհաննիսյանն ընդդեմ «Ամերիաբանկի» գործով դատաքննությունը

Դատական նիստը սկսվեց 25 րոպե ուշացմամբ, սակայն այս ընթացքում պատասխանողի և հայցվորի ներկայացուցիչները զրույցի բռնվեցին` բացելով դատական վեճի նախապատմությունը:

Հիշեցնենք, որ «Ամերիաբանկի» բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի 2012թ. որոշմամբ` բանկի բաժնետոմսերը կոնսոլիդացվել էին (համախմբում), որի արդյունքում փոքր բաժնետերերից մեկի՝ Արտաշես Հովհաննիսյանի հինգ բաժնետոմսերը փոխարկվել են 0,625 հատ կոտորակային բաժնետոմսի, ապա հետ գնվել բանկի կողմից առանց նրա իմացության:

Դատավորի բացակայությամբ զրույցի ժամանակ հայցվորի ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը «Ամերիաբանկի» ներկայացուցչին` Արման Մարտիրոսյանին պատմեց, թե ինչպես են իր հորը` Արտաշես Հովհաննիսյանին, որոշել հեռացնել բաժնետերերի կազմից: Նրա խոսքով` բանկի վերջնական շահառու Ռուբեն Վարդանյանը երկար ժամանակ ցանկացել է ձեռք բերել իր հոր բաժնետոմսերը: Պատասխանողի ներկայացուցիչ Արման Մարտիրոսյանը խուսափեց այս թեմայով զրույցից` ասելով, թե առնվազն պետք է հանդիպի բոլոր կողմերին` հավաստիությունը ճշտելու նպատակով, բացի այդ այն չի առնչվում դատական վեճին:

Առնչվում է` շարունակեց պատմել Հայկ Հովհաննիսյանը, Ռուբեն Վարդանյանը հանդիպումներից մեկի ժամանակ առաջարկել է նվիրել բաժնետոմսերը: Սակայն ինչո՞ւ պետք է նվիրեր` հարցրեց Հայկը: Գործարքից հրաժարված Արտաշես Հովհաննիսյանը, ըստ որդու պատմածի, արդյունքում «Ամերիաբանկի» բաժնետերերի կազմից «բռնի» է հեռացվել:

Հայաստանում «Բաժնետիարկան ընկերությունների մասին» ՀՀ օրենքը թույլ է տալիս բաժնետոմսերի կոնսոլիդացիա, ապա հետգնում: Կա դատական վեճ, որը լուծվել է հօգուտ կոնսոլիդացնողի: Նաև կա Սահմանադրական դատարանի` գործարքն օրինականոցնող համապատասխան որոշում:

Սակայն ինչպես նախորդ դատական նիստին, այսօր նույնպես հայցվորի ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը շեշտեց բանկի առանձնահատկությունը` որպես բաժնետիրական ընկերություն: Հայցվորի հայցապահանջի առաջնային հիմքը «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքն է, որը, թեև թույլ է տալիս բաժնետոմսերի կոնսոլիդացիա` համախմբում, բայց ոչ հետ գնում: Այս օրենքը, ըստ հայցվորի, պետք է ստիպեր պատասխանողին կատարել այնպիսի կոնսոլիդացիա, որպեսզի չառաջանար կոտորակային բաժնետոմս:

Երկու իրավական ակտերի այս տարբերությունը  «Ամերիաբանկի» կատարած գործարքում հաշվի չի առնվել, ինչն էլ, ըստ հայցվորի ներկայացուցչի, գործարքը պետք է դարձնի անվավեր:

Հայկ Հովհաննիսյանը, բացի հայցապահանջի իրավական հիմքերը նշելուց, ասաց, թե որքանով է այս դատական վեճի լուծումը կարևոր առհասարակ Հայաստանի տնտեսության համար:

«Ամերիաբանկի» այս գործարքից հետո բանկային համակարգում փոքր ներդրում կատարող բոլոր գործարարներն այլևս վտանգված են և չունեն որևէ երաշխիք, որ իրենց իրավունքները պաշտպանված են` շեշտեց նա:

Ըստ փաստաբանի` գործարքն արգելող իրավական ակտ էր ոչ միայն «Բանկերի մասին» ՀՀ օրենքը, այլև Սահմանդրությունը, որն արգելում է սեփականությունից զրկում արտադատական կարգով: Այս դեպքում փոքր բաժնետերը զրկվել է իր հինգ բաժնետմոսերից առանց դատարանի որոշման և առանց իր իմացության:

Պատասխանողի ներկայացուցիչ Ա. Մարտիրոսյանը առարկեց, թե բանկերի կոնսոլիդացված բաժնետոմսերի հետգնումը թույլատրված է, սակայն որպես իրավական հիմք դարձյալ մեջբերեց ոչ թե «Բանկերի և բանկային գործունեության», այլ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքը:

«Կոնսոլիդացիայի արդյունքում առաջացող բաժնետոմսերի հետ գնումը կորպորատիվ իրավունքում հանդիսանում է բանկի, իսկ ընդհանրապես, բաժնետիրական ընկերության պարտականությունը, և ոչ թե իրավունքը»,- ասաց Արման Մարտիրոսյանը` մեջբերելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի այն հոդվածը, թե ինչ գնագոյացմամբ է ձևավորվում կոնսոլիդացված բաժնետոմսի արժեքը, և ինչ փոխհատուցում է դրան հետևում: 

Իրավունքի չարաշահում, ըստ նրա, չկա, քանի որ բանկը ստիպված էր կոնսոլիդացնել բաժնետոմսերը` դրանց անվանական արժեքը բարձրացնելու նպատակով: Բաժնետոմսի արժեքը կոնսոլիդացիայի արդյուքնում 40 հազար դրամից աճել է 320 հազար դրամի:

«Դա բանկն ավելի ներկայանալի է դարձնում միջազգային շուկայում»,- ասաց Արման Մարտիրոսյանը: Փաստաբանը սակայն չհստակեցրեց, թե ինչով էր բանկի վերոնշյալ նպատակին խոչընդոտում Արտաշես Հովհաննիսյանի 5 բաժնետոմսերը ոչ թե կոտորկային, այլ մեկ անվանական (ինչը Հայկ Հովհաննիսյանի համոզմամբ` հնարավոր է) բաժնետոմս դարձնելը, որի արդյունքում հետ գնման հարց չէր առաջանա:

Պատասխանող կողմը ինչպես նախորդ, այս դատական նիստի ժամանակ էլ որպես «Ամերիբանկի» գործարքի իրավական հիմք մեջբերեց Կենտրոնական բանկի թիվ 8 պարզաբանումը: Հենց այս փաստաթղթի հիման վրա է բանկի արտահերթ ժողովում կայացվել բաժնետոմսերի կոնսոլիդացման, ապա հետ գնման որոշումը: Այս որոշումը լրացուցիչ մեկնաբանում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքը, և թույլատրում հետգնումը, եթե բանկը ստացել է ԿԲ վերահսկողական դրական դիրքորոշումը:

Հայցվորի ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը ցանկացել է ծանոթանալ այս փաստաթղթին, սակայն «Ամերիաբանկն» ու Կենտրոնական բանկը չեն ներկայացրել: Փաստաթուղթը չի ներկայացվել նաև դատարան: Հ. Հովհաննիսյանն այսօր հարցուպատասխանի ժամանակ պնդեց, որ փաստաթուղթը, առկայության դեպքում պետք է ներառված լիներ դատարան ներկայացված ապացույցների շարքում:

-Դուք ընդունո՞ւմ եք, որ այս գործարքը կարող էիք կատարել, միմիայն ստանալով կենտրոնական բանկի դրական վերահսկողական դիրքորոշումը:

-Այո, դա նաև ամրագրված է Կենտրոնական բանկի պարզաբանման մեջ:

-Հարգելի դատարան, խնդրում եմ արձանագրեք, որ դատարանին չի ներկայացվել Կենտրոնական բանկի դրական վերահսկողական դիրքորոշումը, այսինքն` դրան կատարված հղումները չեն կարող հիմնավոր լինել, այդ ապացույցը չկա դատարանին ներկայացված ապացույցների ցանկում:

Հայկ Հովհաննիսյանից հետո պատասխանողի ներկայացուցչին հարցեր տվեց նաև դատավոր Գագիկ Խանդանյանը.

-Այ որ դուք ասում եք` իմպերատիվ չէ, պարզաբնում են տվել, մեր կարծիքով, բանկի կարծիքով, չգիտեմ, և այլն…. 37-րդ հոդվածի 3-րդ մասը (նկատի ունի «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքը-Մ.Մ.), որտեղ գրվում է, որ «սույն հոդվածի խախտման դեպքում գործարքներն առոչինչ են», արդյոք դա չի՞ վերաբերում նաև այդ գործարքի արգելքին:

-Հարգելի դատարան, ես նշեցի, որ կան կորպորատիվ գործողություններ, որոնց դեպքում չի արգելվում:

-Խնդրում եմ օրենքում տառացի, բառացի ցույց տվեք` այս դեպքում կարելի է, այն դեպքում չի կարելի, և ցույց տվեք, որ դուք իրավունք ունեիք կատարել այնպիսի հաշվարկ, որի դեպքում ստանայիք կոտորակային բաժնետոմսեր: Ասեմ ավելին, դատարանի կածիքով, բանկային բաժնետոմսերը համախմբելու դեպքում պետք է այնպիսի հաշվարկ արվեր, որ կոտորակային բաժնետոմսեր չառաջանային:

-Չէ, չես կարող այդպես անել:

-Ո՞նց չէ:

-Որովհետև ասենք բաժնետոմսերը թվով հինգն են, անվանական արժեքով` 40 հազար դրամ, և անվանական արժեքի մեծացումը արդեն իսկ այդ հնարավորությունը չի տալիս, ոնց անես թողարկում, ոնց անես այնպիսի կորպորատիվ գործողություն, հինգ անգամ քառասուն հազար, երկու հարյուր հազար դրամ է, եթե անհրաժեշտություն կա ստանալ ավելի բարձր անվանական արժեք, ինչի հաշվին պետք է այդ երկու հարյուր հազարը դառնա չորս հարյուր հազար:

Պատասխանը չգոհացրեց Գ. Խանդանյանին: «Բացարձակ դրա մասին չէ խոսքը», - ասաց նա, և ավելացրեց, որ այլ հարցեր ունի, որը կտա դատակաքննության հաջորդ նիստին:

Դատական հաջորդ նիստը  կկայանա հունիսի 5-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter