HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իշխանասարցի խանութպանուհու մտորումները. «Գիշերը տանեն, թե ցերեկը, մեկ ա, նիսյայով են տանելու»

Իշխանասարցի Հայկուշին հանդիպեցի վաղ առավոտյան, երբ իր խանութի դուռն էր բացում: Բանալին կողպեքի մեջ կես պտույտ էլ չէր կատարել, ամրանները բացվեցին, և դուռը ճռռալով, արմունկից կոտրած թևի նման կողքի ընկավ: Շրջվեց նաև ցուցանակը, որի վրա նշված էր. «Խանութը բաց է ժամը 09-23:59»:

Փորձում եմ զրույց սկսել նրա հետ. «Չե՞ս վախենում, որ գան, թալանեն խանութը, գոնե ամուր կողպեք դիր»:

«Իիիի՜, ի՞նչ կա, որ ինչ տանեն, մեկ ա, իրանցն ա էլի, գիշերը տանեն, թե ցերեկը, մեկ ա, նիսյայով են տանելու, ի՞նչ տարբերություն, ենթադրենք, պարտքի ցուցակում տանողի անունն ավելացրի, կարո՞ղ ա, տան»,- զարմանալի անտարբերությամբ ասում է Հայկուշը: Նրա խոսքով՝ հիմնականում աղ է վաճառում, շաքարավազ, քիչ ու միչ ձավարեղեն: Մնացածը մարդիկ կամ՝ պանրի, լոբու հետ փոխանակումով են ձեռք բերում, կամ էլ՝ երեսատեղ չունեն, չեն էլ գալիս: Ասում է, որ ամենաշատ սպառվող ապրանքը սուրճն է. «Թողես, ամեն վառած պապիրոսի հետի խոսան, թե հի՞նչ ես փողը քթիդ տակին վառում, բայց իրանց կոֆեն պետի միշտ ինի, էն ալ առանց կանֆետի խմում չեն, իրիսին ալ հավան չեն, անպայման շագալաթ են օզում»,-զրույցին խառնվում է Սլավիկ Սարգսյանը:

«Հեսա լուսը թընկըցնեն, տեսնամ շտաղան են կանֆետ ըռնիլու, ցամաք հացի կարոտ ենք մնալու»,- շարունակում է նա: Նրա խոսքի վերջին բառերը խլանում են գյուղի կենտրոնով սրընթաց անցնող մեկ տասնյակի հասնող արտասահմանյան ավտոմեքենաների շարժիչների աղմուկի մեջ: «Ուղտասար են գնում, շատ գեղեցիկ տեղ է,- բացատրում է Սլավիկը ու շարունակում նախկին դժգոհ ձայնով,- ասա մի հատ կանգնեք, մարդկանց բանի տեղ դրեք, բարի լույս ասեք, ամեն օր սհենց հարյուրավոր մարդիկ են գնում Ուղտասար, հիանում, բայց մեզ դրանից հի՞նչ օգուտ, ասես անապատավ անց կենան, սկի լայեղ էլ չեն անում, թե գոնե մի անգամ խանութ մտնեն»:

«Բա ո՞նց եք անելու, որ լույսը թանկացավ»,- խիղճս կորցնում ու Սլավիկի թույլ տեղը բաց չեմ թողնում:

«Ի՞նչ պիտի անենք,- միանգամից վրա է տալիս նա,- մին էլ տեսար, ամեն հինչ փըրսոր տիրա (երեսնիվայր- հեղ.), անասուններս դաշտերըն ըրի, քինացի Երևանի ցուցարարներին միացա, պետք ինի, կյանքս ալ կտամ, մհեկ ավելի լա՞վ չի, քինամ մի լավ պանի հետի պայքարեմ, քան ստեղ յերինգեմ, սպասեմ, թե սրա վերջը հինչ ա ինելու»:

Սլավիկի՝ գյուղից գնալու և ինչ որ բանի հասնելու գաղափարին հավանություն է տալիս նաև Հայկուշը, ասելով, որ տարիներ առաջ Իշխանասարում բնակվողների մեծ մասը Բաքվից, Սումգայիթից եկած փախստականներ էին: Տարիների հետ չկարողացանալով հարմարվել գյուղական կյանքին, տեղափոխվել են հիմնականում Ռուսաստան:

«Հիմա, որ նյութ գրես, դրա համար քեզ փող են չէ՞ տալու,- հարցնում է խանութին մոտեցող մի տղամարդ՝ Աշոտ Մելքումյանը,- բայց ես մի գոմ խոշոր եմ պահում, դրանից եկամուտ չեմ ստանում, ձեռքիս մի քոռ կոպեկ չկա, որ թել առնեմ, սալյարկա, գնամ խոտս հնձեմ: Նա պատմում է, որ գյուղում իր նման շատ մարդիկ կան, ովքեր անասնապահությամբ են զբաղվում, քանի որ լավ արոտավայրեր ունեն, կովերի կաթնատվությունը բարձր է, բայց թե կաթի և թե մսի իրացման խնդիր ունեն: Ասում է, որ վերջերս կաթի գինն այնքան է իջել, և մթերողներն այնպիսի պայմանների առաջ են կանգնեցնում, որ նախընտրում են անանսագլխաքանակը կրճատել:

«Մինչև հիմա կաթը հիմնականում հանձնում էինք «Էլոլա» ՓԲԸ-ին, բայց նրանք էլ պայմանագրի ձև են մշակել, ըստ որի մենք պարտավորվում ենք որոշակի քանակով կաթ հանձել, բայց գնի մասին նշում չկա: Խոսում ես, քեզ մարդահաշիվ չեն անում, ասում են՝ դե գնա գլխիդ ճարը տես»,- նեղսրտում է Աշոտը: Նա ասում է, թե ամեն օր լսում են ցածր տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկի մասին, բայց հենց դիմում ես՝ պատասխանում են, որ «լիմիտը սպառվել է»: «Զոռով, շառով մի 500 հազար ստացա, ասի՝ կբողոքեմ, եթե չտաք, վերջը մի 2 կոպեկ տվին, կաթի սառեցման արտադրամաս եմ ուզում սարքեմ, ուրիշ ճար չկա»,- ասում է նա:

Աշոտի համար անհասկանալ է նաև, թե, արդյոք, բանկերում տեղյակ չեն մարդկանց սոցիալական վիճակին, որ դոլարով վարկեր են առաջարկում: «Մինը տըրանց հըրցնի, ա սկի մենք դոլարի իրես տեսա՞ծ ենք, վեր տըրա շարժան կիլոխ հանենք, թակարդ ա, թակարդ»,- համոզված տոնով ասում է նա:

Բնակիչները դժգոհում են, որ իրենց գյուղն անտերության է մատնված, ոռոգման նպատակով խմելու ջուրն են օգտագործում, դրա համար սեզոնին ջրմուղի հետ պայմանագիր են կնքում: Գյուղում 35-ից ավելի երեխա կա, բայց մանկապարտեզ չունեն: Միայն ամառային զորակոչին 290 բնակիչ ունեցող Իշխանասարից հինգ զորակոչիկ կա:

Ասում է, որ գյուղի կենտրոնում գտնվող մշակույթի շենքը կարելի է վերակառուցել, դարձնել հանդիսությունների սրահ: Բնակիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնում բանվորական ուժով օգնել, եթե միայն լուծվի սեփականատիրոջ խնդիրը, քանի որ ըստ շրջանառվող լուրերի, մշակույթի շենքը համայնքի նախկին ղեկավարը անձնական պարտքի դիմաց տվել է գյուղի հետ կապ չունեցող մեկին: Վերջինս 7 մլն դրամ փոխհատուցում է ուզում շենքը համայնքին վերադարձնելու համար:

Իշխանասարի համայնքապետը դիմել է մարզային իշխանությունների աջակցությանը, սակայն ժամանակի հետ առանց այն էլ վթարային շենքն ավելի է վնասվում: «Համայնքի բյուջեի սեփական եկամուտները կազմում են մոտ 7 մլն դրամ, եթե դրանով շենքը գնենք, ուրիշ ազատ միջոցներ չունենք, որ ուղղենք բարեկարգմանը»,- ասում է համայնքի ղեկավարը:

Վերջինիս խոսքով՝ բյուջեի եկամուտները հիմնականում գոյանում են արտոավայրերի վարձակալությունից: «500 հա վարելահողերի գերակշիռ մասը վարձակալությամբ է տրված: Վարձակալները ժամանակին վճարում են վարձակալական գումարները, սակայն դրանք չենք կարող ուղղել համայնքային կարևոր խնդիրների լուծմանը, ինչպես օրինակ, ոռոգման ջրի ապահովմանը, գյուղտեխնիկայի ձեռքբերմանը:

Համայնքի ղեկավարը նշում է, որ չնայած աճուրդներ շատ հազվադեպ են կազմակերպում (վերջին անգամ 2 տարի առաջ), բայց այդ ժամանակ էլ հաշվի են առնում հողի ապագա սեփականատիրոջ հնարավորությունը՝ հողն անմշակ չթողնելու առումով, առանց այն էլ 100 հեկտարից ավելի չմշակվող հողատարածք ունեն:

Տարվա մեջ համայնքի բյուջեից 210 հազար դրամ նախատեսվում է սոցիալական օգության համար, որը ավագանու որոշմամբ հատկացվում է ստացիոնար բուժում ստացողներին: «Գյուղապետն առաջարկեց նաև նորածին երեխաներին հատկացնենք, բայց ավագանու հինգ անդամներս պնդեցինք, որ կան ընտանիքներ, որտեղ հնարավոր է, երեխաներ չծնվեն, ուստի այս որոշումն է հաստատել ավագանին,- ասում է Աշոտը, որը նաև ավագանու անդամ է:

Ավագանու որոշ անդամների սկզբունքայնության մասին գովեստով է խոսում նաև համայնքի ղեկավարը, որն ընդամենը մեկ ընտրաշրջան է, ինչ համայնքապետի պաշտոնն է զբաղեցնում, բայց ասում է, որ հաջորդ ընտրություններում չի առաջադրվի: «Չգիտեմ ո՞ր կողմը գնամ, համայնքի բնակիչների՞, թե՞ իշխանության: Մեր կառավարությունը ձեռքերը լվացել ա գյուղից, ես էլ չեմ կարում մարդկանց աչքերին նայեմ, արդեն առողջություն էլ չի մնացել»,- անկեղծանում է Իշխանասար համայնքի ղեկավար Արարատ Պետրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter