HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Խոսող ձեռքեր

Առավոտյան, երբ 16-ամյա Օկսաննայի և 15-ամյա Ալեքսի փոքր եղբայրը դպրոց էր շտապում, իրենք հերթով հարմար տեղավորվում էին համակարգչի առաջ և սկայպը միացնում։ Համակարգչի էկրանի այն կողմից տեսակապի միջոցով սուրդո-մանկավարժ Նարինե Ստեփանյանն ամեն օր Օկսաննայի ու Ալեքսի հետ աշխատում էր ուսումնական ծրագիրը հասցնել, որից հետ էին ընկել։ Ի պատասխան սուրդո-մանկավարժի հարցերի՝  էկրանի այս կողմից հետևում էին լուռ պատասխաներ՝ ձեռքի շարժումներով ու կցկտուր բառեր և բառակապակցություններ։ Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում բնակվող Օկսաննա և Ալեքս Ավանեսյանները մանկուց լսողության խանգարում ունեն։ Երեխաների մայրը՝ Իննա Ավանեսյանը, ասում է, որ երեխաների մոտ  լսողության խանգարում նկատվել է 2-3 տարեկան հասակից։

«Պարզվեց՝ Օկսաննայի մոտ 6 տոկոս էր լսողությունը, իսկ Ալեքսի մոտ՝ 7 տոկոս։ Գնալով այդ տոկոսն էլ քչացել է, քանի որ երեխաները այդպես էլ չհարմարվեցին լսողական սարքին։ Բան չէին լսում, դրա համար էլ չէին կրում»,- ասում է մայրը։

Ստեփանակերտի լսողության խանգարումներով երեխաների հատուկ դասարանում սովորելու համար  երեխաները 3 տարի ապրել են Ստեփանակերտի համար 1 գիշերօթիկ հաստատությունում։ Երկու տարի էլ ընտանիքն էր տեղափոխվել Ստեփանակերտ։ Քույր ու եղբայր մինչև 5-րդ դասարան են միայն դպրոց հաճախել։

«Մեր երրորդ երեխան առողջական խնդիրներ ուներ և ստիպված հետ եկանք  Ճարտար»,- բացատրում է տիկին Իննան։

ԼՂՀ ԿԳ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնում 2014թ․ սեպտեմբերից կազմակերպվում են հեռավար դասընթացներ շրջաններում ապրող լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար։

2014-2015 ուսումնական տարում հեռահար դասընթացներին մասնակից  11 երեխաների ԼՂՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը համակարգիչներ է տրամադրել։

Իննան ասում է, որ իրենք իրենց լեզուն ունեն։ Մայրը չի տիրապետում համրերի ժեստերին, ուստի իրենք իրենց նշաններն են հորինել, որով շատ հանգիստ շփվում են։

Ծնողները վստահեցնում են, որ Ալեքսն ու Օկսաննան իրենց հասկակիցների հետ շփվելու խնդիր չունեն։

«Նրանք ոչնչով չեն տարբերվում իրենց հասակակիցներից, ընկերների հետ են շփվում ու անգամ հեռուստացույց դիտում։ Փոքր ժամանակ էին նեղվում, որ չէին կարողանում իրենց ուզածը հասկացնել մեզ»,- պատմում է երեխաների մայրը։

Հարցնում եմ, թե ինչով են ուզում զբաղվել դպրոցից հետո։ Երկուսը մեղմ ժպտում են, հետո նայում Իննային։ Օկսաննան, մատներով մկրատ ցույց տալով, մոտեցրեց մազերին։ Նա վարսավիր է ուզում դառնալ։

Ալեքսը դեռ չի կողմնորոշվել, բայց ծնողները վստահեցնում են, որ ոսկի ձեռքեր ունի ու փոքր հասակից մեքենաներից լավ գլուխ է հանում։

Լսողական խանգարումներով երեխանները շփման կարիք ունեն

15 տարի է՝ Արցախում գործում են լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դասարաններ։ 2008 թվականից հատուկ դասարանները գործում են Ստեփանակերտի թիվ 9 միջնակարգ դպրոցում։ Սուրդո-մանկավարժ Աիդա Սևլիկյանը, ով 1998թ. -ից աշախտում է խուլ ու համար երեխաների հետ, «Հետքի» հետ զրույցում ասաց, որ մինչ այդ լսողական խանգարումներով երեխաների համար հատուկ դասարանները գործում էին Ստեփանակերտի թիվ 11 ավագ դպրոցում։ Ըստ ուսուցիչների՝ երեխաներն այնտեղ ավելի շատ էին ներգրավված մարզական և մշակությանին միջոցառումներում, ինչը չես ասի թիվ 9 դպրոցի մասին։

Ստեփանակերտի թիվ 9 դպրոցի տնօրեն Արթուր Անտոնյանի խոսքով՝ իրենք լսողական խանգարումներ ունեցող աշակերտներին հնարավորություն են տալիս  մասնակցել ներդպրոցական տարբեր միջոցառումների։  

Սուրդո-մանկավարժ, արատաբան, լոգոպեդ և հոգեբան Սուսաննա Հայրապետյաը 15 տարի է  աշխատում է լսողական խանգարումներ ունեցող երեխաների հետ։

«Այժմ ունենք երկու կոմպլեկտ դասարան՝մեկը միջին օղակում, մյուսը՝ կրտսեր։ Երկուսն էլ խառը կոմպլեկտ դասարաններ են․կրտսեր օղակում քառակոմպլեկտ ուսուցում է իրականացվում, որ անհեթեթություն է՝ հաշվի առած այն, որ մեկ դասարանում միաժամանակ ուսուցանվում են առաջինից չորրորդ դասարանի երեխաներ, ովքեր, բացի լսողության խնդիրներից, ունեն նաև այլ հիվանդություններ (դաուն, մանկական ուղեղային կաթված և այլն)։ Նման երեխաներին առանձնահատուկ մոտեցում է պետք»,- վրդովվում է տիկին Ս. Հայրապետյանը։

Ներկա դրությամբ լսողական խանգարումներ ունեցող երեխաները  ներառական ուսուցում են ստանում դպրոցում։ Իսկ թե լսողության խնդիրներ ունեցող երեխան ինչպիսի՞ կրթություն պիտի ստանա, որոշում են ԿԳ նախարարությանը կից գործող գնահատման և թեստավորման կերնտրոնի համապատասխան բաժնի մասնագետները։

«Միշտ չէ, որ մենք համամիտ ենք լինում ԳԹԿ-ի կողմից այս կամ այն երեխայի համար սահմանված ուսումնական ծրագրի հետ։ Այսպես, օրինակ, մանկական ուղեղային կաթվածով խուլ ու համար երեխայի համար նախատեսել են առաջնորդվել հանրակրթական առարկայական չափորոշիչով։ Ըստ իս, դա ճիշտ չէ, մանավանդ որ ցանկության դեպքում էլ նման ուսուցում իրականացնելն անհնար է»,- համոզված է փորձառու սուրդո-մանկավարժը: Նրա ասելով՝ ամեն մի աշակերտի համար կազմվում է անհատական ուսումնական պլան, որով և առաջնորդվում են ուսուցիչները։

Զրուցակիցս ցավով է  նշում, որ դպրոցում չկան երեխաների լիարժեք ուսումը կազմակերպելու համար անհրաժեշտ պայմաններ։ Նման երեխաների համար կարևորը միմյանց հետ շփումն է, իրենց հասկանալի լեզվով։ Իսկ նման հնարավարություն չկա, նրանք շփվում են միայն դպրոցում։

«Բացի դրանից՝ կան նաև շտկողական անհատական պարապմունքներ, որոնց հաշվին լրացվում էր երեխաների շփման պակասը։ Բայց, չգիտես ինչու, այդ դասերն էլ են կրճատվել․ շաբաթական մեկ պարապմունքը փոքրերի համար 60 րոպե է, իսկ մեծերինը՝ 40 րոպե»,- ասում է Ս․Հայրապետյանը։

Միջին օղակում առարկայական ուսուցիչները աշխատում են թարգմանիչների հետ։ Իսկ կրտսեր օղակում վերապատրաստված սուրդո-մանկավարժներ են աշխատում։

Այն, որ լսողական խանգարումներ ունեցող երեխաները հաճախում են հանրակարթական դպրոց, մասնագետի կարծիքով՝ մեղմ ասած ոչ մարդասիրական վերաբերմունք է։ Նման երեխաների հետ պետք է իրականացնել  անհատական շերտավորված ուսուցում։

«Լսողական խանգարումներով մարդկանց հրաժարվում են աշխատանքի ընդունել՝ վախենալով պատասխանատվությունից»

Արցախում ֆիզիկական սահմանափակ կարողություններով մարդիկ աշխատանքի տեղավորվելու խնդիր ունեն։ Ոչ բոլոր գործատուներն են պատրաստ ֆիզիկական խնդիրներով աշխատողներ ընդունել, առավել ևս՝ ապահովել նրանց համար համապատասխան աշխատանքային պայմաններ։ «Ղարաբաղ կարպետ»-ն այն եզակի  ընկերություններից է, որտեղ այսօր աշխատում է լսողական խնդիր ունեցող 6 գորգագործ։

 «Ղարաբաղ կարպետ»-ի արտադրության պետ Հասմիկ Մխիթարյանն ասում է, որ, ճիշտ է, սկզբում նրանց հետ շատ դժվար էր, բայց արդեն սովորել են նրանց որոշ ժեստեր, և շփումն ավելի է հեշտացել։

«Փորձը ցույց տվեց, որ, չնայած լսողական խանգարումներին, նրանք շատ ավելի ընդունակ են, քան մնացածները։ Բացի դրանից՝ նրանք ավելի որակով են աշխատում»,-ասում է Հ․Մխիթարյանը։

Ստեփանակերտից 20-ամյա գորգագործ Բորիս Ասրյանը, չնայած երիտասարդ տարիքին, «Ղարաբաղ կարպետ»-ի ամենահմուտ գորգագործներից է։ Մեկ տարուց ավելի է, ինչ նա աշխատում է գորգագործարանում։

Բորիսն ասում է, որ շատ է ուզում ֆլորիստ աշխատել, բայց Ստեփանակերտի և ոչ մի ծաղկի սրահում նրան աշխատանքի չեն վերցնում։ Այսօր նա բավարարվում է միայն գորգերի վրա ծաղիկներ գործելով ու տանը իր համար թղթե ծաղիկներ պատրաստելով։

«Ամենից շատ ուզում եմ ծաղիկների հետ աշխատել, սիրուն կոմպոզիցիաներ ստեղծել։ Ամեն անգամ գնում եմ ծաղկի տարբեր խանութներ, բայց՝ անօգուտ։ Ոչ մեկ դեռ չի ուզում աշխատանքի ընդունել»,-ասում է Բորիսը։

 «Խուլ ու համրերի»  միության սուրդո-թարգմանիչ Նազիկ Մուրադյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ, իրոք, շատ դժվար է լսողական խանգարումներով մարդկանց աշխատանքի տեղավորելը։

«Իրականում շատ գործատուներ չեն համաձայնվում լսողական խանգարումներով մարդուն աշխատանքի ընդունել, ոչ այն պատճառով,որ չեն ուզում, այլ պարզապես վախենում են պատասխանատվությունից։ Բացի դրանից, ոչ բոլորն են հասկանում նրանց ժեստերի լեզուն»,-ասում է Ն․Մուրադյանը։

Առ այսօր միակ ընկերությունը, որ աշխատանքի է ընդունել լսողական խնդիրներով մարդկանց, «Ղարաբաղ Կարպետ»-ն է։ Ընկերության արտադրության պետ Հասմիկ Մխիթարյանը վստահեցնում է, որ իրենք պատրաստ են լսողական խնդիրներով ևս 2-3 աշխատող ընդունել և գորգագործություն սովորեցնել։

Արցախի «Խուլ ու համրերի միության» տվյալներով՝ ամբողջ հանրապետությունում  լսողական խանգարումներով 196 մարդ է գրանցված, որից 43-ը մինչև 16 տարեկան երեխաներ են։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter