HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Revanche, քաղա՛ք, revanche (պատմվածք)

Կատուներն ամեն օր հավաքվում էին բակում  կեսգիշերին ու սկսում մլավել:
Նա, բալկոնում կանգնած, ծխում էր:

Մի տեսակ երազախաբ գիշեր էր: Երկար կարելի էր մտածել, թե որտեղից է ծագել բալկոն կառուցելու միտքը, ինչու են շենքերն այսքան մոտ, որ նույնսիկ մի անցք չի մնում արանքում միզելու համար  եւ ստիպված շքամուտքում կամ վերելակում ես հոգում կարիքներդ, ինչու մի օր պատուհանը դարձավ ավելի շատ դիմացի հարեւանին տեսնելու ցանկության միջոց եւ այդպես էլ հետ մնաց չինական հիերոգլիֆի իր նախնական իմաստից`օդափոխությունից:

Նա այս ամենի մասին մտածում էր, բայց ցերեկները, երբ կարող էր դա քննարկել, սահմանափակվում էր`ասելով`կարելի է մտածել:

Նեղն ընկած բավարարյալի պես ժամերով խմում էր մի բաժակ սուրճը, որ երկար մնա այն սրճարանում, որից կարող էր սկիզբ առնել գիշերային մտորումների ու սարսափի հերթական շարքը:

Երբ ոտքերը մի քիչ ամուր դրեց բալկոնի սալիկներին, սառնությունը սկսեց սողոսկել ներս. կատուներն էլ ավելի  բարձր էին մլավում: Փողոցի թարթիչավոր լուսարձակներից մեկը պարբերաբար անջատվում էր, ու այդ հատվածը զրկվում էր լույսից:

Նա էլ անջատեց բալկոնի լամպը ու նստեց մթության մեջ:

Շրջազգեստի տակ հուզիչ մի բան էր կատարվում. ցերեկը պարզել էր, որ քաղաքի բոլոր անցումներում այսուհետ կարելի է տասը րոպե կանգնել, ստուգել`ամեն ինչ նորմալ է ներսում, հետո մոտենալ ակորդեոն նվագող այդ ծերուկին ու ասել. «Նվագի՛ր, կվճարեմ»:

Հենց այդպես էլ արեց ցերեկը.

-Նվագի՛ր, կվճարեմ:

-Ի՞նչ նվագեմ:

-Ի՞նչ գիտես:

-Ես շատ բան գիտեմ, ասա՛:

-«Կնոջ բույրը»  գիտե՞ս…

-Պատմե՞մ, թե՞ նվագեմ:

Սկսվեց հոսել մեղեդին. անցումի տակ աղմուկ կար, բայց դուրս հորդեց. հիմա ուղեղում երկու բան էր` երաժշտությունն ու հոտը:

Քաղաքն այլեւս այդ երկուսին  չի հավատում:

Մետաղական է այն զգացողությունը, որ հայտնվում է քթիդ մեջ, երբ անցնում ես փողոցով ու թվում է`ուր որ է մարդիկ կրունկները կկտրեն այդ ամբոխից ու ոչնչության տենդից ազատվելով`կկիսեն քեզ հետ իրենց վերջին բրդուճը:

Բայց չէ՛….Քաղաքն էնքան բան է տեսել, որ այսօր էլ պատրաստ է տրաքել ներսից, միայն թե…Միայն թե ամբոխից երբեք չհրաժարվել:

Հենց այդ ամբոխն էր, որ մետրոյի հերթական կայանում չէր վճռում անգամ մի քայլ ընդառաջ գնալ վագոնին, երբ այն չէր երեւում:

Ամեն ինչ, ամեն ինչ իր ժամն ու ուղղությունն ունի այս քաղաքում եւ ամեն ինչ միաժամանակ քաոսի մեջ է:

Վագոններից մեկում, որն ավելի մարդաշատ էր, խցկվեց:

Դիմացի փոքրիկը ամուր բռնել էր մոր ձեռքը, իսկ մյուսով կավիճի մի կտոր:

Շուտով,  ձանձրանալով մետրոյի միալար տկտկոցներից, նա վեր կացավ տեղից:

Մայրը չսաստեց: Նա օրորվում էր, բայց ծուռ ու ոչ սովորական մի արեւ էր  նկարում:

Խոնավության ու մթության մեջ հենց այդ արեւն էր, որ չհուզեց մետրոյի ամբոխին:

Հուսալքվեց: Ցեխոտ ոտքերով կանգնեց նկարի վրա. սկսեց մաքրել:

Քաղաքն էլի կերավ լուսավորը:

Հիմա այս երկու քառակուսի մետր բալկոնում նա կռացել, կուչ էր եկել. թվացյալ այդ ճաղերը, սալիկների սահմանը, անջատումը հարեւաններից եւ լույսի բացակայությունը նրան սարսափելի տարածական էր թվում:

Շունչը պահեց, գրկեց ոտքերը: Կատուներն անընդհատ մլավում էին: Նրանց սաստող ոչ ոք չկար:

Սաստողները գիտեն, որ անկարող են, երբ չհասկացված են:

Հիմա ինքը ոչինչ եւ ոչ մեկին չի կարողանում առանձնացնել:

Առավոտյան հազարների հետ նա լցրեց սուրճի բաժակը, հազարների պես խոզանակեց ատամները ու պտտեց բանալին:

Մեկնաբանություններ (2)

Անուշ
իհարկե:սա նոր գործի նախասկիզբ է,որը կարծում եմ բոլոր նախորդ գործերի զգացածը ամփոփում է:
Ida
ԴԵ ՎԱԼ-ից հետո ավելին էի սպասում: Ափսոս: Հուսով եմ` ԴԵ ՎԱԼ-ը ստեղծագործական պիկդ չէր: Նոր եկունքներ եմ մաղթում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter