HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարահունջ համայնքի ղեկավարին մտահոգում է ավագանու ցուցաբերած անտարբերությունը

Սյունիքի մարզի Քարահունջն այն գյուղերից է, որտեղ համայնքային խնդիրները լուծելու նպատակով տեղական իշխանությունն ակտիվորեն համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ: 2003 թվականից սկսած Քարահունջում իրականացվել է 17 ծրագիր, որոնց համար համայնքը ներդրել է 12 մլն 130 հազար դրամ: Ներդրումների հիմնական մասը կատարվել է համայնքային բյուջեից, մի մասն էլ առանձին կազմակերպությունների, օրինակ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական հատկացումներով:

Առաջիկա տարիներին ևս համայնքային իշխանությունն արդեն իսկ հաստատված ծրագրեր ունի. 2012 թվականին նախատեսվում է պետական բյուջեի միջոցներով բարեկարգել ներհամայնքային 2,4 կմ երկարությամբ ճանապարհը, «Վորլդ Վիժն»-ի աջակցությամբ արդեն մեկնարկել են համայնքի փողոցների լուսավորության աշխատանքները:

«Քաունթերփարթ Ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության «Համայնքային զարգացում» ծրագրի շրջանակներում շուտով կսկսվի 1 մլն 700 հազար դրամ արժողությամբ դրամաշնորհային ծրագիրը: Ծրագիրը, որի իրականացման համար համայնքը կներդնի դոնորից ակնկալվող գումարի 25 %-ը (ևս 5% կհատկացվի կազմակերպության տեղական գործընկեր «Գործընկերություն և համագործակցություն» ՀԿ-ին' կազմակերպած դասընթացների համար), ուղղվելու է Քարահունջում երիտասարդական կենտրոնի ստեղծմանը. նորոգվելու է այդ նպատակի համար հատկացված տարածքը:

Դժվար է ասել, թե համայնքի բնակիչները որքանով են տեղեկացված համայնքում իրականացվող ծրագրերի, ներդրողների մասին, բայց որպես աշխատուժ, ակտիվ մասնակցում են կատարվող աշխատանքներին, ինչպես օրինակ, արոտների ջրարբիացման ծրագրում:

Համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանի մտահոգությունը համայնքային կյանքի նկատմամբ ավագանիների ցուցաբերած անտարբերությունն է: «Ճիշտ է, նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է այն թաղամասի խնդիրները, որտեղ ապրում է, սակայն ընդհանուր առմամբ շատ պասիվ են»:

Լ. Ավետյանի խոսքով ավագանու պասիվությունը պայմանավորված է նրանով, որ իրենց պարտականություններն իրականացնում են հասարակական հիմունքներով: Այս հարցում համայնքապետի մտահոգությունն ինչ-որ տեղ զարմանալի է, քանի որ արդեն երկրորդ տարին է, ինչ համայնքի ավագանու 7 անդամներից երկուսը տեղափոխվել է Հայաստանից, բայց համայնքի ղեկավարի կարծիքով «սա էական խնդիր չէ, կարևորն այն է, որ քվորում ապահովվում է» և ըստ նրա, ավագանու արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա:

Նրանց լիազորությունները նաեւ դադարեցված չեն, մինչդեռ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն' ի թիվս այլ դեպքերի, համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են նաև, եթե նա մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիuտերի կամ քվեարկությունների ավելի քան կեuից:

Քարահունջ համայնքի ավագանու աշխատանքների մեջ բացթողումներ են արձանագրվել նաև համայնքապետարանում այս տարվա հունիսի 17-ին Սյունիքի մարզպետարանի իրականացրած վարչական և ֆինանսական հսկողության ժամանակ:

Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ ավագանու գործունեության կազմակերպման ոլորտում առկա են մի շարք թերություններ, մասնավորապես, չեն ապահովվել ՏԻՄ օրենքի 12-րդ հոդվածի պահանջները. ավագանու հերթական նիստից առնվազն 7 օր առաջ համայնքի ղեկավարը չի հրապարակել ավագանու նիստի ժամանակը, օրակարգը, ինչպես նաև որոշման նախագծերին չեն կցվել դրա ընդունման անհրաժեշտության հիմնավորումները, իրականացման ֆինանսական ծախսերի նախահաշիվները, համապատասխան փաստաթղթերը նիստն սկսվելուց 7 օր առաջ չեն տրամադրվել ավագանու անդամներին:

Համայնքի ղեկավարը, չժխտելով նշված բացթողումը, հայտնեց, որ արդեն այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացվել են: Սակայն հոկտեմբերի 22-ին համայնքապետարանի տեղեկատվական ցուցատախտակին տեղադրված էր օգոստոսի 9-ին կայացած ավագանու նիստի որոշումները. մինչդեռ ըստ ՏԻՄ օրենքի 11 հոդվածի' «ավագանու նիuտերն անցկացվում են ոչ պակաu, քան երկու ամիuը մեկ անգամ»:

Համայնքապետը նաև նշում է, որ «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի աջակցությամբ շուտով ինտերնետային կայք կունենան, որը կնպաստի տեղական իշխանության հրապարակային կառավարմանը:

Վերոնշյալ ուսումնասիրությունների արդյունքում նաև նշվել է, որ Համայնքի ղեկավարի առանձին իրավական ակտերն ընդունվել են «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ գլխով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոնների խախտումներով: Խոսքը վերաբերվել է նրան, որ ավագանին տեղական տուրքերի դրույքաչափերի սահմանված չափը գերազանցել է:

Լուսինե Ավետյանի խոսքով նշված բացթողման հիմնական պատճառն աշխատակազմի իրավական գիտելիքների ոչ բավարար մակարդակն է. «Ճիշտ է, վերջին տարիներին տարբեր կազմակերպությունեւններ համայնքնի աշխատակազմի կարողությունների բարձրացմանն ուղղված դասընթացներ են կազմակերպում, այնուամենայնիվ, և թղթավարությունն է շատացել, և իրավական ակտերի պահանջներն են փոխվում, ուստի նաև թերացուններ են գրանցվում»:

Համայնքի ղեկավարի կարծիքով խնդիրը հնարավոր է լուծել աշխատակազմում իրավաբանի հաստիք պահելով, որը մշտապես կհետևի համայնքային իշխանության գործունեության իրավական հիմնավորումներին: Նա կարծում է, որ դա հնարավորություն կտա նաև միջոցներ ձեռնարկել աշխատակազմում համայնքային ծառայության կազմակերպման ոլորտում արձանագրված թերությունները շտկելու ուղղությամբ, ինչը նշված է վարչական հսկողության շրջանակներում իրականացված ուսումնասիրության եզրակացության մեջ: Իսկ մինչ այդ, համայնքապետի խոսքով հետևում են այլ համայնքների ինտերնետային կայքերին, որոշ ձևակերպումներում ընդօրինակում:

Ֆինանսական առումով համայնքի ղեկավարը դժգոհություն հայտնեց, որ որպես թերացում նշվել է սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը: Նրա խոսքով ուսումնասիրությունից հետո ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով համայնքի բյուջեի եկամուտների հավաքագումը հասցրել են 100,1%-ի: Ի դեպ, Քարահունջի համայնքային բյուջում անցած տարի հողի հարկը 2 մլն դրամով պակաս է հավաքագրվել:

Խոսելով համայնքներում ֆինանսական ստուգման մասին, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Աշոտ Մարդյանը նշում է, որ «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ մարզպետարանն իրավասություն չունի ուղղակի վերահսկողություն իրականացնել համայնքներում, ուստի իրենց լիազորությունները սահմանափակվում են խորհրդատվության մատուցմամբ:

Հիմնական խնդիրը, ըստ Ա. Մարդյանի, կապված է, մասնավորապես, գյուղական համայնքների աշխատակազմերում ընդգրկված մարդկանց ոչ բարձր կրթական մակարդակով, որի արդյունքում, ընդհանուր առմամբ, թերացումներ շատ են լինում:

Այդուհանդերձ, Քարահունջ համայնքի ղեկավարի խոսքով, իրենք հավակնում են այս տարի Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգի 15-ամյակի առթիվ հայտարարված մրցույթում ճանաչվել լավագույն համայնք: Կհաջողվի՞…

Մեկնաբանություններ (3)

Լարա
suta
Սասուն
Իսկ Քարահունջ համայնքում ավագանու նիստ երբևիցե հրավիրվել է արդյոք? Նշված 17 ծրագրերից և ոչ մեկը ոչ մի անգամ չի քննարկվել: Առաջին հերթին դա հենց ձեռնտու է համայնքապետին քանի որ ծրագրերից մեծամասնությունը պարզապես թղթի վրա է կատարվել:
Սիմոն
Վերնագրում ոչ թե ավագանիներ պետք է գրվեր այլ ավագանու անդամներ, քանի որ Քարահունջ համայնքում 1 ավագանի է գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter