HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Արդշինինվեստբանկի» 9,1 մլն դոլար վարկը եւ Սեյշելյան կղզիներում գրանցված առեղծվածային ընկերությունը

«Արդշինինվեստբանկը» 9,1 մլն դոլար վարկային միջոցներ է տրամադրել «Գրիգ Էլ Մետ» ՍՊԸ-ին, որի սեփականատերը Սեյշելյան կղզիներում գրանցված ընկերություն  է։

Ընդհանրապես աշխարհում մութ գործարքների մի զգալի մասը կատարվում է օֆշորում գրանցված  ընկերությունների միջոցով։ «Հետքն» ուսումնասիրել է մի քանի վարկային պատմություններ, որոնց մեջ ներգրավված են եղել օֆշորային ընկերություններ եւ պարզվել է, որ այդ գործարքների մասին միշտ տեղյակ է եղել Կենտրոնական բանկը, եւ դրանք առաջին հերթին համաձայանեցվում են հենց ԿԲ-ի հետ: «Արդշինինվեստբանկի» վարկային այս պատմությունը, որը ներկայացնում ենք, դրանցից է։

Գրավները, որոնց դիմաց բանկը վարկ է տրամադրել

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի և «Գրիգ Էլ Մետ» ՍՊԸ-ի միջև 2011թ. օգոստոսին կնքվել է  վարկային գործառույթներ իրականացնելու պայմանագիր եւ «Գրիգ Էլ Մետ» ՍՊԸ-ին տրամադրվել է 9,107,000 ԱՄՆ դոլարի վարկ։ «Գրիգ էլ Մետ» ՍՊԸ-ն  վարձակալել էր «Գետամեջի թռչնաբուծական ֆաբրիկայի» տարածքը եւ այն պետք է աշխատեցներ:  «Գրիգ Էլ Մետ» ՍՊԸ-ն այդ վարկից «Գետամեջի թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ին է փոխանցել 4 201 653 642 դրամ։ «Գետամեջի թռչնաբուծական ֆաբրիկա»-ն 2012-2013թթ․ «Գրիգ Էլ Մետ»-ին հետ է փոխանցել 3 504 283 424 դրամ։ Տարբերությունը կազմում է 697 370 218 դրամ։

«Գրիգ Էլ Մետ» ՍՊԸ-ն վարկային պարտավորություններն ապահովել է հետևյալ գրավներով.

1. Երևան, Հյուսիսային պողոտա 10շ. թիվ 1 հասցեում գտնվող տարածքը (739.4 քմ մակերեսով, 2100 քմ մակերեսով հողամասով և 2550.2 քմ մակերեսով ընդհանուր օգտագործման տարածքի համապատասխան բաժնեմասով):

2. 20.01.2012թ. թիվ A1110504Գ/42 պահանջի իրավունքի գրավի պայմանագրով գրավադրված բանկային հաշվի պայմանագրից բխող «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (գրավառուի) հանդեպ «Գրիգ Էլ Մետ» ՍՊԸ-ի (գրավատուի) ունեցած 3 մլրդ 900 մլն դրամ պահանջի իրավունքը:

3. Շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավի պայմանագրով գրավադրված, նույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող հավելվածում ընդգրկված ապրանքները, որոնց արժեքը պայմանագրի կնքման պահին ընդհանուր առմամբ կազմել է 335,643,600 դրամ:

4. Գյուղատնտեսական տեխնիկայի կոշտ գրավի պայմանագրով գրավադրված «Բելառուս»-320.4 մակնիշի, 2012թ. արտադրության, 06-86LS համարանիշով տրանսպորտը:

5. Գյուղատնտեսական տեխնիկայի կոշտ գրավի պայմանագրով գրավադրված «Բելառուս»-82.1 մակնիշի, 2012թ. արտադրության, 06-84LS համարանիշով տրանսպորտը:

6. Գույքի կոշտ գրավի պայմանագրով գրավադրված, նույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող հավելվածում ընդգրկված անհատական հատկանիշներին համապատասխանող գույքը, որի արժեքը պայմանագրի կնքման պահին ընդհանուր առմամբ կազմել է 108,394,656 դրամ:

Հաղորդում հանցագործության մասին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.09.2013թ. վճռով «Գրիգ Էլ Մետ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ:

«Աստի Թրեյդինգ» ՍՊԸ-ն նշված սնանկության վարույթով հանդիսանում է 40,731,707 դրամով պահանջատեր: Ընկերությունը վակցինաներ եւ կերային հավելումներ է մատակարարել «Գրիգ Էլ Մետին» պատկանող թռչնաֆաբրիկային։ Երակարատեւ դատական քաշքշուկներից հետո «Աստի Թրեյդինգը» հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն։ Հաղորդումը վերաբերում է սնանկության ընթացքում անօրինական գործողություններ կատարելու, կանխամտածված սնանկության, կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելու, յուրացնելու կամ վատնելու հանցակազմերի հատկանիշներին: Ընկերության ներկայացուցիչը՝ փաստաբան  Տիգրան Մուրադյանը, հանցակազմեր է տեսել վարկային այս պատմության տարբեր դրվագներում։ 

Դատարանը «Արդշինինվեստբանկին» ազատ գործելու իրավունք է տվել

23.03.2013թ. «Արդշինինվեստբանկը» դիմելով դատարան, վկայակոչելով վարկային պայմանագրի 2-րդ կետում և դրա ենթակետերում նշվածը, հայտնելով, որ 19.06.2013թ. դրությամբ նշված վարկային պարտավորությունից բխող պարտքը կազմում է 3 465 650 ԱՄՆ դոլար՝ խնդրել է սնանկության գործով «Գրիգ Էլ Մետի» նկատմամբ «Արդշինինվեստբանկի»  գրավով ապահովված պահանջների նկատմամբ մորատորիում չտարածել:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.10.2013թ. որոշմամբ «Արդշինինվեստբանկի» պահանջը բավարարվել է: Դատարանը որոշել է «Գրիգ Էլ Մետի» նկատմամբ «Արդշինինվեստբանկի» պահանջի մասով մորատորիում չտարածել:

Արդյունքում «Արդշինինվեստբանկը», ձեռք բերելով վերը նշված գրավի առարկա գույքերի նկատմամբ իրացման ցուցումներ տալու, իրացումն իրականացնելու հնարավորություն, «Գրիգ Էլ Մետի» սնանկության ընթացքում շուկայականից էականորեն ցածր գնով իրացրել է «Գրիգ Էլ Մետի» Հյուսիսային պողոտա 10շ. թիվ 1 հասցեում գտնվող տարածքը։ Հյուսիսային պողոտա 10շ. թիվ 1 հասցեում գտնվող տարածքի իրական շուկայական արժեքը «Տիգրիս» ՍՊԸ-ն համանման գույքերի հետ համեմատական մեթոդի կիրառմամբ գնահատել է 1 միլիարդ 327 միլիոն դրամ, մինչդեռ «Արդշինինվեստբանկն» այն իրացրել է 843 մլն 384 հազար դրամով, որն ակնհայտորեն չի համապատասխանել այդ գույքի շուկայական արժեքին, այսինքն` օտարել է ակնհայտ անշահավետ պայմաններով: Իսկ տարածքը ձեռք է բերել հենց ինքը՝ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն:   

««Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն օտարման հիմքում դրել է «Արմէքսպերտիզ» ՍՊԸ-ի կողմից տրված իրականությանը չհամապատասխանող և չհիմնավորված եզրակացությունը, որում համեմատական մեթոդի կիրառումն աղավաղվել է, Հյուսիսային պողոտա 10շ. թիվ 1 հասցեում գտնվող առևտրային տարածքը, թերի պատճառաբանությամբ համեմատվել է բազմաբնակարան շենքի հետ: Իմ կողմից նշված եզրակացությունը քննարկվել է տարբեր մասնագետների հետ, որոնք հայտնել են, որ նման գնահատման համար առնվազն գնահատողին տրված լիցենզիայի գործողությունը պետք է դադարեցվեր: «Գրիգ Էլ Մետ» ՍՊԸ-ի սնանկության ընթացքում տեղի են ունեցել անօրինական գործողություններ, որի արդյունքում շուրջ 483 մլն դրամով պակաս է իրացվել անշարժ գույքը: Եթե նշված անշարժ գույքն իրացվեր իրական շուկայական արժեքով, ապա «Աստի Թրեյդինգ» ՍՊԸ-ն հնարավորություն կունենար 483 մլն դրամ տարբերության հաշվին բավարարել իր 40,731,707 դրամ պահանջը»,- ասում է Տիգրան Մուրադյանը:

Այս գործում կա ևս մի ուշագրավ փաստ։ «Գրիգ Էլ Մետ» ՍՊԸ-ի սնանկության գործով մոտ 79 մլն  դրամով պահանջատեր է հանդիսանում նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունը: Իսկ դա նշանակում է, որ «Գրիգ Էլ Մետ»-ը չի կատարել պետական բյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունը։ Սակայն մինչեւ հիմա ՊԵԿ-ը (այժմ` ֆինանսների նախարարությունը ) չի փորձում ընկերությանը ստիպել պետական բյուջե վճարել իր պարտքը։

Փաստաթղթերի ուսումնասիրությունից եւ «Արդշինինվեստբանկի» դիրքորոշումից պարզ է դառնում, որ  3 մլրդ 900 մլն դրամ պահանջի իրավունք գոյություն չի ունեցել, այսինքն՝ «Գրիգ Էլ Մետ» ՍՊԸ-ն այդքան գումարի չափով պահանջ չի ունեցել բանկի նկատմամբ: Այսինքն՝ բանկը գոյություն չունեցող պահանջի իրավունքը որպես գրավի առարկա դրել է վարկային պայմանագրի հիմքում, որպեսզի ցույց տա, որ վարկը գրավով ապահովված է:

«Եթե այդ փաստը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հաստատվի, ապա կնշանակի, որ այդ գրավի առարկան եղել է կեղծ, ինչից կհետևի նաև, որ կեղծ վճարային փաստաթուղթ է ստեղծվել և իրացվել»,- ասում է փաստաբան Տիգրան Մուրադյանը:

Փաստաբանը դատախազությանն ուղարկած հաղորդման մեջ գրել է. «Ուսումնասիրությունները թույլ են տալիս նշել նաև, որ քրեաիրավական գնահատականի է արժանի 335,643,600 դրամ արժեքով ապրանքների, 108,394,656 դրամ արժողությամբ անհատական հատկանիշներ ունեցող գույքի ճակատագրերը, քանի որ դրանց զգալի մասը բացակայում են և պարզ չէ՝ դրանք չարաշահումների արդյունքում յուրացվե՞լ են, վատնվե՞լ են, թե՞ տնօրինվել են օրենքով սահմանված կարգով»։

«Գրիգ Էլ Մետի» սեյշելյան առեղծվածային սեփականատերը

Այս վարկային պատմության առանցքում, իհարկե, սեյշելյան կղզիներում գրանցված «ԱՋԱՆԹԱ ԱՍՍԵԹՍ Կորպորացիան» է։ «Գրիգ Էլ Մետի» 99, 99 տոկոս սեփականատերը «ԱՋԱՆԹԱ ԱՍՍԵԹՍ Կորպորացիան» է, որը գրանցվել է 2009թ. Սեյշելյան կղզիներում։ Ընկերության տնօրենն է Սուսաննա Ալլախվերդիեւան։ Սեյշելյան կղզիները օֆշորային գոտի է, եւ սեփականատիրոջ մասին տեղեկություն ստանալը գրեթե անհնար է։ Սակայն, դատական գործերում կա մի փաստաթուղթ, որից երեւում է, թե ովքեր են եղել «ԱՋԱՆԹԱ ԱՍՍԵԹՍ Կորպորացիայի» սեփականատերերը։ Նրանց անունները տալիս են մի շարք հարցերի պատասխաններ։ Գործի մեջ եղած փաստաթղթից պարզ է դառնում, որ «ԱՋԱՆԹԱ ԱՍՍԵԹՍ Կորպորացիան» 2011թ. փետրվարի 24-ի որոշմամբ Գրիգոր Պողոսյանից 929 մլն 138 հազար դրամով ձեռք է բերել «Գրիգ Էլ Մետ» ընկերությունում նրա ունեցած 76,49% բաժնեմասը։ Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Անուշավան Դանիելյանից 285 մլն 564 հազար դրամով ձեռք է բերում նրա՝ «Գրիգ Էլ Մետ» ընկերությունում ունեցած 23,51% բաժնեմասից 23,50%-ը։ Անուշավան Դանիելյանը Ղարաբաղի նախկին վարչապետն է: Վարկը ստանալուց առաջ Անուշավան Դանիելյանը եղել է բանկի ղեկավար մարմնի անդամ, այսինքն՝ նա վարկ է տվել իր իսկ ընկերությանը:

Բաժնեմասերի առքուվաճառքի պայմանագրերից հետո «ԱՋԱՆԹԱ ԱՍՍԵԹՍ Կորպորացիայի» 99,99%-ի սեփականատերը եւ տնօրենը դարձել է Սուսաննա Ալլախվերդիեւան, իսկ 0,01%-ի սեփականատերը «Գրիգ Էլ Մետ» ընկերությունն է։ Ո՞վ է Սուսաննա Ալլախվերդիեւան, հայտնի չէ:

Կհարուցվի՞, արդյոք, քրեական գործ այս փաստերով, թե՞ ոչ, դժվար է ասել։ Հայաստանի բանկերը վերածվել են անձեռնմխելի ամրոցների, նրանց իր թեւի տակ է պահում իշխանությունը, որովհետեւ բոլոր բանկերը կատարում են իշխանության հրահանգները, այդ իսկ պատճառով նրանք ազատ են իրենց գործողությունների մեջ։ 

Մեկնաբանություններ (3)

ղարապյղցի
Հայաստան աշխարհը տմյակ, ղարապյխցին տյանակ՜, ծեռները տյալար մնա!
anna
ARDSHINKBANK!!!!! chka, poxvel e anune POXEQ http://www.ardshinbank.am/
Վեհարի
Ալլախվերդիեւա ազգանունը թուրքի ազգանուն, իշխանության ազգանունը և պահվածքը նույնպես թուրքի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter