HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տանիքներին թափվող արևը

Մանե Գրիգորյան

Երկու օր պետք է գիշերենք Թուրքիայում հայ աղջիկներին աշխատանքի տեղավորող կնոջ տանը: Գիշերը վերմակները ձյան պես ծածկեցին հատակը: Կարծես հանրային բաղնիքում քրտնած, աշխատանքային օրվա ավարտից հետո մարմնի ամեն բջիջը հանդարտության հանձնած կանանց մարմինների ուրվագծեր տեսնեի:

Թուրքիայում շոգը թափվում է, ինչպես վառարանից:

Երեկոյան տանիքին հարևանի հայ երեխաների հետ իրար գլխի ենք հավաքվել, տեսադաշտում  մզկիթների գլուխներն են, մարող օրվա հետ կարծես օդում խցանված լինի արևի հիշողությունը: Ամեն ինչ կարմիր ու դեղին գույների մեջ է լողում, թվում է` անապատի ներսում մեկը միջին բարձրության վրա տանիք է փռել, մզկիթների գագաթները սնկի պես դուրս են պրծել, ու ամեն ինչ կտրուկ ավարտվում է երկնքով: Ինչպես վատ լուսանկարված նկարում, որտեղ ոչ մի չափս պահված չէ, և նկարը հանկարծակի վերջանում  է`գլխավերևում օդի բացակայությամբ:

Տանիքում ենք: Կիտրոնահյութ են հյուրասիրում, ուզում եմ շնորհակալություն հայտնել, կրկնում եմ այն ինչ ասում են,  հայ տղաներից մեկին  ակամա թուրքերեն սեր եմ խոստովանում, բոլորը ծիծաղում են, ես ու նա խորհրդավոր իրար ենք նայում, կարծես թե մեր մեջ այս կարմիր դաշտերը` այդ դաշտերից մեզ հատու նայող մահմեդական աշխարհը, հենց այս տեղում մեր հայ լինելն ու մեր տարիքը ինչ-որ թաքուն, բարակ, մազե կամրջակ են նետում մեր միջև: Հիմա նույնիսկ նրա դիմագծերը չեմ հիշում, կարմիր լողացող ամպերի մեջ, իրար կիպ գրկած տանիքներին կանգնել ու կարծես թամբել է տարածությունը… ամեն ինչ այնքան խիտ է, Տեր իմ, ամեն ինչ այնքան խիտ է:

Տանը ինչ-որ տարօրինակ կուտակումներ են: Այս պատմության տանտիրուհին, ինչպես բոլոր նման պատմություններում, հյութալի կազմվածք ունի, շեկ մազերը խնամված չեն, թեթև ալիքով իջնում են ներքև, կոնքերից կորաձև  թափվող ընդգրկուն հետնամասը` իր շարունակությամբ, կարծես առանձին գոյություն ունեցող անգլուխ կենդանի լինի: Խոշոր ու փափուկ  մատների արանքում սիգարետն է, հեռախոսով պայմանավորվում է` պետք է աղջիկներին աշխատանքի տեղավորել:

Հաջորդ օրը նորից տանիքում եմ.  ամենից շատ հենց տանիքներն են տպավորվել, ինչ-որ անկյունից թուրք տղաներ են ծիկրակում, նայում են ու անհետանում, թվում է` տեսողական խաբկանք է, չեմ հասկանում, թվում է, թե իսկապես համարձակ, ուղիղ չեն նայում, այլ սրված աչքերի ծայրից հայացքը սահում է  ու մինչ հասցնում ես բռնել, …ոչինչ չկա: Բայց, միևնույն  է, վրադ աչքերի հետքեր են մնում:

Խոհանցում ենք: Ասում եմ` տանիքում թուխ մաշկով տղաներ են հայտնվում ու անհետանում: Աղջիկները իրար են նայում: Լռում եմ: Սպասում եմ, որ մի բան ասեն: Լրացնում եմ ինձ:

-Հա, իրոք, նայում են, հետո մի պահ տեսնում ես ու չքվում են:

Աղջիկներից մեկը մոտենում է, ականջիս մեջ բառեր են գլվլում, ինչ-որ կարևոր բան է սպասվում, լավ չեմ հասկանում, նորից է կրկնում.

-Տեսնում ես էն աղջկան,- միջանցքում կանգնած կարճ սանրվածքով աղջիկը չի այլայլվում հայացքիցս,-  հետները եղել է, -շարունակում է զրուցակիցս, ում կուրծքը հավասարաչափ իջնում և բարձրանում է, - հանդիպում են տանիքում, հղի է…

կամ էլ հղի էր, հիմա ինչ-որ բան հստակ չեմ կարողանում հիշել, բայց աղջկա ձայնի մեջ առկա խաղիկներից պարզ զգացվում է. սա այս տան  միակ պատմությունը չէ, ու ինքն էլ` չէր ուզի մնալ առանց պատմության: Երբ հիշում եմ թվում է` այդ տան կանանց քայլերը խուճապով ու թեթև մոլորությամբ են բնորոշվում, արագ են  ու անհանգիստ:

Վերջին գիշերն է, սենյակը ինձ համար վերջին անգամ ծածկվեց ձյան շերտի մեջ ընկղմվող կանանցով ու չես ասի, թե ձյունը սպունգի պես կլանում է նրանց, գիշերվա մեջ, երբ մեկի խորքից եկող ու սրտի ծայրին նստած հոգոցը դուրս է թռչում, նա դնում է իր ետևից ստորակետ, ու մինչ առաջին մի քանի շողերի հետ ձյունը աստիճանաբար կանէանա, կանայք կլրացնեն մեկը մյուսին... կարծես ջրով լցված տարրայի մեջ լողացող կիտրոնաշերտիկներ են` վրան փշաքաղումի ցողերով: Եթե իրականում այդպես արտահայտվեի, այդ տան աղջիկներից մեկը կմտածեր ցնդած եմ ու  կասեր.

-Հա, երևի տանիքում հանդիպումներն էլ աղ են ցանում այդ շերտերի վրա, միամիտ

-անխելք,-կհռհռար մեկ ուրիշը, - կոկտեյլի մեջ լողացող որ մի լիմոնն է այսքան ժամանակ դժգոհել:

Ոմանք էլ կխոսեին Աստծու, ու հայրենիքի մասին:

Առավոտյան պատուհանից ցած նայեցի: Սևամորթ տղաները Թուրքիայի արևի տակ ձգել էիր մարմինները, սա Ստամբուլի թաղամասերից մեկն է` Կումկափին:

Առջևում Մարմարա ծովն է, աղի ջրերի վրա մարմինս պահելու 100 փորձերը, որոնք վիճակվեցին հաջողությամբ: Ափին նստած կանանցից մեկը նայեց մեզ, խաչակնքեց ու հասկացրեց, որ լռենք. թուրք կնոջ խնամակալ էր:

Մայրս հիանում է շենքերի գեղեցկությամբ, ես Աթաթուրքի արձանի շուրջ` զբոսապուրակում, հեծանիվով պտույտներ եմ գործում, մահմեդական կանայք թվում է`ոչ թե լողում, այլ սև հանդերձանքը պարզած ծովի վրա հրաժեշտի ծիսակարգ են կատարում,  սիրահարները նավակներ են վարձակալում` սիրելիների համար շարժվող ջրերի վրա ռոմանտիկ ընթրիքներ կազմակերպում: Երկնքի  ու մեր միջև տարածությունը կարծես ընդլայնվում է, բայց, գրողը տանի, ամպերն այնքան աննկատ են շարժվում: Մայրս ասում է` հանելուկային մի բան կա այստեղ, ես նկատում եմ միայն երկնքից անխնա թափվող արևը: Մի տեսակ անհանգիստ եմ: Հայտարարում են` նամազի ժամանակ մզկիթի առջև թողնված կոշիկները գողացել են,  նավով ընթանում ենք դեպի հայկական եկեղեցի` մասնակցելու խաղողօրհնեքի արարողությանը. եկեղեցին չի թեթևացնում օդը:

Մեկնաբանություններ (2)

Սլավի-Ավիկ Հարությունյան
Կեցցես'...ընտիր է` կգրկեի..
gohar
որ ինչ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter