HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Գազաբալոնից մինչև պայթյուն տանող շղթան․ որտե՞ղ է թույլ օղակը (տեսանյութ)

2012-2015թթընթացքում գազալցակայաններում գրանցվել է 18 պայթյուն, որոնցից 4-ական Երևանում և Կոտայքի մարզում, 3 դեպք՝ Արմավիրի մարզում և 1 կամ 2 դեպքեր Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի, Լոռու մարզերում:

18 պայթյուններից միայն 5-ը գրանցվել է այս տարվա մայիսին՝ մեկը մյուսի հետևից, մի քանիսն էլ ՝ մահվան ելքով։

Հենց մայիսի վերջին կայացած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, խոսելով գազալցակայաններում տեղի ունեցած պայթյուններից, ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին հանձնարարել է «խիստ վերահսկել անվտանգության ռեժիմները»։

Վարչապետի այս մտահոգությունը հասկանալի է, քանի որ Արտաշատից Երասխ տանող ճանապարհին իր ազգականների գազալցակայաններն են։

Կառավարության այդ նիստից հետո ևս 2 պայթյուն է գրանցվել (Չարենցավան, Մարալիկ

Հայաստանում կա գազաբալոնով 250 հազարից ավելի մեքենա, գազաբալոնով է հասարակական տրանսպորտի մեծ մասը: Մոտ 250 հազար մեքենայից  տարեկան մինչև 10 %-ն  է փորձարկում անցնում:

Օղակ 1 Օրենսդրություն անվտանգությունը՝ միայն փաստաթղթերի վրա

Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու, գազաբալոններ տեղադրելու, դրանք փորձարկելու համար գոյություն ունեն հստակ սահմանված կանոնակարգեր, նորմեր, կառավարության որոշումներ, որտեղ մանրամասն ներկայացվում է, թե վերոնշված գործունեությունն իրականացնողները ինչպիսի սկզբունքներով պետք է առաջնորդվեն, ինչպես պետք է աշխատեն, ինչ սարքավորումներ և ինչպիսի անձնակազմ պետք է ունենան։

Սակայն օրենքի ուժը թուլանում է, երբ բացակայում են  անմիջական վերահսկող մարմինները: Երկրներ կան, որտեղ գազի ոլորտը հսկում է առանձին օղակ, ինչը թույլ է տալիս առավել արդյունավետ կարգավորել ոլորտի աշխատանքը։ Մեզ մոտ ոլորտի տարբեր օղակներ կարգավորվում են տարբեր նախարարությունների կողմից:

ՏԿԱԻՆ-ը  գազալցակայանները պարբերաբար ստուգում է, գրանցում խախտումները, ստուգում փաստաթղթերի համապատասխանությունը, տուգանում կամ հրամայում ՝ վերացնել և շտկել թերությունները։

Էկոնոմիկայի նախարարությունը հավաստագրեր է տալիս գազաբալոններ տեղադրող, փորձարկող իրավաբանական անձանց, «պահանջում», որպեսզի գազի բալոնով մեքենաները 2 տարին մեկ փորձաքննություն անցնեն, իսկ մեքենայի  դիմապակու վերևի աջ անկյունում փակցված լինի դրոշմված կտրոն՝ գազաբալոնների հաջորդ վկայագրման ժամկետով: Սակայն այդպիսի կտրոններ չկան, ինչպես նաև քիչ են այն վարորդները, ովքեր գոն 2-3 տարին մեկ փորձարկում են իրենց մեքենաները:

«Լիզենզավորման մասին» ՀՀ օրենքը, դաշտն առավել ազատ դարձնելու համար, պարտադիր  լիցենզավորման ենթակա գործունեության ցանկից հանել է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող, գազաբալոններ տեղադրող իրավաբանական անձանց: Վերջիններս կարող են հավատարմագրման փաստաթուղթ ստանալ Էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ից:

Հայաստանում կան  հավտարմագրված 8 փորձարկման լաբորատորիաներ, որոնք իրավունք ունեն  կատարել սեղմված բնական  գազի բալոնների պարբերական վկայագրում և գազավառելիքային սնման համակարգի փորձարկում ։
Դրանք են՝

  • «Իտալ ԳԱԶ» ՍՊԸ
  • «Լիր-Սթար» ՍՊԸ
  • «Պրեմիում Գազ» ՍՊԸ
  • «Միքայել Մարգարյան» ՍՊԸ
  • «Էքսպերտ Թեչ» ՍՊԸ
  • «Պապ և Հարություն» ՍՊԸ
  • «Մարտունու Գազ» ՍՊԸ
  • «Նհո- Հրաչ» ՍՊԸ

Ըստ Էկոնոմիկաի նախարարության՝ «Հետք»-ին տրամադրած տեղեկության՝ բոլոր լաբորատորիաներն ունեն համապատասխան արտադրական բազա, տեխնոլոգիական սարքավորումներ,  անձնակազմն էլ բավարարում է  հաստատված պահանջներին:

Օրենդրական դաշտն  այն օղակն է, որը  կարող է կարգավորել մնացած բոլոր օղակների գործունեությունը, սակայն ստացվում է, որ այն դեռևս չունի համապատասխան լծակները:

Օղակ 2. Գազաբալոններ

Գազաբալոնային սարքավորումներ տեղադրելու համար ևս գոյություն ունեն համապատասխան որոշումներ, պահանջներ, տեխնիկական կանոնակարգեր: Մասնավորապես, 2006թ․ հոկտեմբերի 19-ի N 1582-Ն որոշմամբ՝ ավտոմեքենաների վրա գազաբալոն տեղադրելու համար իրավաբանական աձինք պետք է ունենան՝

  • Համապատասխան արտադրական բազա և անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներ, այդ թվում՝ կոմպրեսորային սարքավորումներ,
  • Այդ աշխատանքը կատարելու համար համապատասխան որալավորում ունեցող բանվորական և ինժեներատեխնիկական անձնակազմ,
  • «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքով սահմնաված կարգով  տրված հավատարմագրման վկայագիր:

Գազաբալոն տեղադրող  իրավաբանական անձինք համապատասխան հավատարմագիրը ստանում են  Էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից:

Հավատարմագրման սկզբունքներից մեկը կամավորությունն է, ինչն էլ բերում է նրան,որ գազաբալոնների մեծ մասը տեղադրվում է ոչ մասնագիտացած ընկերություններում, և որն ամենավատն է՝ տնային պայմաններում և ոչ  մասնագետների կողմից։

Ըստ կառավարության նույն որոշման՝ գազաբալոնները պետք է ենթարկվեն պարբերական վկայագրման, ունենան բնութագրող համապատասխան փաստաթղթեր, փակիչ փական, հրդեհի ժամանակ ճնշումն իջեցնող սարքեր, պաշտպանիչ թասակ, փակիչ-ապահովիչ հարմարանք, կոմպենսիացիոն գալարներ և այլն: Մեր ուսումնասիրության տվյալներով ՝ 25-ից ավելի մեքենաներից շատ քչերն էին բավարարում թվարկված պահանջներին:

Օղակ 3. Վարորդներ

Երբ գազաբալոնով մեքենաների վարորդների հետ խոսում ես բալոնի անվտանգությունից և դրանց պարտադիր փորձարկումից, նրանք գրեթե միաձայն ասում են,  որ  ՝ 100 տարի ա քշում ենք, բան չի եղել։ Մի քանիսն էլ նույնիսկ նշում են, որ բալոններն անձամբ իրենք են տեղադրում:  

Բալոնները, միշտ չէ, որ նոր են լինում: Որոշ դեպքերում դրանք նույնիսկ գազաբալոններ չեն, այլ թթվածնային, ամոնիակի և այլ բալոններ են, որոնք թեև «էժան» և մատչելի են, սակայն պայթյունի դեպքում ավելի ծանր հետևանքներ կարող են առաջացնել, քանի որ ունեն տարբեր կառուցվածք և տարբեր ճնշումների համար են նախատեսված:

Օղակ 4. Միջնորդ կազմակերպություններ

Հասարակական տրանսպորտի և տաքսիների մեծ մասը աշխատում են գազաբալոններով: Մարդատար տաքսիներին ուղևորափոխադրումներ կատարելու համար անհրաժեշտ է  ստանալ լիցենզիա:  Այն ստանալու համար  վարորդները պետք է ներկայացնեն համապատասխան փաստաթղթերը (որոնց մեջ է մտնում նաև համապատասխան փորձարկումներ անցնելու  փաստաթուղթը), և ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմինը  (այս դեպքում՝ Տրանսպորտի և կապի նախարարությունը ) դրանք ուսումնասիրելով՝ տրամադրում է լիցենզիա:

Երբեմն  այդ փաստաթղթերի ձեռքբերումն այնքան ժամանակատար է լինում, որ վարորդները ստիպված դիմում են այսպես կոչված «միջնորդ կազմակերպությունների», որոնք որոշակի գումարի դիմաց, խնայելով վարորդների ժամանակը, կատարում են մեքենայի լիցենզավորումը:


Կարեն Ալավերդյանը (անունը փոխված է - հեղ.), պատմում է, որ ինքն օգտվել է նմանատիպ  կազմակերպության «օգնությունից», քանի որ «ժամանակի խնդիր ուներ և պետք է աշխատանքի» դուրս գար:

Լիցենզիայի տրամադրման համար անհրաժեշտ է պահանջվող  բոլոր փաստաթղթերի առկայությունը, իսկ թե նշված կազմակերպությունն իրականում գոյություն  ունի կամ մեքենայի փորձարկում եղել է, թե ոչ, դա  արդեն այլ հարց է:

Օղակ  5.  Գազալցակայաններ

Պատճառներից մեկը, որը կարող է բերել գազաբալոնի խոտանման և հետագայում՝ պայթյունի  բարձր ճնշմամբ  լցավորվող գազն է։ Վարորդներն իրենք էլ չեն հերքում, որ գազի ճնշումը պահանջվող 200 մթնոլորտից ավելի  է:

ԱԳԼՃԿ-ները տեխնիկապես ունեն այն հնարավորությունը, որ  սահմանեն առավելագույնը 200 ճնշում և ավել չլցավորեն, սակայն բարձր ճնշումը թույլ է տալիս փաստացի  քիչ գազ լցավորել, ստանալ շատ  գումար:

Մենք հարցում էինք ուղարկել ՏԿԱԻՆ և խնդրել էինք ներկայացնել, թե իրենք ինչպես և ինչ կարգով են վերահսկում գազալցակայնների գործունեությունը։ ՏԿԱԻՆ-ի պատասխանը թեև լակոնիկ էր, բայց ոչ հստակ.

ՀՀ ՏԿԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից ԱԳԼՃԿ-ներում պարբերաբար իրականացվում են հրդեհատեխնիկական հետազոտություններ և վերահսկվում է նրանց  կողմից, որպես արտադրական վտանգավոր օբյեկտ, ժամանակին տեխնիկական փորձաքննություն անցնելու գործընթացը:

Խնդիրն այն է, որ  գազալցակայանների ստուգումը երբեմն ևս կրում է փաստաթղթային բնույթ. գոյություն ունի ԱԳԼՃԿ ստուգման հարցաշար, ըստ որի ստուգվում է և վերահսկվում է գազալցակայանը:

Ինչպե՞ս կարգավորել ոլորտըառաջարկ Էկոնոմիկայի նախարարությանը

Մկրտիչ Տիգրանյանի ղեկավարած  «Էքսպերտ Թեչ» ՍՊԸ-ն Հայաստանում  ստեղծված փորձարկման առաջին լաբորատորիան է և մեկը գործող 8 լաբորատորիաներից է , որն ունի «սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու, գազաբալոններ տեղադրելու, դրանք փորձարկելու» հավատարմագրման վկայագիր:

Մկրտիչ Տիգրանյանն այս ոլորտում է 1989թ․ից. գազաբալոնների և գազալցակայանների պայթյունի հետ կապված խնդիրները նոր չեն, որ անհանգստացնում են իրեն։ «Խնդիրն առաջացել է նրանից, որ ի սկզբանե գազալցակայաններում լցավորումներն արվել են շատ բարձր ճնշմամբ,-ասում է Մ․Տիգրանյանը,-200-ի փոխարեն լցավորվել է 230-250 բար, առանձին մարզերում՝ մինչև 280, ինչն անթույլատրելի է, և բերում է բալոնի խոտանման»։

Թեև այդ խոտանումն արտաքնապես նկատելի չէ, սակայն փաստացի 2-3 անգամ նվազեցնում է բալոնի աշխատանքի տևողությունը։ «Վերջին 5-6 տարվա ընթացքում ներմուծվող բալոնների 99 % չինական արտադրության մետալոպլաստե բալոններ են, որոնց աշխատանքային ռեսուրսը 15 տարի է, -ասում է Մ․Տիգրանյանը,-բայց երբ նրանք շահագործվում են բարձր ճնշմամբ, նրանց շահագործման ժամկետի տևողությունը կրճատվում է  2-3 անգամ»։

«Հայջրմուղկոյուղին» վերջերս «Էքպերտ Թեչ»  էր բերել 10 մեքենայի բալոն, որից 8-ը խոտանվել է, այնինչ դրանք ընդամենը 7 տարվա են եղել։

Մկրտիչ Տիգրանյանը պատմում է, որ ինքն Էկոնոմիկայի նախարարությանն առաջարկել է ստեղծել մի բազա, որտեղ գազաբալոնով  մեքենաների վարորդները ոչ միայն կիմանային երբ, ինչպես և ինչ կարգով  պետք է փորձարկեն իրենց մեքենաների բալոնները , այլ գազալցակայաններում էլ այդ բազայի շնորհիվ կտեսնեին՝ արդյոք մեքենայի գազաբալոնի հետ ամեն ինչ կարգին է ։ «Ես նույնիսկ առաջարկեցի՝ասեցի՝ սերվերը ես դնեմ, տեխնիկական մասը ես ապահովեմ, ստեղծվի մի  բազա, որը հետո կարող էր հիմք հանդիսանալ, որպեսզի չփորձարկված բալոնը չմտներ գազալցակայան, սակայն էնտեղ միայն ասացին՝ լավ առաջարկ է ու վերջ»,-նշում է Մ․Տիգրանյանը։

Թեև այդ առաջարկն այդպես էլ չիրագործվեց, սակայն Մ․Տիգրանյանի մեկ այլ նախագիծ այժմ քննարկման փուլում է․«Կառավարությանը որոշման նախագիծ ենք ներկայացրել, որ այս տարվանից գազաբալոնների խողովակի փականները դառնան պարտադիր»,-ասում է Մ․ Տիգրանյանը։ Վերհիշելով  նախորդ տարվա նոյեմբերի Գյումրու դեպքը, երբ  «Գազել»-ի և «Կամազ»-ի բախման հետևանքով գազի պայթյուն էր եղել, և 7 հոգի մահացել էր՝ Մ․Տիգրանյանն ասում է, որ զոհերից հնարավոր կլիներ խուսափել հենց այդ փականների շնորհիվ, քանի որ այն կդադարեցներ գազի արտահոսքն, ու պայթյուն տեղի չէր ունենա։

Մ․Տիգրանյանի հաշվարկներով՝ 250 հազարից ավել մեքենաների գազաբալոններից փորձարկում անցել է շատ քիչ մասը. «Բացի 2 լաբորատորիաներից,(ընդհանուր 8, հեղ)մնացածի տվյալները մենք հաշվեցինք, պարզվեց, որ ընդամենը բալոնների 5-7 %   է փորձարկված»,-ասում է Մ․Տիգրանյանը։

Շարունակելի

Մեկնաբանություններ (1)

anny
and we ride these taxis as tourists in AM !! Horrible ! can you give advice about a SAFE vehicle ? TH.Y.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter