HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Oձի խայթոցից մահացած կնոջը ժամանակին էին տեղափոխել հիվանդանոց. ինչո՞ւ է նախարարությունն ապատեղեկատվություն տարածում

Անի Հովհաննիսյան

Օգոստոսի 20-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն տարածեց հետևյալ բովանդակությամբ.

Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակչուհի 55-ամյա Կարինե Հարությունյանն օգոստոսի 16-ին այգում աշխատելիս աջ ոտքի շրջանում ծակոց է զգացել: Հաջորդ օրը` խայթոցից 12 ժամ անց, դիմել է Արարատի բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է աջ ոտնաթաթի օձի խայթոց: Վիճակը գնահատվել է միջին ծանրության, ստացել է հակաթույն: 

Օգոստոսի 18-ին հիվանդի վիճակը ծանրացել է, որից հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է աջ սրունքի թաթային շրջանի օձի խայթոց, 2–3-րդ աստիճանի հեմոռագիկ շոկ: Չնայած ձեռնարկված միջոցառումներին, Կ.Հարությունյանն այսօր մահացել է:

«Հետքի» խմբագրություն են դիմել Կարինե Հարությունյանի հարազատները, ովքեր պնդում են, որ նախարարության հաղորդագրության մեջ նշված փաստերը չեն համապատասխանում իրականությանը: Կարինե Հարությունյանի որդին՝ Գագիկ Թադևոսյանը, ասում է, որ մորը հասցրել է հիվանդանոց օձը խայթելուց ընդամենը 15 րոպե անց: Տղան կարծում է, որ մոր մահվան պատճառը «Արարատի հիվանդանոց բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժիշկների անգործությունն ու անփութությունն է եղել: 

«Ինչո՞ւ են սուտ լուրեր տարածել բոլոր լրատվականներով, թե 12 ժամ անց ենք դիմել հիվանդանոց: Օձը կծելուց անմիջապես հետո ես իմ արագընթաց մեքենայով, շատ բարձր արագությամբ, 10-15 րոպեում հասցրել եմ մորս հիվանդանոց: Այնտեղ սառույց են դրել ոտքի տակ ու 7-8 ժամ պահել են: Այդ ընթացքում հերթապահ բժիշկ ես չեմ տեսել: Մի անգամ սկզբում է եկել, մեկ էլ վերջում, որ արդեն վիճակը շատ վատ էր: Բժիշկը օձի սուր խայթոցով, արյուն լուծող հիվանդին հեռախոսով էր բուժում: Քույրը զանգում էր բժշկին, ինքն էլ հեռախոսով ցուցումներ էր տալիս: Մենք ասում էինք՝ վիճակը վատ է, փսխում է, փորն ուռել է, մի բան արեք, քույրն ասում էր՝ նորմալ է, էդպես պիտի լինի: Նորմա՞լ է, որ մարդը մեռնում է: Ու հիմա սուտ լուրեր են տարածել, որ կոծկե՞ն: Ես համոզված չեմ, որ հակաթույն են տվել, կամ որ այդ հակաթույնը ժամկետի մեջ է եղել»,- ասում է մահացածի տղան՝ Գագիկ Թադևոսյանը:

«Արարատ հիվանդանոց բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Արայիկ Սարդարյանը «Հետքի» հետ զրույցում նույնպես հաստատեց, որ Կարինե Հարությունյանն իրենց մոտ տեղափոխվել է օձի խայթոցից 25-30 րոպե, այլ ոչ թե 12 ժամ անց:

«Հին կծածի տպավորություն չի թողել, համապատասխանել է հարազատների ասած ժամին, որ մոտ 25-30 րոպե առաջ է խայթել: Հնարավոր է՝ 10 րոպե այս կողմ, այն կողմ, բայց ոչ 12 ժամ: Ռեանիմատոլոգի կողմից ամբողջությամբ ներարկվել է «անտիգյուրզին» հակաթույնը՝ ըստ պահանջվող մեթոդի»,- ասում է Արայիկ Սարդարյանը:

«Հետքի» հարցին, թե սխալ տեղեկությունը, որ կնոջը հիվանդանոց տեղափոխել են 12 ժամ անց, արդյո՞ք հիվանդանոցից են փոխանցել, թե՞ նախարարությունն է այդպես տարածել, Արայիկ Սարդարյանը պատասխանեց. «Ոչ, մենք չէինք կարող նման տվյալ տալ, որովհետև անմիջապես ընդունելուց հետո մենք էլեկտրոնային ձևով լրացնում ենք տեղեկությունը և ուղարկում նախարարություն, որտեղ նշվում է և՛ կծելու օրը, տեղը, ժամը, և՛ դիմելու օրը, տեղը, ժամը, և՛ հաղորդման օրը, տեղը, ժամը: Այդ տեղեկությունը փոխել հնարավոր չէ: Իսկ այս դեպքի վերաբերյալ նշված է՝ խայթելու օրը՝ 17-ը օգոստոսի, ժամը 12:35, դիմելու օրը՝ կրկին 17-ը օգոստոսի, ժամը 12:55, հաղորդման օրը՝ 17-ը օգոստոսի, ժամը 13:00»,- պարզաբանեց հիվանդանոցի տնօրենը:

«Հետքն» ակնկալում է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը կպարզաբանի, թե ինչու է 
պաշտոնական հաղորդագրությունում նշվում բոլորովին այլ ժամ, իսկ եղելությունը՝ ստանում բոլորովին այլ ձևակերպում:

Օձի խայթոցի բուժսպասարկումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում: Ըստ ՀՀ առողջապահության նախարարի «17» հունվար  2012թ. հրամանի՝ պետական պատվերի շրջանակներում հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող հաստատությունը հիվանդների ստացիոնար ընդունվելու ժամանակ  հիվանդին/հարազատներին ապահովում է տեղեկատվությամբ անվճար բուժօգնության հիվանդի իրավունքների մասին: Իրազեկման փաստը վավերացվում է բժշկական փաստաթղթերում հիվանդի կամ հարազատի  ստորագրությամբ:

Կարինե Հարությունյանի որդին և հարազատներն ասում են, որ որևէ փաստաթուղթ չեն ստորագրել այն մասին, որ վերջինիս հակաթույն կամ այլ դեղամիջոց է ներարկվում: «Մեզ որևէ մեկը չի ասել, թե ինչ են ներարկում, արդյոք այդ հակաթույնը ժամկետի մե՞ջ է, թե՞ ոչ: Մեզ պետք է թուղթ տային, որ ստորագրեինք, որի մեջ կնշվեր, թե ինչ են ներարկել մեր մորը: Բայց մեզ ոչինչ չեն տվել, մինչև այսօր այդպես էլ չիմացանք՝ ներարկե՞լ են հակաթույն, թե՞ ոչ: Միայն բուժքույրն անընդհատ մեզ հանգստացնում էր, թե ամեն ինչ նորմալ է, օձի խայթոցից հետո այդպես է լինում: Վերջում էլ ասացին՝ մենք ինչ մեզնից հասնում էր, արել ենք: Ի՞նչ եք արել, ինչո՞ւ մեզ մի հատ տեղյակ չեք պահել՝ ինչ եք անում: Ինչո՞ւ 7-8 ժամվա մեջ բժիշկը միայն սկզբում ու վերջում եկավ: Իսկ ամբողջ ընթացքում բուժքրոջը հեռախոսով էր ցուցումներ տալիս՝ ինչ անի: Ինչո՞ւ պահեցին այնքան, մինչև թույնն ամբողջ օրգանիզմով տարածվի, հետո նոր տեղափոխեցին, երբ արդեն շատ ուշ էր»,- ասում է Գագիկ Թադևոսյանը:

Այս հարցերին ի պատասխան՝ Արայիկ Սարդարյանն ասում է, թե բժիշկը չէր կարող հեռախոսով բուժում իրականացնել, քանի որ հակաթույնը միանգամից չեն ներարկում, իսկ ներարկելուց հետո էլ հետևում են, որ ալերգիկ ռեակցիաներ չլինեն: «Բժիշկն անգամ իր աշխատանքային ժամի ավարտից՝ ժամը 17:00-ից հետո մնացել է հիվանդի կողքին մինչև 20:00-ն: Բժիշկն ինքն էլ տեղափոխել է նրան Երևան»,- ասում է նա:

Հարցին, թե տեսնելով, որ հիվանդի վիճակը գնալով բարդանում է, ինչո՞ւ են նրան 7-8 ժամ պահել Արարատում և ավելի շուտ տեղափոխելու որոշում չեն կայացրել, հիվանդանոցի տնօրենը պատասխանեց. «Ասեմ՝ ինչու: Նախ՝ միայն «Անտիգյուրզինը» չենք անում ու տեղափոխում: Այնտեղ հակաշոկային, ցավազրկող և էլի բավականին շատ դեղամիջոցներ կային, որ պիտի արվեին: Երկրորդ՝ հիվանդի վիճակից ելնելով է գնահատվում, եթե հիվանդության զարգացումը գնում է այնպես, որ մեր հիվանդանոցային պայմաններում բուժումը հնարավոր է, ոնց որ եղել է նախորդ 9 դեպքերում, բուժումը մեզ մոտ է շարունակվում: Բայց քանի որ նրա մոտ ինտոքսիկացիան…չնայած բոլոր ձեռք առնված միջոցներին, շատ արագ էր զարգանում, դրա համար որոշում կայացվեց տեղափոխելու, սա է խնդիրը»:

Կարինե Հարությունյանի հարազատները պատմում են, որ վերջինիս փորը զգալի չափով մեծացել է, որից հետո նկատել են, որ կղանքի փոխարեն արյուն է դուրս գնում: Երբ այդ մասին ասել են վերակենդանացման բաժանմունքում ներկա միակ բուժքրոջը, վերջինս լուծողականներ ու ակտիվացրած ածուխ է պահանջել: Երբ տեսել է, որ նշված դեղամիջոցները չեն օգնում, բուժքույրը կարծիք է հայտնել, թե միգուցե ստամոքսում խոց ունի, որը պայթել է:   

Արայիկ Սարդարյանը բացատրեց, թե գյուրզայի խայթոցի դեպքում կղանքի մեջ լինում են արյան մակարդուկներ. «Նկատելուց հետո ոչ ոք իրենց չի ասել, որ կանցնի: Եթե կանցնի, ինչո՞ւ տեղափոխեցինք: Միայն իրենց ասելով չի ախր: Բժիշկը եղել է հիվանդանոցում, ճիշտ է՝ այդ 7 ժամը հիվանդի կողքին չէր կարող նստել, որովհետև էլի հիվանդներ կան, բայց դա չի նշանակում, որ բժշկի ուշադրության կենտրոնում չի եղել կամ յուրաքանչյուր 15-20 րոպեն մեկ չի նայվել հիվանդը»,- ասում է տնօրենը:

Դիտարկմանը, որ մահացած կնոջ հարազատները կասկածում են, որ հակաթույն չեն ներարկել, կամ այն եղել է ժամկետն անց, հիվանդանոցի տնօրենը պատասխանեց. «Մենք հիմա էլ ունենք «Անտիգյուրզին», անցյալ տարի էլ ենք ունեցել, նախանցյալ տարի էլ: Ու ստացված պարտիայի պիտանելիության ժամկետը մինչև 2017 թիվն է, ինչ է: Ինչո՞ւ են ծաղրում մարդիկ մեզ, դա թաքցնելու կամ ժամկետն անցը ներարկելու… թե՞ մենք այնքան անհասկացող ենք, որ չենք հասկանում, որ մեր դիմաց մարդու կյանք է, թե՞ առաջին դեպքն է: Դա այս տարվա մեր 11-րդ օձի կծածի դեպքն է»,- նշում է տնօրենը:

Մեր հարցին, թե ինչու բժիշկը հակաթույն ներարկելու վերաբերյալ տեղեկատվական թերթիկ չի տվել հարազատներին, որ ստորագրեն, «Արարատ հիվանդանոց բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Արայիկ Սարդարյանը պատասխանեց. «Նախ՝ ստորագրել են, երկրորդ՝ դուք ի՞նչ կարծիքի եք, եթե բերում են նման թունավորում, անգամ եթե չստորագրեր, չպե՞տք է այդ դեղամիջոցները ներարկվեին. չէ՞ որ դա կյանքի ցուցում է: Ինչի՞ համար է այդ անշնորհքությունը, կներեք էլի: Չէ՞ որ մարդիկ մարդավայել աշխատել են: Իրականում արել են ամեն ինչ, ինչ պարտավոր էին անել: Եթե չեն ստորագրել, ուրեմն այդ «անտիգյուրզինը» չանեի՞ն: Չնայած՝ ստորագրությունը կա թերթիկում»,- ասում է Արայիկ Սարդարյանը:

Արարատի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում Կարինե Հարությունյանին խնամել է հարազատ քույրը, այնինչ այդ բաժանմունքում խնամքը պետք է իրականացվի հիվանդանոցի կողմից նշանակված հատուկ պատասխանատու անձի կողմից: Այս փաստը Արայիկ Սարդարյանը հետևյալ կերպ բացատրեց. «Բժշկի թույլտվությամբ հարազատը կարող է հիվանդի մոտ լինել: Սա շրջան է, եթե թույլ չես տալիս, սկսվում է պատերազմ, ծեծ ու ջարդ: Երևանի ռեանիմացիան չի, որ դուրս անես, դուռը փակես, որը շատ ճիշտ կլիներ իմիջիայլոց»: 

Կարինե Հարությունյանի որդին՝ Գագիկ Թադևոսյանն ասում է, որ ամեն ինչ անելու է եղելությունը պարզելու համար. «Արարատի մարզում հազարավոր մարդիկ են ապրում, ու բոլորն էլ վտանգի տակ են: Մի օր միգուցե օձն ինձ կծի կամ իմ երեխային, էլի պիտի տանեմ «մորգի դո՞ւռ»: Ես արդեն մորս կորցրել եմ, ոչինչ չեմ կարող հետ բերել, բայց մինչև վերջ գնալու եմ, մինչև օգոստոսի 17-ի ամբողջ բժշկական անձնակազմը պատասխան չտան, թե ինչ են արել: Ես սա արդեն անելու եմ իմ, մյուս գյուղացիների ու մարզի ժողովրդի համար: Որ մի քիչ իրենց հաշիվ տան, թե ինչ են անում: Իմանան, որ մարդկային կյանքի հետ գործ ունեն»,- ասում է Գագիկ Թադևոսյանը:

Լուս.՝ Նարեկ Ալեքսանյանի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter