HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայկական ակումբային ֆուտբոլի «աքիլեսյան գարշապարը»

Մի անձի ցանկություններից ու բարեհաճությունից կախում ունեցող հայկական ֆուտբոլային ակումբները գոյատեւում են այնքան, որքան այդ անձի՝ ակումբի տիրոջ ֆինանսները կամ, ավելի ճիշտ կլինի ասել, համբերությունն է հերիքում:

ՈւԵՖԱ-ի կողմից անցկացվող եվրագավաթների երկու մրցաշարերում՝ Չեմպիոնների լիգայում եւ Եվրոպայի լիգայում, Հայաստանն այս տարի, ինչպես հայտնի է, ներկայացնում է 4 թիմ: Չեմպիոնների լիգայում հանդես է գալիս հանրապետության 2014/15 թթ. մրցաշրջանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը», իսկ Եվրոպայի լիգայում՝ փոխչեմպիոն Երեւանի «Ուլիսը», բրոնզե մեդալակիր Գյումրու «Շիրակը» եւ չորրորդ տեղը զբաղեցրած Երեւանի «Ալաշկերտը»: Բացի «Ուլիսից»՝ մյուսները հաղթահարեցին որակավորման առաջին փուլը: Ընդ որում՝ առաջին անգամ հայկական ֆուտբոլի պատմության մեջ միանգամից 3 թիմ անցավ հաջորդ փուլ: Նախկինում 2 թիմի միաժամանակյա առաջխաղացումն արդեն հաջողություն էր:

Ֆուտբոլին հետեւողները տեղյակ են, որ «Ուլիսը» երկու հանդիպումների արդյունքով (0-0, 1-3) զիջեց Մալթայի «Բիրկիրկարա» թիմին:

Արդեն երրորդ մրցաշրջանն է, ինչ Հայաստանը ընդգրկվում է ակումբային ամենացածր վարկանիշ ունեցող 8 երկրների մեջ, որոնց չեմպիոնները պայքարը սկսում են Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից: «Փյունիկն» այս տարի, երկու անգամ 2-1 հաշվով հաղթելով Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորե» թիմին, անցավ երկրորդ փուլ: Բայց դժվար է սա հաջողություն համարել, քանի որ երեւանցիները ուղղակի պարտավոր էին անցնել սիրողական թիմին, իսկ ահա «Ալաշկերտի» ու «Շիրակի» պարագան բոլորովին այլ է, քանի որ նրանք խաղում էին շոտլանդական ու բոսնիական պրոֆեսիոնալ թիմերի դեմ («Սենթ Ջոնսթոն» եւ «Զրինսկի»): Եթե հաշվի չառնենք «Ֆոլգորեին», ապա հայկական թիմերից ամենահեշտ մրցակիցը բաժին էր հասել «Ուլիսին»: Թվում էր, թե Հայաստանի փոխչեմպիոնը առանձնապես դժվարություններ չի ունենա փոքրիկ երկրի ներկայացուցչի հետ պայքարում: Սակայն եթե «Ուլիսը» եվրագավաթներում հանդես գալու նախորդ երեք դեպքերում չէր կարողացել հաղթանակ տանել ու նույնիսկ մեկ գոլ խփել (5 պարտություն 6 խաղում), ապա «Բիրկիրկարան» եվրագավաթներում մինչ այդ հանդես էր եկել 16 անգամ եւ 2 անգամ անցել էր հաջորդ փուլ:

Բայց ասել, թե Մալթայի թիմն ավելի փորձառու էր, քան «Ուլիսը», սխալ կլինի: Նախ դժվար է Մալթայի առաջնությունը համեմատել Հայաստանի առաջնության հետ, որքան էլ որ մեր ներքին մրցաշարը թույլ լինի միջակ եվրոպական առաջնությունների շարքում: Երկրորդ՝ թույլ թիմերի պարագայում եվրագավաթների միջազգային փորձի մասին խոսելը տեղին չէ, քանի որ այստեղ առաջնային է կոնկրետ խաղին թիմի ֆիզիկական, տակտիկական, հոգեբանական պատրաստվածությունը: Նույն «Ալաշկերտը», որն առաջին անգամ դուրս եկավ միջազգային ասպարեզ, կարողացավ հաղթահարել շոտլանդական «Սենթ Ջոնսթոնի» արգելքը (1-0, 1-2), այնինչ շոտլանդացիները հինգերորդ անգամ էին մասնակցում եվրագավաթներին:

«Ուլիսը» մի թիմ է, որը Հայաստանի առաջնություններում միշտ եղել է վայրիվերումների մեջ ու դրանով իսկ մեր ակումբային ֆուտբոլի վիճակի ցցուն օրինակներից է: 2006-ին հիմնադրված ակումբը 3 տարի թափառում էր Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակի ստորին հորիզոնականներում: 2009-ին՝ մի քանի փորձառու խաղացողներ ձեռք բերելուց հետո, թիմը կարողացավ դառնալ բրոնզե մեդալակիր: Հաջողությունը կրկնվեց նաեւ 2010-ին, իսկ 2011-ին «Ուլիսն» առաջին անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն՝ ընդհատելով «Փյունիկի» շարքը, որը 2001-ից երկրի անփոփոխ չեմպիոնն էր:

Երեւանի «Շենգավիթ» թիմը, որը հանդես է գալիս առաջին խմբի առաջնությունում, 2008-ից ներկայանում է իբրեւ «Ուլիսի» դուստր թիմ եւ այժմ կոչվում է «Ուլիս-2»: Ընդհանրապես, դուստր թիմերի առաքելությունը առաջին թիմերի համար խաղացողներ պատրաստելն է, սակայն 2009-2011 թթ. «Ուլիսի» հաջողությունները մեծապես պայմանավորված էին այլ թիմերից հրավիրված փորձառու խաղացողներով: 2011-ին չեմպիոն դառնալուց հետո թիմը կրկին անկում ապրեց: 2010-ից ակումբը ղեկավարում էր Արտակ Հարությունյանը (Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ (2003-2013) Ալեքսան Հարությունյանի եղբայրը, հենց այս պատճառով Հանրային հեռուստատեսությամբ հաճախ ցուցադրվում էին «Ուլիսի» խաղերը, ակումբի մարզական տնօրենը Հանրայինի «Սպորտ» ստուդիայի ղեկավար Սլավա Սարգսյանն էր, իսկ մամուլի քարտուղարը՝ նույն ալիքի մեկնաբան Կարեն Գիլոյանը):

2014/15 թթ. մրցաշրջանից առաջ ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով կանգնեց լուծարման շեմին: Հետո լուրեր տարածվեցին, թե «Ուլիսով» հետաքրքրված են մեքսիկացիները, սակայն արդյունքում ակումբը գնեց ֆուտբոլային գործակալ Վալերի Հովհաննիսյանը (ներկայացնում է, մասնավորապես, Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիզի շահերը), ով իր երկու ընկերների հետ դարձավ ակումբի բաժնետեր:

Հովհաննիսյանը 10 օրում հատկապես Ռուսաստանից ու Վրաստանից իրենց ծանոթ խաղացողներ հրավիրեց, որոնցով առաջնության աշնանային փուլում թիմը բավականին լավ հանդես եկավ ու մինչեւ Ամանոր մնաց առաջին տեղում: Անհասկանալի էր, թե հաջող մեկնարկից հետո ինչու պաշտոնանկ արվեց գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը, որը առաջնության ավարտին՝ գարնանը, նորից հրավիրվեց թիմ: Սա ակումբի ղեկավարության կարճատեսության մասին է խոսում: Փոխանակ շեշտը դնելու տեղի կադրերի, դուստր թիմի աճի վրա՝ Հովհաննիսյանն ու ընկերները մեծաթիվ արտասահմանցիներով հագեցրին մեկնարկային կազմը: Պատահական չէ, որ «Բիրկիրկարայի» դեմ խաղերում դաշտում երկու հայ կար՝ դարպասապահ Արսեն Բեգլարյանն ու ավագ Արտակ Ալեքսանյանը: Բայց հենց նրանք էին աչքի ընկնող խաղացողները: Կարծեմ Վալերի Հովհաննիսյանն էր մի անգամ նշել, թե թիմում հավաքված լեգեոներները լավ մարզիկներ են, բայց ֆուտբոլային ճակատագիրը բարեհաճ չի եղել նրանց հանդեպ, ու հիմա այդ տղաներին եւս մի հնարավորություն է տրվել դրսեւորել իրենց: Բայց այլ է իր երկրի ու հարազատ թիմի համար խաղացող ֆուտբոլիստի նպատակասլացությունը, բոլորովին այլ՝ թիմից թիմ դեգերող, ֆուտբոլային յուրօրինակ տուրիստ դարձած խաղացողի տրամադրվածությունը:

Զարմանալի չէ, որ Եվրոպայի լիգայում «Ուլիսի» անշուք խաղից ու պարտությունից հետո ամբողջ մեկնարկային կազմը, բացառությամբ դարպասապահ Բեգլարյանի, տեղափոխվեց Ռուսաստանի Արմավիր քաղաքի «Տորպեդո» թիմ (այս տարի խաղալու է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում, որը երկրորդն է պրեմիեր լիգայից հետո), որի բաժնտերերից մեկը Օլեգ Մկրտչյանն է՝ Երեւանի «Բանանցի» ու Կրասնոդարի «Կուբանի» հիմնական ներդրողներից: Նրա միջոցով էլ «Տորպեդոյի» նախագահ է նշանակվել Վալերի Հովհաննիսյանը: Այսինքն՝ «Ուլիսը» գալիք մրցաշրջանից առաջ կրկին կանգնել է կոտրած տաշտակի առաջ, ու հարց է, թե «Տորպեդո» տեղափոխված Հովհաննիսյանին որքանով կշարունակի հետաքրքրել երեւանյան թիմի ճակատագիրը, մանավանդ որ վերջինս մի անգամ ակնարկել էր, թե թիմի ճակատագիրը կախված է նրա ելույթներից: Դատելով լեգեոներների զանգվածային «արտագաղթից»՝ կարելի է եզրակացնել, որ «Ուլիսը» մնալու է դուստր թիմի հույսին: Բայց դուստր թիմ ունենալն էլ չի երաշխավորում կադրերի կայուն հոսք դեպի առաջին թիմ, քանի որ դրա համար սեփական մարզադպրոց է պետք՝ տարիքային խմբերի մանկապատանեկան թիմերով:

Այսօր սեփական մարզադպրոցներ ունեն «Փյունիկը», «Բանանցը», «Միկան»: «Շիրակին» մեծապես օգտակար կլինի 2014-ին բացված Գյումրու ֆուտբոլի ակադեմիան: Չնայած Վանաձորը ներկայում վարպետ թիմ չունի, սակայն այնտեղ կառուցվող ակադեմիան նույնպես կարող է ակումբ ձեւավորելու գործոն դառնալ: Բարձրագույն խումբը ներկայացնող (առաջին խմբում խաղում են բացառապես նրանց դուստր թիմերը) եւ սեփական մարզադպրոց չունեցող ակումբերի համար մեկ այլ տարբերակ է տարբեր տարիքային առաջնություններում հանդես եկող մանկապատանեկան ակումբների հետ համագործակցությունը, ինչի համար անհրաժեշտ են երկարաժամկետ ռազմավարություն եւ ֆինանսներ: Այնինչ այսօր հայաստանյան ֆուտբոլ մտնող շատ գործարարներ պարզապես մտածում են անմիջապես բարձրագույն խմբում հանդես գալու, որեւէ մրցանակ նվաճելու եւ եվրագավաթներում խաղալու մասին: Սա հեշտ ճանապարհն է. ձեռք բերել բարձրագույն խմբի որեւէ թիմ (հաճախ՝ ֆինանսապես վատ վիճակում հայտնված), արագ հրավիրել միջակ լեգեոներների, տիրել եվրագավաթների ուղեգրի, փորձել հաղթահարել միջազգային մրցաշարի գոնե մեկ փուլ, ինչը, որպես կանոն, ավարտվում է անհաջողությամբ: Թիմ ստեղծելու այսպիսի կարճատեսության հետեւանքով տեղական ֆուտբոլ մտած գործիչներից շատերը շուտով հասկանում են, որ իրենց պետք չէ մեծ գումարներ ծախսել, ու ակումբն աստիճանաբար հայտնվում է ֆինանսական անորոշության մեջ՝ իր բոլոր տխուր հետեւանքներով հանդերձ:

Ժամանակին գրել ենք, որ այս ամենի գլխավոր պատճառներից մեկը ակումբների կախվածությունն է հիմնադիր-սեփականատիրոջից, որը, որպես կանոն, հանդես է գալիս թե ակումբի բաժնետեր, թե հովանավոր, թե ղեկավար: Այսինքն՝ ակումբի ֆինանսական ու ղեկավարման համակարգերը տարանջատված չեն իրարից, կենտրոնացած են մի հոգու ձեռքում, ինչը չի կարող երաշխավորել կայունություն: Խոսքը Հայաստանի բոլոր ակումբների մասին է, նույնիսկ նրանց, որոնք այսօր թվացյալ բարեկեցիկ վիճակում են:

Պարզ օրինակ՝ ո՞վ կարող էր մտածել, թե հայկական ավիացիայի մոնոպոլիստ Միխայիլ Բաղդասարովը, ով ժամանակին նաեւ վառելիքի հայտնի ներկրող էր ու այլ բիզնեսներ ուներ, աստիճանաբար պիտի կորցներ (եթե կարելի է այդպես ասել) գրեթե ամեն ինչ: Կուտակած պարտքերի պատճառով նախ հարկադիր աճուրդի հանվեց «Միկա» մարզահամալիրը, որն անցավ պետությանը: Դեռ այն ժամանակ չէինք բացառել նույնանուն ակումբը վաճառելու տարբերակը: Ու եղավ այնպես, որ Բաղդասարովը հրաժարվեց բարձրագույն խմբում թիմ պահելուց՝ նշելով, որ ակումբը «Միկա-2»-ով հանդես կգա միայն առաջին խմբի առաջնությունում: Ի վերջո, գտնվեց նոր հովանավոր՝ հանձին ռուսաստանցի Եվգենի Մոիսեեւի: Հայտնի դարձավ, որ «Միկան» համագործակցելու է Մոսկվայի սիրողական «Կվազար» թիմի հետ, որի նախագահը Արտյոմ Խաչատուրյանն է: Թե ինչ կստացվի «Միկայի» (այստեղից շատ խաղացողներ արդեն հեռացել են այլ թիմեր) ու սիրողական ակումբի համագործակցությունից, ցույց կտա ժամանակը: Բայց ինքնին փաստը հայկական ակումբային ֆուտբոլի ներկայիս վիճակի հերթական ապացույցն է:         

Քանի որ պետության գործնական աջակցության մասին խոսելը մեծ հաշվով ժամանակի ծախս է, ու վաղուց ակնհայտ է երկրի իշխանությունների վերաբերմունքը ֆիզիկական կուլտուրայի, մասսայական սպորտի ու, մասնավորապես, ֆուտբոլի հանդեպ, լավ կլինի, որ հայկական ֆուտբոլային գործիչներն ու ղեկավարները ակումբ հիմնադրելուց կամ գնելուց առաջ նախ մտածեն դրա հիմքի՝ մանկապատանեկան ֆուտբոլի մասին, քայլեր կատարեն մարզական ենթակառուցվածքների, սեփական բազայի ստեղծման կամ ձեռքբերման ուղղությամբ, փորձեն գտնել մեկից ավելի հովանավորներ եւ միայն ձեւավորված համակարգ ունենալուց հետո մտածեն բարձրագույն կամ առաջին խմբի առաջնություններում վարպետ թիմեր ունենալու մասին: Բնականաբար, սա դժվար ճանապարհ է, բայց տունն ավելի ամուր է ժայռի վրա, քան ավազի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter