HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Զորահանդեսներից առաջ. լուսանկարներ

«Բոլորը Հայաստանի տարբեր տեղերից են` տարբեր կյանքի պատմություններով: Ինձ համար շատ հետաքրքիր է»,- ծառայակիցների մասին ասում է յոթ օր առաջ զորակոչված Վահան Մարտիրոսյանը, ով ինը տարեկանից ի վեր Հայաստանում չի ապրել:

Վահանի հետ մի քանի տասնյակ զինվորներ ծառայում են զինված ուժերի պատվոպահակային վաշտում, որը դիմավորում է այլ երկրների բարձրաստիճան պատվիրակություններին, մասնակցում զորահանդեսների, հուշարձանների բացումների ու զինվորականների հուղարկավորությունների: Վաշտը 2011թ-ին առաջին անգամ կատարել է շարանցում, որը հայտնի է «դեֆիլե» անունով: Իսկ այս տարի Մոսկվայի Կարմիր հրապարակում մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին:

Կարեն Գոգինյանը, ով մայիսին մասնակցել է զորահանդեսին, մեկ տարի առաջ` զորակոչվելիս, վիճակահանությամբ ծառայության վայր է ընտրել Գորիսը: Ավելի ուշ իմացել է, որ ծառայելու է պատվո պահակախմբում: «Ես մինչև գալս տրամադրված եմ եղել, որ Ղարաբաղ ծառայեմ»,- պատմում է Կարենը, ով մինչև զորակոչվելը Նոյեմբերյան քաղաքում զբաղվում էր բասկետբոլով ու նկարչությամբ:

Տիգրանը, ինչպես և Կարենը, կարծում է, որ իրենց ծառայությունը հետաքրքիր է միջոցառումներին մասնակցելով

Պատվո պահակախմբի զինծառայողներին ընտրելիս առանձնացնում են նրանց հասակը, որ պետք է լինի 1,82-1,87 սմ, ինչպես նաև առողջությունը: Վաշտի հրամանատարի տեղակալ Հովհաննես Աբգարյանն ասում է, որ նրանք «երկրի զինված ուժերի դեմքն են»: 2007թ-ից վաշտում ծառայող Աբգարյանը պատմում է նաև հիմնական բարդության մասին: «Երբ մասնակցում ես զինծառայողի թաղման արարողության, մի քանի օր ոնց որ խելքի չգաս: Միակ պահը, որի համար չես ցանկանա էստեղ ծառայել, դա է»:

Շարային քայլից ու զենքի պատրաստությունից բացի վաշտի զինվորները սովորում են ներքին կանոններ, օրինակ` արևի տակ երկար կանգնելու համար. շարժել մատները, որովայնը, դեմքի մկանները, որպեսզի արյան շրջանառությունը կարգավորվի և մկանները չձգվեն:

«Ֆիզիկական դժվարություններ կան, բայց վարժվում ես դրանց: Հուսով եմ`մեկ-երկու ամիս հետո ամեն ինչ ավելի հեշտ կթվա»,- ասում է Վահանը, ով բանակ գալուց առաջ մաթեմատիկա և տնտեսագիտություն էր սովորում Լոնդոնի համալսարանական քոլեջում` Լույս հիմնադրամի համաֆինանսավորմամբ: Կատակով ասում է, որ սովոր է միջավայրը փոխելուն, քանի որ չորս երկրներում յոթ դպրոցներ է հաճախել:

Վահանը ազատ ժամանակ կփորձի կարդալ` անգլերենի ու մաթեմատիկայի իմացությունը չմոռանալու, գուցե ավելին սովորելու համար. «Ազատ ժամերը պետք է էֆեկտիվ օգտագործել: Նույնիսկ կարելի է երկու տարիների ընթացքում ավելին սովորել: Ես նույնիսկ մարդ գիտեմ, որ բանակում կարողացել է ծրագրավորող դառնալ: Գրքեր են հարազատներն ուղարկել, ինքը կարողացել է իր ազատ ժամանակը օգտագործել, և շատ հաջողակ ծրագրավորող է»:

Վահանը և վաշտի մյուս նորակոչիկները շուտով կսկսեն պատրաստվել 2016թ-ին` ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին կայանալիք զորահանդեսին:

Լուսանկարները՝ Էրիկ Գրիգորյանի

Մեկնաբանություններ (1)

Hakob Darbinyan
Ձեզ անհոգ, խաղաղ, անփորձանք ծառայություն եմ մաղթում: Դիմավորեք այլ երկրների բարձրաստրճան պատվիրակություններին, մասնակցեք զորահանդեսների, հուշարձանների բացումների, իսկ եթե հուղակավորության, ապա միայն զառամյալ ծերունի զինվորականի: Ողջ եղեք: Խմում եմ Ձեր կենացը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter