HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Orange»-ը գնելով՝ «Ucom»-ը ինտերնետ բաժանորդների թվով հավասարվում է «Beeline»-ին

«Յուքոմ» («Ucom») ընկերության կողմից «Օրանժ Արմենիան» («Orange Armenia») գնելու մասին տեղեկություններն, ամենայն հավանականությամբ, այսօր պաշտոնական բնույթ կստանան։ Սպասվում է, որ երկու ընկերությունների ներկայացուցիչներն այս մասին հայտարարություն կանեն։

Գնելով «Օրանժ Արմենիան»՝ լայնաշերտ ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապ և մալուխային հեռուստատեսության ծառայություններ մատուցող «Յուքոմը», փաստորեն, մուտք է գործում բջջային կապի շուկա։ Ընկերությունը բջջային կապի շուկայում ծառայություններ մատուցելու մտադրության մասին հայտնել էր դեռ 2014 թվականի կեսերին:

Դժվար է ասել, թե «Յուքոմն» ինչ ռազմավարություն կմշակի և ինչ դիրքերում կհայտնվի շուկայի մրցակիցներ «ԱրմենՏելի» (ապրանքանիշը՝ «Beeline») և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի (ապրանքանիշը՝ «Vivacell») կողքին, բայց եթե չավելացնի բաժանորդների քանակն ու շահույթը, ապա բջջային շուկայում դիրքերը կզիջի այդ երկուսին։ Բանն այն է, որ «Օրանժ Արմենիան» վերջին ժամանակաները վնասով է աշխատել։

Այս տարվա առաջին եռամսյակի դրությամբ, ըստ ընկերությունների ներկայացրած ֆինանսական հաշվետվությունների, «Vivacell»-ն ունի 2 մլն 116 հազ. 641 բաժանորդ, հաջորդում է «Beeline»-ը՝ 790 հազ. 327 բաժանորդով, իսկ երրորդ տեղում «Orange»-ն է՝ 497 հազ. 733 բաժանորդով։

Փոխարենը, «Orange»-ի և «Ucom»-ի միացմամբ փոփոխությունները զգալի կլինեն ինտերնետ ծառայությունների մատուցման ոլորտում։ Եթե բջջային կապի բաժանորդների թվի պարագայում այս երկու ընկերությունների միացումից փոփոխություն չի լինի, ապա ինտերնետից օգտվողների բաժանորդների թիվը կմեծանա։ Այս տարվա առաջին եռամսյակի դրությամբ «Ucom»-ի ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը կազմում է 67 հազ. 481, իսկ «Orange»-ի լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներինը՝ 128 հազ. 549։ Եթե ընկերությունները միանան, ինտերնետից օգտվող բաժանորդների թիվը կկազմի 196 հազար։ Համեմատության համար նշենք, որ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով, ինտերնետ ծառայություններից օգտվողների քանակով, առաջին տեղում «Beeline»-ն է, որին ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 152,5 հազ. է, իսկ՝ շարժական ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսներով օգտվողների)՝ 43 հազ. 645, ընդհանուր՝ 196 հազ. 145: Այսինքն՝ «Ucom»-ը կունենան նույնքան բաժանորդ, որքան «Beeline»-ը։ Դա բավականին լավ ցուցանիշ է, եթե համեմատում ենք, օրինակ, ինտերնետ ծառայություն մատուցող մեկ այլ օպերատորի՝ «Rostelecom»-ի ցուցանիշների հետ։ Այս տարվա առաջին եռամսյակի հաշվետվությամբ՝ «Rostelecom»-ի բաժանորդների թիվը կազմում է 27 հազ. 554։

Հիշեցնենք, որ «Յուքոմ» ընկերությունը փոխկապված է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին: Ընկերության բաժնետոմսերի 41 %-ի սեփականատերը նրա հորեղբոր որդին է՝ Արամ Խաչատրյանը:

«Օրանժ Արմենիա» ընկերությունը պատկանում է ֆրանսիական «Orange» ընկերությանը։ Այն Հայաստանում բջջային կապի ծառայություններ սկսել է մատուցել 2009-ի նոյեմբերից՝ դառնալով հանրապետությունում բջջային երրորդ օպերատորը։ Ընկերության գործունեությունը Հայաստանում, փաստորեն, երկար կյանք չունեցավ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter