HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Էներգիայի սակագինը ոչ միայն չի վերանայվի, այլև առաջիկայում կրկին բարձրացնելու հավանականությունը մեծ է

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) ներկայացրած գնային հայտը, ըստ էության, տեսանելի դարձրեց Հայաստանի էներգետիկ ոլորտում առկա ճգնաժամը, որը իշխանությունները խնամքով թաքցրել են բնակչությունից: Խորհրդարանական լսումների ժամանակ պատգամավորներից ոմանք ըմբռնեցին, որ մեր երկրի խնդիրը ՀԷՑ-չէ, ավելին, մոտ 7 դրամով ավելացող հոսանքի սակագինը չէ: Հետեւաբար, առաջարկում էին խնդրի համակարգային քննարկում իրականացնել` հասկանալով, որ Հայաստանի էներգետիկ համակարգի անվտանգությունն այլեւս երաշխավորված չէ, իսկ ՀԷՑ-ն այդ համակարգի մի օղակն է միայն:

Այդուհանդերձ, որո՞նք են Հայաստանի էլեկտրական ցանցերի շահութաբերության նվազման պատճառները: Մասնագետները ներկայացնում են մի իրավիճակ, որը սուբյեկտիվորեն պարտադրվել է ՀԷՑ-ին եւ լուծումներ չփնտրելու արդյունքում խորացել է հատկապես վերջին երեք տարիներին: Դրանք են`

ա/ ծախսերի անսպասելի մեծ աճը. Կառավարությունը ՀԷՑ-ի հետ իր քաղաքականությունն իրականացնելիս նախատեսել էր, որ ՀԷՑ-ը էլեկտրաէներգիան պետք է ձեռք բերի՝ էժանից դեպի թանկը: Սակայն էժան էլեկտրաէներգիա արտադրողները՝ Մեծամորի  ատոմակայանը, նախատեսվածից ավելի երկար չի աշխատել: Անցած երեք տարիները՝ 2012-2014 թթ.-ը, սակավաջուր են եղել եւ «Որոտան» ՀԷԿ-ը, «Սեւան-Հրազդան» կասկադը, ինչպես նաեւ փոքր հէկ-երը բավարար էներգիա չեն արտադրել:

ՀԷՑ-ը էլեկտրաէներգիայի 40%-ը ձեռք է բերել ջերմային էլեկտրակայաններից, իսկ 28-29%՝ատոմային էլեկտրակայանից եւ հիդրոէներգետիկայից, որի պատճառով էլ 2012-2014 թթ.-ին 27 մլրդ դրամի վնաս է կրել, իսկ Կառավարությունը չի փոխհատուցել վնասը:

բ/ Սպառողների համար էներգիայի սակագներն անփոփոխ են թողնվել, որովհետեւ այդ տարիները համընկել են հանրապետական նշանակության ընտրությունների հետ՝

  • 2012 թվականի մայիսի 6-ին ԱԺ համամասնական ընտրություններն էին,
  • 2013 թվականի փետրվարի 18-ին նախագահական ընտրություններն էին,
  • 2013թ. մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրություններն էին:

Իշխող վարչակազմի խնդիրն էր՝ ամեն կերպ սոցիալական ընդվզում չառաջացնել, իսկ սակագնի բարձրացումը հասարակական դժգոհությունն ավելի կմեծացներ, որը թույլ չտալու համար արհեստականորեն ճնշել են սակագնի բարձրացումը:

Այս քաղաքականության արդյունքում ՀԷՑ-ը ոչ միայն շահույթից է զրկվել, այլեւ նրա վնասների չափը 2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 55.1 մլրդ դրամի է հասել: ՀԷՑ-ն իր գործունեությունը շարունակելու համար կարճատեւ՝ 2-3 տարով, վարկեր է վերցրել հայկական առեւտրային 3 բանկերից:

գ/ ՀԷՑ-ը վնասներ է կրել նաեւ պարտքերի պատճառով. Միայն «Նաիրիտ  գործարան» ՓԲԸ-ն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պարտք է 1,2 մլրդ դրամ, իսկ «Վանաձոր-Քիմպրոմը»՝ շուրջ 1, 379 մլրդ դրամ: ՀԷՑ-ը Վանաձորի «Քիմպրոմին» սնանկ ճանաչելու հայցադիմում էր ներկայացրել դատարան, սակայն այն դրական ընթացք չունեցավ: ՀԷՑ-ը սնանկ ճանաչելու հայց է ներկայացրել նաեւ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի դեմ՝ 138 մլն դրամի պարտքի դիմաց: 

Բայց սա ամբողջը չէ, իշխանությունները հապաղում են բացեիբաց խոստովանել, որ Հայաստանի Հանրապետությունն էներգետիկ անվտանգության խնդիրներ ունի, եւ այս իրավիճակը վատ կառավարման արդյունք է: Երկրում սոցիալական ընդվզում թույլ չտալու համար Կառավարությունն իր անհեռատես քաղաքականության մեջ է ներքաշել ողջ պետական էներգետիկ ընկերություններին՝ օգտագործելով նրանց գումարները:

Դեռեւս 2014 թ. նոյեմբերի 28-ին էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը  «Նաիրիտ  գործարան» ՓԲԸ-ի ղեկավարության ու աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել էր, որ վերջին մի քանի տարիներին Նաիրիտի պահպանության ծախսերը, ինչպես նաեւ աշխատավարձերի վճարումներն իրականացվել են էներգետիկ համակարգի ընկերությունների տրամադրած միջոցների հաշվին (փոխառությունների տեսքով), որոնք իրենց հերթին այսօր ծանր ֆինանսական վիճակում են:

Գործարանը տարիներ ի վեր չի աշխատում, սակայն Երվանդ Զախարյանի խոսքով՝ այս ընթացքում գործարանի 178 աշխատակից բավական բարձր աշխատավարձ է ստացել՝ 400 հազարից մինչեւ 2 մլն 600 հազար դրամ: Նաիրիտցիների աշխատավարձի պարտքը 6 մլրդ դրամ է կազմում: Այս տարվա ապրիլի 2-ի դրությամբ, ինչպես Կառավարության նիստում տեղեկացրել էր վարչապետը, «Նաիրիտ» ՓԲԸ-ն դեռեւս 480 աշխատող ունի:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մեկ տարի առաջ «Հետք»-ին տված հարցազրույցում ասում է. «Ուրախությամբ հայտնում եմ, որ «Քիմպրոմի» աշխատողների շուրջ 450 մլն դրամ աշխատավարձի պարտքը, ինչպես խոստացել էր նախագահ Ս. Սարգսյանը, ամբողջությամբ այս պահի դրությամբ մարված  է»:

«Վանաձորի-Քիմպրոմ»-ում 621-700 աշխատող է հաշվառված: Միջին աշխատավարձը 80-100 հազար դրամ է կազմում: Մեկ ամսվա մաքուր աշխատավարձը, որ «Քիմպրոմը» տալիս է աշխատողներին, 48,5 մլն է: Այդ պարտքերը Կառավարությունը մարել է եւ շարունակում է մարել պետական էլեկտրաէներգետիկական ընկերությունների գումարներն օգտագործելով:

Բացի դրանից, նշված քիմիական գործարանները մեծ պարտքեր ունեն նաեւ էլեկտրաէներգետիկական ոլորտին: «Նաիրիտ  գործարան» ՓԲԸ-ն օրինակ, 20 մլրդ դրամ է պարտք Երեւանի ՋԷԿ-ին: Երեւան ՋԷԿ-ն ու ատոմակայանն իրենց ռեսուրսների պահպանման համար հայկական առեւտրային բանկերից 16 մլրդ դրամ, 11-12%-ով կարճաժամկետ՝ 1-2 տարի մարման ժամկետով, վարկ են վերցրել: Երեւան ՋԷԿ-ն իր հերթին «Գազպրոմին» պարտք է 23 մլրդ դրամ, որը չորս տարում է կուտակել: Երեւան ՋԷԿ-ին հարկադրել են նաեւ կրճատել իր աշխատողներին, որովհետեւ նա պետք է վճարի «Նաիրիտի» աշխատողներին:

Երեւան ՋԷԿ-ը եւ Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը (ԲԷՑ) միասին 40 մլրդ դրամի պարտք ունեն առանձին բանկերի եւ «Գազպրոմին», իսկ մարելու հեռանկարն անորոշ է:

Հունիսի 27-ին հանրապետության նախագահն ի վերջո խոսեց եւ հայտնեց, որ նոր լուծումներ են անհրաժեշտ Հայաստանի էներգետիկ համակարգի եւ սակագնի օբյեկտիվ բարձրացման սոցիալական բեռը չեզոքացնելու եւ ժողովրդի ուսերից վերցնելու համար: «Ինչպես նշեցի, համոզված եմ՝ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի, մինչեւ եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը»,- հայտնեց ՀՀ նախագահը՝ նկատի ունենալով ՀԷՑ-ի գործունեությունն ստուգելու համար աուդիտի նշանակումը:

Միաժամանակ նշեց. «Եթե եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման հիմնավորվածությունը, ապա այդ պահից սպառողներն առանց որեւէ կասկածի հիմքերի կսկսեն վճարել այդ սակագնով»:

Նախագահը չի կասկածում, որ սակագինը հիմնավորված է: Համաշխարհային բանկն (ՀԲ) արդեն ուսումնասիրել եւ ոլորտը բարեփոխելու առաջարկներ է ներկայացրել ՀՀ Կառավարությանը՝ բավարար եւ հուսալի էներգամատակարարում ապահովելու համար: Հակառակ դեպքում՝ հովհարային անջատումներն առավել քան իրատեսական են դառնում:

ՀԲ-ն առաջարկել է մինչեւ 2020թ.-ը կառուցել նոր ջերմային էլեկտրակայան, որի համար գումարն արդեն հատկացվել է: Միաժամանակ, էներգետիկ համակարգն առողջացնելու մի քանի հրատապ քայլեր է առաջարկել, այդ թվում` կապիտալ դրամաշնորհներ տրամադրել աղքատներին` էներգախնայողական միջոցառումների համար: Այս առաջարկը Կառավարությունն ընդունեց եւ հունիսի 25-ին որոշեց հոսանքի թանկացման դիմաց փոխհատուցել 105 հազար ընտանիքի՝ տարեկան հավելյալ նրանց վճարելով 24 հազարական դրամ սոցիալական նպաստ:

«Հայաստանի նախագահի հետ խորհրդակցելուց հետո մենք պատրաստել ենք որոշում, որի համաձայն` 105 հազար ընտանիքի, նույնն է որ 400 հազար մարդու համար հատկացվող օգնության չափը կավելացվի 24 հազար դրամով տարեկան կտրվածքով: Կառավարությունն  ամեն տարի 2,5 մլրդ դրամ կհատկացնի՝ նպատակ ունենալով թեթեւացնել սակագնի բարձրացման արդյունքում առաջացած անապահով ընտանիքների բեռը»,- հայտնեց վարչապետը:

Սակայն, որտեղից են տալու 2,5 մլրդ դրամը, երբ մինչ այդ բոլոր նման ծախսերը պետական էլեկտրաէներգետիկական ընկերություններին են պարտադրվել եւ արդեն այդ պատճառով անելանելի վիճակում են դրել դրանց: Ինչպես նշել էինք մեր նախորդ հրապարակման մեջ՝ վերջին տարիներին գազի սակագինը բարձացնելուց հետո աղքատ ընտանիքների գազի սուբսիդավորումը պետական էլեկտրաէներգետիկական ոլորտի ընկերություններն են ֆինանսավորել՝ 1,1 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով, եւ նոր բեռ նրանք չեն կարող ստանձնել: Միաժամանակ, ՀԲ-ն էներգետիկ ոլորտն առողջացնելու իր ներկայացրած հրատապ քայլերով առաջարկել է դադարեցնել էլեկտրաէներգետիկ ընկերությունների հաշվին աղքատ խավի գազի սուբսիդիայի ֆինանսավորումը:

Կառավարության այս քայլերի արդյունքում, արդյոք, մեղմվե՞ց սոցիալական պայթյունը երկրում, թե ծնուննդ տվեց ավելի մեծ ընդվզումների: 2016 թ.-ին մեկ տարով դադարեցվելու է Մեծամորի ատոմակայանի գործունեությունը, որը նշանակում է՝ ՀԷՑ-ը պահանջված հոսանքը պետք է գնի ՋԷԿ-երից ավելի թանկ գնով եւ դարձյալ էնեգիայի սակագինը բարձրացնելն անխուսափելի է դառնում: Ո՞վ պետք է այդ մասին տեղեկացնի Բաղրամյան փողոցում սակագնի դեմ պայքարողներին:

Մեկնաբանություններ (1)

Xunsap'ha
One should never trust the reports or judgements of the World Bank or IMF or other such bodies. Their aim is never the betterment of humanity. They are wolves in sheep's clothing, and their hidden agenda is the enslavement of the whole human race.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter