HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Քարին Տակի հին գրադարանը տեղափոխվում է նոր շենք, մանկապարտեզը հույսով սպասում է իր հերթին

սկիզբը

Գրադարանի ամենահավատարիմ ընթերցողն 82 տարեկան է

Քարին Տակի գրադարանավարուհուն հանդիպում ենք պատահական: Գյուղում մի փոքր թափառելուց հետո մտնում ենք դուռը բաց տներից մեկի բակ: Տանտիրուհին ներսում խմոր է հունցում, հրավիրում է ներս, ասում ենք` դրսում լավ է, այդ պահին դռանը մոտենում է տան մեծ մայրը, ասում է` ներս եկեք, մատաղ, ղոնաղ մարդ եք: Տատին հակաճառել չենք համարձակվում:

Քիչ անց պարզվում է, որ սա հենց այն տունն է, որի մասին խոսում էինք գյուղի ճանապարհին: Սեդա տատը պատերազմում կորցրել է տղային ու աղջկան, խմոր հունցողն էլ նրա հարսն է, զոհված որդու` Գարիկի կինը: Հարցեր ենք տալիս դեսից-դենից, գյուղապետարանի, դպրոցի, գրադարանի տեղն ենք հարցնում: Տատն ասում է` գրադարավարուհին հարսս է: Զարմանում ենք անակնկալ հաջողությունից ու ժպտում:

Հարսը` Գոհարը, արագ-արագ սրբում է ալյուրոտ ձեռքերը, գործը հանձնում իր երիտասարդ հարսին ու մեզ հետ դուրս գալիս տնից: Գնում ենք գրադարան, որ գյուղամիջում է: Միհարկանի շենք է, դռան վերեւում հին ցուցանակն է: Ներսում կողք-կողքի շարված են գրադարակները` հին գրքերով լիքը: Գոհար Առաքելյանը, ով 1999-ից Քարին Տակի գրադարանավարուհին է, պատմում է, որ 2830 կտոր գրականություն ունի, բայց շեշտում է, որ գործը ստանձնելուց ի վեր գիրք չի ստացել, բոլոր եղածները հին հրատարակություններ են: Միայն 2 նոր գիրք ունի, այն էլ ինքն է նվեր ստացել գրադարանավարի օրվա առթիվ: Քարին Տակը գրքեր ստանում է Շուշիի շրջվարչակազմից, բայց դրանք, ըստ մեր զրուցակցի, հիմնականում դասագրքեր են, որոնք մնում են դպրոցում: Գեղարվեստական գրականությունն էլ, որ ստանում են 3-ական օրինակով, նույնպես մնում է դպրոցում, քանի որ, ըստ տնօրենի, այդպես ավելի մոտ է երեխաներին:

Սակայն այսօր 660 բնակիչ ունեցող Քարին Տակի գրադարանը 135 ընթերցող ունի, ինչը, կարելի է ասել, վատ ցուցանիշ չէ: Տիկին Գոհարն ասում է, որ նույնիսկ 82 տարեկան ընթերցող ունի. Արշալույս տատն ամենահավատարիմ ընթերցողն է, ով, գրադարանավարուհու պատմելով, մի տասն անգամ կարդացել է բոլոր գրքերը: Տատը նաեւ շատ խնամքով է վերաբերվում հին գրքերին. պատռված, վնասված հատվածները կպցնում է, նոր միայն վերադարձնում գրադարանին: Ըստ Գոհար Առաքելյանի` մեծահասակներն այժմ ավելի հավատարիմ եմ գրքին, քան երիտասարդները: Դա պայմանավորում է մասնավորապես համակարգչի առկայությամբ: Հետո օրինակ է բերում, որ եթե դպրոցում հանձնարարել են Բակունցի «Ալպիական մանուշակը», աշակերտը գիրքը վերցնում է գրադարանից, հենց այդ ստեղծագործությունը կարդում ու վերադարձնում:

Հարցնում ենք` ի՞նչ են հիմնականում կարդում ընթերցողները, ասում է` Իսահակյան, Բակունց, Շիրվանզադե: Եղած գրականության մեծ մասը գեղարվեստական է` հայ, ռուս, արտասահմանյան երկեր: Կա նաեւ փոքրաթիվ մասնագիտական գրականություն, որից օգտվում են Շուշիի ուսումնարաններում սովորողները:      

Գրադարանը այս ամիս գյուղապետարանի, բուժկետի, ակումբի հետ տեղափոխվելու է համայնքային նորակառույց կենտրոն, որը կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինական պատկան մարմնի աջակցությամբ: Գոհար Առաքելյանն ուրախ է այս տեղափոխությունից, քանի որ այնտեղ լուսավոր է, խոնավություն էլ չկա: Պատմում է, որ նախկինում անձրեւների ժամանակ ներկա շենքի տանիքի մի հատվածից ջրերը ներս էին հոսում, բայց գրքերը չեն վնասվել: Մի 5 տարի առաջ են տանիքը նորոգել, սակայն հիմա էլ տեղումներից հետո ջրերը դռնից լցվում են ներս: Բացի դրանից` մինչ օրս գրադարանը տաքացվում է փայտի վառարանով, չնայած Քարին Տակը 2001-ից գազիֆիկացված է:   

Երբ հարցնում ենք, թե որոնք են գրադարանի առաջնահերթ խնդիրները, տիկին Գոհարն ասում է` գրքերս կարողանամ պահել, հետո կարողանամ ընթերցանության պրոպագանդա տանել:  

ԼՂՀ վարչապետին հրավիրել են Քարին Տակ` ծանոթանալու մանկապարտեզի պայմաններին      

Գրադարանից հետո գնում ենք Քարին Տակի մանկապարտեզ, որը նույնպես հին շինություն է: Տնօրեն Մանուշ Առուշանյանը, ով համայնքի ղեկավար Մխիթար Առուշանյանի քույրն է, ասում է, որ միհարկանի շենքը կառուցվել է 1930-ականներին եւ ի սկզբանե ծառայել է իբրեւ մանկապարտեզ, չնայած շինությունը տիպային չէ, ու հիմա իրենք մի շարք խնդիրների առաջ են կանգնել: «Պայմաններն այդքան էլ հարմար չեն, մի հարկի վրա է, բնական է` խոնավությունը ձգում է, հետեւի սենյակները բնական լույսից զրկված են, մասնագետները չեն կարծում, որ արժե կոսմետիկ վերանորոգում անել, պետք է տիպային շենք կառուցել,- ասում է տնօրենը,- վերջին անգամ նորոգվել է 2005-ին: 3 տարի առաջ շրջանի վարչակազմի ղեկավարին ասացի, որ այլեւս հնարավոր չէ, վառարանի ծուխը սեւացնում է պատերը, ու պարոն Կասյանի (Շուշիի շրջվարչակազմի ղեկավար- հեղ.) միջոցներով վերանորոգվեց մի սենյակը»:

Քարին Տակի մանկապարտեզը պատերազմից հետո գործել է ընդմիջումներով` հովանավորների ֆինանսավորմամբ: 2002-ից այն անցել է Հայ օգնության միության ենթակայության տակ` դառնալով ՀՕՄ-ի «Սոսե» մանկապարտեզ: 2010-ից ՀՕՄ-ը դադարեցրել է ֆինանսավորումը: Թե ինչ պատճառներով, ոչ տնօրենը, ոչ էլ գյուղապետը չեն կարողանում ասել: Հենց այդ տարվանից էլ կառույցը սկսել է ենթարկվել Շուշիի շրջվարչակազմին:

Մանուշ Առուշանյանը 2002-ից մանկապարտեզի տնօրենն է, հիշում է, որ այն տարի 54 երեխա կար, հիմա` 29: Ասում է, որ այն ժամանակ երկու խումբ էր գործում երկուական դաստիարակի ու օգնականի գլխավորությամբ, իսկ հիմա, պայմանավորված երեխաների քանակով, միայն մեկը: Եվ չնայած այժմ էլ կան քարինտակցիներ, ովքեր փոքրիկներին ցանկանում են մանկապարտեզ ուղարկել, վերջինս նրանց ընդունելու հնարավորություն չունի, քանի որ երկու խումբ ստեղծելու եւ համապատասխան հաստիքներ պահելու համար, ըստ Մ. Առուշանյանի, անհրաժեշտ է, որ գոնե մի 40 երեխա լինի:    

Մեկ խումբ պահելն էլ բարդ է նրանով, որ 3,5-ից 5,5 տարեկան երեխաներն իրար հետ են կրթվում, սենյակի փոքր լինելու պատճառով էլ` նույն ծնողի երեխաները երբեմն (ազատ տեղ չլինելու դեպքում) իրար հետ են քնում` ծնողի համաձայնությամբ:  

«Վարչապետին խնդրել եմ ներկայանալ, ծանոթանալ պայմաններին: Ապրիլին եմ դիմել»,- ասում է տնօրենն ու հավելում, որ շենքային պայմաններից զատ խնդիր է գույքի պակասը` մահճակալներ, անկողնային պարագաներ, աթոռներ: Մեր այցելության պահին չէր գործում երկու զուգարաններից մեկը: Իսկ խոհանոցի հատակին բացված անցքի մասին, որի մեջ ընկել էին խոհարարն ու հաշվապահը, արդեն գրել ենք:

Մանկապարտեզում ամեն ինչ չէ, որ անվճար է: Սննդի ծախսերի մի մասը փակում են ծնողները: 3 եւ ավելի երեխա ունեցողներն ու հաշմանդամների ընտանիքները երեխայի համար վճարում եմ ամսական 3000, իսկ մյուսները` 6000 դրամ: Սննդի ծախսերի մնացած մասն ու այլ վճարումները պետության հաշվին են: Մանուշ Առուշանյանը հավաստիացնում է, որ գյուղում չկա ընտանիք, ում երեխան վճարի պատճառով չհաճախի մանկապարտեզ: Բայց սոցիալական, ընտանեկան պատճառ է տեսնում այն բանում, որ 13 տարի առաջ երեխաները ներկա սերնդից ավելի աշխույժ, ակտիվ էին, նույնիսկ լավ չսովորողները: Ասում է` հիմա մարդիկ մտածում են 6 երեխա ունենան, որպեսզի պետությունը տուն կառուցի իրենց համար, կամ, ասենք, 4 երեխա ունենան, որ նպաստ ստանան, արդյունքում ընտանեկան դաստիարակությունը մղվում է երկրորդ պլան: Շեշտում է, որ սա իր եզրահանգումն է տարիների փորձից: Քարին Տակում, ըստ Մ. Առուշանյանի, երկու ընտանիք է 6 երեխա ունեցել, մեկն էլ` 7, բոլորի համար էլ պետությունը, ըստ կարգի, անվճար տներ է կառուցել:

Երբ խոսում ենք մանկապարտեզ հաճախող երեխաների թվաքանակի շարժի մասին, հիշում է, որ մի քանի տարի առաջ թիվը նվազել էր, բայց վերջին տարիներին կրկին աճ է նկատվում: Օրինակ` եթե 2010-ի մայիսին մանկապարտեզն ուներ 22 երեխա, 2011-ին` 15, հիմա` 29: Այս հուլիսին կրթօջախին հրաժեշտ կտա 11 երեխա, անցած տարի ավարտածների թիվը 9 էր: Արդեն 6-7 ծնող ընդունելության դիմում է ներկայացրել, բայց տնօրենն ասում է, որ սա դեռ ամենը չէ:       

«Մեր գյուղի ապագան ես լավ եմ տեսնում, Ղարաբաղի այլ շատ գյուղերի համեմատ Քարին Տակն ապահով ապագա ունի,- ասում է Մանուշ Առուշանյանը:- Ընդհանրապես, մեր գյուղն իշխանությունների ուշադրության կենտրոնում է: Միայն կարծես ինչ-որ չափով մանկապարտեզն է շեղվել ուշադրությունից»: Հետո ավելացնում է, թե հույս ունեին, որ մանկապարտեզին Քարին Տակի նորակառույց համայնքային կենտրոնի գոնե առաջին հարկում տեղ կտան, բայց իրենց ասել են, որ ԼՂՀ գյուղերում կառուցվող նմանատիպ կենտրոններում չի նախատեսվում մանկապարտեզներ ներառել: Թե այստեղ, թե գյուղապետարանում հույս ունեն, որ առաջիկայում մանկապարտեզի շենքի հարցը լուծում կստանա Արցախի իշխանությունների կողմից: 

Լուսանկարները` Հակոբ Պողոսյանի, Վահե Սարուխանյանի

Մեկնաբանություններ (1)

՛՛Տիգրան Հայրապետյան՛՛ գրադարան
՛՛Տիգրան Հայրապետյան՛՛ գրադարանը սիրով գեղարվեստական և մեթոդական գրքեր կտրամադրի ձեր գրադարանին: Կարող եք զանգել 093562877 համարով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter