Ալավերդցիները քաղաքապետի թեկնածուներից կոռեկտ քարոզարշավ են պահանջում
Ալավերդիում հունիսի 7-ի` քաղաքապետի ընտրության օրը մոտենալու հետ, մեծանում է նախընտրական լարվածությունը: Ալավերդցիներից շատերը խուսափում են խոսել քաղաքապետի ընտրությունների մասին: «Ես կցանկանամ, որ այս ընտրությունը եւ ընդհանրապես բոլոր ընտրությունների քարոզարշավը կոռեկտ ընթանա` թեկնածուներից մեկը մյուսին անտեղի չվարկաբեկի: Հասարակ լեզվով ասած` թեկնածուներից յուրաքանչյուրը պետք է ասի` ես լավն եմ, չպետք է ասի` դու վատն ես: Հիմա, ցավոք, մենք սեւ PR ենք նկատում թեկնածուների հանդեպ»,- ասաց Յուրա Խալաթյանը:
Վերջինիս ասելով` ինքը ծանոթ է թեկնածուների նախընտրական ծրագրերին: «Մեկը` մի քիչ լավ, մեկը` մի քիչ վատ, բայց մեկ էլ եմ ասում, կցանկանամ ե՛ւ ընտրությանը, ե՛ւ ընտրությունից հետո թեկնածուները միմյանց հետ չթշնամացնեն ժողովրդին: Այսօր Ալավերդիում լարվածությունը եւ դրա վատ հետեւանքերը տեսնում եմ»,- հայտնեց Յ. Խալաթյանը:
Յուրա Խալաթյանի ասելով` ընտրվող քաղաքապետը նախանձելի վիճակում չի հայտնվելու, որովհետեւ Ալավերդիում շատ խնդիրներ կան կուտակված, որոնք պետք է ժամանակին լուծումներ ստանան: Այդ անելիքների մեջ Յուրան կարեւորեց հատկապես քաղաքի փողոցների բարեկարգումը, որը շուրջ մեկ տարի է, ինչ քանդել է «Հայջրմուղկոյուղին»` ջրի ու կոյուղու խողովակները փոխելու համար:
«Մեկին էլ ա չեմ ճանաչում, եսիմ ո՞ւմ տեմ ընտրի: Կգնամ մեկին կընտրեմ, էլի: Գիտեմ ոչ ովքեր են թեկնածուները: Բերին Ջրավազանի 76 շենքումը երկու նկար կպցրին: Նկարը սօր իրիկունը կպցին, առավոտը կար ոչ: Մի նկար էլ բերել են ինձ տվել տանը: Էդ էլ Փարեմուզյան Կարենի կողմից են բերել»,- ասաց 88-ամյա Սերոժ Սինդոյանը, ով դեռ չի կողմնորոշվել իր ընտրության հարցում:
Սիրանույշ Շախկյանը քաղաքապետի երկու թեկնածուներից ոչ մեկին չի հանդիպել, սակայն թռուցիկ տեղյակ է, որ թեկնածուներն Արթուր Աբգարյանը եւ Կարեն Փարեմուզյանն են: «Ոնց որ քարոզչությունը նորմալ է գնում, թեեւ շատ չեմ տեղյակ: Քաղաքի վիճակը, կարելի է ասել, լավ չի: Աշխատատեղ չկա, Ալավերդիում ապրելը բավականին դժվար է, ես կցանկանամ ընտրվի արժանավորը: Ընտրվողին էլ կխնդրեի` եթե հնարավոր է, մի քիչ լավացնի մեր քաղաքի վիճակը»,- ասաց տկն Սիրանույշը:
Սայաթ-Նովա 9 շենքի 30 տան բնակիչ Սուսաննա Մուսայելյանը հայտնեց, որ արդեն 5 տարուց ավելի է իր բնակարանի տանիքը կաթում է: Սուսաննայի ասելով` Աստծու տված ամեն անձրեւային օր տան ամբողջ տարածքով ամաններ է շարում առաստաղից կաթող ջուրը հավաքելու համար: «Ով իմ կրիշը կսարքի` ես նրան կընտրեմ: Թող իմ խնդիրը իրենք լուծեն, ես էլ իրենց խնդիրը կլուծեմ: Մեր ցեղով կրիշս սարքողին կընտրենք»,- իր գործարքն առաջարկեց Սուսաննա Մուսայելյանը:
«Մեր քաղաքի վիճակը վերին աստիճանի բարդ է: Էս երկու օրը ես գնում եմ Ռուսաստան: Բա ի՞նչ անեմ, որ չգնամ, ստեղ մնամ ինչ անեմ: Ստեղ աշխատանք ո՞վ է տալիս, որ աշխատեմ: Թեկնածուներն էդ միայն ասում են, որ աշխատատեղ են ստեղծելու: Ես ոչ մի բանի չեմ հավատում»,- ասաց Ռոբերտ Պապյանը:
«Ո՞նց չեմ տեղյակ քաղաքապետի ընտրությանը: Ես ծանոթ եմ թեկնածուների ծրագրերին: Այ, հմի մտիկ արա, Երեւանում քարը քանդում են ծաղիկ են ցանում, Մեր քաղաքում տերիտորիա ունենք, բրախած, վեր գցած, գոնե 2 ծաղիկ չեն ցանում: Մեր Ջրավազանի թաղումը ծաղիկ են ցանել, էն հին պոլիկլինիկայի հրապարակում, մի սմ չափսի ծաղիկներ են, չեն ջրում, էսա կչորանա: Ծաղիկը ցանել են ու մոռացել: Առաջ քաղաքապետարանը ջրի մեքենա ուներ, ջրեին, հմի տենց բան չկա»,- դժգոհեց Սերգեյ Աբգարյանը: «Ես գիտեմ, որ ես վատ եմ ապրում: Չէ, հույս էլ չունեմ, որ ապագայում լավ կապրեմ: Ես Ալավերդու համար ոչ մի լավ հեռանկար չեմ տեսնում: Այո, ես աշխարհից նեղ եմ»,- ասաց Ալավերդիում երբեմնի ճանաչված բուժքույր Անահիտ Միրզոյանը:
Մինչ ընտրողները դժգոհում են իրենց ծանր ապրելակերպից ու քաղաքի վիճակից, քաղաքապետի թեկնածուներ Արթուր Աբգարյանը եւ Կարեն Փարեմուզյանը ոչինչ չեն խնայում ավելի մեծ թվով ընտրողների քվեներ ստանալու համար: Հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրը, Արթուր Աբգարյանի քարոզչության արդյունքում, ալավերդցի երեխաները պաղպաղակի եւ խաղալիքների պակաս չունեցան: Վերջինս իր քարոզարշավի շրջանակներում ցեմենտբետոնով փոսալցումներ է կատարել Ալավերդու Սանահին կայարանային թաղամասի «Կամչատկա» կոչվող շենքերի, Թումանյան փողոցի 5, Էնգելս, Դեբեդ եւ մյուս թաղամասերի շենքերի բակերում:
Երախտապարտ բնակիչներն Ա. Աբգարյանին այդ թաղամասերում ընդունել են աղուհացով: Քաղաքապետի թեկնածու Կարեն Փարեմուզյանն իր քարոզարշավը շարունակում է քաղաքի ձեռնարկություններում եւ թաղամասերում: Արդեն երեք օր է Կարեն Փարեմուզյանին աջակցելու համար Ալավերդիում է «Լույս հայերի աչքերին» կազմակերպության ակնաբուժական շարժական կլինիկան, որտեղ ալավերդցիները նաեւ աչքի վիրահատությունների են ենթարկվում: Քաղաքապետի թեկնածուների քարոզարշավը Ալավերդիում շարունակվում է:
Մեկնաբանություններ (18)
Մեկնաբանել