HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Էներգետիկ ոլորտի ընկերություններին հանձնարարվել է 1,1 մլրդ դրամի չափով ֆինանսավորել աղքատների համար գազի սուբսիդիան

Այս տարվա մարտի 30-ին Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց Հայաստանի «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագրի» (ԷՀՑԲԾ) համար 52 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկը:

«Ներկայումս Հայաստանի էներգետիկ ոլորտի առջեւ ծառացել են մի շարք մարտահրավերներ, այդ թվում՝ մատակարարման համարժեքությունն եւ հուսալիությունը: Ընտրված ենթակայանների վրա ծրագրի կենտրոնացումը կբարելավի համակարգի  հուսալիությունը եւ ուղղակի նպաստավոր կլինի Հայաստանում էլեկտրաէներգիայի բոլոր սպառողներին: Այն թույլ կտա խուսափել էլեկտրաէներգիայի մատակարարման անջատումների հաճախականության ավելացումից, ինչպես նաեւ դրան առնչվող զգալի սոցիալական եւ տնտեսական ծախսերից խուսափելու հնարավորություն»,- վարկի տրամադրումն այսպես հիմնավորեց Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի տնoրեն Լորա Ի. Բեյլին:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 69.16 մլն ԱՄՆ դոլար, որից 17.16 մլն ԱՄՆ դոլարը տրամադրելու է Կառավարությունը:

ՀԲ-ն ուսումնասիրել էր Հայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտում տիրող վիճակը եւ վարած քաղաքականությունը: «Սխալ ֆինանսական կառավարման պատճառով պետական էլեկտրաէներգետիկական ընկերությունները`Երեւանի ՋԷԿ եւ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն, գտնվում են ֆինանսական ծանր վիճակում` ավելի քան 40 մլրդ ՀՀ դրամի չափով ֆինանսական պարտավորություններ եւ կրեդիտորական պարտքեր են կուտակվել»,- նշում են հետազոտողները:

Հեղինակներն զգուշացրել են, որ ոլորտի կառավարումը վատթարանում է, բաշխիչ ընկերության (Հայաստանի էլեկտրական ցանցեր՝ ՀԷՑ) շահութաբերությունը` նվազում: Նվազման պատճառներ են նշվել`

  • ծախսերի անսպասելի մեծ աճը ՀԱԷԿ-ի սովորականից ավելի երկար պահպանման աշխատանքների եւ Հրազդանի ՋԷԿ-ից զգալիորեն ավելի թանկ փոխարինող էլեկտրաէներգիա գնելու անհրաժեշտության պատճառով,
  • անփոփոխ սակագները վերջնական օգտագործողների համար:

Նշվում է, որ շահութաբերության նվազումը բացասական ֆինանսական հետեւանքներ ունեցավ ՀԷՑ-ի համար եւ կարող է վտանգել էլեկտրամատակարարման հուսալիությունը`

  • ՀԷՑ-ի կապիտալ ներդրումները կրճատվել են` 2009թ. 28 մլրդ ՀՀ դրամից մինչեւ 2012թ. 8 մլրդ ՀՀ դրամը
  • ՀԷՑ-ի զուտ շահույթի մարժան նվազել է 2010թ.` 3.2%-ից մինչեւ 2012թ. բացասական 9.2% տոկոսը:

Հետազոտողների զգուշացումը երկար սպասեցնել չտվեց. կարճ ժամանակ անց Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Ռոբերտ Նազարյանը ԱԺ-ին ներկայացրեց էլեկտրաէներգիան թանկացնելու վերաբերյալ ՀԷՑ-ի ներկայացրած նոր հայտը: Այնուհետեւ, հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը  որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը` 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երեւանում` Ազատության հրապարակում, սկսվեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերը` «ոչ թալանին», որն այնուհետեւ տեղափոխվեց Բաղրամյան պողոտա: 

Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության 100-տոկոսանոց սեփականատեր ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը օրերս հայտարարեց, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկ ցանցում առկա բարդ իրավիճակն ունի բացառապես տնտեսական, այլ ոչ թե քաղաքական պատճառներ եւ սեկտորի կարգավորման համակարգային խնդիրների արդյունք է:

Կովալչուկի խոսքով` կարգավորման համակարգը ենթադրում է արտադրող կայանների ֆինանսավորում` ՀԷՑ-ի հաշվին, ինչպես նաեւ ստիպում է ընկերությանը գնել ավելի թանկ էլեկտրաէներգիա, քան նախատեսված է Հայաստանի հաստատված էներգետիկ բալանսով` առանց սպառողների կողմից փոխհատուցման: Նա հավելել է, որ 11 տարվա ընթացքում սակագների ոչ բավարար բարձրացումը, Մեծամորի ատոմակայանի վերանորոգումը, ինչպես նաեւ Հայաստանի հիդրոէլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների կրճատումը հանգեցրել են նրան, որ երկրի բաշխիչ ցանցերի համալիրը չի ստացել 37 մլրդ դրամի եկամուտ: «Սա էլ հենց դարձել է ֆինանսական բարդ իրավիճակի հիմնական պատճառը»,- ասել է Կովալչուկը:

Նա ողջունել է ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու գաղափարը: «Վստահ եմ, որ այդ աուդիտի արդյունքում կարվեն եզրահանգումներ, որոնք կհաստատեն ոլորտում համակարգային փոփոխությունների նպատակահարմարությունը»,- ասել է Կովալչուկը:

Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովն (ՀԾԿՀ) անհասկանալի եւ հիմնազուրկ է համարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100-տոկոսանոց սեփականատեր ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկի հայտարարությունը: Սակայն, նկատենք, որ ոլորտում տիրող տնտեսական խոցելի վիճակի մասին պնդել են նաեւ ՀԲ-ի հետազոտողները:

Հեղինակները պետական էլեկտրաէներգետիկական ընկերության ֆինանսական վիճակի վատթարացման պատճառներ են համարել`

ցածր սակագինը` Կառավարությունը փորձել է մեղմել գազի գնի բարձրացումների ազդեցությունը վերջնական օգտագործողների համար էլեկտրաէներգիայի սակագների վրա՝ նշանակալի չափով կրճատելով շահագործման եւ պահպանության ծախսերը եւ ըստ էության սակագնի հաշվարկից հանելով թույլատրելի շահույթի մեծությունն ու մաշվածությունը:

«Կենսական օժանդակություն» չաշխատող քիմիական գործարաններին. Կառավարությունը պետական էլեկտրաէներգետիկական ընկերությունների գումարներն օգտագործել է Նաիրիտի եւ Վանաձորի քիմիական գործարանների աշխատողների աշխատավարձերը վճարելու նպատակով: Էլեկտրաէներգետիկական ոլորտի հանդեպ այդ քիմիական գործարանների ունեցած ընդհանուր պարտքը գնահատվում է 23 մլրդ ՀՀ դրամ (վերջին տվյալներով միայն «Նաիրիտ» գործարանի պարտքը կազմում է 30 մլրդ դրամ-Ս. Պ.):

Աղքատների համար գազի սուբսիդիայի ֆինանսավորում. պետական էլեկտրաէներգետիկական ոլորտի ընկերություններին հանձնարարվել է ֆինանսավորել աղքատների համար 1,1 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով գազի սուբսիդիան:

Ոչ հիմնական գործունեության հետ կապված ակտիվների ֆինանսավորումը. էլեկտրաէներգետիկական ոլորտն իր հաշվեկշռի վրա կրում է կառավարության պաշտոնական ընդունելությունների համար օգտագործվող խոշոր կենտրոնը եւ վճարում դրա շահագործման եւ կապիտալ վերանորոգման համար:

Հետազոտության հեղինակներն առաջարկել են պետական էլեկտրաէներգետիկ ընկերությունների համար մշակել եւ իրականացնել ֆինանսական առողջացման ծրագիր`

  • դադարեցնել Նաիրիտ գործարանի ֆինանսավորումը,
  • դադարեցնել էլեկտրաէներգետիկ ընկերությունների հաշվին գազի սուբսիդիայի ֆինանսավորումը,
  • վաճառել (ձեռբազատվել) հիմնական գործունեության հետ կապ չունեցող ակտիվները,
  • վերաֆինանսավորել թանկ վարկերը:

Մի շարք գործողություններ կպահանջվեն էլեկտրամատակարարման բավարարության, անվտանգության եւ մատչելիության մարտահրավերներին համալիր լուծում տալու համար.

  • կառուցել նոր արտադրական հզորություններ Հրազգանի ՋԷԿ-ից թանկ էլեկտրաէներգիայի գնումը հնարավորինս շուտ դադարեցնելու եւ էլեկտրամատակարարման ճեղվածքից խուսափելու նպատակով:
  • Ընդլայնել էներգախնայողության միջոցառումները եւ բարելավել սակագների կառուցվածքը նոր հզորությունների անհրաժեշտությունը կրճատելու նպատակով,
  • ապահովել ֆինանսավորում առաջնահերթ բարձրավոլտ ակտիվների նորոգման համար,
  • սակագները պահպանել ծախսածածկող մակարդակի վրա էլեկտրամատակարարման հուսալիությունը չվտանգելու նպատակով,
  • ցուցաբերել նպատակային սոցիական աջակցություն խոցելի խմբերի վրա ազդեցությունը մեղմելու համար:

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի մեկ այլ` «2014թ. աղքատության գնահատում» հետազոտության արդյունքներով` Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների վերջին բարձրացումը մտահոգիչ է առաջացնում  աղքատության եւ գների աճի առումով: 2012թ. գների համեմատ գազի սակագները բնակչության համար ավելացել են 10.5, իսկ էլեկտրաէներգիայի սակագները` 20.2%-ով: 2013թ. գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետեւանքով աղքատությունը աճել է 3%-ով: Սակագների մատչելիությունը  դարձել է  լուրջ  խնդիր: Էներգիայի աճող սակագների պատճառով դրանց վրա ծախսվող գումարները կազմում են տնային տնտեսությունների բյուջեյի 10%:

«Հաշվարկները ցույց են տալիս, որ 2013թ. էներգետիկ սակագների աճը նպաստել է  աղքատության աճին կամ խոչընդոտել է աղքատության կրճատմանը»,- հայտնել էր Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին «Մարիոթ» հյուրանոցում հրավիրված  քննարկման ժամանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter