HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Կարեն Պետրոսյան. «Ես այն ժամանակ էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում՝ «լույսը չբդի թանգընա»

«Դու քեզ երբեւէ խուլիգանի դերում կպատկերացնեի՞ր »,-հարցնում եմ գյումրեցի ակտիվիստ, Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոս Կարեն Պետրոսյանին: Նախ կկոցում է աչքերը՝ կարծես ցանկանալով զսպել ծիծաղը, հետո լայն ժպտում: «Իհարկե ոչ, շինծու, սարքած գործ էր ու դա անգամ իրենք՝ սարքողները գիտեն»: Ձայնի մեջ անսահման հանգստություն կա: Բացակայում են մետաղական, կամային այն երանգները, որոնք այնքան ծանոթ են ու բազմիցս եմ լսել Գյումրիում կազմակերպված տարբեր բողոք-ակցիաների ժամանակ:

«Ես երբեք չեմ ձգտել ինչ որ բան կամ ինչ որ մեկին ղեկավարել՝ նկատի ունեմ մասսաներին, խառնվել քաղաքականությանը կամ զբաղվել դրանով: Էստեղ ուրիշ խնդիր կա, ուղղակի երբեք չեմ կարողացել անտարբեր նայել կատարվող անարդարությանը,-ասում է զրուցակիցս,- էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների ժամանակ ղեկավարներ չեն եղել, եղել են մարդիկ, ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող երիտասարդներ, միջին տարիքի անձինք, տարեցներ, պարզապես հասարակ քաղաքացիներ, մտավորականներ: Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո Գյումրիում բարձրացած բողոքի ալիքի ժամանակ էլ էր նույնը: Ուղղակի գալիս է մի պահ, երբ մեկ-երկու հոգի լիդերի որոշակի ֆունկցիաներ են իրենց վրա վերցնում՝ իրադրությունը հսկողության տակ պահելու համար»:

Հունիսի 17-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց ՀՀ տարածքում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ: Հանրության շրջանում այդ որոշումը բողոքի և ընդվզման ալիք բարձրացրեց, քանի որ հիմնավորված չէր ու չէր բխում հասարակության շահերից:

Երեւանում «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարեց, որ սկսում է բողոքի եւ իրազեկման ակցիաների շարք: Հունիսի 22-ին ակցիայի մասնակիցները Ազատության հրապարակից ուղեւորվեցին Բաղրամյան պողոտա ու փակեցին այն՝ պահանջելով երկրի ղեկավարից չեղարկել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը:

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի եւ իրազեկման ակցիաներին հունիսի 19-ից միացավ նաեւ Գյումրին: Հունիսի 22-ի երեկոյան Գյումրիում սկսված խաղաղ նստացույցից հետո, հունիսի 23-ի առավոտյան, ապօրինի կերպով բերման ենթարկվեցին 13 նստացուցարար: Բերման ենթարկվածներից 12-ը հարուցված քրեական գործով ներգրավվեցին որպես վկաներ, իսկ «Կոմպասս» ՀԿ խորհրդի անդամ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Պետրոսյանը` որպես խուլիգանություն կատարելու մեջ կասկածյալ:

Նույն օրը բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին, որից հետո, ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ Գյումրիում, շարունակվեցին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված քաղաքացիական գործընթացները: Հունիսի 30-ին Կարեն Պետրոսյանին առաջադրվեց մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խուլիգանություն, որը պատժվում է ուղղիչ աշխատանքներով առավելագույնը մեկ տարի ժամանակով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամանակով:

«Մենք հունիսի 22-ի երեկոյան վերադարձանք մայրաքաղաքից եւ որոշեցինք նստացույց սկսել Գյումրու թատերական հրապարակում՝ այդպիսով ուզեցինք մեր զորակցությունը հայտնել Բաղրամյան պողոտայում գտնվողներին: Լուսաբացին, երբ ջրցան մեքենաներով Երեւանում ցրում էին խաղաղ նստացույցը, Գյումրիում էլ ոստիկանները բռնի գործողություններ կատարեցին,-հիշում է Կարենը,-նախ եկավ մարզի ոստիկանապետը՝ Ամիրխանյանը եւ ճղեց մեր պաստառը: Մենք իրեն հետո հումորով «պաստառճղյան» անվանեցինք, սկսեց քաշքշել երիտասարդներին, իրեն բացատրվեց, որ չի կարելի երեխային հրել, մի՞թե ինքն երեխա չունի»:

Իրականում թատերական հրապարակում նստացույց անողների թիվն ավելին է եղել, քան ոստիկանություն տարվածների: Այդ դեպքում ինչու՞ այնտեղ հայտնվեցին ընդամենը 13-ը: Հարցը կրկին ժպիտ է հարուցում զրուցակցիս մոտ: Ասում է, որ չնայած պահի լրջությանը, այն իր մեջ զավեշտ է պարունակել՝ պարզապես ոստիկանական մեքենաները չեն հերիքել նստացույցի բոլոր մասնակիցներին ոստիկանական բաժանմունք բերման ենթարկելու:

«Մեզ եկան ասին՝ գնացեք տուն: Առավոտը ժամը 6-ի կողմերն էր, դուրսը մարդ չկար, մենք մոտ մի 20 հոգով թատրոնի դիմացի աստիճաններին նստած էինք: Ասինքն՝ չենք գնում: Էնպիսի մի ժամ էլ էր, որ ներկայացում էլ չկա, որ պատճառաբանեն, թե խանգարում եք անցուդարձին: Տեսան, որ ոչ մեկ տեղից չի շարժվում՝ հրահանգեցին, որ մեզ նստեցնեն ավտոները: Ասում եմ կոնկրետ պահանջ ներկայացրեք, հարգելի ոստիկաններ, օրինական պահանջ ունե՞ք, որին մենք չենք ենթարկվում, դուք էլ մեզ բերման եք ենթարկում,-Կարենի ձայնի մեջ հումորի երանգ է հայտնվում,-երբ որ մի քանիսին նստեցրեցին, պարզվեց մեքենաները քիչ են, բոլորիս չեն կարող բաժանմունք տանել: Հիմա տղերքը կանգնել-սպասում են, որ պիտի իրենք էլ գան, ոնց կլինի, գյումրեցի թասիբով տղա, ընկերոջը տանում են, իրեն չէ: Ասում են՝ մեզ էլ տարեք, ասում են տեղ չկա, ասում են ո՞նց չկա, մենք էլ ենք գալիս, անգամ եկել դիմացն էին տեղավորվել ոստիկանական մեքենայի, որ գան»:

Կարենը նախաքննության ընթացքում իր դեմ ցուցմունք տված ոստիկանի հետ առերեսման մանրամասները գերադասում է չհրապարակել, ասում է նախաքննական գաղտնիք է: Միայն փոխանցում է, որ սկզբնական շրջանում մի քանի անգամ հրաժարվել է առերեսումից: Պատճառն եղել է մեղադրվողի դեմ ոստիկանի տված ցուցմունքի կրկնօրինակի չտրամադրումը:

«Դա իմ իրավունքն էր, որ մինչեւ առերեսվելը ես իմանայի, թե ի՞նչ ցուցմունք է տրվել իմ դեմ, ինչու՞մն են ինձ մեղադրում, որ էդ տիրույթում հարցեր տայի»,-բացատրում է զրուցակիցս, հետո հավելում, որ իր հետ առերեսման ժամանակ ցուցմունք տված ոստիկանը, գյումրեցու լեզվով ասած «կապտել» է, եւ որ նույն ամոթի զգացումը տեսել է նաեւ իրեն հարցաքննող քննիչի դեմքին:

Կարենը հիշում է նաեւ իրեն ծանուցագիր բերող ոստիկանին, ով այդ պահին հիշեցրել է «Հին օրերի երգը» ֆիլմից Ֆրունզիկ Մկրտչյանի հերոսին: «Մոտավորապես դեմքի նույն արտահայտությունն ուներ ու տպավորություն էր, որ սեւ թուղթ է բերել, չգիտի ինչ ձեւով տա: Զգում էի, որ ինքն էլ է վատ զգում, բայց հրաման է կատարում, ինչպես էն քննիչը կամ իմ դեմ ցուցմունք տվող ոստիկանը»,-Կարենը ծիծաղում է:

Հարցին, թե ինչու հենց իր նկատմամբ գործ հարուցվեց, ինչու՞ ոստիկանական բաժանմունք տարվածներից ընտրվեց Կարեն Պետրոսյանն ու արդյո՞ք նախադրյալ չէր հանդիսացել հունիսի 21-ին ավտոերթի ժամանակ իր ընդհարումը փոխոստիկանապետ Վահրամ Ենգոյանի հետ:

«Չգիտեմ, չեմ կարող ասել, այդ օրը մենք իրազեկման ավտոերթ էինք անում եւ հանկարծ մեր մեքենաները կարճ ժամանակով «փչացան» ամենաբանուկ Սայաթ-Նովա փողոցում: Իհարկե ոստիկաններն իրար խառնվեցին՝ պահանջելով ճանապարհը բացել: Ենգոյանը վիրավորական արտահայտություն արեց, որին ես պատասխանեցի: Ես ոստիկանից չեմ վախենում եւ ընդհանրապես որեւէ մեկից չեմ վախենում, ոչ թե նրա համար, որ աննորմալ եմ, այլ որ ես վախենում եմ միայն Աստծուց, իսկ մնացածին հարգում եմ»:

Կարենն ասում է, որ այն, ինչ հիմա իր նկատմամբ իրականացվում է, կոչվում է քաղաքական հետապնդում, թեպետ հարուցված գործը քրեական է: «Ես անկուսակցական եմ եւ այս պահին քաղաքականությամբ չեմ ուզում զբաղվել, այսինքն ես չեմ ուզում գնալ եւ մասնակցել պետական կառավարմանը, չեմ ասում պատրաստ եմ, պատրաստ չեմ, ուղղակի էս պահին չեմ ուզում, ես իմ գերակայությունն այդտեղ չեմ տեսնում, ես քաղաքական հարցեր չեմ բարձրացնում: Հարց, այդ դեպքում ինչու՞ եք քաղաքականացնում, եթե իմ դիրքորոշումը քաղաքացիական է: Ես այն ժամանակ էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում՝ «լույսը չբդի թանգընա», մեր բարբառով եմ ասում, եւ եթե մեր պահանջը չկատարվի՝ պատրաստ եմ կրկին փողոց դուրս գալ՝ իրացնելու քաղաքացիական իմ իրավունքը»:

Հարցնում եմ, թե ինչ է մտածում, կկարճե՞ն արդյոք իր դեմ հարուցված քրեական գործը:

«Կարծում եմ կկարճեն»,-պատասխանը լակոնիկ է:

Հետո մի պահ լռելով՝ շարունակում է. «Ես Գյումրին սիրում եմ ամենաշատը աշխարհում: Ու որեւէ մեկի մտքով չանցնի հանկարծ, թե իմ պահվածքով ուզում եմ քաղաքական հալածյալի կերպար կերտել,-զրուցակցիս ձայնի մեջ մետաղական երանգներ են հայտնվում,- ես երեւի մի 20-30 քաղաքներում աշխարհի եղել եմ, Երեւանում եմ ապրել ու աշխատել մի որոշ ժամանակ, սակայն կյանքը պատկերացնում եմ Գյումրիում, որովհետեւ Գյումրին իմ սիրած քաղաքն է, որտեղ անկախ նրանից, թե դու ինչ գաղափարական տարաձայնություն ունես, ինչ խմբավորումներ կան, էդ խմբավորումների միջի կարգին մարդիկ իրար հարգում են: էս քաղաքում բոլոր կարգին մարդիկ իրար հարգում են, սա Գյումրու սպեցիֆիկան է: Էս քաղաքի մեջ սխալը չի ընդունվում, չեմ ասում չի ներվում, դու սխալ արեցիր, ով ուզում ես եղիր, հավաքարարից մինչեւ քաղաքապետ, սխալ արեցիր, չի ընդունվի: Քեզ կհորդորեն, կբացատրեն, չես ուղղվի՝ «դիլիտ» կանեն: Էս քաղաքն էդ քաղաքն է: Իզուր չէ, որ Շիրազն ասել է ՝ «ճշմարտության մաղն ես Գյումրի»: Այսինքն ինքը ֆիլտր է, ում ուզում ես ֆիլտրել, ցանկացած մեկին Հայաստանում, բեր, Գյումրին կֆիլտրի: Գյումրին դիագնոզ տվող քաղաք է, ճշմարտության դիագնոզ: Ով ուզում է վերջնական որակի նշան ստանա, ուրեմն դա պիտի Գյումրին խփի: Ու պետք չէ զարմանալ, որ հայաստանյան բոլոր կարեւոր իրադարձությունների ֆիլտրումն հենց էս քաղաքում է լինում: Եվ մարդիկ էլ են ուրիշ, աղքատ են, բայց սրտաբաց, էս քաղաքում նայում են բովանդակությանը, ոչ թե ձեւին»:

Կարենն հիշում է, որ բերման ենթարկելու օրն անհետացել էր իր մեքենան: Ոստիկանները տարել էին եւ ինքը մի քանի օր երթեւեկում էր հասարակական տրանսպորտով կամ տաքսիով: Մի քանի դեպք է հիշում, երբ տաքսու վարորդը գումար չի վերցրել, իսկ մարդիկ փողոցում մոտենում էին եւ ասում, որ ընտանիքով իրենց հետ են: Նույն ջերմ վերաբերմունքն էր նաեւ նստացույցի օրերին, երբ տարբեր խավի մարդիկ երեկոյան գալիս էին, ուտելիք էին բերում, իրենց զորակցությունն էին հայտնում:

«Հասկանում եմ, որ շատ-շատերը խուսափում էին հրապարակայնությունից, ամեն մեկն իր խնդիրներն ունի, բայց նաեւ իրենց պարտքն էին համարում որեւէ կերպ մեզ օգնել, սկսած « բիրժի » տղեքից մինչեւ նույն այդ ոստիկանական համակարգի ներկայացուցիչները»,-նկատում է զրուցակիցս:

Կարեն Պետրոսյանի համոզմամբ, անկախ պառակտումից ու դրանից հետո ծավալված իրադարձություններից, քաղաքացիական հասարակությունն այս պահին հաղթել է. «Եղել է քաղաքացիական պահանջ, որը որոշակի հաջողություն է գրանցել, այսինքն կառավարությունը հայտարարել է, որ բեռն իր վրա է վերցնում եւ վճարումն էլ կատարելու է ոչ բյուջեից: Սա ես հաջողություն եմ համարում»:

Զրուցակցիս համոզմամբ, գուցե հնարավոր լիներ շատ ավելին անել, եթե մարդիկ չպառակտվեին, ինչպես եղավ օրինակ Գյումրիում հունիսի 15-ի բողոքի ցույցի ժամանակ: «Այն ժամանակ էլ մարդկանց մի մասին էմոցիաները, պահանջների չկատարումը բաժանեց երկու մասի ու մի մասը գնաց հյուպատոսարան,-հիշում է զրուցակիցս,-ես այդ ժամանակ հորդորեցի չմասնատվել, մնալ դատախազության դիմաց, բայց երբ մի կեսը գնաց, ես գնացի իրենց հետեւից, որ փորձեմ կամ հետ բերել, կամ որեւէ կերպ կանխեմ հնարավոր բախումները: Եղավ սադրանք, հետո ոստիկանական հետապնդումներ, որոնք ինչ որ տեղ կոտրեցին մարդկանց: Եվ եթե Բաղրամյանում ցույցի բռնի ցրումը, ուժի կիրառումն ունեցավ հակառակ էֆեկտը՝ մարդիկ եռապատիկ շատացան, ապա պառակտումը բերեց շարժման մարմանը»:

Լուսանակարները՝ Կարեն Պետրոսյան ֆեյսբուքյան էջից

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter