HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ամուսինը սպանել է կնոջը կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանությունից հետո՝ հասցնելով դանակի 14 հարված

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ավարտվեց կնոջը՝ 29-ամյա Լիանա Մանուկյանին դանակի 14 հարվածով սպանած 33-ամյա Գրիգոր Գրիգորյանի քրեական գործի դատաքննությունը: Դատարանը մեղավոր ճանաչեց Գ. Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտեց 10 (մեղադրող դատախազը պահանջել էր 12 տարի-հեղ.) տարվա ազատազրկման:

 Դեպքը տեղի է ունեցել Գյումրիում, 2014թ. փետրվարի 26-ին, երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում: Ամուսինների կենցաղային վեճն ավարտվել է սպանությամբ: Այդ օրը Գրիգորյանների տանը, դեպքից մոտ երկու ժամ առաջ, հյուրընկալվել է Լիանայի քրոջ ամուսինը՝ Սերգեյ Երբիմալյանը Գրիգորի հրավերով: Նրանք ընթրել են, երկու բաժակ օղի խմել, որից հետո Սերգեյը հեռացել է: Գրիգորը քնելու նպատակով պահանջել է կնոջից բացել անկողինը:

Կինը հապաղել է, քանի որ տարված է եղել համակարգչով: Ամուսինների միջեւ վեճ է ծագել: Կինը դժգոհել է, թե երբ պիտի օրերը տաքանան, որ ամուսինը գնա Երեւան: Գրիգորի եւ Լիանայի լեզվակռվին ներկա է եղել գործով վկա Թեհմինա Մանուկյանը: Վերջինս Լիանա Մանուկյանի հորեղբոր աղջիկն է, ինչպես նաեւ ամբաստանյալի հորաքրոջ աղջիկը: Նա Գրիգորյանների տանն եղել է առավոտից եւ երեկոյան Լիանայի հետ համակարգչով նամակներ են գրել ընկերուհիներին ու ազգականներին:

 Հյուրասենյակում ամուսինների միջեւ սկսված վեճը շարունակվել է խոհանոցում: Լիանան այդ ընթացքում սկսել է մաքրել խոհանոցի հատակն ու բարկության պահին հավաքած աղբը շպրտել ամուսնու ուղղությամբ, ապա, վերցնելով խոհանոցային դանակներից մեկը, առաջարկել է ամուսնուն հարվածել իրեն՝ ասելով. «Խփի մեռնեմ, պրծնեմ քեզնից, հիասթափվել եմ քեզնից, գնա հորդ պես բանտ նստի»:

Ամբաստանյալի ներկայացմամբ՝ ինքը դանակը բռնել է շեղբից, քաշել իրեն, որի ժամանակ վնասել է աջ ձեռքի ցուցամատը եւ ճկույթը: Այդ ամենը տեսել է նաեւ Թեհմինա Մանուկյանը: Լիանան հայտարարել է, որ պատրաստվում է բաժանվել, այնուհետեւ անպատվել է ամբաստանյալին՝ ասելով. «Ել սիկտիր էղի, հեռախոսս էլ տուր», հետո ձեռքով հարվածել կոտրել է խոհանոցի դռան ապակին:

Ամբաստանյալը հունից դուրս է եկել, նա մեղադրել է կնոջն ու զոքանչին իրենց միջեւ եղած տարաձայնությունների համար, այնուհետեւ, վերցնելով սեղանի վրա դրված դանակը, հարվածել տուժողի վզին, մեջքին, կողին, կրծքավանդակին: Լիանա Մանուկյանը գոռացել է, նստել աթոռին եւ մնացել աթոռի վրա: Ամբաստանյալի հիշելով՝ ձեռքի դանակը շեղբից կոտրվել է եւ պահարանի վրայից վերցրել է փոքր դանակը, դրանով մեկ անգամ խփել է կնոջ պարանոցին, արյունը շիթով ցայտել է, ինքը գոռացել եւ դուրս է փախել տանից: Դրսում եղել են որդին ու Թեհմինա Մանուկյանը, ով հեռախոսով խոսելիս է եղել Լիանայի մոր հետ:

Ոստիկանության «Կումայրի» բաժնում, դեպքից մեկ ժամ անց Գրիգոր Գրիգորյանը պատմել է պատահածի մասին՝ նշելով, որ չի ցանկացել սպանել կնոջն, այլ ընդամենը ուզեցել է վնասել: Ամբաստանյալը հետագայում եւս չի ընդունել իրեն մեղսագրված արարքը:

Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել, որ բնակվել է Գյումրու Խրիմյան Հայրիկ թաղամասում գտնվող տնակում, որը գնել եւ իրենց էր նվիրել զոքանչը՝ Կարինե Մանուկյանը: Մշտական աշխատանք չունենալու պատճառով Գրիգորը մասնավոր շինարարական աշխատանքներ է կատարել Երեւանում: Նախկինում էլ մոտ 7 տարի վարձով բնակվել են մայրաքաղաքում, հետագայում տեղափոխվել են Գյումրի: Կինը չի աշխատել, տնային տնտեսուհի է եղել, համատեղ ամուսնությունից ունեն 6 տարեկան մեկ տղա: Ըստ Գրիգորի ցուցմունքի՝ ինքն ու կինն ունեցել են նորմալ հարաբերություններ մինչեւ այն պահը, երբ զոքանչը «նոութբուք» համակարգիչ է գնել եւ նվիրել Լիանային:

Կինը «Օդնոկլասնիկ» սոցիալական ցանցում էջ է բացել, եւ քանի որ բավական ժամանակ է անցկացրել ինտերնետում՝ մինչեւ գիշերը ժամը 2-ը, ամուսինը սկսել է կասկածել, որ ինչ-որ մեկի հետ է շփվում: Քանի որ Գրիգոր Գրիգորյանը համակարգչից լավ չի հասկացել, չի կարողացել ստուգել կնոջ ինտերնետային էջը, այնուամենայնիվ, պարզել է, որ Լիանան «պաչիկ» խաղի միջոցով ծանոթացել է Արարատում բնակվող Մարատ անունով մի տղամարդու հետ:

Ամբաստանյալը Լիանայի հեռախոսում հայտնաբերել է սիրային հաղորդագրություններ՝ ուղղված Լիլիթ անունով բաժանորդին: Կասկածել է, որ կանացի անվան տակ թաքնվողը տղամարդ է: Հայտնաբերածի վերաբերյալ Լիանային ոչ մի բան չի ասել, այլ զանգահարել եւ կանչել է նրա եղբորը՝ Ժորային, որ նրա ներկայությամբ պարզի եղելությունը: Կինը սկզբում հայտարարել է, որ Լիլիթը տղայի համադասարանցու մայրն է, սակայն երբ բացել եւ կարդացել են հաղորդագրությունը, խոստովանել է, որ կա մի տղամարդ, ում հետ վիրտուալ շփվում է:

Վկա Մարատ Սիմոնյանն իր ցուցմունքում հաստատել է, որ տուժող Լիանա Մանուկյանի հետ ծանոթացել է համացանցի միջոցով: Չի իմացել, որ կինը ամուսնացած է, հեռախոսահամար են փոխանակել եւ միայն հեռախոսազրույցի ժամանակ, երբ հանդիպում է խնդրել, տեղեկացել է, որ Լիանան ամուսնացած է, ունի որդի: 2014թ., կոնկրետ օրը չի հիշում, իրեն զանգահարել է Լիանայի ամուսինն ու առաջարկել հանդիպել: Վկան հրաժարվել է՝ ասելով, որ իր եւ Լիանայի միջեւ ոչինչ չկա: Զանգահարած տղամարդը պահանջել է հեռու մնալ կնոջից, ինքն էլ ասել է, որ հարց չկա: Համացանցի միջոցով շփվելու ընթացքում, վկայի պնդմամբ, ինքն ու Լիանան լուսանկարներ չեն փոխանակել, առավել եւս՝ մերկ նկարներ:

Տուժողի իրավահաջորդ, Լիանա Մանուկյանի մայրը՝ Կարինե Մանուկյանը եւ քույրը՝ վկա Լյուդմիլա Մանուկյանն իրենց ցուցմունքներում նշել են, որ Գրիգոր Գրիգորյանը տառապում է անհիմն, հիվանդագին խանդով, սեր է ունեցել ալկոհոլային խմիչքների նկատմամբ եւ վերջին շրջանում հաճախակի է վիճաբանել կնոջ հետ, որոնք ավարտվել են ծեծով: Եղել են դեպքեր, երբ ամբաստանյալը Լիանա Մանուկյանի գլխին շիշ, ափսե է կոտրել: Վիճաբանությունների պատճառով Լիանան ժամանակավորապես հեռացել է Գրիգորից եւ բնակվել հայրական տանը: Հետո, տեղի տալով ամուսնու խնդրանքներին, կրկին միացել ու շարունակել է համատեղ կյանք վարել Գրիգորի հետ:

Վկա Լյուդմիլա Մանուկյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Երեւանում բնակվելիս հերթական վեճերից մեկի ժամանակ Գրիգորը կնոջ գլուխը խփել է պատին՝ վնասել քիթը եւ ատամները, ապա հանքային ջրի շշով հարվածել գլխին: Ստացած վնասվածքներն անհետեւանք չեն անցել: Դրանից հետո քույրը խնդիր է ունեցել աչքերի հետ կապված՝ հաճախակի թարթել է, որն էլ դարձել է ամուսնու ծաղրի առարկան:

Դեպքի օրն էլ Գրիգորը ծաղրել է կնոջը, ծամածռել դեմքը եւ փորձել է կրկնօրինակել աչքերի շարժումը, որն էլ զայրացրել է Լիանային: Լյուդմիլա Մանուկյանի փոխանցմամբ, երբ ժամանակավոր բաժանումից հետո քույրն ու Գրիգորը կրկին միացել են, վերջինս ճիշտ է, այլեւս չի ծեծել նրան, սակայն սկսել է ամեն չնչին առիթով ծաղրել Լիանայի ֆիզիկական թերությունները, որոնք առաջացել էին գլխին ստացած հարվածների արդյունքում:

Տուժողի հարազատները դատարանում եւս հայտարարեցին, որ Լիանան երբեւէ որեւէ տղամարդու հետ սիրային կապ չի ունեցել: Լուրերը, թե կինն իրեն դավաճանել է, տարածել է ամբաստանյալը: Իսկ սպանությանը նախորդած վեճը ծագել է ոչ թե խանդի հողի վրա, այլ զուտ կենցաղային խոսակցության արդյունքում: Ականատես-վկա Թեհմինա Մանուկյանն իր ցուցմունքում եւս հաստատել է, որ ամուսինների միջեւ վեճի պատճառ է դարձել փոխադարձ լեզվակռիվը կենցաղային հարցի շուրջ:

Գրիգորը պահանջել է մաքրել հատակը, իսկ այդ պահին Լիանան զբաղված է եղել ծաղիկներից կոմպոզիցիա սարքելով, որ ամուսինն առավոտյան պիտի տաներ վաճառելու եւ ասել է, որ հետո կմաքրի, հիմա զբաղված է: Գրիգորը հայտարարել է, որ կինը փնթի է, որից Լիանան վրդովվել է՝ հակադարձելով, թե «քո մոր տունն ավելի կեղտոտ է», եւ որ փնթին ամուսնու քույրն է:

Թեհմինա Մանուկյանը եւ 6-ամյա տղան ամուսինների վեճի ժամանակ եղել են հյուրասենյակում: Վկան խոհանոց մտնելով տեսել է, թե ինչպես է Գրիգորը դանակով հարվածում կնոջը: Նա վախեցել է եւ, վերցնելով երեխային, դուրս է եկել տանից ու փորձել հեռախոսով օգնության կանչել Լիանայի հարազատներին:

Դատահոգեբանական եւ դատահոգեբուժական համալիր ամբուլատոր փորձաքննության եզրակացության համաձայն՝ հանցավոր արարքը կատարելու պահին Գրիգոր Գրիգորյանը գտնվել է հուզական խիստ գրգռված վիճակում, որն էապես ազդել է նրա վարքի եւ գիտակցության վրա՝ նվազեցնելով վարքի կամային կառավարման ունակությունը, սակայն չի գրանցվել կումուլյատիվ աֆեկտի վիճակ: Գ. Գրիգորյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել եւ ներկայում էլ չի տառապում, ինչպես արարքը կատարելու պահին, այնպես էլ ներկայում կարող է հաշիվ տալ իր գործողություներին, գիտակցել դրանց վտանգավորությունը եւ ղեկավարել դրանք: Գրիգոր Գրիգորյանը ճանաչվել է մեղսունակ: 

 

 

 

 

 

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter