HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հափշտակված միլիարդ. Արմավիրի սոցապի պետը քննության ընթացքում մեծածավալ գույք է օտարել, քննիչները եւ դատարանը չեն ուզում տեսնել դա

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Արմավիրի տարածքային բաժնի նախկին պետ Սեյրան Կարապետյանը պետական բյուջե է փոխանցել 200 մլն դրամ: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով: Ս. Կարապետյանը, սակայն, իրեն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։

2011 թվականին հարուցված քրեական գործը ութ ամիս է դատարանում է։ Ի սկզբանե, սա  հայտնի «Խաչիկյանի թոշակների գործ»-ի մի մասն էր, հետո այն առանձնացվել է ընդհանուր գործից եւ դարձել «Արմավիրի սոցապի գործ», որտեղ պետությանը հասցված վնասի չափը 450 մլն դրամ է: Հիշեցնենք, որ «Խաչիկյանի գործով» հափշտակված գումարի չափը 240 մլն դրամ էր:  

Արմավիրի տարածքային բաժնի պետ Սեյրան Կարապետյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունների չարաշահում):

Սեյրան Կարապետյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ 2008-2010թթ. ընթացքում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է 450 մլն դրամի էական գույքային վնաս, ինչն անզգուշորեն առաջացրել է ծանր հետևանքներ:

Նրա տեղակալ Հերիքնազ Ասատրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խարդախություն՝ առանձնապես խոշոր չափերով):

Այս հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաեւ սոցիալական ապահովության պետական ծառայության Արմավիրի տարածքային բաժնի օպերատոր Ալվարդ Պողոսյանին, «Հայփոստ» ՓԲԸ–ի Արմավիրի մարզային մասնաճյուղի տնօրեն Սամվել Պողոսյանին եւ «Հայփոստ» ՓԲԸ–ի Արմավիրի փոստային բաժնի 01 փոստային բաժանմունքի պետ Գոհարիկ Դավթյանին:

Մի փաստ արժե արձանագարել՝ նախաքննության գրեթե ողջ ընթացքում այս հինգ հոգին մեղադրվում էին Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով: Սակայն, վերջին պահին չորսի մեղադրանքը փոխվեց, անփոփոխ մնաց միայն պետինը: Պետը, որը պատասխանատու է իր կառույցում ամեն ինչ համար, հանկարծ քննիչները գտան, որ նա չէ հիմնական պատասխանատուն, այլ նրա տեղակալը` մնացած երեքի հետ միասին: Եւ գործի նյութերից քննության ընթացքին հետեւելով՝ կարելի է տեսնել այդ ճանապարհը, որը գծել է քննություն իրականացնող մարմինը, որպեսզի պետին հեռու պահի լուրջ մեղադրաքներից, եւ հափշտակված հիմնական գումարի` 1 մլրդ դրամի մասով գործը չբացահայտվի:

Նրա  տեղակալը կնիք չունի, ոչ էլ ի պաշտոնե` լիազորություն նյութական պատասխանատվություն կրելու։ Քրեական գործում պետի դեմ կա երկու ցուցմունք։ Ալվարդ Պողոսյանն իր ցուցմունքներում ասել է, որ պետը իրենց  հանձնարարել է, իրենք էլ  կատարել են նրա ասածները։ Սեյրան Կարապետյանի դեմ մյուս ցումունքը տվել է փոստի պետը` Սամվել Պողոսյանը։ Նա ասել է, որ իրենք պետի հետ միասին են աշխատել։ «Նախաքննական այդ ցուցմունքները մեղադրանքի հիմքում դրված չեն եղել»,- ասում է Հերիքնազ Ասատրյանի պաշտպան Ղևոնդ Պապոյանը։

Նախաքննական փուլում չորս մեղադրյալները՝ Սեյրան Կարապետյանը, Հերիքնազ Ասատրյանը, Գոհարիկ Դավթյանը, Սամվել Պողոսյանը կալանավորվեցին, իսկ օպերատոր Ալվարդ Պողոսյանը ձերբակալվելուց հետո ազատ արձակվեց եւ ընտրվեց սոտորագրոթյամբ չհեռանալու մասին խափանման միջոցը։ Կալանավորվելուց հետո Սամվել Պողոսյանը հրաժարվել է ցուցմունքներ տալ։  

Հատված «Հայփոստ» ՓԲԸ-ի Արմավիրի մարզային մասնաճյուղի տնօրեն Սամվել Պողոսյանի ցուցմունքից (2009թ. սեպտեմբերի 25)

2007թ. վերջերին՝ նոյեմբեր կամ դեկտեմբեր ամսին, ստույգ չեմ հիշում: Արմավիրի սոցապ բաժնի պետ Սեյրան Կարապետյանը, որը ծնունդով Ջանֆիդա գյուղից է, այսինքն՝ ինձ համագյուղացի է, առաջարկեց, թե տուն ենք պահում, արի մի քանի խախտում անենք, փող աշխատենք: Ես համաձայնվեցի, թե որքան փող ենք աշխատելու եւ ինչ ճանապարհով է դա արվելու, Սեյրանը պատասխանեց, թե քո գործը չի, վերեւներով` Վազգեն Խաչիկյանից սկսած՝ դաբրոն կա: Ես փորձեցի Սեյրանից ճշտել, թե ինչպես, ինչ եղանակով պետք է փող աշխատեն, նա չմանրացավ, ասաց, որ Հերիքնազը կուղարկի փոստային բաժանմունքներ, այնտեղ ցուցակներ կավելացնենք, փող կհանենք, հետո ցուցակները կմաքրենք, արխային եղիր, քո մասին ոչ ոք չի իմանա: Իմ խնդիրը, դերը պետք է լիներ այն, որ ուշադրություն չդարձնեի եւ չստուգեի, ավելի ճիշտ՝ մանրակրկիտ չխորանայի: Դրա դիմաց Սեյրանը ինձ խոստացավ ամեն ամիս տալ 150 հազար դրամ եւ խոստացավ, որ եթե գործերը լավ լինեն, այդ վարձատրությունը կբարձրացնի: Սկսած 2008 թ. հունվարից՝ Սեյրանը ինձ ամեն ամիս տալիս էր 150 հազար դրամ, որը մինչեւ 2010թ. վերջը դարձավ 300 հազար դրամ: Ինձ վարձատրած ամիսներին հասկանում էի, որ լրացուցիչ ցուցակներ են սոցապում տպագրել եւ ուղարկել վճարման: ...Ընդհանուր 2008-2010թթ. ընթացքում Սեյրանը  ինձ տվել է 5 մլն 700 հազար դրամ...

Օպերատոր Ալվարդ Պողոսյանը, որը ձևավորել է ցուցակները, նախաքննության ընթացքում տված ցուցմունքներում հակասական տեղեկություններ է հայտնել։  Ցուցմունքներից մեկում ասել է, որ ինքը պետի սենյակում է եղել, չի հիշում՝ տեղակալն այնտե՞ղ էր, թե՞ ոչ, պետը հանձնարարել է, որ «այսպես պետք է լինի, մնացած մանրամասները տեղակալը կասի, դուք կզբաղվեք։ Ամեն ինչ նորմալ է, դուք խնդիրներ չեք ունենա»։ Մի ուրիշ ցուցմունքում նա ասել է.  «Հանձնարարությունը տվել է պետը, կատարել ենք մենք»:

«Օպերատորը ցուցմունքները հարցաքննությունից հարցաքննություն փոխել է։ Ալվարդ Պողոսյանը դատաքննության ընթացքում էլ հայտարարեց այսպես, որ ես պնդում եմ իմ  ցուցմունքներից որպես կասկածյալ եւ մեղադրյալ կարգավիճակում տրված ցուցմունքները, իսկ մինչ այդ տված ցուցմունքներս չեմ պնդում, հարցերին չեմ պատասխանում, ցուցմունքներ չեմ տալիս։ Այսինքն՝ ակհայտ է, որ պետին պաշտպանելու ծրագրված սցենար է իրականացվում»,- ասում է փաստաբան Ղևոնդ Պապյանը։

 «Սեյրան Կարապետյանը պետությանը պատճառած վնասի համար 200 մլն դրամ է մուտք արել բյուջե։ Երեք մեղադրյալներից յուրաքանչյուրը վճարել է 15 մլն դրամ։ 2008-2010թթ. ընկած ժամանակահատվածին է վերաբերում մեղադրական եզրակացությունը, այսինքն՝ չարաշահումներն այդ թվերին են եղել։ Այդ նույն ժամանակահատվածում Սեյրան Կարապետյանը ձեռք է բերել մի քանի հարյուր հազարավոր դոլարների գույք։ Նրա աշխատավարձը եղել է 180 հազար դրամ։ Երբ իրեն առաջին անգամ կանչել են հարցաքննության, երբ դեռեւս վկա էր, դրանից հետո մոտ մեկ ամսվա ընթացքում ինքը ամբողջ գույքն օտարել է իր դստերը եւ եղբոր որդուն։ Այսինքն՝ մինչեւ մեղադրանք առաջադրելը ինքը գիտակցել է, որ խնդիր ունի եւ անմիջապես սկսել է օտարել գույքը»,- ասում է պետի տեղակալ Հերիքնազ Ասատրյանը:  

Սեյրան Կարապետյանը դատարանում հայտնել է, որ հարցերին չի պատասխանում, ցուցմունքներ չի տալիս։ Նշենք, որ նախաքննության փուլի ավարտից առաջ նա քննիչին է ներկայացրել հիմնարկի հրամանագիրքը, որում առկա է հրաման, ըստ որի՝ իր բոլոր պարտականությունները դնում է իր տեղակալ Հերքինազ Ասատրյանի վրա։ Այդ հրամանագիրքը աշխատանքի վայրում խուզարկության ընթացքում չի հայտնաբերվել, Սեյրան Կարապետյանի տան խուզարկության ընթացքում եւս չի հայտնաբերվել, հետո նախաքննության ավարտից առաջ այդ մատյանը պետը բերել, հանձնել է քննիչին: Քննիչը հարց է տվել՝ ինչպե՞ս պատահեց, որ սա չհայտնաբերվեց խուզարկության ժամանակ։ Պետը պատասխանել է, որ «շատ խնամքով եմ պահպանել, դրա համար չի հայտնաբերվել» ։

Հիմա իրավապահները եւ դատարանը փորձելու են այսպես ավարտին հասցնել սցենարը։

Սեյրան Կարապետյանը նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ ոչ մի բանից տեղյակ չի եղել, եթե եղել են չարաշահումներ, ապա այն կարող էր կատարել իր տեղակալը։ Նա ասել է, որ իրեն բերել, ներկայացրել են փաստաթղթերը, ինքն էլ վստահելով՝ դրանք ստորագրել է, առանց նայելու։ Նա ասել է նաեւ, որ իր մեղավորությունն այն է, որ ուշադիր չի եղել, լավ չի ստուգել ցուցակները, վստահել է իր տեղակալին։

Հերիքնազ Ասատրյանը իրեն մեղավոր չի ճանաչել եւ ասել է, որ պետի նշած գործառույթներն ինքն ի պաշտոնե լիազորություն չուներ անելու:

«Թերի քննություն է եղել։ Մեղադրանքի հիմքում դրված է 450 մլն դրամ, որը  ստացվել է խեղաթյուրված բազային տվյալներից վերցրած ինչ-որ ցուցակներից։ Կարելի է ասել՝ այն, ինչը դրվել է մեղադրականի հիմքում, առանց ապացույցների է։ Ծառայությունը բազա է ունեցել, դրել համադրություն են արել: Ըստ այդ համադրության՝ տարբերությունը կազմել է 1 մլիլիարդ 450 մլն դրամ։ Սակայն, չգիտես ինչու, նախաքննական մարմինը հիմնավորված է  համարել 450 մլն-ի հափշտակության դրվագը»,- ասում է փաստաբանը։ 

Տարիներ տեւող քննության ընթացքում քնչական մարմինը այդպես էլ  չի կարողացել պարզել՝ ուր է անհետացել մեկ միլիարդ դրամը։ Հափշտակված կենսաթոշակները, թաղման նպաստները, մահվան պատճառով չստացված կենսաթոշակներն այդպես էլ չեն վերադարձվելու պետությանը։

Արմավիրում ոչ մի քաղաքացուց բողոք չի եղել: Բոլորը ստացել են կենսաթոշակները, ժառանգվող գումարները։ Իսկ դա նշանակում է, որ այստեղ  կեղծ ցուցակներ են եղել։ Այդ ցուցակները ոչ մի տեղ չեն պահպանվել։ Այսինքն՝ եղած ցուցակները ոչնչացված են, չնայած չի բացառվում, որ պետը դրանք էլ «խնամքով» պահպանում է ինչ-որ մի տեղ: Չի բացառվում նաեւ, որ այդ ցուցակները մեղադրյալներից որևէ մեկի մոտ լինեն։ Գործի նյութերում չկա ոչ մի տող պետի գույքի մասին, քննիչը չի հարցնում՝ ինչպե՞ս եք ձեռք բերել այդ գույքը, եւ ինչո՞ւ եք բոլորը օտարել ձեր դստեր կամ եղբոր որդուն: Քննիչը, իհարկե, կարելի է ենթադրել, որ հարցրել է այդ մասին, բայց այդ մասը գործում չկա: Ինչո՞ւ, հայտնի է՝ ինչի դիմաց:

Եւ, իհարկե, ակնհայտ է, որ այդ միլիարդը պետի ձեռքի տակով է անցել, դրա մի մասը, բնականաբար, իր վերադասներին է տվել, մի մասով էլ իր համար գույք է ձեռք բերել: Բայց քննչական մարմնի համար գծված է սահմանը, այն փոխանցվել է նաեւ դատավորին, եւ շուտով կարտացոլվի դատավճռում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter