HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Բազմապրոֆիլ հիվանդանոցը չի կարող լիարժեք փոխարինել պոլիկլինիկ համակարգին

«Գյումրու բժշկական կենտրոն»-ի տնօրեն Արմեն Իսահակյանը կարևորում է առաջնային օղակի՝ պոլիկլինիկաների ուժեղացումը: Նրա համոզմամբ, որքան էլ ստացիոնար հիվանդանոցը հագեցած լինի նորագույն բուժսարքավորումներով և առաջատար մասնագետներով, չի կարող իր վրա վերցնել պոլիկլինիկաների գործառույթը, անգամ ցանկալի չէ:

«Իրականում դրա կարիքն էլ չկա, և ոչ էլ ձգտումը,- ասում է Արմեն Իսահակյանը,- երբեմն պարզ խորհրդատվության համար հիվանդը հասնում է մեր մոտ, այնինչ դա պետք է անի ընտանեկան բժիշկը կամ պոլիկլինիկայի համապատասխան մասնագետը: Պատճառն այն է, որ շատ պոլիկլինիկաներում բացակայում են ախտորոշող նորագույն սարքավորումները կամ էլ տվյալ մասնագետը չի լինում: Եթե առաջնային օղակում լավ աշխատեն, մեզ էդքան հիվանդ չի դիմի»:

Որպես օրինակ` զրուցակիցս մատնանշում է թերապիայի բաժանմունքի առկայությունը հիվանդանոցներում, որից շատ վաղուց հրաժարվել են արտերկրում գործող ստացիոնար բուժհաստատությունները, և եթե նման հնարավորություն լիներ, ապա Գյումրու բժշկական կենտրոնն էլ կփակեր այն կամ կսահմանափակեր գործունեությունը:

«Ի՞նչ է նշանակում թերապիայի բաժանմունքի հիվանդ, ով գալիս է ու տասը օր պառկում մեզ մոտ: Նա առաջին օրն ընդունվում է կրիզով, երկրորդ օրը մենք ճնշումը կարգավորում ենք ու այնուհետ նա պիտի գնա եւ գտնվի իր թաղամասի պոլիկլինիկայի բժշկի հսկողության ներքո,- բացատրում է զրուցակիցս,-բայց հատկապես ձմռանը տնակներում ապրող հիվանդները գերադասում են պառկել հիվանդանոցում, որտեղ տաք է, ջուրը կա, հեռուստացույցը կա, դեղորայքը տալիս ենք, բայց դա  էլ մեծ բեռ է մեզ համար, լրացուցիչ ծախս»,- ասում է Արմեն Սահակյանը:

Առաջնային ուժեղ օղակ ունենալն առողջապահական համակարգում բխում է ոչ միայն բուժհաստատությունների, այլև հիվանդների շահերից: Տնօրենի կարծիքով, գերադասելի է, որ հատկապես խրոնիկ հիվանդությամբ տառապող հիվանդների (որոնք լուրջ միջամտություն են ստանում ստացիոնարում) հետագա խնամքը ստանձնեն պոլիկլինիկաների համապատասխան մասնագետները, խոսքը վերաբերում է անոթային, սրտի պրոբլեմներ ունեցող հիվանդներին հատկապես:

«Ասենք հիվանդը ստենտավորվել է մեզ մոտ, սակայն մենք չենք կարող հաջորդ տասը տարին էլ հետեւել նրա առողջությանը, դա պետք է անեն առաջնային օղակի բժիշկները»,- նկատում է Արմեն Իսահակյանը:

Կան դժվարամատչելի հետազոտություններ, որոնց սարքավորումներն իրականում պոլիկլինիկաները չունեն, եւ հիվանդներն ուղեգրվում են բժշկական կենտրոն: Նրանցից արտոնություններ ունեցողներն այդ հետազոտություններն անցնում են անվճար: Սա այլ խնդիր է, հավելում է կենտրոնի տնօրենը, որովհետեւ անիրական կլիներ պահանջել, որ յուրաքանչյուր պոլիկլինիկայում լինի տրենդմիլ կամ դենսիտոմետր, սակայն նոր սերնդի ռենտգեն եւ ֆլյուրոգրաֆիայի սսրքավորումներն անհրաժեշտություն են:

2012թ-ին Գյումրու երեք հիվանդանոցների միավորման արդյունքում ձեւավորված մարզային բժշկական կենտրոնը ներկայում իր հագեցվածությամբ (90%) չի զիջում մայրաքաղաքային շատ բուժհաստատությունների:

Կենտրոնի մյուս դրական կողմը գործող ծառայությունների թվի ավելացումն է: Եթե նախկինում մարզի բնակիչները սրտի ստենտավորման համար մեկնում էին Երեւան, Մոսկվա կամ եվրոպական այլ քաղաքներ, հիմա շատերը գերադասում են ինվզավիվ միջամտությունը ստանալ տեղում:

«Մեր մոտ պետական հիվանդանոցներն ընդհանրապես չեն ունեցել համակարգչային տոմոգրաֆիա, իսկ հիմա ունենք, չենք կատարել երբեւէ տրեդմիլ հետազոտություն, այսինքն` չենք ունեցել սարք, որով ստուգվում է սրտի ծանրաբեռնվածությունը, հիմա արդեն դա էլ ենք անում, որովհետեւ սարքն արդեն ունենք: Չենք ունեցել հոլդեր մոնիթորիգ կոչվող մի սարք, որով անցկացվում է սրտի 24-ամյա հետազոտություն, և դրա համար շատ հիվանդներ գնում էին Երեւան: Մենք հիմա երեք հատ ունենք այդ սարքից, և առայժմ բավարար է: Չենք ունեցել դենսիտոմետր, որը անալիզ է անում եւ տալիս ոսկորների բաղադրությունը, հիմա այդ հետազոտությունն էլ ենք անում»,- թվարկում է «Գյումրու բժշկական կենտրոն»-ի տնօրենը:

Ունենալով լավ վիրաբույժներ` Գյումրիում երբևէ չեն իրականացվել լապորոսկոպիկ վիրահատություններ, սակայն հիմա դա էլ խնդիր չէ, քանի որ կա համապատասխան բուժսարքավորումը: Մի առիթով մարզի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը նշել էր, թե Գյումրի բժշկական կենտրոնը բուժսարքավորումների հագեցվածությամբ հիշեցնում է թանգարան: Այս մտքի հետ կենտրոնի տնօրենը համամիտ է, սակայն որոշ վերապահումով՝ դրանք լիրաժեք գործածելու համար անհրաժեշտ մասնագետների պակաս ունեն:

«Մենք ունենք այն մասնագետների պակասը, որոնց բուժսարքավորումները նախկինում երբեք չենք ունեցել: Պետական հիվանդանոցները չեն ունեցել լապորոսկոպ և դրա համար չենք էլ ունեցել մասնագետ: Երբ հիվանդանոցը հանձնվեց շահագործման, սկզբնական շրջանում նույն լապորոսկոպիկ վիրահատությունների համար մեզ մոտ գալիս էին Էրուբունու, Նորք Մարաշի բժշկական կենտրոնների բժիշկները: Հիմա ունենք վերապատրաստված բժիշկ, ով թեթեւ միջամտություններն ինքնուրույն անում է, լուրջ վիրահատությունների համար կրկին մասնագետ ենք հրավիրում մայրաքաղաքից: Եվ լավ կլիներ, որ այս գծով եւս մեկ պրոֆեսիոնալ վիրաբույժի ընդունեինք աշխատանքի»,- նշում է զրուցակիցս:

Բժշկական կենտրոնն ունի 400 աշխատակից: Աշխատավարձի ֆոնդը ամսեկան կտրվածքով կազմում է 60 մլն դրամ, պետական աջակցությունը՝ 600 մլն դրամ է, սակայն տնօրենի փոխանցմամբ` այն բավարար չէ, քանի որ իրենց «համեստ» հաշվարկներով 720 մլն դրամ է պետք, որ և աշխատավարձ տան, և դեղորայք ձեռք բերեն, և շենքի պահպանության, նաև կոմունալ վճարումները կատարեն:

«Նախորդ հիվանդանոցները չեն ունեցել վերելակ եւ այդքան մեծ թվով սանհանգույց: Եթե նախկին երեք հիվանդանոցն իրար հետ ունեին տաս հատ սանհանգույց, ապա նորակառույց բժշկական կենտրոնում 160 սանհանգույց կա, ամեն մի հիվանդասենյակում առանձին սանհանգույց, հեռուստացույց, սառնարան, դրանց հետեւել է պետք, մաքրել, կամերաներ ունենք, պահպանության ծառայություն, տարեկան 100 մլն գնում է այդ պահպանության ծախսերի վրա, իսկ մենք չունենք գնային փոփոխություն ծառայությունների մեջ, նաեւ պետական աջակցության ավելացում չի նախատեսվում»,-ասում է կենտրոնի տնօրենը:

«Գյումրու բժշկական կենտրոն»- ում վճարովի ծառայությունները, համեմատած մայրաքաղաքային գների հետ, մատչելի են:Արդեն երեք տարի գործող կենտրոնի սարքավորումները նոր են, սակայն ուշ, թե շուտ տեխնիկական խնդիրներ ծագելու են:

Արմեն Իսահակյանն ասում է, որ հենց այս պահին, եթե ունենային 5 հազար եվրո հավելյալ գումար, ապա համակարգչային շերտագրման սարքի վնասված մասը կփոխեին: Իսկ ավելացնել վճարովի ծառայությունների գները չեն պատրաստվում՝ հաշվի առնելով, որ սպասարկում են աղքատության բարձր ցուցանիշ ունեցող մարզի բնակչությանը:

Մայիսի 14-ին «Հուսո աստղ-2015» մրցանակաբաշխության շրջանակներում Գյումրու բժշկական կենտրոնն արժանացավ «Տարվա լավագույն մարզային բազմապրոֆիլ եւ ժամանակակից բժշկական կենտրոն» կոչմանը: Անկախ փորձագետները հաշվի էին առել նաեւ կենտրոնի 2014թ-ից գործող պաշտոնական կայքի աշխատանքը, որ հնարավորություն է ընձեռում ոչ միայն ծանոթանալու բժշկակական կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններին, այլեւ ստանալու օնլայն խորհրդատվություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter