HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայրը համոզված է՝ տղայի կյանքը կարելի էր փրկել, եթե շուտ հասցնեին հիվանդանոց

Սկիզբը

Որդուն՝ Արտյոմ Ադանալյանին, կորցրած մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը, պահանջում է հարգել քաղաքացու, տուժողի իրավահաջորդի իր իրավունքները, պահանջում է գործի լիարժեք, բազմակողմանի ու օբյեկտիվ քննություն, ինչը նախաքննական մարմնի՝ օրենքով սահմանված պարտականությունն է: Որդեկորույս մայրը պահանջում է տղայի՝ Արտյոմ Ադանալյանի սպանության իրական դրդապատճառի և սպանության մասնակից բոլոր անձանց բացահայտում: Բացի այդ, տիկին Ռուզաննան պահանջում է գործի նախաքննությունը տեղափոխել մայրաքաղաք՝ մտավախություն ունենալով, որ Գյումրիում այն կկոծկվի:

Տնակի դուռը չի կնքվել մեկուկես ամիս. «Անտերություն էր, ով ուզեր ազատ կմտներ-կելներ»

Անցյալ տարվա հոկտեմբերի 29-ին Գյումրիում սպանված 25-ամյա Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը, «Հետքին» պատմեց, որ անհաջող ամուսնություն է ունեցել. ամուսնու՝ Ավետիք Ադանալյանի հետ ապրել է՝ «նամուսի գերի» լինելով: Տիկին Ռուզաննայի վկայությամբ, ամուսինը հարբել է, վատ վարք ունեցել, շփվել է քրեական անցյալ ունեցող մարդկանց հետ: «Կյանքիս հաշվին ապրել եմ: Արտյոմս ինքն էր հաճախ նեղվում էդ ամենից, հորը խրատում: Տղաս սովորեց Պոլիտեխնիկ ինստիտուտում, հիմնականում Ռուսաստանում էր լինում, աշխատում, օգնում ինձ: Իր ընտանիքն էլ չհասցրեց ունենալ: Ես էլ Գյումրիի դպրոցներում 23 տարի դասվար եմ աշխատել, մանկավարժ եմ»,- պատմեց Ռուզաննա Ադանալյանը՝ ներկայացնելով այն, ինչ որդու համար ճակատագրական դարձած այդ օրը տեսել է իր աչքերով:

Դեպքի օրը՝ հոկտեմբերի 29-ին, Ռուզաննա Ադանալյանի խոսքով, 5:10 րոպեին խոսել է տղայի հետ: Տղան ասել է, որ տուն է գնում: Հայտնել է նաև, որ հայրը «կռուգի» տղերքին հավաքել է իրենց տանը, քանի որ հարևանի ու հեռու բարեկամի տղային ինչ-որ մարդիկ նեղացրել են: Սակայն ժամը 10-ին մոտ, երբ նորից է մայրը զանգահարել Արտյոմի հեռախոսին, պատասխանել է Մարիամ Ուստյանը՝ հարևանուհին, ու հայտնել, որ Արտյոմին տարել են հիվանդանոց:

Զգալով, որ տղան վտանգի մեջ է, Ռուզաննա Ադանալյանը աղջկա հետ Երևանից հասել է Գյումրի. «Ներս մտա տնակ. տեսա եղեռն է եղել, ամբողջ հատակը կոտրված ապակիներ են, դռան վրա արյուն, վարագույների վրա ցայտած արյուն, սեղանին օղիախառը-արյունախառը բաժակներ, ինչքան սպասք կա, կոտրված է, դույլով արնաջուր: Ոստիկաններ… Ողբ ու լացով լույսը բացվեց»,- «Հետքի» հետ զրույցում պատմեց տիկին Ռուզաննան:

Նա շեշտեց, որ  ցանկացած մարդ կարող էր ելումուտ անել տնակ, տարածքը ժապավեններով չի առանձնացվել, տնակը չի կնքվել մեկուկես ամիս: Այդ ընթացքում շատերն են եկել ու գնացել. «Քննիչն ինձ էր ասում՝ նայի տնակին, դեռ պետք ա ինձ»,- ասաց Ռուզաննա Ադանալյանը, սակայն քննիչի գործողություններում ՀՔԾ-ն միտում չի տեսել, և քննիչի գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացվել: Տնակի դուռը չկնիքելը, սակայն, ըստ սպանված երիտասարդի մոր, քննիչի միակ խախտումը չէ:

Սպանության գործիք դանակը մինչ օրս չի հայտնաբերվել

Սպանության բացահայտման համար էական նշանակություն ունեցող անձինք՝ մոտ 10 անձ, դեպքից հետո անմիջապես «փախել» են, նրանցից ոմանց նախաքննական մարմինը, ըստ տիկին Ադանալյանի տեղեկատվության, մինչ օրս չի կարողացել հայտնաբերել: Դեպքից 4-5 ամիս հետո որպես վկաներ հայտնաբերվել ու հարցաքննվել է 2 անձ:

«Գույքի վրա, դռան վրա արյան հետքեր կային, չեն վերցվել: Փորձագետը մազի փորձաքննություն է նշանակել 5 ամիս անց պարզելու թմրանյութ օգտագործած լինելու հանգամանքը: Քննիչն իմ աչքի առաջ թմրանյութ հանեց տնակից, հիմա ասում է՝ նման բան չի եղել»,- ասաց տուժողի իրավահաջորդը:

Արտյոմ Ադանալյանի սպանության գործով ձերբակալվել է մեկ անձ՝ Արթուր Մարտիրոսյանը: «Երբ իմացա, որ դեպքից 9 օր հետո Արթուր Մարտիրոսյանն է ինքնակամ ներկայացել, չնայած փախած էր ու հետախուզում էր հայտարարված ու ասացին, որ ինքն է խփել իմ տղային, մտածեցի, որ չի կարող այդ տղան սպանած լինի Արտյոմիս, որովհետև իմ տղային չի ճանաչել: Ասում են՝ դանակով ինքն է խփել, բայց անգամ այդ դանակը չի հայտնաբերվել: Ես անընդհատ ասում եմ՝ ինչ հիմքի վրա եք իրեն կալանավորել: Պատասխանում են, որ երկու վկայի ցուցմունք կա»,- ասաց տիկին Ռուզաննան:

Ինչո՞ւ են ծեծել ու ահաբեկել շտապօգնության բրիգադին

Դեպքի օրը՝ հոկտեմբերի 29-ին Գյումրիի շտապօգնություն ժամը 20:49-ին ստացվել է ահազանգ, ըստ որի Մարիամ Ուստյանը հայտնել է, որ երեխա է ընկել ապակիների վրա: 21:55 րոպեին ևս մեկ զանգ է նույն անձը կատարել, հարցրել է, թե ինչ եղավ բրիգադը: Իսկ երբ վերջապես շտապօգնության մեքենան հասել է դեպքի վայր, ըստ շտապօգնության բրիգադի աշխատակիցների, նրանց ահաբեկել են, ծեծի ենթարկել, վնասել մեքենան: Բայց մամուլի տարբեր հրապարակումներում այդպես էլ նրանք չեն նշում, թե որն է եղել նման ագրեսիվ վերաբերմունքի պատճառն իրենց նկատմամբ: «Ես դատարանի միջոցով ստացել եմ շտապօգնության կայանի հեռախոսազանգերի ձայնագրությունները՝ րոպեներով ու վայրկյաններով արձանագրված, ինչից պարզ է դառնում, որ շտապօգնությունը ուշացել է, ուշացել է նաև ոստիկանությունը: Բոլոր ապացույցներն ունեմ: Սկզբում շտապօգնության աշխատակիցները բողոքում էին, հիմա ձայն չեն հանում, անգամ այդ մասով քրեական գործ չի հարուցվել: Բայց եթե Մարիամ Ուստյանը ճշմարտությունն ասեր, որ դանակահարություն է եղել, ոչ թե մարդ է ապակիների վրա ընկել, միգուցե շտապօգնությունն արագ հասներ»,- ասաց սպանված Արտյոմի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը:

Շտապօգնության բժիշկները արձանագրել են Արտյոմ Ադանալյանի մահը: Տնակում հավաքվածները թույլ չեն տվել, որ շտապօգնության մեքենան տեղափոխի Արտյոմ Ադանալյանին, այլ իրենք են մեքենայով հասցրել «Գյումրի» ԲԿ, որը, ինչպես նշում է Ռուզաննա Ադանալյանը, իրենց տնակից մեքենայով մեկ րոպեի ճանապարհ է: Ըստ բժշկական կենտրոնի, երիտասարդը մահացել է տեղափոխման ճանապարհին. «Ինձ ասացին, եթե 1-2 րոպե առաջ հասցնեին, կփրկվեր ձեր տղան»:

Ռուզաննա Ադանալյանը դատի է տվել Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետին

Տղայի մահվան վիշտը սրտում՝ Ռուզաննա Ադանալյանը սկսել է պայքարել հանուն ճշմարտության բացահայտման, իր ընտանիքի բարի անունը վերականգնելու համար՝ արդարություն փնտրելով հայաստանյան դատարաններում ու իրավապահ մարմիններում:

«Ամիսներ անց փորձում էի ուշքի գալ, նույնիսկ չգիտեի, որ Շիրակի մարզպետարանի բարձրաստիճան պաշտոնյան՝ առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը, դեպքից անմիջապես հետո հարցազրույց է տվել, որտեղ տարածել է սխալ տեղեկատվություն ու վիրավորել իմ ընտանիքի արժանապատվությունը: Հարցազրույցում նա օգտագործում է «այլանդակ ընտանիք» արտահայտությունը, և ոչ միայն դա: Բացահայտ վիրավորանք է, բացի այդ ասում է՝ «մի տղան սպանված, մեկը՝ հարբած»: Ես մեկ տղա ունեի, նրան էլ սպանեցին: Պաշտոնյան իրավունք չուներ առանց հանգամանքները ստուգելու նման հայտարարություններ անել»,- շեշտեց տիկին Ռուզաննան:


Քաղաքացիական հայցն ընդդեմ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի լսվում է Երևանում՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ: Հենց դատարանի միջոցով էլ տիկին Ադանալյանը ձեռք է բերել տղայի սպանության օրը՝ անցյալ տարվա հոկտեմբերի 29-ին, շտապօգնության ահազանգերի ձայնագրությունները: Ահա առաջին ահազանգը, որը ստացվել է 20:49-ին:

Ձայնագրություն 1

Ահա երկրորդ ահազանգը՝ 20:55-ին՝ 6 րոպե անց, շտապօգնության մեքենան դեռ դեպքի վայրում չէ:

Ձայնագրություն 2  

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետն իր խոսքում նշում է, որ 2 րոպե չանցած շտապօգնության բրիգադը տեղ է հասել: Սակայն ձայնագրություններից պարզ երևում է, որ 6 րոպե անց մեքենան դեռ դեպքի վայրում չէ:

«Այս ձայնագրություններն ինձ շատ օգնեցին, բայց, թե ինչու այս ամենը չի դառնում քննության նյութ, չեմ հասկանում… ծածկում են խմբակային սպանություն: Նախորդ օրը թմրանյութի հետ կապված ռազբորկա է եղել: Չնայած պաշտոնական տեղեկատվություն այն է, թե խնջույք է եղել: Կրկնում եմ՝ դա ռազբորկա էր, ոչ թե խնջույք: Վկա ունեմ թաղից, որ ասում է՝ նախորդ օրը մինչև գիշերը 2-ը հայհոյանքներ են եղել Տեքստիլի մոտ: Վկաներ կան, որ տղայիս լողացրել են արդեն դանակահարված վիճակում, ամբողջ լոգարանի ջուրը արյուն էր»,- «Հետքի» հետ զրույցում ասաց սպանվածի մայրը:       

Շտապօգնությունից 21:07 րոպեին առաջին ահազանգն է ստացվում ոստիկանություն:

Ձայնագրություն 3

Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր 21:19 րոպեին՝ ահազանգից 12 րոպե անց:

Ձայնագրություն 4

«Եթե շտապօգնությունը, ոստիկանությունը արագ հասնեին, հավատացած եմ, որ կարելի էր տղայիս փրկել: Եթե տնակում հավաքվածները դանակահարությունից հետո, թեկուզ գրկած տանեին հիվանդանոց, Արտյոմս ողջ կլիներ»,- համոզված է Ռուզաննա Ադանալյանը:

Հ.Գ. Առաջին հոդվածի հրապարակումից հետո տուժողի իրավահաջորդ Ռուզաննա Ադանալյանը արձագանք է ստացել «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ից, որտեղից հայտնել են, որ կարող են նրան իրավական աջակցություն ցուցաբերել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter