HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ծեծի վարկած. «Էյր Արմենիան» ավելի քան 5 մլն դրամ է պարտք «Տարոն-Ավիայի» տիրոջ որդուն

Ամսի 15-ից սկսած՝ հայկական համացանցը հեղեղված է «Էյր Արմենիա» ավիաընկերության ղեկավար Արսեն Ավետիսյանի ծեծի մասին նյութերով: Մասնավորապես, shamshyan.com-ը հայտնել է, որ Ավետիսյանի կնոջ՝ Իզաբելա Մելքումյանի տեղեկացմամբ՝ «Տարոն-Ավիա» ավիաընկերության տեր Գառնիկ Պապիկյանը «Էյր Արմենիայից» իր պարտքը ստանալու համար դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո), ով ամսի 15-ին հանդիպում է նշանակել ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ ֆուտբոլի ակադեմիայում, որը գտնվում է Ավանում, Հայրապետյանին  պատկանող «Հարսնաքար» համալիրի հարեւանությամբ: Ավիատորի կինը պատմել է, որ ժամը 18-ի սահմաններում ամուսինը գնացել է ՀՖՖ, ինչից քիչ անց զանգել է Արսենի եղբայրն ու ասել, որ նրան ծեծելով տարել են ու պահում են ՀՖՖ-ում: «Yerevan news»-ի հետ զրույցում էլ Իզաբելա Մելքումյանը պատմել է, որ ամուսնուն սպառնացել են՝ ասելով, որ եթե չվերադարձնի պարտքը, ապա նրա երեխաները կվերադարձնեն: Ըստ այդմ՝ Ավետիսյանին ծեծի են ենթարկել Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամները: Այսօր Ավետիսյանի կինը բաց նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին՝ նշելով, որ մտահոգված է ամուսնու եւ ընտանիքի անվտանգությամբ:

Ավանից Ավետիսյանը տեղափոխվել է թիվ 3 կլինիկական հիվանդանոց («Արամյանց» ԲԿ), որտեղից հետո տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: News.am-ի փոխանցմամբ՝ Ավետիսյանը գտնվում է համալիրի դիմածնոտային բաժանմունքում, վիճակը կայուն բավարար է, հայտնաբերվել է քթի ոսկորի կոտրվածք՝ թեթեւ տեղաշարժով, ազդրի, թիակի թեթեւ սալջարդեր: Նույն կայքը նշել է, որ Ավետիսյանը դիմել է իրավապահներին, ու առաջիկայում քրգործ կհարուցվի: Քննության շրջանակներում արդեն հարցաքննվել են Ա. Ավետիսյանը, Ռ. Հայրապետյանն ու նրա երկու թիկնապահները: Ըստ կողմերի՝ «իրար չեն հասկացել», սակայն վեճի բուն առարկան չեն նշում:

«Տարոն-Ավիայի» սեփականատեր Գառնիկ Պապիկյանը «Հետքի» զանգերին չի պատասխանում: Այդուհանդերձ, մենք որոշ մանրամասնել ենք գտել երկու հայկական ավիաընկերությունների փոխհարաբերությունների մասին, ինչը կարող էր վեճի առարկա դառնալ:

«Տարոն-Ավիային» ու «Էյր-Արմենիային» կապող օղակներից մեկը «Boeing 737-500» օդանավն է (EK-73797), որը 2013-2014 թթ. շահագործում էր «Էյր Արմենիան»: Այս ինքնաթիռը ամերիկյան «ILFC» կորպորացիայից վարձակալել էր «Տարոն-Ավիան», սակայն հետո հանձնել էր «Էյր Արմենիային», որը Հայաստանի միակ ավիափոխադրողն էր այն ժամանակ: Երբ 2014-ի աշնանը ֆինանսական խնդիրների պատճառով «Էյր Արմենիան» դադարեցրեց չվերթները, Գառնիկ Պապիկյանը վերադարձրեց իր օդանավը: Չի բացառվում, որ ենթավարձակալը որոշակի չմարված ֆինանսական պարտավորություններ ունի «Տարոն-Ավիայի» առաջ: Սա ընդամենը վարկած է:

Երկրորդ վարկած: Գյումրեցի Գառնիկ Պապիկյանը երկու որդի ունի՝ 25-ամյա Տարոնն ու Տավրոսը, որոնք երկվորյակներ են: Ընկերությունն, ի դեպ, հենց առաջինի անունով է: Մեզ հայտնի է, որ Տավրոսն օդաչու է: Նա 2013-ի հոկտեմբերի 21-ից մինչեւ 2014-ի հոկտեմբերի 31-ն  աշխատել է «Էյր Արմենիայում» իբրեւ նշված «Boeing 737-500»-ի երկրորդ օդաչու: 2014-ի նոյեմբերին «Էյր Արմենիայի» «Airbus A320» եւ «Boeing 737-500» ինքնաթիռների 8 օդաչուներ, այդ թվում՝ Տավրոս Պապիկյանը, մտել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ ընկերությունից պահանջելով իրենց աշխատավարձերի պարտքերն ու տուժանքները: «Էյր Արմենիան» հայցի դեմ չի առարկել, դատավոր Գագիկ Խանդանյանն այս տարվա մարտի 2-ին բավարարել է հայցը: Ըստ այդմ՝ Տավրոս Պապիկյանի աշխատավարձի պարտքը կազմել է 4.827.164 դրամ, իսկ տուժանքը հունվարի 26-ի դրությամբ՝ 833.681 դրամ, ընդհանուր՝ 5.660.845 դրամ: Սակայն դատարանը շեշտել է, որ տուժանքները շարունակելու են հաշվարկվել հունվարի 27-ից մինչեւ պարտավորությունների փաստացի կատարման օրը:

ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրի տվյալներով՝ ներկայում մի շարք դատական գործերի առնչությամբ իբրեւ հայցի ապահովման միջոց արգելանքներ են դրված «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի գույքի ու ֆինանսական միջոցների վրա: Ընկերությանը դատի են տվել ոչ միայն նախկին աշխատակիցները, այլեւ «Կոնվերս բանկ», «Ամերիաբանկ» ՓԲԸ-ները, «Աքիլա Տեխնիքս» ավիատեխսպասարկող ընկերությունը, «Յումակս» եւ «Արմյանկոյե բյուրո պուտեշեսվիյ» ՍՊԸ-ները: Սրանց գործերը շարունակվում են, հայցագների չափով արգելանքներ են դրված, «Էյր Արմենիայի» բաժնետերերին արգելվել է օտարել բաժնետոմսերը: Իր հերթին «HSBC» բանկն էլ այս տարվա հուլիսին սնանկության գործով հայց է ներկայացրել ավիաընկերության դեմ:     

Օգոստոսի 14-ին «Էյր Արմենիան» հաղորդագրություն տարածեց այն մասին, որ 68.600.000 դոլար ընդհանուր արժեքով արժեթուղթ է մուտք արվել ընկերության բալանս, ինչի շնորհիվ ավիաընկերությունը կխուսափի սնանկացման վտանգից եւ այլ ֆինանսական ռիսկերից: Սա երկար սպասված քայլ էր օֆշորային գոտի Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «East Prospect Fund»-ի կողմից: Չնայած 2014-ի դեկտեմբերին հայտարարվել էր, որ 50 մլն դոլար (որը, փաստորեն, վերջնարդյունքում դարձավ 68,6 մլն) ներդրումների դիմաց «East Prospect Fund»-ը դառնում է «Էյր Արմենիայի» 49 տոկոսի բաժնետեր, վերջինս դեռեւս չի կարողանում իրավաբանական գրանցում ստանալ ՀՀ-ում, քանի որ ներկա բաժնետերեր Վահան Հարությունյանին (կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի եղբայրը) ու Ռուզաննա Թովմասյանին (Ա. Ավետիսյանի մայրը), ինչպես նշեցինք, արգելվել է օտարել բաժնետոմսերը:

51 տոկոսի նոր բաժնետեր կդառնա Արսեն Ավետիսյանը, որը նաեւ ընկերության տնօրենն է: «Էյր Արմենիայի» խմբագրված կանոնադրության մեջ այս փոփոխություններն արդեն կան: Ընկերության կանոնադրական կապիտալն այժմ կազմում է 67.200.100.000 դրամ (672.001.000 հատ բաժնետոմսերից յուրաքանչյուրի անվանական արժեքը՝ 100 դրամ):  

68,6 մլն դոլար ներդրման մասին հայտարարությունն ու վերջին աղմկոտ իրադարձությունը համադրելով՝ տպավորություն է ստեղծվում, որ «Էյր Արմենիայի» որոշ պարտատերեր գումարի մասին լսելուց հետո շտապել են պահանջել իրենց պարտքը:

Մեկնաբանություններ (1)

մհո
Նեմեց ռուբո, հարսնաքար, թիկնազոր .... լուրջ բաներ են ինչպես գիտենք ... էլ ինչ արդարաբանություն, վովան - մովան, կոստան - փոստան, սայմանագրություն ... փաստորեն, նոր խմբապետական հայ-հույաստանում ենք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter