HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայ պանրագործները լուրջ խնդիրների առաջ են հայտնվել

Հայաստանում պանիր արտադրող ընկերությունները լուրջ խնդիրների առաջ են կանգել կաթի փոշու միջազգային գների նվազման հետևանքով: Եթե 2014-ին կաթի փոշու մեկ տոննայի համաշխարհային միջին գինը, ըստ արտասահմանյան տարբեր կազմակերպությունների ներկայացրած վիճակագրության, կազմում էր 4,5-4,6 հազ. դոլար, ապա այս տարվա մարտին՝ մոտ 2,8-2,9 հազ. դոլար է եղել, ներկա դրությամբ՝  2,6-2,8 հազ. դոլար: Հայաստանը կաթի փոշի ներկրում է հիմնականում Ուկրաինայից, որտեղ ևս գնանկման նույն դինամիկան է:

«Լարի» պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը «Հետքի» հետ զրույցում բացատրեց, որ կաթի փոշու գնանկումը հանգեցրել է դեպի Հայաստան դրա ներմուծման ծավալների աճին, ինչն էլ բերել է տեղական կաթի պահանջարկի նվազմանը: Դա պատճառ է դարձել, որ արտադրողները գյուղացիներից կաթը մթերեն ավելի էժան գներով: Գյուղացիները, որոնք չեն ուզում նախկին գնի համեմատ ցածր գնով վաճառել կաթը վերամշակողին, անձամբ են պանիր պատրաստում տնային պայմաններում և փորձում վաճառել այն: Սա պանրի շուկայի վրա, ըստ Ա. Գիգոյանի, երկու բացասական ազդեցություն է թողնում: Նախ՝ տնային պայմաններում պատրաստված պանիրը որակապես զիջում է գործարանային պայմաններում արտադրվածին. դա կարող է որակյալ պանրի դեֆիցիտ առաջացանել: Երկրորդ՝ այս երևույթը  պանիր արտադրող ընկերություններին ստիպում է, մրցակցության պայմաններից ելնելով, զգալիորեն իջեցնել պանրի գինը, ինչը կրճատում է նրանց եկամուտները: Գործարաններն ապահովում են աշխատատեղեր, տեղական շուկային նորմալ գործարանային արտադրանք են տալիս, հարկեր են մուծում: Հաճախ նրանց արտադրանքը չի կարող մրցակցել շատ ավելի ցածր գնով առաջարկվող տնական պանրի հետ: Դա որոշ արտադրողների կարող է փակման վտանգի առաջ կանգնեցնել: Էլեկտրաէներգիայի թանկացումը, որի մասին արդեն խոսվում է, լրացուցիչ խոչընդոտ է դառնալու ոչ միայն պանրագործների համար: «Մեր ժողովուրդը, ելնելով իր ցածր վճարունակությունից, դեռևս նախընտրում է ցածր գին, հետո՝ որակ: Դա հաշվի առնելով՝ ֆերմերները ստիպված նվազեցնում են առաջարկվող պանրի գինը, որը հարվածում է նորմալ գործարանների շահութաբերությանը: Դրանք դառնում են ոչ եկամտաբեր: Այս դեպքում գործարանը հայտնվում է ճգնաժամի մեջ և չի կարողանում համարժեք քանակ ապահովել արտահանման համար: Նման պարագայում արտադրության ոլորտում տուժողները պանրագործներն են, քանի որ պանիրը պատրաստում են միայն բնական կաթից, իսկ մնացած մթերքները կարելի է արտադրել կաթի փոշուց՝ թթվասեր, մածուն և պաղպաղակ»,- ասում է պանրագործների միության նախագահը:

Ըստ նրա՝ այս ընդհանուր վիճակը կարող է ռազմավարական նշանակության բացասական հետևանք ունենալ հանրապետության համար: Քանի որ ոչ բոլոր գյուղացիներն են ի վիճակի տնային պայմաններում պանիր պատրաստել և վաճառել, ուստի նրանց մի մասը կամ պետք է ստիպված ցածր գնով այն հանձնի մթերողներին, ինչը կարող է չարդարացնել նրա ծախսերը, կամ պետք է մորթի կաթնատու անասուններին: Եթե անասունը չի արադարացնում իր ծախսերը (կերի գումար, նախրապանի վճար և այլն), գյուղացուն կմնա մեկ տարբերակ՝ մորթել անասունին և գոնե  վաճառված մսից օգուտ ստանալ: Դա կարող է հանգեցնել զանգվածային մորթի, ինչը շատ վտանգավոր է, որովհետև նույն կաթնատվությունն ապահովելու համար 3-4 տարի ժամանակ է հարկավոր: Բացի այդ, պանրագործները հումքի՝ կաթի ձեռքբերման խնդիրներ են ունենում: «Իսկ միջազգային փորձը ցույց է տալիս, որ եթե հիմա կաթի կտրուկ լճացում է, հաջորդ տարի մենք հակառակ պատկերն ենք ունենալու հենց անասունների մորթի հետևանքով: Իսկ եթե մենք կարողանանք գոնե արտահանել արտադրված կաթը, մորթը քիչ կլինի»,- նշում է Ա. Գիգոյանը:

Նրա խոսքով՝ այստեղ մեղավորներ պետք չի փնտրել: Նորմալ է, որ գյուղացին փորձում է իր ապրանքը պանիր դարձնել, նորմալ է, որ թթվասեր ու մածուն արտադրողը նախընտրում է էժան հումքը՝ կաթի փոշին, որով ավելի շատ եկամուտներ է ստանում: Միակ մեղավորը, գուցե, արտաքին շուկան է, որի պարագայում կոնկրետ հայ արտադրողը ոչինչ անել չի կարող:

Ըստ «Լարի» պանրագործների միության՝ իրավիճակը փոքր-ինչ կարող է հարթել ՀՀ կառավարության միջամտությունը: «Թեկուզ, դա փոքր-ինչ անհավատալի է: Փորձը ցույց է տալիս, որ կառավարության հետ հույսեր կապելը ոչ միշտ է արդարացված, բայց այս պարագայում  միջամտության կարիքը կա: Համակարգային փոփոխություն (հարկեր և այլն) պետք չեն, պարզապես պանիր արտահանողներին հարկավոր է յուրաքանչյուր 1 կգ-ի միավորով գին նշել և փոխհատուցել: Այսինքն՝ բյուջեն նրան անմիջապես գումար տա: Մենք հաշվարկ ենք արել, որ պանրի արտահանման խթանման շրջանակներում բյուջեի վրա այդ ծախսը կարժենա ընդամենը 3-4 մլն դոլար: Դրանով մենք կկարողանանք մեղմացնել այն վտանգները, որոնք կհանգեցնեն մեծ քանակությամբ անասունների մորթի: Կառավարությանը կդիմենք մոտ ժամանականերս: Դեռևս որոշ հաշվարկներ ենք անում, որպեսզի  հարց-պատասխանները հնարավորինս քիչ լինեն՝ դիմենք, ընդունվի ու աշխատի»,- նշում է Ա. Գիգոյանը:

Նրա կարծիքով՝ այս տարի սահմանափակ քանակությամբ պանիր կարտադրվի, որովհետև դրա արտադրության և պահպանման հեռանկարները հարցականի տակ են: Բացի դա, հայկական պանիրը հիմնականում արտահանվում է Ռուսաստան, իսկ այնտեղ պահանջարկը նվազել է՝ կապված տնտեսական վիճակի վատացման, ռուբլու արժեզրկման հետ:  

Իսկ ինչ վերաբերում է 2014 թվականին, Ա. Գիգոյանի խոսքով, տարին բարենպաստ է եղել պանրի արտադրության համար:

Պաշտոնական տվյալներով ևս պանրի գինն ընկել է

Ըստ Ա. Գիգոյանի՝ խանութներում վաճառվող պանրի գինը նվազել է 100-200 դրամով՝ 1 կգ-ի հաշվով: Ճիշտ է, որպես կանոն, խանութներն ավելի ուշ են արձագանքում գների նվազմանը՝ էժան ընդունում են ու նախկին թանկ գնով վաճառում, բայց որոշ ժամանակ հետո ստիպված են լինում իջեցնել գինը: Հայ սպառողն արդեն պանիրը գնում է ավելի էժան գնով: Խոսքը գործարանային արտադրանքի մասին է: Իհարկե, սպառողի համար լավ է, որ էժան է գնում, սակայն այս տեմպերի շարունակման դեպքում նույն սպառողը որակյալ պանրի համար փնտրտուքների մեջ կլինի: Ա. Գիգոյանի խոսքով՝ գործարաններ կան, որ նույնիսկ 400 դրամով են էժանացրել պանիրը: Այսօր խանութներում վաճառվող պանրի տեսականին և գները շատ տարբեր են, ուստի միջին գին նշելն անիմաստ է:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ այս տարվա ապրիլին, 2014-ի նույն ամսվա համեմատ, հայաստանյան շուկայում «Չեդեր», «Չանախ» և «Լոռի» պանրատեսակների գները նվազել են  համապատասխանաբար 2,8%, 1,7% և 0,9%-ով:

Ռուսաստանը հայկական պանրի արտահանման հիմնական շուկան է

2014-ին Հայաստանում արտադրվել է 18,317 հազ. տոննա պանիր՝ 5,4% -ով ավելի, քան 2013-ին: Իսկ այս տարվա առաջին եռամսյակում արտադրվել է 3,1 հազ. տոննա պանիր՝ 3,5%-ով ավելի նախորդ տարվա առաջին եռամսյակից: Ներկայացված են արտադրող կազմակերպությունների տվյալները: 2014-ին Հայաստանից արտահանվել է 1,542 հազ. տոննա պանիր և կաթնաշոռ՝ 4,89 մլն դոլար մաքսային արժեքով: Ներմուծել ենք 1,188 տոննա՝ 6,313 մլն դոլարով: 2013-ի նկատմամբ փոփոխությունը քիչ է:

Ռուսաստանը հայկական պանրի արտահանման հիմնական շուկան է՝ նախորդ տարի արտահանվել է 1,540 տոննա` 4,878 հազ. դոլար արժեքով: 1 տոննա էլ արտահանվել է Վրաստան: Այլ երկրներում հայկական պանիրը գործնականում հայտնի չէ:

Դատելով ներմուծման վիճակագրությունից՝  հայերը, բացի հայկական պանրից, նախընտրում են հիմնականում նորզելանդական, ռուսական, գերմանական, ֆրանսիական, ֆինլանդական պանիրները: Ցանկության դեպքում կարելի է գտնել նաև հոլանդական, բելառուսական, բուլղարական ու լեհական պանիր:

Լուսանկարը՝ armlur.am-ի

Մեկնաբանություններ (2)

Անահիտ
Բայց եթե ներմուծվող հումքի գինը համարյա 40 % նվազել է, ինչո՞ւ է արտադրողը տուժում, չէ՞ որ ինքնարժեքը ևս նվազել է...
Սեդա
Եթե ներմուծվող հումք ասելով կաթի փոշին նկատի ունեք, ապա՝ կաթի փոշով պանիր չեն արտադրում, այլ՝ թթվասեր, պաղպաղակ և այլն, թթվասեր արտադրողն, այո, շահում է, իսկ պանրագործը՝ ոչ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter