HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Մշակույթի նախարարությունը ոչինչ չի ձեռնարկում «Գառնի» արգելոցի եւ Արքունի բաղնիքի քայքայումը կանխելու համար

Հուլիսի կեսերին Երեւանը հյուրընկալեց «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսի մասնակիցներին՝ պատվիրակներ 45 երկրից եւ միջազգային կազմակերպություններից: Նրանց թվում էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով օգնական Ալֆրեդո Պերես դ'Արմինիանը եւ ԵՄ Արևելյան գործընկերության մշակութային ծրագրերի պատասխանատու-համակարգող Թիմ Ուիլյամսը: 

«Ցավոք, պատմության ընթացքում տարատեսակ ավերիչ բռնությունները բնաջնջել են քաղաքակրթություններ, ոչնչացրել, արմատախիլ արել մշակույթներ իրենց բնօրրաններից։ 21-րդ դարում աշխարհի տարբեր տարածաշրջաններում մշակութային արժեքների նկատմամբ վայրագությունները, ինչպիսին են, օրինակ, Աֆղանստանում 2001 թվականին Բուդդայի արձանների, Նախիջևանում ադրբեջանական բանակի կողմից Ջուղայի հայկական խաչքարերի, մի քանի շաբաթ առաջ սիրիական քաղաք Պալմիրայում 2000-ամյա պատմություն ունեցող հուշարձանների ոչնչացումը, վկայում են, որ կրոնական եւ ազգային ատելության դրսևորումները հավասարապես ուղղված են մշակութային արժեքների դեմ»,- իր ելույթում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար,  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը:

Պակաս սրտակեղեք ու հուզիչ չի եղել ՀՀ նախագահի խոսքը կոնֆերանսի բարձրաստիճան հյուրերի ընդունելության ժամանակ: «Աշխարհը բարդ և դժվարին ժամանակներ է ապրում՝ մի կողմից ստեղծվում են բարձրարժեք մշակութային գործեր, մյուս կողմից, ցավոք, ծայրահեղականները ոչնչացնում են համաշխարհային մշակութային հարստության մաս կազմող այդ անփոխարինելի արժեքները ...»,- ափսոսանք էր հայտնել նախագահը:

Մշակույթի նախարարության կայքէջում տեղադրված լուսանկարներից տեղեկանում ենք, որ կոնֆերանսի մասնակիցները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակներում ընդգրկված Հայաստանի պատմամշակութային կոթողներ այցելելուց բացի, եղել են նաեւ Գառնիի տաճարում: Մշակույթի հեղինակավոր մասնագետների ու փորձագետների աչքից հազիվ թե վրիպեր այնտեղ գտնվող 3-րդ դարի Արքունի բաղնիքի դիցաբանական բովանդակությամբ խճանկարի քայքայված լինելը, արգելոց-թանգարանի հուշարձանների եւ ընդհանրապես տարածքի քանդված ու անխնամ վիճակը: 

Դրանից հետո որքանո՞վ լուրջ կընդունեն նրանք կոնֆերանսում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյանների հնչեցրած՝ վանդալիզմի, աշխարհում մշակութային արժեքները ոչնչացնելու մասին դատապարտող ելույթները: Արգելոցում տիրող վիճակի հասցեատերը ոչ իսլամիստական խմբավորումներն են, ոչ էլ ադբեջանցիները, ում կարելի է քննադատել թեկուզ ամենահեղինակավոր ամբիոններից կամ անհասցե մեղադրանքներ ուղղել աշխարհի մշակութային արժեքները ոչնչացնող վանդալիստներին: Հայաստանի կառավարությունը դրանում սեփական պատասխանատվության բաժինը չի տեսնում, իսկ արդյոք կոնֆերանսի մասնակցինե՞րն էլ այդպես մտածեցին:

5-6 տարուց ավելի է, ինչ ահազանգվում է «Գառնի» պատմամշակութային ագելոց-թանգարանի տարածքում գտնվող 3-րդ դարի Արքունի բաղնիքի դիցաբանական բովանդակությամբ խճանկարի քանդվելու մասին: «Ի՞նչ է ձեռնարկվել խճանկարը ոչնչացումից փրկելու համար, արդյոք խճանկարի վերաբերյալ համապատասխան նախագիծ պատվիրվե՞լ է: Եթե` ոչ, ապա ի՞նչ է նախատեսվում այդ ուղղությամբ եւ ի՞նչ ժամկետներում»,- հերթական հարցումը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին ուղարկել ենք մեկ ամիս առաջ: 

Հարցմանը պատասխանել է նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը: ««Գառնի» պատմամշակութային ագելոց-թանգարանի տարածքում գտնվող արքունական բաղնիքի հատակի խճանկարների հետագա քայքայումն ու վնասումը կանխելու նպատակով, նաեւ հաշվի առնելով խնդրի կարեւորությունն ու հրատապությունը՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը 27.10.2014 թ.-ին դիմել է լիազոր մարմնին՝ խնդրանքով նախարարության պատվերով կազմելու բաղնիքի հատակի խճանկարի վերականգնման համար անհրաժեշտ նախագծա-նախահաշվային փաստաթղթերը եւ այն տրամադրել ՊՈԱԿ-ին՝ հաշվի առնելով, որ «Պահպանության ծառայությունը» պատրաստակամ է սեփական միջոցներով ձեռնամուխ լինել խճանկարների վերականգնման աշխատանքների իրականացմանը»,- ասվում է պատասխան գրության մեջ:

Այսինքն, սա այն դեպքը չէ, երբ սեփական անգործությունը կարող էին քողարկել ֆինանսական միջոցների բացակայության մասին հայտարարելով: Գառնիի տաճարից հավաքագրվող հասույթների մոտավոր հաշվարկներն անգամ բացառում են այդ հանգամանքը, ուստի, այս հարցում գործ ունենք հանցավոր անտարբերության հետ:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենը նույն անորոշ պատասխանը մեզ տվել էր նաեւ մեկ տարի առաջ՝ մեր հերթական գրությանը պատասխանելով. «Խճանկարի վերաբերյալ համապատասխան նախագիծ կպատվիրվի, կներկայացվի լիազոր մարմնի գիտամեթոդական խորհուրդ ու քննության կառնվի: Համապատասխան դրական եզրակացությունից հետո կսկսվեն վերականգնման  աշխատանքները»:

Ստացվում է, որ  լիազոր մարմինը՝ մշակույթի նախարարությունը, միայն գրանցում է ՊՈԱԿ-ի դիմումները: Չնայած նրանց՝ սեփական միջոցներով աշխատանքներ իրականացնելու պատրաստակամությանը, նախաքրիստոնեական Հայաստանի գեղանկարչության եզակի հուշարձան համարվող բաղնիքի հատակի խճանկարի վերականգնման համար անհրաժեշտ նախագծա-նախահաշվային փաստաթղթեր կազմելու քայլեր չի ձեռնարկում:

Մեր նախորդ հրապարակումներում գրել ենք, որ ոչ միայն Արքունի բաղնիքը, այլեւ ընդհանրապես «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանն այցելուներին ներկայանում է անխնամ վիճակում` դեպի հեթանոսական տաճար տանող ճանապարհն անբարեկարգ է, հարակից շինությունների պատերը խարխլվել, քարերը թափվում են եւ այլն:

Ի՞նչ է արվել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանն ու դրա տարածքը բարեկարգելու համար, մեր հաջորդ հարցին, ՊՈԱԿ-ի տնօրենը մի ընդարձակ պատասխան է ներկայացրել: «Արգելոց թանգարանի տարածքում մշտապես իրականացվում են բարեկարգման աշխատանքներ: Մասնավորապես անցյալ տարի բարեկարգվել է հնագետների նախկին բազայի հարեւանությամբ գտնվող 90 մ երկարությամբ հենապատը, տեղադրվել են 9 նստարաններ: Կատարվել են 250 քմ ճիմապատման աշխատանքներ, սանհանգույցի եւ ջրամատակարարման համակարգի ընթացիկ վերանորոգում ...»,- ասվում է գրության մեջ:

Ընթերցողներին հիշեցնենք, որ հենապատը ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադմիր Պողոսյանի ցուցումով քանդվել էր տեղում սրճարան կառուցելու նպատակով: Այս հարցում հանրության մեծ դիմադրությանը հանդիպելուց հետո, երբ նրան չհաջողվեց իրականություն դարձնել իր արատավոր ծրագիրը, հարկադրված եղան վերականգնել քանդված պատը, ճիմապատել շինարարական աշխատանքների հետեւանքով ոչնչացված կանաչապատ տարածքը եւ տեղում նստարաններ տեղադրել: Նորությունն այս առումով, արգելոցի տարածքում տեսահսկման համակարգ տեղադրելն է, որի աշխատանքներն երեկ են ավարտվել:

Թե իրականում ինչպես է արգելոցի տարածքը ներկայանում այցելուներին, ներկայացնենք արտասահմանում բնակվող մեր գործընկերներից մեկի facebook-ում արված գրառումը Գառնիի տաճար այցելելուց հետո: «Հուշարձանի տարածքն անջրդի, չորացած, անխնամ խոտեր, քանդված, քայլելու համար անհարմար սալահատակ, արեւի տապից խանձված, վաղուց ջուր չտեսած ծեղեր ․․․ ոչ մեկ կաթիլ ջուր՝ ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանի հուշարձան աղբյուրից: Երեւի վաղուց ջուր չտեսած աղբյուրի դեղնած գուռը աղբանոցի էր վերածված։ Սիրտս կուչ եկավ։ Հիշեցի, թե ինչպես էր մեծ ճարտարապետը երբեմն ձորից շալակով բերում, հավաքում, վերականգնում սիրելի հուշարձանը ...: Չեմ խոսում բաղնիքի ծածկի խայտառակ լուծումը, ձորը հուշարձանից բաժանող կանաչ ներկած երկաթի չափարը:  Վերադարձա ծանր սրտով»,- նկարագրել էր:

«Մինչեւ հոկտեմբեր ամիսը ՊՈԱԿ-ը ձեռնամուխ կլինի նաեւ սալահատակի մասնակի վերականգնման աշխատանքերի իրականացմանը»,- խոստանում է ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Պողոսյանը՝ «Գառնի» արգելոց-թանգարանն ու դրա տարածքում, իր պատկերացմամբ, բարեկարգման աշխատանքների թվարկումն ավարտելով:

Մեկնաբանություններ (1)

Анжелика
Добрый день! Хочу заметить что если Министерство Культуры не заботится об этом, то почему люди удивляются что происходит в нашей стране? Мы даже не можем позаботится о том, что нам очень дорого. Все таки, это наша КУЛЬТУРА, это гордость страны в целом. Гордость всех армян. Мне очень стыдно ………Что мы не пытаемся сохранить то, что у нас осталось. Жаль

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter