HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական աջակցություն՝ սեզոնային զբաղվածությունն ապահովելու համար

Քարահունջցի Աննա Դարբինյանը չորս անչափահաս երեխաների մայր է: Մանկավարժական բարձրագույն կրթություն ունի, բայց իր մասնագիտությամբ երբեւէ չի աշխատել: «Աշխատանքից չեմ խուսափում, հայրական ընտանիքում չորս երեխա էինք, բոլորս ուսմանը զուգահեռ աշխատում էինք. ինստիտուտի վարձը վճարելու համար ամռանը մոշ էի հավաքում, բայց հիմա դժվար է, երեխաների հոգսի հետ նաեւ միջոցներ են անհրաժեշտ, որ կարողանաս ներդնել գոնե սեփականաշնորհված հողամասում աշխատելու համար: Գյուղատնտեսական վարկ ենք վերցրել, բայց եղանակից կախված, միշտ չի, որ կարողանում ենք եւ՛ վարկի գումարը վճարել, ե՛ւ գոնե չնչին եկամուտ ստանալ, որ հաց ու ջրի տանք, մեր կենցաղային պայմանները բարելավենք»,- ասում է Աննան:

Նա ասում է, որ այս տարի իրենց ընտանիքի համար նոր հնարավորություն է ստեղծվել՝ ընդգրկվել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության «Սեզոնային զբաղվածության միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» ծրագրում, որի շրջանակներում մոտ 350 հազար դրամի չափով պետական աջակցություն կստանան՝ հողագործությամբ զբաղվելու համար:

Աննայի խոսքով արդեն իսկ նախնական գումար են ստացել, որով կարտոֆիլի տնկանյութ են գնել, լոբու համար հենակներ:

«Բացի այն, որ կանխիկ դրամ ենք ստացել, կարեւոր է նաեւ, որ հիմա ինքնանպատակ չենք մշակում հողը: Նախկինում ցանում էինք՝ ինչ պատահի, ուշադրություն չէինք դարձնում տեխնոլոգիաներին, բայց հիմա, քանի որ այս ծրագրի մասնակիցներից մեկը Սյունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնն է, մեզ համար գործարար ծրագիր է կազմել, աշխատանքների կազմակերպման ժամանակացույց, ինչպես նաեւ խորհրդատվություն է տրամադրվում, թե ինչ կուլտուրա ցանենք, ինչ տեխնոլոգիաներ կիրառենք»,- ասում է Աննան:

«Սեզոնային զբաղվածության միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» ծրագրի շահառուներից է նաեւ Ռազմիկ Հակոբյանի ընտանիքը, որը 0,6 հա կարտոֆիլ, լոբի, սոխ ու ճակնդեղ է մշակել: Ռազմիկը եւս կարեւորում է պետության աջակցությունը եւ նշում, որ բացի դրամից, անվճար գյուղատնտեսական խորհրդատվությունից, շատ կարեւոր է, որ իրենք արդեն որպես աշխատող են գրանցված: Ռազմիկը նաեւ ցանկություն է հայտնում, որ ծրագիրը շարունակական լինելու դեպքում եկող տարի կընդլայնեն մշակվող հողատարածքները: Ասում է նաեւ, որ չնայած գյուղմթերքի, մասնավորապես, Գորիսի «հռչակավոր» լոբու իրացման խնդիր չեն ունենում, այնուամենայնիվ, շրջիկ ֆորդ ավտոմեքենաներն իրենք են գին որոշում:

«Էժան չես տալիս` չեն վերցնում, «դու ես նրանցից կախված, էսքան չարչարվում ենք, իրենք տանում են, մեկին երկու վերավաճառում»,- դժգոհում է  հողագործը: Նա տեղյակ է, որ Երեւանում գյուղմթերքի իրացումը կազմակերպելու համար ամեն շաբաթ եւ կիրակի օրերին գյուղատնտեսական շուկա է գործում, բայց իրենք հո՞ չեն կարող ամեն շաբաթ մայրաքաղաք հասնել: «Քնել կա, ուտել, ո՞ւմ դռանը գնանք մնանք, հազիվ մեր դաշտն ենք հասնում, դեռես մի «ճըխարակ» ավտո ունեմ, կարում եմ առավոտ-իրիկուն գնամ հողիս հետեւեմ, շատերն օրական 1000-2000 դրամ են ծախսում միայն երթեւեկության համար»,- ասում է Ռազմիկը: Թե նա եւ թե Աննան պատմում են, որ 6-7 հազարական մետր հողաամասերն իրենց ընտանիքների ուժերով են մշակում, լրացուցիչ աշխատուժ ներգրավելու հնար չկա:

«Առավոտից ամուսնուս հետ դաշտ ենք գնում, սուս ու փուս մեր գործին անցնում, փող էլ չունենք, որ կռիվ անենք»,- հումորով ասում է Աննան, շարունակելով, թե ամեն վեճի պատճառը փողն ա:

Ընդհանուր թվով այս տարի «Սեզոնային զբաղվածության միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» ծրագրում Գորիսի տարածաշրջանում ընդգրվել է 8 համայնք՝ Ակներ, Վերիշեն, Քարահունջ, Խնձորեսկ, Հարթաշեն, Հալիձոր, Խոտ, Խնածախ: Նախատեսվում է իրականացնել 51 ծրագիր:

Գորիսի զբաղվածության տարածքային կենտրոնից տեղեկացնում են, որ ծրագրի շահառուներն ընտրվում են համայնքների ղեկավարների ներկայացրած ցուցակների համաձայն, ընտրության առաջնահերթությունը որոշվում է հաշվի առնելով ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընգրկվածությունը, երկու եւ ավելի անչափահասի, հաշմանդամություն ունեցողների առկայությունը:

Ծրագրի հիմնական նպատակներից մեկի՝ գյուղացիական տնտեսությունների աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու նպատակով կարեւոր դերակատարություն է վերապահվել գյուղատնտեսական աջակցության Սյունիքի մարզային կենտրոնին, որը բացի հողօգտագործողի համար գործարար ծրագիր կազմելուց, իրականացնում է նաեւ նախատեսված աշխատանքների մոնիտորինգ:

«Սեզոնային զբաղվածության միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում», ծրագիրն իրականացվում է նաեւ Սյունիքի մարզի այլ տարածաշրջաններում:

Առաջին լուսանկարում` Աննա Դարբինյանը

           

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter