HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

19-ամյա Սյուզի Քոչարյանի ինքնասպանությունը դաս չեղավ համակարգի համար

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Մեկ տարուց քիչ ավելի է անցել այն օրից, երբ իմ բանտային ընկեր Սողոմոն Քոչարյանի աղջիկը՝ 19 տարեկան Սյուզին հուսահատ հրաժեշտ տվեց կյանքին: Թե՛ մեկ տարի առաջ, թե՛ հիմա նույն համոզմունքին եմ. եթե հայր ու աղջիկ շփվելու շատ հնարավորություն ունենային, Սյուզին նման հուսահատ քայլի չէր գնա: Նույն համոզմունքին է նաև ինքը՝ Սողոմոնը: Զբոսանքի տանելիս երբեմն պատահում է այնպես, որ կարողանում եմ մի քանի րոպեով տեսնել նրան, խոսել: Հենց մեր կարճատև զրույցների ժամանակ էլ Սողոմոնն ասաց իր համոզմունքի մասին:

Բայց Սյուզիի ինքնասպանությունը դաս չեղավ համակարգի համար: Ոչ մի փոփոխություն չհետևեց ողբերգությանը` ցմահ բանտարկյալի ու ընտանիքի կապը խրախուսելու համար: Հարազատների հետ տեսակցությունները առաջվա պես սահմանափակվում են տարեկան 1 անգամ մինչև երեք օրով տրվող տեսակցությամբ: Եթե մոլորակի վրա մի հոգեբան գտնեք, ով կասի, որ տարեկան 1 անգամ ընտանիքի անդամներին գրկելու, համբուրելու, զրուցելու, միասին սուրճ խմելու հնարավորություն ունենալով հնարավոր է ընտանեկան կապ պահպանել, ես կլռեմ ու այլևս չեմ բարձրաձայնի այս մասին:

Դեռ մեկ տարի առաջ, ազդված երիտասարդ աղջկա ինքնասպանությունից ու ԱՄՆ-ի բանտերում պարբերաբար կազմակերպվող հայրերի ու դուստրերի պարերի միջոցառումից, առաջարկեցի մեր՝ հայաստանյան բանտերում կազմակերպել նմանատիպ միջոցառում՝ հայրերի ու դուստրերի պարեր բանտում: Բայց մեր բանտերում նման միջոցառում այդպես էլ չի կազմակերպվել մինչ օրս:

Արտերկրում բանտային ավանդույթի վերածված նման միջոցառումների տեսանյութեր են ինձ ուղարկել «Հետքի» իմ գործընկերները: Խնդրում եմ նայեք այս մեկը, ու կտեսնեք՝ ոնց են հուզվում երեխաներն ու նրանց հայրերը: Համոզված եմ՝ այս մարդիկ մինչև կյանքի վերջ հանդիպման թանկ հիշողությունները կպահեն իրենց հոգիներում: Նորից մտածում եմ, որ եթե Սյուզին ու Սողոմոնը պարեին միասին, շատ հնարավոր է, Սյուզի Քոչարյանն այսօր ապրեր Ողջերի աշխարհում:    

Բաց նամակ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին

Հարգելի պարոն Մանուկյան, երբ Դուք այցելեցիք «Նուբարաշեն» ՔԿՀ և հանդիպեցիք ցմահ դատապարտյալներին, ես բարձրաձայնեցի հարազատների հետ, մասնավորապես երկարատև տեսակցություններին վերաբերող հարցի մասին: Հենց տեղում Դուք հարց ուղղեցիք մեկուսարանի պետ Ռ. Ստեփանյանին. «Որևիցե վատ բան տեսնո՞ւմ եք, որ դատապարտյալներն ավելի հաճախ հանդիպեն իրենց հարազատների հետ»: Պատասխանը եղավ այն, որ տեսակցությունները միայն և միայն դրական ազդեցություն ունեն: Սակայն Ձեր այցից հետո դրական փոփոխությունների փոխարեն տխրահռչակ Գուանտանամոյի բանտի նման միայն փշալարերն ավելացան:

Ցմահ բանտարկյալը կարող է ամուսնանալ, սակայն տարվա մեջ միայն 1 անգամ են թույլատրում երկարատև հանդիպում: Մի՞թե սա նորմալ է, արդյո՞ք սա նպաստում է ընտանեկան կապերի ամրապնդմանն ու դատապարտյալների ուղղմանը: Հոգեբանների կարծիքով, նման սահմանափակումն ունենում է ճիշտ հակառակ ազդեցություն:

Պարոն նախարար, մշտապես նշել եմ, որ իմ գերխնդիրը մահապատժի անարդար դատավճիռը չեղյալ դարձնելն ու ցմահ ազատություն վերադառնալն է, բայց մինչ այդ ամեն օր գոյատևել, պայքարի համար ուժ ունենալ է պետք: Այդ ստիմուլը ստանում եմ ընտանիքի հետ տեսակցություններից: Ուսումնասիրել եմ ողջ օրենսդրական դաշտը, և գտնում եմ, որ մեկ հրամանով, ընդամենը կետադրական նշաններ փոփոխելով՝ Դուք կարող եք լուծել տեսակցությունների հարցը:   

Լուծում 1. 3 օրը բաշխել տարվա մեջ

Ես առաջարկում եմ քիչ թե շատ օպտիմալ և արագ լուծում՝ հաշվի առնելով, որ օրենսդրական մակարդակում լուծումներ տալը տարիներ է տևում: Փորձը ցույց է տալիս, որ դատապարտյալների մեր խմբին վերաբերող նախագծերը քնեցվում են օրենսդիր մարմնում՝ այդպես էլ չդառնալով օրենքներ:

Ուստի, պարոն Մանուկյան, խնդրում եմ հրաման արձակեք, որ Քրեակատարողական օրենսգրքում առկա տարեկան առնվազն մեկ անգամ մինչև երեք օրով տրամադրվող երկարատև տեսակցության օրերը հնարավոր լինի բաշխել տարվա մեջ հավասարաչափ: Այդպիսով՝ կկարողանանք տարեկան 3 անգամ 1-ական օրով տեսնել ընտանիքի անդամներին: Այսինքն՝ բանտի վարչակազմի համար ի՞նչ տարբերություն՝ դատապարտյալը միանգամից կօգտվի իր երեք օրից, թե տարվա մեջ բաշխված:

Լուծում 2. ստորակետը փոխարինել բութով

Նույն քրեակատարողական օրենսդրությամբ հավելյալ երկարատև տեսակցությունը կարող է տրվել որպես խրախուսանք: Բայց ո՛չ Սողոմոնին, ո՛չ ինձ չեն խրախուսում միայն նրա համար, որ երկու անգամ փախուստ ենք արել բանտերից: Միայն փախուստի ռիսկայնության պատճառով մեզ բնութագրում են որպես բացասական:

Անգամ դիմել եմ, որ ռիսկայնության հաշվառումից հանեն, սակայն բանտի վարչակազմը որոշել է ինձ ևս 2 տարի պահել հաշվառման տակ: Իսկ այն, որ գերազանց սովորում եմ բուհում, աշխատում եմ որպես բանտային թղթակից «Հետքում», վերջին տարիներին հանդես եմ եկել 3 հեղինակային և մեկ թարգմանական գրքերով ու տույժեր չունեմ, միևնույնն է՝ ոչինչ չի փոխում: Պատճառն, ըստ մեկուսարանի իրավաբանի, ՀՀ կառավարության 2006 թ.-ի օգոստոսի 3-ի համար 1543-Ն որոշմամբ ներքին կանոնակարգի 16-րդ գլխի 139 կետն է: Նշված է, որ տեսակցությունների համար սահմանված նվազագույն քանակից ավելի տեսակցություն չի տրամադրվում «բացասական բնութագրվող, ոչ օրինապահ վարքագիծ դրսևորող, աշխատանքի կամ ուսման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերող, տույժ ունեցող կալանավորված անձին կամ դատապարտյալին»:

Եթե այս կետում կատարվի փոփոխություն, և «բացասական բնութագրվող» բառերից հետո դրված ստորակետը փոխարինվի բութով, ապա Սողոմոնն ու ես կարող ենք որպես խրախուսանք ստանալ նվազագույն տարեկան մեկ անգամվա երկարատև տեսակցությունից ավելին:

Լուծում 3. օրենսդրական փոփոխություն    

Այս տարբերակը, գիտեմ, որ շատ ժամանակատար է, բայց անհրաժեշտ: Գիտեմ նաև, որ Քրեակատարողական օրենսգրքի նոր նախագիծն է մշակվում: Կուզենայի, որ նոր նախագծում ընտանիքի հետ կապին մեծ տեղ հատկացվեր: Սակայն հաշվի առնելով, որ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը մեկ տարուց ավելի ԱԺ-ում է ու դեռ չի ընդունվել՝ խիստ կասկածում եմ, որ Քրեական ու Քրեակատարողական օրենսգրքերի նախագծերը ժամանակին կդրվեն քվեարկության: Բայց խնդիրներ կան, որոնք հրատապ լուծումներ են պահանջում:

Մի՛ մոռացեք, պարոն նախարար, որ կարող եք մարդկային կյանքեր փրկել…

Հ.Գ. «Հետքի» իմ ընթերցողներ, խնդրում եմ՝ այս անգամ ներեք ինձ, որ Ձեր միտքը ծանրաբեռնեցի օրենքներով, հոդվածներով, կետերով ու ստորակետներով: Բայց, հավատացե՛ք, 365 օրվա մեջ 1 անգամ հարազատին տեսնելով՝ ընտանեկան կապերը թուլանում են, հաճախ՝ քայքայվում, դատապարտվածի վերադարձի համար Ազատության մեջ պայքարողները քչանում են, բանտարկյալների ծնողները ծերանում են, մարդիկ այստեղ մնում են մենակ: Այնինչ հենց Ազատությունից ու անազատությունից միասնական պայքարով միայն կարելի է հասնել դրական փոփոխությունների:

Մեկնաբանություններ (4)

Սամվել Խալաթյան
Վաղուց ժամանակն է, որ ցմահ դատապարտվածներից Սողոմոն Քոչարյանի և և Մհեր Ենոքյանի քրգործերը վերանայվեն: Շատերիս կարծիքն է՝ նրանք հանիրավի են խստորեն դատապարտվել:
Հայագետ
Որքան ժամանակ է հետևում եմ Մհեր Ենոքյանի և Սողոմոն Քոչարյանի մասին նյութերին։ Եթե նրանց գործը լիներ քաղաքակիրթ աշխարհում, վաղուց նրանց ազատ թողնուած կը լինեին։ Հայաստանը տակավին քաղաքակիրթ աշխարհ չէ ունենալով հանդերձ հին քաղաքակրթություն։ Շատ ցավում եմ այս երկու հայերի և մյուս անմեղ դատապարտուածների համար։ Աստուած նրանց և Հայաստան աշխարհինն օգնական։
ՀԱՅՈՒՀԻ
Մհեր, տղաս.....
Հասմիկ
լավ էս տղեն էլի քանի՞ նամակ պիտի գրի ու այսպես իր ձայնը մնա ,,ձայն բարբառոյ հանապատի,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter