HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Ինչպես մնալ կապի մեջ՝ առանց ինտերնետի

Հաճախ է հաղորդվում այն մասին, որ ինչ-որ երկրում, հատկապես՝ քաղաքացիական ըմբոստությունների ժամանակ, սահմանափակվել է ինտերնետի հասանելիությունը: Երբ 2009թ. Իրանում կայացած նախագահական ընտրություններից հետո սկիզբ առած Կանաչ շարժումը  ուղեկցվեց նման սահմանափակումներով, Արմին Սայիդին և Դեյվիդ Էստեվեսը մտածեցին հաղորդակցության մի նոր ձևի մասին, որը կախված չի լինի ինտերնետից կամ բջջային կապից:

Տարիներ անց հիմնված WiCastr ընկերությունը, որն այժմ գործում է նաև Հայաստանում, առաջարկում է սարքեր, որոնք պարունակում են մեծածավալ տեղեկատվություն՝ փաստաթղթեր, տեսանյութեր, խաղեր և այլն: Սրանք հասանելի են 50մ շառավղով իրենց ցանցում գտնվող ցանկացած ընդունող սարքի, որը ունի Wi-Fi-ին միանալու հնարավորություն, ինչպես, օրինակ, սմարթֆոնները: Ցանցը կարելի է օգտագործել նաև հաղորդակցվելու համար, օրինակ՝ գրասենյակներում, որոնք ցանկանում են հաղորդակցվել սեփական ցանցի ներսում՝ խուսափելով տվյալների կենտրոնացումից ու զննումից:

 Նախագծի հիմնադիրները «Հետքին» պատմում են, որ ցանցի առավելությունը մարդկանց տեղեկատվություն հաղորդելը կամ հաղորդակցությունը շարունակելու հնարավորություն տալն է այն դեպքերում, երբ կապի այլ միջոց չի լինի, լինի դա կազմակերպված՝ իշխանությունների կողմից, թե բնական աղետների հետևանքով:

Կանադայի Մոնրեալ քաղաքում, որտեղ ապրում էին Արմինն ու Դեյվիդը, քաղաքացիական շարժումներ չկային, և իրենք սարքը գործածեցին քաղաքի այն հատվածում, որտեղ Դեյվիդն էր ապրում և որը լի էր փոքր սրճարաններով: Սարքը տեղադրելիս իրենք մի էջ են պատրաստել, որը տեղեկացրել է. «Սա ինտերնետ չէ, բայց վայելեք բովանդակությունը»: Մեկ ամսում մոտ 200 մարդ միացել է ցանցին:

Այժմ ընկերությունը փորձում է ակտիվորեն հանդես գալ տուրիզմի, բիզնեսի և տրանսպորտի ոլորտներում: Նախագծի առանձնահատկություններից մեկն այն է, որ նախ տեղեկություն է տրամադրվում այն տեսարժան վայրերի ու ծառայությունների մասին, որոնք գտնվում են մերձակայքում: «Մի աշխարհում, որտեղ, ըստ Google-ի, որոնումների ավելի քան 50%-ը մեզ շրջապատող իրերի ու երևույթների մասին են, արդյոք կարիք ունե՞նք ունենալու ինտերնետ, ծախսելու գումար, որպեսզի իմանանք, որ, օրինակ, փողոցի այն կողմում ռեստորանն է, որը ես փնտրում եմ, կամ ծառայություն կա, որն ինձ կօգնի»,- ասում է Արմին Սայիդին:

Նախագծի հեղինակների խոսքով՝ հիպեր տեղային (hyper local) այս տեղեկությունների առավելությունն այն է, որ շինությունների ու տեղանքների մասին տեղեկություն փնտրող զբոսաշրջիկները ստիպված չեն լինի օգտվել ռոմինգից, իսկ առևտրի կենտրոնի առաջարկած Wi-Fi-ին միացող գնորդները չեն տարվի ինտերնետով՝ մոռանալով գնումների մասին: «Մենք վերադարձնում ենք ուշադրությունը նրան, ինչը կարևոր է»,- ասում է Արմինը՝ բերելով խոշորագույն առևտրային ցանցերից մեկի՝ The Home Depotկանադական կենտրոններից մեկում ներդրված իրենց ծրագրի օրինակը, որն օգնել է իմանալ, թե որ ապրանքը որտեղ է գտնվում: Ցանկության դեպքում ընկերությունները սարքի միջոցով կարող են նաև ինտերնետ մատակարարել, թեև շատերը չեն նախընտրում այն:

Ծրագիրը կիրառող ընկերությունները տվյալներ կստանան այն մասին, թե քանի այցելու է միացել իրենց ցանցին, քանիսն են կրկին այցելել, կամ թե ընդհանրապես քանի սարք է եղել տարածքում, նույնիսկ եթե դրանք չեն միացել համակարգին: Այսկերպ հսկված լինելու վտանգի մասին հարցին նախագծի հեղինակները պատասխանում են, որ գրանցվում է սարքերի, ոչ թե դրանց սեփականատերերի ֆիզիկական շարժը, ինչը գործում է նաև Wi-Fi ենթուղղիչների (router) դեպքում: Բացի այդ, նորագույն տեխնոլոգիաները անընդհատ փոփոխում են անհատական հասցեն՝ թաքցնելու համար անձի ինքնությունը:

Տվյալների հիման վրա սպառողների վարքի վերլուծություն կատարելուց ու ծառայությունները բարելավելուց բացի՝ ամպային հավելվածը թույլ կտա ընկերությունների ծրագրավորողներին որոշել իրենց տնօրինած սարքի բովանդակությունը: Հենց ամպային հավելվածի ու ծրագրային ապահովման ամսական բաժանորդագրման վճարներից ու սարքի վաճառքից կգոյանա WiCastr-ի եկամուտը: 120 գբ ծավալ ունեցող սարքը, որի նոր՝ 6-րդ տարբերակը կարժենա 50-70$, ժամանակի ընթացքում հնարավոր կլինի տրամադրել անվճար՝ եկամուտ ստանալով միայն բաժանորդագրման գումարից, ինչպես անում են բջջային օպերատորները:

Սմարթֆոնների՝ «այժմ ամենակարևոր էկրանները» կարելի է օգտագործել նաև տրանսպորտի, հատկապես՝ ավիացիայի ոլորտում: «Մենք ստեղծում ենք թռիչքի ժամանակ գործող ժամանցի նոր համակարգ: Շատ ինքնաթիռներ այժմ նույնիսկ էկրաններ չունեն: Մենք առաջարկում ենք շատ մատչելի տարբերակ ավիաընկերությունների համար, որոնք կարող են օգտագործել մարդկանց սեփական սարքերը: Այսինքն՝ կարիք չկա ընդհանուր էկրանի կամ հավելյալ էկրանների՝ ամեն նստատեղի համար: Մենք պարզապես միացնում ենք տաբլետը ցանցին և արդեն կարող ենք ֆիլմեր նայել, երաժշտություն լսել կամ էլեկտրոնային ամսագիր կարդալ»,- ասում է Արմին Սայիդին՝ հավելելով, որ սա BYOD (հապավում, որ թարգմանվում է՝ «բե՛ր քո սեփական սարքը») տենդենցի կիրառումն է:

Դեյվիդ Էստեվեսը և Արմին Սայիդին

Բիզնես կիրառությունները, ըստ WiCastr-ի հիմնադիրների, իրենց հնարավորություն կտան ներդրումներ կատարել «մարդասիրական» ծրագրերում, օրինակ՝ կրթությունն ու տեխնոլոգիան պակաս զարգացած շուկաներ հասցնելու համար: Արմինն ու Դեյվիդը հիշեցնում են, որ նախապես իրենք բիզնես ստեղծելու նպատակ չունեին, սակայն այդ կետին վերադառնալու ուղին անհրաժեշտաբար անցնելու է բիզնեսի միջով:

Հնդկական ու աֆրիկյան շուկաներում, ըստ նրանց, 10-20 դոլարով կարելի է սմարթֆոն գնել, սակայն կապի ենթակառուցվածքները կա՛մ բացակայում են, կա՛մ թանկ են, ինչի պատճառով մարդիկ չեն օգտագործում դրանք: Իրենք սարքերում կտեղադրեն այգիները մշակելու, կրթությունը բարելավելու և այլ օգտակար նյութեր՝ գրքերի, տեսանյութերի, Wikipedia հանրագիտարանի տեսքով, որոնք հնարավոր կլինի բեռնել:

Արմինը պատմում է Toms Shoes ընկերության քաղաքականությանը հասնելու իրենց նպատակի մասին: Վերջինս ամեն վաճառված կոշիկի զույգի դիմաց նվիրում է մեկ այլ զույգ՝ զարգացող շուկաներին. «Մեր հեռահար նպատակն այն է, որ բիզնես նպատակով վաճառված ամեն սարքի դիմաց կարողանանք տրամադրել մեկը՝ սոցիալական նպատակների համար»:

Ընկերության հիմնադիրները կարծում են, որ կապի թերզարգացած ենթակառուցվածք ունեցող հեռավոր գյուղեր հասնելը կհեշտացնի նաև այնտեղ ինտերնետ ներդնելու խնդիրը, քանի որ իրենց ցանցերն արդեն տեղում կլինեն: Իսկ քաղաքային միջավայրերում, որտեղ ավելի ու ավելի է շատանում սմարթֆոն օգտագործողների թիվն ու նրանց «բջջային» ակտիվությունը, և հետևաբար՝ ծանրաբեռնվում են ենթակառուցվածքները, WiCastr-ի սարքերը, ըստ հեղինակների, կարող են մեղմել վիճակն ու բովանդակությունը մոտեցնել սպառողներին:

Թիմի 16 անդամներից 12-ը Հայաստանում են: Նրանք աշխատում են ամպային հավելվածների ու ծրագրային ապահովման ուղղությամբ: Արմինը նշում է, որ 2014թ. սեպտեմբերին «Գրանատուս Վենչուրս» ընկերությունից ստացած 500 հազար ԱՄՆ դոլարի ֆինանսավորումն ուղղվել է հարթակի կատարելագործմանը, որը կհեշտացնի նախագծի մեկնարկը, ինչպես նաև մարքեթինգի զարգացմանը:

Սարքերն արտադրում են Կանադայում, որտեղ այժմ գտնվում է ընկերության 3-րդ համահիմնադիրը՝ Շարատ Կումարայան: «Եթե հնարավոր լինի, մենք ցանկանում ենք փակցնել WiCastr-ին «Արտադրված է Հայաստանում» դրոշմը»,- ասում է Արմին Սայիդին, ում մայրը հայ է:

«Տարբեր տեղերին հավատալու այս բոլոր տարիներից հետո ես եկա այստեղ ու սիրեցի մարդկանց, հնարավորությունները, որ տեսնում եմ այս երկրի համար գալիք հինգ, տասը, քսան տարիների համար: Շատ-շատ տաղանդավոր մարդիկ կան այստեղ, միայն թե հնարավորությունները բավարար չեն»,- հավելում է Սայիդին: 

Մեկնաբանություններ (1)

Zia Ghaemi
Well done Armine, I know your hard work & dedication will turn your vision to reality.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter