HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

ԿԳՆ-Բժշկական համալսարան գործարքը. 21 անվճար տեղերի նպաստները մնացել են բուհում և չեն հասել ուսանողներին

Օրեր առաջ ավարտվեց Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարարական գագաթաժողովը: Կոնֆերանսի ամենաքննարկվող հարցերից մեկն այն էր, որ երկրներում զարգացում ապահովելու համար անհրաժեշտ է ներդրումներ կատարել կրթության ոլորտում: Հայաստանում այս ոլորտում ներդրումներ կատարելը ռիսկային է:

Ամիսներ շարունակ փորձում էինք պարզել, թե ինչ են եղել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողների հաշվին խնայված միջոցները: Հիշեցնենք` համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողներին հատկացված 54 անվճար տեղից (որից 4-ը` բազային) համալսարանը բաշխել էր 29 տեղը` պատճառաբանությամբ, թե մնացած ուսանողները ակադեմիական պարտքեր են ունեցել (լիկվիդ): 

Պետության կողմից այս ուսանողների համար բուհին փոխանցված գումարը պետք է վերադարձվեր պետբյուջե: Այդպես է լինելու, թե ոչ` գրավոր պաշտոնական պատասխան ԿԳՆ-ից չստացանք:

ԿԳ նախարարության ֆինանսական բաժին զանգահարելուց հետո, աշխատակիցներից Աննա Գլխամբարովան «խրատեց», թե ինչու ենք գրում վատ սովորող ուսանողների մասին, նախորդ տարիներին իրենք «ընդառաջել են» և ակադեմիական պարտք ունեցող ուսանողներին թույլ տվել մասնակցել մրցույթին: Նշենք, որ կրթության մասին օրենքը, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքը, կառավարության որոշումը, ուսանողների հետ կնքած պայմանգիրը պարտադրում էին բուհին բաշխել թափուր մնացած տեղերը: Նախորդ տարիներին ակադեմիական պարտք ունեցող ուսանողներին թափուր տեղերը բաշխվել են ոչ թե «ընդառաջելու», այլ օրենսդրական հիմքով:

Մեկ այլ հարցի, որն այլևս բարոյախրատական ոլորտից չէ` ինչպե՞ս են ծախսվելու թափուր մնացած անվճար տեղերի համար պետության կողմից համալսարանին փոխանցված գումարները, ԿԳ աշխատակից Աննա Գլխամբարովան պատասխանեց. «Ոչ մի բանի վրա չի ծախսվել, նվազեցվում է իրենց ֆինանսավորման չափը և վերջ: Որ նվազեցվում է, ուրեմն բյուջե է գնում»: Ավելացրեց նաև, որ երբ Ազգային ժողովը հաստատի ԿԳՆ բյուջեի ծախսերի կատարողականը և առանձին ծրագրերի հաշվետվությունները, կտեսենենք, որ մնացորդը վերադարձվել է պետբյուջե:

Անվճար համակարգից դուրս մնացած ուսանողներից մեկի ծնողը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ ֆինանսական տարվա վերջին` 2014թ. դեկտեմբերին, հանդիպում է խնդրել ԿԳ նախարարից: Հանդիպման ժամանակ նախարարը ևս շեշտել է, թե  թափուր մնացած անվճար տեղերի գումարը վերադարձվել է պետբյուջե:

Նշենք, որ որ ԿԳՆ-ի` Ազգային ժողովում քննարկվելիք բյուջեի հաշվետվության մեջ չէր երևալու` Բժշկական համալսարանը վերադարձրեց գումարը, թե ոչ: Ուսանողների ուսման վարձերը վճարվել են ՀՀ բյուջեի մասին 2014թ. օրենքով` «Բարձրագույն մասնագիտական կրթություն» ծրագրից: Հաշվետվության մեջ երևում է միայն ծրագրի մնացորդը, իսկ թե որ բուհից որքան գումար է մնացել, ներկայացված չէ:     

Ուսանողներից խնայված միջոցները մնացել են բուհում և չեն վերադարձվել բյուջե

Միայն բուհի և ԿԳՆ-ի միջև կնքված պայմանագրի ուսումնասիրությունից պարզվեց, որ թափուր տեղերի գումարը չի վերադարձվել պետբյուջե:

2014թ. փետրվարի 3-ին «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի» և Կրթության և գիտության նախարարության միջև կնքվել է «Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցման (անվճար) մասին» պայմանագիրը: Պայմանագրի 4.2 կետը նախատեսում էր, որ ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի կողմերի միջև գրավոր:

Անվճար համակարգից դուրս մնացած 21 ուսանողների մեկ ուսումնական տարվա վարձավճարը կազմում է մոտ 16 միլիոն դրամ, սակայն այս պայմանագիրը, որը կնքվել է ֆինանսական տարվա համար, ներառում է ուսանողների` մեկ կիսամյակի (սեպտեմբեր-հունվար) վարձավճարը` մոտ 7,5 միլիոն դրամ:

Եթե թափուր տեղերի գումարն իսկապես վերադարձված լիներ պետբյուջե, դա պետք է հաստաված լիներ համապատասխան համաձայնագրով: «Հետքը» հարցում ուղարկեց կրթության և գիտության նախարարություն` խնդրելով համաձայանագրի օրինակը: Նախարարությունը, սակայն, գումարային փոփոխության վերաբերյալ համաձայնագիր չունի: Պատասխանը, որը ստորագրել է աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը, պատրաստել է ֆինանսական բաժնի նույն աշխատակիցը, ով ասում էր, թե գումարը վերադարձվել է պետբյուջե:

Պատասխանում ԿԳՆ-ն նշել է, որ պայմանագրի գումարի մնացորդի հաշվին, որը պետք է վերադարձվեր պետբյուջե, բարձրացվել է անվճար սովորող՝ մնացած ուսանողների ծախսը: Եթե տարեսկզբին մեկ ուսանողի գծով ծախսը պետության համար այս բուհում կազմել է 716,4 հազար դրամ, տարեվերջին դարձվել է 746,4 հազար դրամ:

ԿԳՆ-ին ուղղված հարցման մեջ խնդրել էինք նշել բոլոր հանգամանքները, թե ինչու են բուհի` մեկ ուսանողի կրթության համար պետությունից պահանջած ծախսերն այդքան աճել ֆինանսական տարվա վերջին: ԿԳՆ-ն հարցի վերաբերյալ հիմնավորում չունի. պատասխանել են, թե վերահաշվարկից հետո ծախսը կարող է աճել:

Նույն հիմնավորմամբ ծախսը կարող է անվերջ աճել` կախված այն հանգամանքից, թե որքան գումար է ավելացել պայմանագրից:

Մեկ ուսանողի ծախսը վերահաշվարկի արդյունքում ԵՊԲՀ-ում ոչ միայն չպետք է ավելանար, այլ պետք է նվազեր: ԿԳՆ-ի հետ կնքած պայմանագրով նախատեսված գումարը` 662, 546, 400 դրամը փոխանցվել է բուհին` հաշվարկված  835 ուսանողի համար: Պայմանագրի միակ համաձայնագիրը, որը ստացել ենք ԿԳՆ-ից, ուսանողների թվի նվազման վերաբերյալ է: Ուսանողների թիվը տարեվերջին կազմել է 804: Հետևաբար, համալասարանը ԿԳՆ-ից ավելի քիչ գումար պետք է ստանար, քան նախատեսել էր տարեսկզբին, իսկ մնացած ծախսերը հոգար սեփական միջոցներով (վճարովի սովորող ուսանողների վարձավճարներով):

ԿԳՆ-ն ոչ միայն չի նվազեցրել բժշակական համալսարանի ֆինանսավորման չափը, այլև չի պահանջել անվճար համակարգից դուրս մնացած ուսանողների համար դուրս գրված գումարը: Այս հարցում նախարարությանը որևէ կառույց չի վերահսկել:

Բյուջեի մասին 2014թ. օրենքում մեկ ուսանողի գծով ծախսի չափը սահմանվում է 561 հազար դրամ: Ըստ ֆինանսների նախարարության՝ «Հետքին» տրամադրած տեղեկատվության՝ սա միջին հաշվարկային թիվ է: Տարբեր բուհերում մեկ ուսանողի գծով ծախսը կարող է գերազանցել այս թիվը, իսկ «Հետքի» հարցին, թե առավելագույնը որքան, ֆինանսների նախարարությունը չի պատասխանել` առաջարկելով դիմել ԿԳՆ:

Հիշեցնենք, որ ֆինանսների նախարարությունը ԿԳՆ-ում իրականացրած վերջին` 2013թ. ստուգումների ժամանակ խախտումներ էր հայտնաբերել: Դրանցից մեկն էլ հենց այն էր, որ պետբյուջեից նախարարությանը փոխանցված գումարները մի քանի ծրագրերով նպատակային չեն ծախսվել և ՀՀ պետական բյուջե չեն վերադարձրել: Բացահայտված խախտումը ԿԳՆ-ի համար լուրջ հետևանքներ չի ունեցել: «Առաջարկվել է» գումարների չծախսված մնացորդները տարեվերջին պետբյուջե վերադարձնել:

«Խիստ» պատժի շնորհիվ սխալը նորից կրկնվում է: ԵՊԲՀ-ում գործարքն ավելի հեշտ է իրականացվում «փակ շրջանի» շնորհիվ. ֆինանսական խոշոր գործարքների պատասխանատուն բուհի հոգաբարձուների խորհուրդն է, իսկ խորհրդի նախագահը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter