HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Լուռ զոհաբերություն վերելակներին. ամենաթողության սխեման

«Երկուշաբթի սարքեց, չորեքշաբթի դեպքը եղավ»: Երևանի բնակելի շենքերից մեկի վերելակում վեց տարի առաջ կյանքն ավարտած բնակչի հարազատն է պատմում: Կնոջ ձայնը խեղդվում է խոսելիս:

Մի քանի օր առաջ էլի ահազանգ եղավ` կանգնել էր Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուս փողոցի շենքերից մեկի վերելակը: Պարզվեց, որ վերելակի դռները փչացել էին, էլեկտրաէներգիան անջատվել, և երկու բնակիչ մնացել էր ներսում: Կարճ ժամանակ անց, ինչպես պատմեցին բնակիչները, զանգել էին փրկարար ծառայություն, որտեղից էլ ժամանել էին ծառայության աշխատակիցները և բացել վերելակի դռները:

Վերելակի մեջ մնացած բնակիչներից մեկը` Հասմիկ Համբարձումյանը, ասաց, որ դռների անսարքություն միշտ էլ եղել է. սարքում են, նորից փչանում է: Էլեկտրատեխնիկը հանգիստ նորոգում էր: «Լուրջ բան չկա»,- ասաց նա:

Վիլնյուս փողոցի վերելակն «ահազանգ» է տալիս: Այսպես գրեթե ամեն օր ինչ-որ վերելակ «ահազանգում է»` փչանում է և սարքվում: Զոհ կամ վիրավոր տալուց հետո է միայն պարզվում, որ նրանք «զգուշացրել էին»:

Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) տրամադրած տվյալներով` 2009-2015թթ. ընթացքում Երևան քաղաքում գրանցվել է վերելակների շահագործման հետ կապված 9 արտակարգ պատահար, որոնց հետևանքով մահացել է 7 հոգի: Նրանցից 5-ը մահացել է բնակելի շենքերի վերելակներում, 2-ը՝ նորակառույց շենքի բեռնատարում:

Բնակելի շենքերի վերելակների 5 դեպքերից միայն 2-ի դեպքում է տուժողի մահվան պատճառ նշված վերելակի անսարքությունը: Դեպքերից մեկը գրանցվել է 2009թ., իսկ երկրորդը՝ այս տարի` 2015թ., որի նախաքննությունն այսօր ավարտվեց: Դատարանը առաջին դեպքով բացահայտել է մի շարք չարաշահաումներ: Այս պատմությունը, բնակչի մահվան գնով, սակայն ամենից լավ է ցույց տալիս պատասխանատու կառույցների անգործությունը և բացատրում, թե ինչու է գրեթե ամեն օր վերելակ փչանում: Դատարանը, սակայն, ընդամենը արձանագրել է չաաշահումները և չի պատժել ոչ ոքի, բացի էլեկտրատեխնիկից: Գործը փակվել է 350 հազար դրամ տուգանքով:

 Համատիրության անպատիժ անգործությունը

2009 թվականի նոյեմբերի 25-ին Երևանի Խաղաղ-Դոնի փողոց 19 շենքի 4-րդ մուտքի բնակիչներ Աղավնի Կիվրիկյանը և նրա ամուսինը՝ Հովհաննես Ավետիսյանը, ավտոմեքենայով վերադարձել են տուն: Շենքի մուտքի մոտ Ա.Կիվրիկյանն իջել է ավտոմեքենայից և առաջացել դեպի մուտք` առաջին հարկ կանչելով վերելակի խցիկը: Ցանկացել է մտնել խցիկ և վերելակի խցիկում սպասել ամուսնուն, սակայն խցիկի և հորանի դռները բացվելուց հետո չի հասցրել մուտք գործել, քանի որ անսարքությունների պատճառով խցիկի և հորանի դռները փակվել են նրա մարմնի վրա, ու խցիկը սկսել է բարձրանալ դեպի վեր:

«Դրա հետևանքով Ա.Կիվրիկյանը, բախվելով նշված մուտքի 1-ին և 2-րդ հարկերը բաժանող միջնապատի` հորանին հարող եզրին և հորանի մետաղյա կոնստրուկցիաներին, ստացած տրավմատիկ շոկից` գլխի, կրծքավանդակի, վերջույթների բազմակի փակ և բաց, բութ վնասվածքների հետևանքով մահացել է, իսկ դին մնացել է վերելակի խցիկի ներսում փակված»,- նշված է դատական գործի փաստաթղթերում:

Դատատեխնիկական փորձաքննությունն ապացուցված է համարել, որ վերելակն ունեցել է մի շարք անսարքություններ, որոշ մասեր ընդհանրապես չեն գործել: Գործին կցվել են բնակիչներից մի քանիսի` դատարանում և նախաքննության փուլում տված ցուցմունքները: Նրանց պատմածից հստակ է, որ անսարքությունն ակնհայտ է եղել` ինչպես դեպքի օրը, այնպես էլ նախորդած օրերին: Աղավնու հարևաններից մեկը, որ նույն վերելակից օգտվել է տասը րոպե առաջ, հազիվ է փրկվել: Նախաքննական ցուցմունքում պատմել է, որ երբ դուրս ցատկեց խցիկի աստիճանահարթակից, դռները սովորականից մեծ արագությամբ փակվեցին, իսկ խցիկն իջավ ներքև: Տասը րոպե անց աղմուկ է լսել և իմացել, որ հարևանուհին մահացել է:

Վերելակն այսպես, թե այնպես ավարտվելու էր բնակիչներից մեկի մահով, դեպքը եղել է կանխատեսելի և ավարտվել Կիվրիկյանի մահով: Վերելակի շահագործման պատասխանատուն այն չի կանխել:

Խաղաղ Դոնի 19, 4-րդ մուտք

«Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ կետով` շենքի սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են նաև վերելակները: Խաղաղ Դոնի 19 շենքի վերելակի սեփականատերը եղել է Էրեբունի վարչական շրջանի «Ուրարտու» համատիրությունը: Սա հաստատված է նաև դատական գործով: Դատատեխնիկական փորձաքննությամբ` hամատիրությունը չի պահպանել վերելակի անվտանգ շահագործման հետևյալ կանոնները.

- Նշանակված չեն վերելակի սարքին վիճակի, անվտանգ շահագործման և տեխնիկական սպասարկման կազմակերպող և պատասխանատու անձինք: Այսինքն` համատիրությունը պետք է պայմանագիր ունենար որևէ մասնավոր ընկերության կամ ֆիզիկական անձի հետ` վերելակների սպասարկման աշխատանքները կազմակերպելու համար, սակայն չի կնքել:

- Վերելակը չպետք է շահագործվեր, քանի որ գրանցված է եղել ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, և համատիրությունն այն չի ներկայացրել տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության:

Վերելակի շահագործման այս կանոնների խախտման համար պետք է պատասխանատվության ենթարկվեր «Ուրարտու» համատիրության նախագահը: Դատարանը, սակայն, ընդամենը արձանագրում է և անցնում առաջ: Գործում համատիրության նախագահը ներգրավված չէ: «Ուրարտու» համատիրության նախագահը, որն այդ ժամանակ, ըստ պետռեգիստրի տվյալների, եղել է Էրեբունի վարչական շրջանում բնակվող 38-ամյա Սևակ Սիմոնյանը, չի հարցաքննվել: Դատարանը համատիրության այս չարաշահումների համար ոչ մեկին պատասխանատվության չի ենթարկել: 

ՏԿԱԻՆ-ը հանդուրժել է 20 տարի չփորձաքննված վերելակ իր ռեեստրում

Դատական նիստին ներկայացվել, ապա գործին է կցվել նաև վերելակի տեխնիկական անձնագիրը: Վերելակը արտադրվել էր 1976 թվականին Ռուսաստանի Դաշնության Շերբինկա քաղաքի վերելակաշինական գործարանում, շահագործվել՝ 1983 թվականից: Ամենամյա փորձաքննության չի ներկայացվել 1989թ.-ից, այսինքն`   ուղիղ 20 տարի:

Համաձայն օրենքի՝ վերելակը փորձաքննության պետք է ներկայացնի վերելակ շահագործողը: Ի՞նչ է տեղի ունեցել այս դեպքում. «Ուրարտու» համատիրությունը, որը, ըստ դատական գործի, համարվում է վերելակ շահագործող, փորձաքննության չի ներկայացրել վերելակը:

Սակայն նույն «Տեխնիկական անվտանգության կարգավորման մասին» օրենքով` արտադրական վտանգավոր օբյեկտը փորձաքննության չներկայացնելու համար ՏԿԱԻՆ-ի պաշտոնյաները պետք է կարգադրագիր ուղարկեին համատիրության ղեկավարին վերելակի շահագործումը դադարեցնելու պահանջով: Կարգադրագիրը չկատարելու դեպքում համատիրության ղեկավարը, դարձյալ նույն օրենքով, պետք է տուգանվեր նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:

Վիլնյուս փողոցի վերելակում մնացած Հասմիկ Համբարձումյանն ասում է. «Շնորհակալ ենք ԱԻՆ-ին, նրանք արագ տեղ հասան»: Աղավնի Կիվրիկյանի պարագայում նրանք 20 տարի տեղ «չեն հասել»:

Վերելակը մեկ տարի փորձաքննության չներկայացնելու դեպքում համատիրության ղեկավարի համար սահմանված տուգանքը պետք է կազմեր մոտ 20 մլն դրամ: Օրենքը սկսել է գործել 2005թ.-ից: Սա նշանակում է, որ առնվազն 4 տարի այս վերելակը փորձաքննության չներկայացնելու համար համատիրությունը պետք է տուգանվեր մոտ 80 մլն դրամի չափով (2005-2009թթ.):

2006թ. ստեղծվեց հերթական ՊՈԱԿ-ը` ԱԻՆ-ի կազմում: Դա Տեխնիկական անվտանգության ապահովման ազգային կենտրոնն է: Հենց այս ՊՈԱԿ-ը պետք ուսումնասիրեր, թե իր ռեեստրում գրանցված որ վերելակը փորձաքննություն չի անցել:

Վերջերս կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների, ճոպանուղիների և կարուսելների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը ասուլիս էր հրավիրել: «Հետքի» հարցին` արդյոք եղե՞լ են տուգանք նշանակելու դեպքեր, Լ. Հովհաննիսյանը դրական պատասխան տվեց, ասաց, թե իրենք ուսումնասիրում են չփորձաքննված վերելակները, ուղարկում ցանկը լիազոր մարմնին, վերջիններս էլ ձեռնարկում են համապատասխան միջոցներ վերելակը շահագործողի նկատմամբ:

Պարզելու համար` արդյոք ՏԿԱԻՆ-ը հարուցե՞լ է վարչական վարույթ և նշանակել տուգանքներ համատիրության ղեկավարների նկատմամբ, «Հետքը» գրավոր հարցում ուղարկեց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն: Խնդրել էինք տեղեկացնել.

- 2009-2015թթ. ընթացքում (մայիսը ներառյալ) յուրաքանչյուր տարի քանի՞ վարչական վարույթ է հարուցվել վերելակ շահագործողների դեմ, և նրանցից որո՞նք են վճարել տուգանքն ու վերելակը ներկայացրել փորձաքննության: 

Ստացված պատասխանում որևէ տեղեկություն չկա նշված տարիների ընթացքում վերելակ շահագործողների նկատմամբ նշանակված տուգանքների մասին: ՏԿԱԻՆ-ը, ըստ իր պատասխանի, միջոցներ է ձեռնարկում միայն դեպքը գրանցվելուց հետո:

Պոկված հերթական վերելակը ու փրկարարները

«Տեղեկացնում եմ, որ տեխնիկական անվտանգության ոլորտում վերահսկողության իրականացումը պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության իրավասությանն է հանձնված 2012 թվականի վերջից: Բոլոր այն դեպքերում, երբ վերելակներում տեղի ունեցած վթարներն ուղեկցվել են մարդկային զոհերով, նախաքննություն են իրականացրել քննչական մարմինները: Հետևաբար, տեսչության կողմից այդ դեպքերով վարչական վարույթներ չեն իրականացվել»,- պատասխանել է ՏԿԱԻՆ աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանը: Ավելացնենք, որ հարցումն ուղղել ենք ոչ թե տեսչությանը, այլ նախարարությանը, և նրանք պետք է պարզեին ու պատասխանեին, թե ինչ տուգանքներ են նշանակվել նաև 2012-ից առաջ: Լրացուցիչ ճշտելու համար նորից զանգահարեցինք նախարարություն, որտեղից խոստացան պատասխանել, սակայն այդպես էլ որևէ տեղեկություն չտրամադրեցին:

Միակ տուգանքը վճարել է էլեկտրատեխնիկը. 350 հազար դրամ տուգանք և չարաշահումների պատմությունը փակված է

Միակ պատժվողը էլեկտրատեխնիկ Ռուբեն Բաղդասարյանն է, որը, ըստ դատական գործի, բանավոր համաձայնության է եկել բնակիչների հետ և նրանցից ամսական հավաքել 3000 դրամ, սակայն պատշաճ չի սպասարկել: Նրան մեղադրանք է առաջդրվել ՔՕ 279 հոդվածով, իսկ նախատեսված պատիժներից դատարանն ընտրել է տուգանքը` հոդվածով սահմանված նվազագույն չափից մի փոքր ավել` նվազագույն աշխատավարձի 350-ապատիկի չափով (350 հազար դրամ) և սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության հետ կապված որոշակի գործողությամբ զբաղվելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով: Էլեկտրատեխնիկը չի դատապարտվել ազատազրկման, ինչը նախատեսում է նույն հոդվածը:

Աղավնի Կիվրիկյանի ամուսինը` Հովհաննես Ավետիսյանը, դատարանում բողոք չի ներկայացրել: Նա ասել է, որ էլեկտրատեխնիկը հատուցել է իրենց կրած նյութական և բարոյական վնասները:

«Տղես չուզեց, ասեց` ի՞նչ բողոքեմ, տարիքով մարդ էր: Ասեց` մեղք է: Ասեց՝ մենք կորցրինք, գնաց, ի՞նչ բողոքեմ, հանեն նստացնեն տունը, հացին վայիս լինե՞մ: Թող իրենք հենց չընդունեն իրեն գործի, ասեն` քո պատճառով ջահել աղջիկը մահացավ-գնաց: Ուրեմն իրանց ձեռք է տալիս, որ ընդունում են, բայց էլի ես վիրավորված եմ, որ էդքանից հետո գոնե մի օր մտներ իմ տունը, ասեր՝ կներեք, հիմա դժբախտություն էր, սամալյոտն էլ է օդում տրաքում, էդքան նավերը խորտակվում են, մի հատ մտներ, ասեր` կներեք, էլի»,- ասում է Աղավնի Կիվրիկյանի սկեսուրը` Անժելա Մանուկյանը:

Գործում մի քանի անգամ նշվում է, որ Ռուբեն Բաղդասարյանը եղել է «Շ և ՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցը: Դատարանը դարձյալ ընդամենը արձանագրում է` չպարզելով, թե ինչ ընկերություն է սա: Մինչդեռ դատարանը պարտավոր էր, քանի որ հարեւան մուտքի բնակիչը դեռ նախաքննության փուլում պատմել է, որ իրենց վերելակը սպասարկվել է պայմանագրով, իրենք գումարը չեն վճարել անմիջապես Ռուբեն Բաղդասարյանին: Ինչպե՞ս է մի դեպքում նա աշխատել պայմանագրային հիմունքով, իսկ մյուս դեպքում` բանավոր համաձայնության հիման վրա, նախաքննական մարմինը քննության առարկա չի դարձրել:

Ընկերությունների պետական ռեգիստրի տվյալներով` «Շ և ՇՇ» ՓԲԸ-ի հիմնադիրը Էրեբունու թաղապետարանն է: Այսինքն` թաղապետարանի իմացությամբ և համաձայնությամբ է նրա աշխատակիցը սպասարկել: ՓԲԸ-ն այժմ լուծարման գործընթացում է:

Ընկերության լուծարման պատճառը սնանկությունն է, իսկ դատական երկու գործ փաստում է, որ այն սովոր է եղել աշխատել հարկային պարտավորությունները չարաշահելով: 2009թ. ՊԵԿ-ը հայց է ներկայացրել շուրջ 1.374.486 դրամ պարտքը բռնագանձելու պահանջով: Սակայն ընկերությունը չի վճարել այս գումարը, քանի որ սնանկ է ճանաչվել դատարանի մեկ այլ որոշմամբ:

Իր աշխատակցի` Ռուբեն Բաղդասարյանի ինքնագործունեությունը հանդուրժելն ու մի վերելակի համար պայմանագիր չկքնելը (մեզ հայտնի է մեկը) կարող է լինել ստացված եկամուտը հարկային մարմիններին ցույց չտալու հերթական օրինակը:

Ի՞նչ փոխեց մահը. ամենաթողությունը նույն սխեմայով շարունակվում է

Անժելա Մանուկյանն ասում է, որ միայն այս տարվանից է սկսել օգտվել վերելակից: Վեց տարի ոտքով է բարձրացել-իջել: «Համատիրությունից եկան ասացին, որ սարքենք, նստեք, նոր հիմա սկսել ենք նստել: Հիմի մեր լիֆտը ուրիշ մարդիկ են սպասարկում»,- ասում է Ա. Մանուկյանը` ավելացնելով, որ հիմա միայն վերելակի` իր ծախսած էլեկտրաէներգիայի վարձն է տալիս, սպասարկման գումարը չի մուծում:

Էրեբունու թաղապետարանից տեղեկացրին, որ Խաղաղ Դոնի 19 շենքի վերելակներով զբաղվում է «Արգիշտի» համատիրությունը: 12 մուտք ունի այս շենքը, ամեն մեկը` իր վերելակը: Համատիրությունից որպես շենքի վերելակները սպասարկողի հեռախոսահամար փոխանցեցին նույն Ռուբեն Բաղդասարյանի կոնտակները:  

Նա ինչպես դատարանում, այնպես էլ հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ մեղավոր չի եղել: «Վերելակը չի պոկվել, էն ժամանակ էլ անհայտ մնաց, թե պատճառն ինչն է եղել: Չկարողացանք ոչ մի բան իմանայինք»,- ասաց նա` ավելացնելով, որ 4-րդ մուտքի վերելակը հիմա ինքը չի սպասարկում, մնացածի համար գումար են տալիս, գործ է անում:

Ո՞ր ընկերությունում է հիմա աշխատում` հարցին պատասխանեց. «Ես հիմա կարող եմ ասել, որ ոչ մեկի աշխատողը չեմ: Պարզապես հիմա որ աշխատողներ չունեն, խնդրում են, նայում եմ: Ես ոչ մեկից գումար չեմ վերցնում: Ես բնակիչների հետ կապ չունեմ: Սպասարկում եմ, բայց գումարի հետ կապ չունեմ, վերելակային ծառայություն կա, որ զբաղվում է էդ հարցով: Ինձ գումար է առաջարկել, ասել է` էսքան գումարով կաշխատես, ես ըստ դրա աշխատում եմ»: Պայմանագիր ունի՞, թե՞ ոչ, Ռուբեն Բաղդասարյանը վրդովվեց. «Չէ, չունեմ, ես չեմ հասկանում, հիմա դուք ինձ հարցաքննո՞ւմ եք, եթե համատիրությունը տվել է իմ համարը, համատիրությունն էլ թող բարի լիներ էդ պատասխանները տար, վերելակները համատիրությանն է, ինքը պայմանագիր ունի տվյալ ընկերության հետ, ընկերությունը ինձ որպես անհատ մասնագետի վերցրել է, հիմա թե պայմանագրով է վերցրել, թե առանց պայմանագրի: Ինձ գումար է առաջարկել, ասել է` էսքան գումարով կաշխատես, ես ըստ դրա աշխատում եմ, հիմա դուք համատիրությունից ճշտեք, համատիրության սեփականությունն են վերելակները»:

Արձանագրենք, որ Ռուբեն Բաղդասարյանը վերելակային ծառայությունում աշխատում է առանց պայմանագրի, հետևաբար՝ առանց պարտավորությունների, ինչպես նախկինում: Սա վերելակային տնտեսության բարձիթողի վիճակի կարևոր բաղադրիչ է, քանի որ եթե գրանցվի հերթական պատահարը, Ռուբեն Բաղդասարյանը կարող է ասել, որ աշխատել է «բանավոր համաձայնությամբ»` սպասարկող ընկերությանը ազատելով պատասխանատվությունից, այն ժամանակ թաղապետարանի «Շ և ՇՇ» ՓԲԸ-ին, իսկ այժմ՝ Էրեբունի վարչական շրջանի մեծ մասի վերելակները սպասարկող «Եվրոլիֆտ» ընկերությանը:

Անցնենք համատիրությանը: Էրեբունու թաղապետարանից տեղեկացնում են, որ մոտ երկու տարի է, ինչ «Ուրարտու» համատիրությունը միավորվել է մեկ այլ` «Արգիշտի» համատիրության հետ: Ի՞նչ է նշանակում միավորվել` այդպես էլ չպարզվեց: Ըստ պետռեգիստրի տվյալների՝ և «Ուրարտու», և «Արգիշտի» համատիրություններն այժմ գործում են: Պարզապես առաջինի կազմից անցյալ տարի գրեթե բոլոր շենքերը դուրս են գրվել և հաստատվել երկրորդի ենթակայության շենքերի ցանկում:

Խաղաղ Դոնի 19 շենքն այժմ «Արգիշտի» համատիրության ենթակայության տակ է, հետևաբար այս համատիրությունը պետք է պայմանագիր կնքի վերելակային ծառայություն մատուցող ընկերության հետ, որի մասին նշում է Ռուբեն Բաղդասարյանը:

«Արգիշտի» համատիրության նախագահ Շուշանիկ Քալանթարյանը նշեց, սակայն, որ վերելակների հարցով դեռ զբաղվում է «Ուրարտու» համատիրությունը:

«Վերելակների համար «Ուրարտու» համատիրությունը կնքել է պայմանագիր «Եվրոլիֆտ» ընկերության հետ: Սպասարկում է «Եվրոլիֆտ» ընկերությունը, ոչ թե համատիրությունը: Իսկ «Արգիշտի» համատիրության համար մենք ունեցել ենք մասնագետ, և վերելակները սպասարկվել են մեր մասնագետի կողմից: Հիմա առայժմ նույնը թողել ենք»,- ասաց Շուշանիկ Քալանթարյանը:

Ուրարտու համատիրության կազմից  2014թ. դուրս եկած շենքերը, ցանկում է նաև Խաղա Դոնի 19-ը: Շենքի սեփականտերն այժմ «Արգիշտի»-ն է: Հատված համատիրության կանոնադրությունից:

Ինչպե՞ս է «Ուրարտուն» պայամանագիր կնքել այն վերելակների համար, որոնց շահագործողն ու սեփկանատերը չէ: Սա ամենաթողության երկրորդ կարևոր բաղադրիչն է, որովհետև հերթական դեպքի ժամանակ կպարզվի, որ վերելակի իրական սեփականատերը («Արգիշտի» համատիրությունը) պայմանագիր չուներ սպասարկող ընկերության հետ: Դատարանը կանի նույն բացահայտումը, ինչ Աղավնի Կիվրիկյանի գործով, և նույն ձևով կանցնի առաջ:

Երբ Անժելա Մանուկյանի տանն էի, այնտեղ էր նաև հարևանուհին` հարեւան մուտքում բնակվող Սուսաննան: Նա լսում էր զրույցը, և այն պահին, երբ տիկին Անժելան մանրամասնում էր դեպքի նախորդ օրերին վերելակի անսարքությունը, միջամտեց. «Հիմա մերն է էդպես, մի հոգի դուրս է գալիս, դու ուզում ես ներս մտնես, դռները փակվում են: Երկրորդ մարդը կմնա դռան արանքը»:

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter