HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյուղական փոքր ալրաղացները մասամբ լուծում են մաքուր սննդի հարցը

78-ամյա մեղրաշենցի Անգին Աղաբաբյանը ալյուրի հարստացման ծրագրի մասին տեղեկություն չուներ, հեռուստատեսությամբ էլ որեւէ բան օգուտի կամ վնասի մասին չէր լսել: Ֆոլաթթու բառը նույնպես անծանոթ էր տարեց կնոջը: Ասում է, այ բալա, մենք սաղ կյանքերս ցորենն աղացել ենք, ալյուրից լավաշ ենք թխել, թեփն էլ անասնակեր ենք արել, մի քիչ ցորեն էլ հետ ենք գցել՝ ձավար ենք ծեծել, ի՞նչ հարստացում, ի՞նչ վիտամին:

Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Մեղրաշեն գյուղի մեկդարյա ալրաղացը պատկանում է Աղաբաբյաններին: Սեփականաշնորհել են դեռեւս 90-ականներին: Անգին տատը բացում է ալրաղացի փայտե մեծ դռները: Ներսում երեք աղաց կա՝ քարե աղացը, որ ցավոք վերջին շրջանում չի աշխատում՝ տատն ասում է՝ փչացել է, չենք կարողանում սարքել: Ալրաղացի մի անկյունում ձավար ծեծելու սարքն է, իսկ մուտքի մոտ անասնակերի մանրացման համար նախատեսված սարքավորումն է տեղադրված:

«Գյուղացիք միշտ էլ օգտվում են: Մարդ կա կբերե, քարե աղացով ցորենը ալյուր կդարձնե, կտանի, մարդ կա անասնակերի համար գուկա, մարդ էլ կա ձավար ծեծելու: Հըմի էն մի աղացը չի աշխատի, բայց էս երկուսը կան, մերոնք էլ կօգտագործեն»,- ասում է Անգին տատը:

Մուշեղ Նազարեթյանը

Մեղրաշենի 29-ամյա բնակիչ Մուշեղ Նազարեթյանը երկու հա հողատարածք ունի, հիմնականում զբաղվում է հացահատիկային կուլտուրաների մշակմամբ: Սեփական ցորենը ալյուրի է վերածում Մեղրաշենում գործող ալրաղացում, որոշ մասն էլ վաճառում է՝ տան կարիքները հոգալու համար: Հացը մշտապես տանն են թխում, ինչպես գյուղական շատ ընտանիքներում: Մուշեղն ասում է, որ դեմ է ալյուրի ֆորտիֆիկացմանը:

«Առանց էդ էլ հայտնի չէ, թե ինչ սնունդ կընդունենք, մաքուր է, մաքուր չէ, ինչի մեջ ըսես քիմիա կա, գոնե հացը մաքուր էղնի: Իմ կարծիքով՝ չարժի էդ ֆոլաթթուն խառնել ալյուրին, կարող է պատահի իմ օրգանիզմին հեչ պետք չէ, ինչի՞ կխառնեն: Դե, ենթադրենք թե մեզի էդ վտանգը չի սպառնա, որովհետեւ մենք ցորենը կցանենք, ալյուրը կաղանք, հացն էլ մենք կթխենք, հըբը մնացա՞ծն ինչ էնեն»,- տարակուսում է Մուշեղ Նազարեթյանը:

Արթիկի տարածաշրջանի գյուղերում խորհրդային տարիներին ալրաղացներ գործել են՝ հաշվի առնելով հացահատիկի մշակությամբ զբաղվողների մեծ թիվը: Սակայն ներկայումս հատուկենտ համայնքներում կարելի է հանդիպել գյուղական ալրաղացի: Մեղրաշենում երկրորդ ալրաղաց ունենալու գաղափարը համայնքապետ Հունան Պետրոսյանինն է: «Դե հինը կա ու էլի գործում է, բայց մասնակիորեն: Մի ժամանակ ալրաղացներ կային հարեւան Փանիկում, Հոռոմում, Արթիկ քաղաքում, որոնք այլեւս գոյություն չունեն ու դաշտը մի տեսակ բաց էր մնացել: Մեր գյուղի աղացն էլ, որ քարով է, միայն մի տեսակի ալյուր էր աղում՝ թեփը հետը: Որոշեցի, որ գյուղում երկրորդը ունենաք՝ տարածաշրջանի համայնքներն էլ կօգտվեն: Երեւի մի չորս տարի առաջ եմ բերել, տեղադրել ու ասեմ, որ առայժմ արդարացնում է»,- պարզաբանում է Մեղրաշենի համայնքապետ Հունան Պետրոսյանը:

Երկրորդ ալրաղացը ռուսական է՝ 10-15 տոննա հզորությամբ: Որպեսզի աղացը գործի դրվի, մինիմումը հարկավոր է 500 կգ ցորեն: Գյուղացուց կամ ֆերմերից պահանջվում է միայն հումքը հասցնել ալրաղաց, մնացած գործողությունները՝ բեռնաթափել, կշռել, լվալ, աղալ, տեսակավորել, առանձնացնել թեփն ու մնացած թափոնները՝ կատարվում են տեղում: Մի տոննա ցորենից՝ կախված որակից, ստացվում է 75 % ալյուր, մնացած 25%-ը կազմում են թեփը եւ համապատասխան թափոնները: Մատուցած ծառայությունների դիմաց գանձվում է աղունավարձ՝ 15 հազար դրամ: Նախկինում այն եղել է 12 հազար դրամ, թանկացումները կապված են էլեկտրաէներգիայի գնի բարձրացման հետ: Մեղրաշենի ալրաղացի ծառայությունից օգտվում են Արթիկի, Սպիտակի տարածաշրջանի համայնքները, ինչպես նաեւ Արագածոտնի մարզի բնակիչները:

Հունան Պետրոսյանը

«Մենք հիմնականում ծառայություն ենք մատուցում,- ասում է Հունան Պետրոսյանը,- բայց արդեն սկսել ենք նաեւ քիչ քանակով մեր սեփական ալյուրը վաճառել: Իհարկե, շուկա մտնելը սարսափելի բարդ է: Այնտեղ էլ է մոնոպոլիա, դրա համար էլ շատ չենք արտադրում: Գնում ենք որոշակի քանակությամբ տեղական ցորեն, հետը խառնում ենք մի 30% Ռուսաստանից ներկրած ցորեն, աղում ենք եւ վաճառում»:

Հունան Պետրոսյանն ասում է, որ տեղական ցորենը միայն ազոտական պարարտանյութով են սնուցում, միակողմանի է պարարտացվում, կալիումի ֆոսֆոր արդեն չեն տալիս ցորենի դաշտերին, դա է պատճառը, որ տեղական ցորենն աղքատ է հանքանյութերից եւ իրենք որակը բարձրացնելու նպատակով բարձրակարգ ցորեն են խառնում:

«Մենք մաքուր ալյուր ենք վաճառում, քանի որ բարելավիչ ասածը մեր ալյուրի մեջ չկա,- պարզաբանում է զրուցակիցս,- նախկինում ալյուր արտադրողներն այդ բարելավիչ ասվածը տվել են հաց արտադրողներին, որ տեղում, հաց թխելիս խառնեն, իսկ հիմա մեր ունեցած ինֆորմացիայով, հենց ալյուր արտադրողներն են որոշակի դոզայով խառնում ալյուրին: Բարելավիչ կոչվածը քիմիական նյութ է: Ինքը բավականին էֆեկտիվ բան է, ունի թույլատրելի չափաքանակ, հիմա թե խախտում են, թե չեն խախտում, ես չգիտեմ, սա օրենքով թույլատրելի գործընթաց է, ալյուրի որակը բարձրացնելու համար է արվում»:

Քարե աղացը

Բարելավիչի էֆեկտը պատկերացնելու համար, Հունան Պետրոսյանը բերում է մեկ օրինակ. «Մեր արտադրած մի պարկ (50 կգ քաշը) ալյուրից ու բարելավիչով հարստացված նույն քաշի մեկ պարկ ալյուրից ստացվում է տարբեր քանակությամբ հաց: Ասենք լավաշ են թխում. մեր արտադրած ալյուրից ստանում են 60 հատ, բարելավիչով հարստացված ալյուրից՝ 65 հատ լավաշ: Հետո այդ բարելավիչի շնորհիվ խմորը շուտ է թթվում, քիչ ժամանակ է պահանջվում թխելու համար եւ այլն: Բայց մենք գերադասում ենք դա չխառնել մեր արտադրանքին»:

Նա ասում է, որ բարելավիչը ալյուր արտադրողին ձեռք է տալիս, հացի գործարաններին նույնպես, սակայն ոչ ամենեւին սպառողին, քանի որ վնասում է մարդու աղեստամոքսային համակարգը: Զրուցակիցս նկատում է, որ այնքան օգտակար թեփի առանձնացումն եւս տեղի է ունեցել զուտ բիզնեսի տեսանկյունից: Մարդիկ նկատել են, որ թեփով ալյուրը տաս օր հետո որդոտում է, իսկ առանձնացվածը հնարավոր է մեկ տարի պահել: «Եվ զուտ բիզնեսի առումով որոշվել է այդքան օգտակար թեփն առանձնացնել, համ էլ ապրանքի տեսքն է ավելի ներկայանալի դարձել դրանից հետո: Ինչպես գիտեք՝ որդը մտնում է էն սնունդի մեջ, որը որ համով է: Հիմա ուզում եք տարիներով էս ալյուրը պահեք՝ չի որդոտի, որովհետեւ մեջը ոչ մի օգտակար բան չկա»,- ասում է Հունան Պետրոսյանը:

Նոր ռուսական աղացը

Նա եւս չի հասկանում, թե ինչու են ձգտում իրականացնել ալյուրի հարստացման ծրագիրը Հայաստանում, երբ աշխարհում շատ երկրներ հրաժարվել են դրանից ու ընդհանրապես չեն կիրառում: Գուցե ավելի ճիշտ կլիներ օգնել գյուղացուն եւ հողերի համակողմանի պարարտացման հա՞րցը լուծել, ստանալ հարստացված ցորեն, աղալիս էլ ամբողջությամբ չթեփահանել, այլ որոշակի տոկոս պահպանել այդքան օգտակար նյութից:

«Ստացվում է, որ երկարաժամկետ, գեղեցիկ տեսքով ապրանք վաճառելու նպատակով նախ ալյուրը զրկում ենք իրեն ուղեկցող բոլոր օգտակար նյութերից, հետո հայտարարում, թե պիտի անպայման հարստացնենք վիտամիններով, -նկատում է Մեղրաշենի համայնքապետը,-մենք օրինակ, եթե ցանկանում են, ալյուրի հետ մի 20 տոկոս թեփ ենք խառնում, կարող է հացը մի քիչ տեսքով չլինի, սակայն հաստատ ավելի համեղ ու օգտակար է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter