HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գազարով հայտնի Արամուսում պատգամավորի եղբոր որդին ընդլայնում է բազալտի բացահանքը

ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Վոլոդյա Բադալյանի եղբոր որդին ընդլայնում է Արամուսի բազալտի բացահանքը:

«Ա.Ա.Բ. պրոեկտ» ՍՊԸ-ն ՀՀ բնապահպանության նախարարություն է ներկայացրել Արամուսի բազալտի հանքավայրի «Արմենիուս» տեղամասի ընդլայնման նախագիծը, որի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումները կայանալու են օգոստոսի 7-ին:

Համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ «Ա.Ա.Բ. պրոեկտ» ընկերության հիմնադիրը և տնօրենը Արմեն Բադալյանն է, Վոլոդյա Բադալյանի եղբոր որդին: Հիշեցնենք նաև, որ Վոլոդյա Բադալյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամին է:

«Արմենիուս» տեղամասը գտնվում է Կոտայքի մարզի Աբովյանի ենթաշրջանում: Տեղայակված է Արամուս գյուղից 1 կմ հեռավորության վրա:

2011թ. ընդերքօգտագործման իրավունքով ընկերությանը տրամադրված է 15,6 հա հանքային դաշտի տարածք՝ բազալտների զանգվածի 2054 հազար խ/մ: Կառուցված է քարամշակման արտադրամաս, արդյունաբերական հրապարակ:

Պաշարները հաշվարկվել են երկրաբանական բլոկների եղանակով: Տեղամասի վերին շերտի խիստ ճաքճքված բազալտների պաշարները, 2390.6 հազար խ/մ ծավալով, հաստատվել են որպես հումք շինարարական խճի և ավազի արտադրության համար: Ստորին շերտի թարմ բազալտի պաշարները, 3184.1 հազար խ/մ ծավալով, հաստատվել են որպես հումք երեսպատման իրերի բլոկների արտադրության համար:

ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացրած նախագծի համաձայն՝ նախատեսվում է 15,6 հա տարածքն ընդլայնել և դարձնել 30,3 հա: Տարեկան արդյունահանել 150 հազար խ/մ խիստ ճաքճքված բազալտների զանգված և 15 հազար խ/մ թարմ բազալտների զանգված: Արդյունահանումը տեղի է ունենալու պայթեցումների միջոցով: Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ հանքն ընդամենը 1 կմ է հեռու Արամուս գյուղից:

Արամուսի գյուղապետ Հրայր Նիկողոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ պայթեցումներ դեռևս չեն արվել, սակայն եթե նախագծում նման բան է նախատեսված, ոչ գյուղացիները, ոչ ինքը, ոչ էլ ավագանին չեն համաձայնի:

«Դա ուղղակի գրված է, որ եթե հանկարծ որոշենք, որ պայթեցումներ արվեն, հնարավորություններ ունենանք, երկրորդ անգամ չդիմենք: Բայց հիմնականում էսքան ժամանակ չենք էլ արել: Մենք էքսկավատորներ ունենք, որոնք առանց պայթեցման, եթե տեղերը թույլ են լինում, քանդում հանում են: Հազարից մեկ է լինում, բայց տեղեր կան, որ մոնոլիտ պատ է լինում, որ, ասենք, ոչ մի տեխնիկայով հնարավոր չէ քանդել, փոքր անցքեր է արվում,պայթեցվում է»,- «Հետքի» հետ զրույցում ասաց հանքի սեփականատեր Արմեն Բադալյանը:

Գյուղապետի խոսքով, նախատեսված տարածքը արոտավայր է, չօգտագործվող վարելահողեր և քարքարոտ  հողեր: Գյուղապետը Նիկողոսյանը նշեց, որ հանքավայրի տարածքը վարձակալությամբ են տալու: Արամասում հեկտարի արժեքի վարձակալությունը տարեկան 124 հազար է:  

Ա. Բադալյանն ասում է, որ հանքը որոշել են ընդլայնել, քանի որ արդյունահանում իրականացվող տարածքում այլևս նպատակահարմար չէր շարունակել գործունեությունը, քարի որակը փոխվել էր: Ընդլայնվող տարածքում սեփականատերը հույս ունի ավելի լավ պաշարներ արդյունահանել: Բազալտը իրացվում է միայն տեղական շուկայում: Սակայն շինարարական ոլորտը, ըստ սեփականատիրոջ, այնքան էլ աշխույժ չէ:

Նշենք, որ սա երկրորդ բազալտի հանքն է նույն Արամուսի վարչական տարածքում, որը հայտնի է գազարի մշակությամբ: 2014թ.-ին «Նառշին» ՍՊԸ-ին ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված է 6,5 հա տարածք բազալտի արդյունահանման նպատակով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter