Ճոճկանցիների կարկտահարված ցանքատարածքների և բնակարանների վնասների փոխհատուցում չի նախատեսվում
Այս տարվա հունիսի 11-ին կարկուտը աղետալի վնաս էր պատճառել Ճոճկան գյուղին: Կարկտահարության վնասներն ուսումնասիրող հանձնաժողովի 15.06.2015թ. ակտի համաձայն՝ գյուղում փաստացի վնասվել էր 430 շենք-շինություն, ջարդվել էր 17 800 մեծ, 13 582 փոքր ազբոշիֆեր, 820 կղմինդր, պատուհանների 664.5քմ ապակի, 31 մարդատար ավտոմեքենա: Կարկուտը 90-100 տոկոսով Ճոճկանում ոչնչացրել է 260հա ցորենի , 200 հա գարու, 150 հա արևածաղկի, 15 հա եգիպտացորենի, 21հա կարտոֆիլի, 2 հա ծխախոտի ցանքատարածություններ, ինչպես նաև 24 հա խաղողի, 31 հա պտղատու և 80 հա տնամերձ այգիներ: Ոչնչացել է նաև գյուղացիների բանջարեղենի և հատիկաընդեղենի 21 հա դաշտ:
Գյուղապետ Ա. Թամազյանն ասում է, որ հանձնաժողովի արձանագրած վնասը ժամանակին ներկայացրել է Լոռու մարզպետարան: Այստեղ էլ հաշվարկել են վնասի գումարային արժեքը և ներկայացրել կառավարություն: «Մարզպետարանից ինձ չեն տվել գյուղի վնասի կոնկրետ գումարային չափը: Իմ տեղեկություններով՝ այն 2 միլիարդ դրամից ավելի է»,- ասաց Ա. Թամազյանը: Արդեն անցել է երկու ամիս: Կարկտահարությունից տուժած ճոճկանցիները որևէ աջակցություն չեն ստացել և անհամբեր սպասում են իրենց վնասների փոխհատուցմանը:
«Եկել գրել, գնացել են, բայց արդյոք կփոխհատուցե՞ն, թե՞չէ: Էն վաղեն գլխիս տակը փափուկ բալիշ են դրել ու գնացել: Չգիտեմ՝ ճոճկանեցոց կյանքը ոնց կընթանա էս տարի: Ընտանիքում 9 անձ ենք, 4 անչափահաս երեխա ունենք: Թոշակով ու նպաստով ենք ապրում`նիսյայի վրա ենք»,- ասաց Օլգա Հակոբյանը: «Ո՞վ տի մեզ օգնի, ու՞ր է կառավարություն»,- զայրացած մորն ընդհատեց Օլգայի որդի Արայիկը, ում տան տանիքը և մեկ հա ցորենի ու գարու արտը նույնպես վնասվել են:
Երեկ գյուղապետ Ա. Թամազյանը «Հետքին» հայտնեց, որ կառավարությունը ճոճկանցիների ցանքատարածություններին և բնակարաններին պատճառված վնասների համար փոխհատուցում կամ որևէ օգնություն չի նախատեսել: «Մարզպետի հետ վիճակի նախնական քննարկում է եղել, օգնության մի 5 մլն դրամի մասին է խոսքը, որը սուբվենցիայի տեսքով պետք է հատկացվի համայնքի բյուջեին, այն էլ դեռ չի հատկացվել»,- ասաց գյուղապետը:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հեռախոսով մեզ հետ զրուցելիս կարկտահարությունից տուժած Ճոճկանի մասնավոր սեկտորին օգնելը բացառեց: «Կմարվի ճոճկանցիների՝ պետությունից գնած միայն ցորենի սերմացուի այս տարվա պարտքը, 15մլն դրամ կհատկացվի IFAD-ի ծրագրով գյուղում կառուցվող խմելու ջրագծի համայնքի ներդրումը փոխհատուցելու և 5մլն դրամ սուբվենցիա կհատկացվի համայնքի բյուջեին` ճոճկանցիների այս տարվա հողի հարկը փոխհատուցելու նպատակով»,- ասաց Ա. Նալբանդյանը:
ճոճկանցի Սամվել Սիրադեղյանը բացատրեց, որ գյուղացիների մեկ հողաբաժին վարելահողի տարեկան միջին հարկը կազմում է 8 հազար դրամ: «Եթե գյուղացիների ահռելի վնասների դիմաց դրանով է կառավարության փոխհատուցումն ավարտվում, դա ծիծաղելի գումար է»,-ասաց նա: Ս. Սիրադեղյանը նաև հայտնեց, որ ճոճկանցիները կանխիկ վճարումով են գնել ցորենի սերմացուն և պարտք չունեն կառավարությանը: Նրա ասելով՝ գյուղի ջրագծի կառուցման համայնքի 15մլն դրամ ներդրումը դեռ նախորդ տարի ճոճկանցիներին խոստացել է վճարել Ախթալայի ԼՀԿ-ն:
Ա. Թամազյանն էլ բացատրեց, որ ցորենի սերմացուի պարտքը մարելու մասին մարզպետի խոստումը վերաբերում է ոչ թե շարքային գյուղացիներին, այլ գյուղի խոշոր հողատերերին, այդ թվում՝ նաև իր և իր եղբոր ցորենի սերմացուի պարտքերին: Ա. Թամազյանի ասելով՝ Ճոճկանի խմելու ջրագծի կառուցման համայնքի ներդրումը կազմում է 30մլն դրամ: Դրանից 15մլն դրամը խոստացել է տալ Ախթալայի ԼՀԿ-ն, մարզպետը ի նկատի ունի ներդրման մյուս 15մլն դրամը, որը գյուղապետարանն ի վիճակի չէ վճարել:
«Եթե խոշոր հողատերերը ցորենի սերմացուի արժեքը պարտք են մնացել, և այսօր կառավարությունը փոխհատուցում է նրանց պարտքը, ապա փոքր հողատերերը, այդ թվում նաև ես, վարկ ենք վերցրել և կանխիկ վճարել ենք ցորենի սերմացուի արժեքը: Ո՞րն է դրանց տարբերությունը»,- առարկեց Սամվել Սիրադեղյանը:
Ճոճկանում շատ բնակարանների՝ կարկտից վնասված տանիքները դեռևս բաց են, ոմանք էլ անձրևից պաշտպանվելու համար կապույտ բրեզենտ են քաշել իրենց տան տանիքներին: «Հնար չունենք, ինչո՞վ տենք աշնանացանն անի: Բազմազավակ մայր եմ, 5 երեխա ունեմ, մի տղես Ռուսաստան ա, կարում չի կոպեկ ուղարկի: Մի անառողջ ամուսին ունեմ, ես էլ վիրահատված եմ: Մեր գեղը էս պետության ցուցակում վաբշե չկա»,- դժգոհեց Էլիչկա Առաքելյանը: ԺենիկՀախվերդյանի ասելով՝ կարկտահարությունից հետո Ճոճկանը խորտակված գյուղ ա:
«Կարկուտը սրբեց տարավ, էլ գյուղում բան չկա: Թե ոնց տենք ձմեռն անցկացնի, չգիտեմ: Մեր գյուղում համատարած սով ա: Չէ, հույս չունեմ, որ էս կառավարությունը ժողովրդին մի բանով կօգնի»,- ասաց Վալիկո Հախվերդյանը:
Մեկնաբանել