HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հինգ թեկնածու օգոստոսի 23-ին կպայքարի Սպանդարյան համայնքի ղեկավարի պաշտոնի համար

Կեսօրի կիզիչ արեւը քարե սպասարանի ծածկի տակ է առել պարապությունը թղթախաղով կարճող սպանդարյանցի տղամարդկանց: Հիմնականում տարեցներ են եւ մի քանի երիտասարդ: Քարե սպասարանի բավական հարմարավետ տարածքը, դատելով հարմարեցված նստարաններից ու սեղանից, սպանդարյանցիների համար ծառայում է որպես հավաքատեղի: Գյուղում խոսակցության միակ թեման օգոստոսի 23-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններն են:

Արթիկի տարածաշրջանի Սպանդարյան համայնքի երկարամյա ղեկավար Վաղինակ Բաղդասարյանը, ով վերջին տարիներին առողջական լուրջ խնդիրներ ուներ, մայիսի 18-ին հանկարծամահ էր եղել: Համայնքապետի թափուր պաշտոնի համար Սպանդարյանում բավական թեժ պայքար է ծավալվել ինքնառաջադրված հինգ թեկնածուների միջեւ: Գյուղամիջում հավաքված սպանդարյանցիներից մեկը կատակով դժգոհեց, թե լավ կլիներ երկու հոգի լինեին, գյուղը գոնե երկու մասի կբաժանվեր, ոչ թե հինգ:

«Թեկնածուների շատության ձեռքը կրակն ենք ընկել,- կատակում է Միսակ Սահակյանը,- սաղ տես ու ծանոթ, մեկը ընկեր է, մյուսը հարեւան է, էն մեկը ազգական է, չիդես՝ ում նեղեցնես, ում սիրտը շահես, մենք էլ մե ձենըմ ունինք, ավել չունինք»: Բոլոր թեկնածուներին էլ շատ լավ ճանաչում են, գիտեն, թե ընտրության դեպքում ումից ինչ սպասեն: Դրական են վերաբերվում նաեւ ինքնառաջադրված միակ կին թեկնածուին: «Գերմանիան քանի՞ տարի է կին կղեկավարե,-նկատում է Արտավազդ Գրիգորյանը,- վա՞տ է, շատ էլ լավ է, ի՞նչ տարբերություն՝ կի՞ն, թե՞ տղամարդ: Կին կա, որ տղամադուց լավ կղեկավարե»:  

Զրուցակից տղամարդկանցից մեկն էլ, շրջանցելով ընտրությունների թեման, իր բողոքն է ներկայացնում, որ գյուղում խմելու նորմալ ջուր չունեն, չեն կարողանում լողանալ՝ արդեն ոջլոտել են, դա էլ մի կողմ՝ ջրի հետ ծորակից ճիճու է գալիս, ում բողոքում են, օգուտ չի տալիս: Հիմա անհամբեր սպասում են, որ ընտրություններ լինեն, Սպանդարյանը նոր ղեկավար ունենա, որ գյուղի խնդիրները լուծում ստանան:

Հավաքված համագյուղացիների հետ հանդիպման եկած համայնքապետի 52-ամյա թեկնածու Ավետիք Մխիթարյանն առավել կարեւորում է ոռոգման ջրի հարցը: «Ես ֆերմեր եմ, հեկտարներով հող եմ մշակում ու շատ լավ գիտեմ, թե սեզոնին ինչ է նշանակում, երբ գյուղացին անջուր նստած է»,- ասում է Ավետիք Մխիթարյանը: Փորձառու ֆերմերը, պարզվում է, առաջին անգամ չէ առաջադրվում համայնքապետի թեկնածու:

Մի քանի ընտրությունների առիթ ունեցել է մասնակցելու եւ չի ընտրվել ձայների չնչին տարբերությամբ: Թեկնածուի փոխանցմամբ՝ այս անգամ էլ առաջադրվել է համագյուղացիների հորդորով: Ընտրության արդյունքների եւ իր ընտրվելու հավանակության մասին չուզեց վաղօրոք խոսել: «Կարծում եմ՝ այդ մասին վաղ է խոսելը, սպասենք մինչեւ ընտրություններն ավարտվեն, մանավանդ որ հինգ թեկնածու են»,-նկատում է զրուցակիցս:

Սպանդարյան համայնքի ղեկավարի կին թեկնածու Գյուլվարդ Սահակյանն աշխատում է համայնքապետարանում, աշխատակազմի քարտուղարն է: 23 տարի ՏԻՄ հանակարգում աշխատելը վստահություն է տալիս 48-ամյա կնոջը: Ասում է՝ երկար է մտածել մինչեւ թեկնածության առաջադրումը, հաշվի է առել ղեկավարման բոլոր բարդությունները: Ամուսինն ու զավակները եւս աջակցում են: Պարույր Սահակյանը կնոջ առաջադրումը ողջունելի քայլ է համարում, ասում է՝ պատրաստ է ընտրվելու դեպքում աջակցել բոլոր հարցերում: Չի անհանգստանում ղեկավար կին ունենալու համար՝ ընտանիքի գլխավորը ինքն է եւ կնոջ ապագա պաշտոնը վերաբերելու է միայն համայնքին:

Սպանդարյանում, ինչպես եւ գյուղական հանայնքների մեծ մասում, ընտրությունների ժամանակ կարեւորվում է թեկնածուի՝ գյուղում ազգակցական կապի մեծությունը: «Ես, ճիշտն ասած, հույսս դրել եմ համագյուղացիներիս գիտակցականի վրա, որ այսքան տարիներ տեսել են իմ աշխատանքը եւ կարող են գնահատել ու պատկերացնել, թե ինպես կղեկավարեմ, եթե ընտրվեմ»,-ասում է Գյուլվարդ Սահակյանը: Ընտրվելու դեպքում առաջնահերթ կարգավորելու է խմելու ջրի հարցը, գյուղի գիշերային լուսավորության ցանցն է ընդլայնելու եւ, իհարկե, ոռոգման ջրի փակ համակարգի կառուցման խնդիրն է բարձրացնելու:

Համայնքապետի մյուս թեկնածուն՝ 57-ամյա Ալեքսան Խաչատրյանը, նախկինում եղել է Սպանդարյանի կոլտնտեսության վարչության նախագահը, մինչ այդ էլ զբաղվել է մանկավարժությամբ՝ դասավանդել է գյուղի միջնակարգ դպրոցում, իսկ ներկայում զբաղվում է գյուղատնտեսությամբ: Ասում է, որ դեռ ուժ եւ էներգիա ունի աշխատելու ու գյուղի համար ինչ-որ լավ բան անելու: Ունի 4 զավակ եւ երեք թոռ:

«Տեսնում եմ, որ գյուղում շատ բան կա անելու, ուզում եմ աշխատանքային փորձս օգտագործեմ, գյուղացու մատից փուշ հանեմ: Որ ընտրվեմ, առաջին քայլերից մեկը լինելու է մայթերի վերականգնումը, որ մարդիկ գյուղամիջյան ճանապարհով չքայլեն, երեխաներն էլ անվտանգ դպրոց հասնեն»,-ասում է Ալեքսան Խաչատրյանը:

Համայնքապետի թեկնածուներից 30-ամյա Միքայել Բաղդասարյանը մահացած համայնքապետի որդին է: Գյուղում նրան հանդիպել չհաջողվեց՝ բացակայում էր: Խոսակցություններ կան, որ կառավարման ոլորտում որեւէ փորձ չունեցող երիտասարդն առաջադրվել է այն հույսով, որ հետագայում այդ բացը կլրացնի համայնքապետարանի փորձառու աշխատակիցների միջոցով: Ի դեպ, Սպանդարյանի նախկին համայնքապետը ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հորեղբոր տղան էր եւ բացառված չէ, որ Միքայել Բաղդասարյանն էլ որոշ աջակցություն է սպասում կուսակցական ազգականից:

Առաջադրված հինգերորդ թեկնածուն՝ Հարություն Հարությունյանը, թեեւ ծննդով սպանդարյանցի է, սակայն բնակվում է Գյումրիում: «Շինկարկաս» ՍՊԸ տնօրենը Սպանդարյանի մանկապարտեզի տնօրենի եղբայրն է: Գյուղում մշտապես չբնակվելու փաստը չի խանգարել թեկնածուին առաջադրվել: Նրան նույնպես հանդիպել չհաջողվեց: Գյուղացիներն այս թեկնածուի նկատմամբ էլ էին դրական տրամադրված, ասում են՝ գյուղում տուն ունի, որ ընտրվի՝ կտեղափոխվի այստեղ ապրելու:

Համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանին թեկնածուների նման առատությունը չի զարմացնում: Նախկին գյուղապետը 25 տարի ղեկավարել է համայնքն ու, եթե ընտրություններին մրցակից էլ ունեցել է, ապա մշտապես հաղթել է, իսկ հիմա ասպարեզն ազատ է: «Առաջադրվողներն ինչ-որ բանի հույս ունեն, որ առաջադրվել են, բնական է, յուրաքանչյուրն էլ ընտրության է գնում հաղթելու ակնկալիքով,-ասում է Արթուր Հովհաննիսյանը,- օգոստոսի 23-ին մի փոքր բարդ է լինելու, մեր գյուղն էն գյուղերից է, որ շատ բարեկամ-ազգական ունենալը ընտրությունների ժամանակ մեծ առավելություն է: Հիմա մեկը չէ, երկուսը չէ, միանգամից  հինգ թեկնածու, բոլորն էլ էս գյուղից՝ իրար բարեկամ-հարեւան»:

1830 բնակիչ ունեցող Սպանդարյանում փաստացի բնակվում է 1500-ը: Ընտրացուցակներով ընտրողների թիվը 1160 է, սակայն Արթուր Հովհաննիսյանի հաշվարկով կմասնակցեն մոտ 800-ը: Քանի որ արտագնա աշխատանքների սեզոնն է, գյուղից բացակայողների թիվը զգալի է: «Սպանդարյանում գյուղատնտեսությամբ զբաղվում են, սակայն համայնքը հիմնականում ապրում է դրսից մուտք լինող տրանսֆերտների հաշվին,- բացատրում է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը,- գյուղում բավական խնդիրներ ունենք՝ ոռոգման ջուրն է, խմելու ջրի հարցն է, գիշերային լուսավորության ցանց չունենք նորմալ, մայթերի հարցն է»:

Սպանդարյան մտնող ոռոգման գիծն անցնում է Մեծ եւ Փոքր Մանթաշների տարածքով, օգտվում են Նորաշեն, Արեւշատ, Գեղանիստ համայնքները, ջուրը մինչեւ հասնում է Սպանդարյան, ոռոգման սկիզբը 10-15 օրով ուշանում է: «Հիմա 4 համայնքի ղեկավարներով կառավարությանը նամակ ենք գրել, որպեսզի աջակցեն եւ կառուցեն փակ համակարգ, որ կարողանանք ոռոգման ջուրն անկորուստ հասցնել գյուղ,-ասում է Արթուր Հովհաննիսյանը,- հիմա ընթացքի մեջ են ակումբի հիմնանորոգման աշխատանքները, գումարը տվել է կառավարությունը՝ այս տարի 24 մլն դրամ, հաջորդ տարի էլ պիտի հատկացնի 23 մլն դրամ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter