HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հին բուժսարքավորումների թանգարան բացելու առաջարկ Գյումրիից

Ռենտգեն կաբինետի դռները բացվելուն պես հենց մուտքից բավական հետաքրքրիր պատկեր է գծագրվում առաջին անգամ այնտեղ մուտք գործողի համար: Ժամանակակից ռենտգեն սարքավորման «նախահոր» տեսքը պատկառազդու է, սակայն ամեն դեպքում դժվարանում ես պատկերացնել, որ 1957թ.-ի արտադրության այս «դինոզավրով» կատարվում են նույն այն գործողություններն, ինչ ժամանակակից թվային սարքավորումներով:

«Սա վաղուց չենք օգտագործում,- պարզաբանում է Գյումրու թիվ 2 պոլիկլինկայի ռենտգեն-լաբորանտ Մարինե Մուրադյանը,- միայն նրա պաշտպանիչ-զրահի հատվածն ենք օգտագործում: Թեպետ ներսում առկա սարքավորումներն էլ հին են, եւ բոլորը նորացման կարիք ունեն»:

Զրուցակիցս ցույց է տալիս ռենտգեն կաբինետում առկա սարքավորումները, նշում, որ արդեն դժվարանում են դրանցով աշխատել՝ շատ ավելի ժամանակատար են, սառը սենյակում հիվանդն ավելի երկար է մնում: Եթե նորագույն բուժսարքավորում ունենային, ապա իրենց աշխատանքը կլիներ առավել արդյունավետ՝ միաժամանակ կխնայեին հիվանդի ժամանակը: Ֆլյուրոգրաֆիայի կաբինետում եւս նույն պատկերն է՝ հին սերնդի սարքավորման օգնությամբ են իրականացվում հետազոտությունները:

Գյումրու թիվ 2 պոլիկլինիկան, որտեղ սպասարկվում է տարեկան կտրվածքով 33 հազար 436 մարդ եւ համարվում է քաղաքում գործող վեց պոլիկլինիկաներից ամենամեծը՝ կարիք ունի շենքային վերանորոգման եւ սարքավորումների թարմացման: Շենքը կառուցվել է 1936 թ.-ին: Այդ տարիներին այստեղ գործել է Լենինականի թիվ 2 հիվանդանոցը: Երկրաշարից հետո հիվանդանոցային մասը դադարել է գործել, գործունեությունը շարունակել է միայն պոլիկլինիկ ծառայությունը:

Շենքի մի հատվածը ներկայում զբաղեցնում է շտապօգնության ծառայությունը, իսկ մյուս հատվածը վերանորոգելուց հետո տրամադրվել է «Արյան բանկին»: Պոլիկլինկան ծառայությունները կազմակերպում է 50 կաբինետներում: Ստալինյան շրջանում կառուցված շինությունն այս տարիներին ընդամենը մեկ անգամ է վերանորոգվել:

Մի քանի տարի առաջ հատակի փլուզումն անակնկալի բերեց բուժհաստատության ղեկավարությանը: Ստիպված էին ունեցած միջոցներով կատարել վերանորոգումը: Չնախատեսված ծախսը փոխհատուցելու առողջապահության նախարարության խոստումներն առ այսօր իրականություն չեն դարձել: Ներկայում եւս պոլիկլինիկան ունի հիմնանորոգման կարիք՝ հետազոտման կաբինետների, միջանցքի եւ տանիքի:

Գյումրու երկրորդ պոլիկլինիկայի գործադիր տնօրեն Սիրանուշ Ղուկասյանը բուժհաստատության ղեկավարումը ստանձնել է 2005թ.-ից: «Այդ ժամանակ ռենտգեն նոր ապարատ գնելու հնարավորություն կար, կարծեմ 20 հազար դոլար էր, բայց չգնեցինք, որովհետեւ կառավարության փոխանցած գումարով ես որոշեցի վճարել բուժաշխատողների մի քանի տարի չվճարված աշխատավարձերը: Այն ժամանակ մարզի առողջապահության վարչության պետը Ռուբեն Խաչատրյանն էր ու ինձ համոզում էր, որ ապարատը գնենք: Ես հրաժարվեցի, ասեցի Ռուբեն Գեւորգովիչ, չեմ կարող, էդքան մարդ՝ 120 հոգի, սպասում է, որ տարիներ շարունակ չստացած աշխատավարձը տուն տանի, ապարատը հետո կգնենք: Բայց դե նաեւ հասկանում էինք, որ դժվար թե մենք կարողանայինք մեր միջոցներով սարքավորում գնել: Կամ պետությունը պիտի դա անի, կամ էլ բարերար պիտի գտնենք»,- ասում է թիվ 2 պոլիկլինիկայի գործադիր տնօրենը:

Խորհրդային տարիներից ժառանգած բուժսարքավորումներ են տեղադրված նաեւ ֆիզիոթերապեւտիկ կաբինետում: ԷԿԳ-ի եւ սոնոգրաֆիայի նոր սարքավորումներ բուժհաստատությունը ձեռք է բերել 2007թ.-ին՝ բարերարի աջակցությամբ: Ռենտգենոլոգ Ռուզաննա Աբգարյանն ասում է, որ եթե կարողանային համապատասխան սարքավորումներ ձեռք բերել, ապա սկոպիա եւ միզասեռական հետազոտություններ եւս կկարողանային իրականացնել: «Կուզենայինք ընդարձակել մատուցվող ծառայությունների ցանկը, սակայն սարքավորումներ չունենք՝ եղածն էլ հին են»,- ասում է զրուցակիցս:

Գործադիր տնօրենն էլ իր հերթին է հավելում, թե գուցե ընթացքում կարողանան մաս-մաս բարելավել շենքային պայմանները, կաբինետները որոշակի տեսքի բերեն, սակայն թանկարժեք սարքավորումներ ձեռք բերելն իրենց ուժերից վեր է. «Ի վերջո հարուստ պատմություն, ավանդույթներ ունեցող բուժհաստատություն է, այստեղ աշխատել են այնպիսի մեծություններ, ինչպիսիք Նիկոլայ Արտեմի Միքայելյանը, ում անվամբ կոչվում է պոլիկլինիկան, Օնիկ Կիրակոսյանը, Ելենա Ավետսիյանը: Մենք նրանց աշակերտներն ենք եղել եւ կցանկանայինք պահպանել այդ ամենը: Մեր ունեցած մասնագետներից չենք դժգոհում, թեպետ երիտասարդ կադրեր գրեթե չունենք, ուղղակի կառավարության հոգածությունն ենք ակնկալում պոլիկլինիկան բարվոք տեսքի բերելու եւ սարքավորումները թարմացնելու համար»:

Շիրակի մարզպետարանի աշխատակազմի առողջապության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանի փոխանցմամբ Գյումրիում նմանատիպ կարգավիճակ ունի նաեւ թիվ 1 պոլիկլինիկան՝ շենքային, բուժսարքավորումների եւ կուտակած պարտքերի առումով: Զրուցակիցս կատակում է, որ եթե մի օր որոշեն հին բուժսարքավորումների թանգարան բացել, ապա պետք չէ հեռուն գնալ՝ Գյումրու երկու պոլիկլինիկաների սարքավորումները կբավականացնեն:

«Գյումրու առաջին պոլիկլինիկայում էլ նույն պատկերն է, այստեղ պարտքերի առումով է ավելի վատ, քան թիվ 2-ում, որովհետեւ Սիրանուշ Ղուկասյանը գոնե այդ պարտքերը պակասեցրել է: Պիտի ասեմ, որ նրանց մեղքը չէ, որ պարտք են կուտակել՝ չնախատեսված նորոգչական աշխատանքներ են կատարել, որոնք չեն փոխհատուցվել: Նրանց առաջ հիմա խնդիր կա դրված, որպեսզի աշխատավարձի պարտք չառաջացնեն»,-ասում է Հովհաննես Հովհաննիսյանը:

Գյումրիում գործող վեց պոլիկլինիկաներից բավարար վիճակում են գտնվում չորսը՝ «Բեռլին» պոլիկլինկան, Էնրիկո Մատեի անվան պոլիկլինկան, թիվ 3-րդ ընտանեկան բժշկության պոլիկլինիկան եւ Կարմիր խաչի պոլիկլինիկան: Վերջինը թեեւ ունի շենքային հիանալի պայմաններ, սակայն չունի այնքան անհաժեշտ ֆլյուրոգրաֆիայի սարքավորում:

«Ռենտգեն ապարատը ողնաշարն է պոլիկլինիկայի,- ասում է Հովհաննես Հովհաննիսյանը,- ուզում եք բերեք ԿՏ-ն էլ մտցրեք, մագնիսառեզոնանասային հետազոտությունները, բայց մեր տրադիցիոն ռենտգեն ապարատը երբեք չի հնանում, այն մնում է որպես բուժհիմնարկի ողնաշարը»:

Գյումրու բժշկական կենտրոնի կառուցումից հետո մարզում հետազոտությունների, ինչպես նաեւ որոշ ծառայությունների մատուցման առումով, ինչպիսին ինվազիվ-սրտաբանական ծառայություներն էին, վիճակը բավականին թեթեւացել է:

«Բայց դա չի նշանակում, թե մարդիկ հետազոտությունների համար չեն մեկնում Երեւան: Օրինակ ոչ բոլոր բուժհիմնարկներում են, որ ասենք թոքերի լավ մասնագետ կա կամ ասենք գլխի հետ կապված լուրջ հետազոտություններ են անում: Պիտի ասեմ, որ էն ծառայությունները որ մատուցվում են պոլիկլինիկաներում, չես գտնի ասենք հիվանդանոցներում եւ հակառակը: Դրա համար էլ ճիշտ է, ունենք Գյումրու բժշկական կենտրոն, որ նաեւ բուժսարքավորումների հագեցվածությամբ է անմրցելի, սակայն չի կարող փոխարինել պոլիկլինիկ ծառայությանը»,- նկատում է Հովհաննես Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter