HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարթաշենի համայնքապետն ընտանիքով հեռացել է գյուղից

Հարթաշեն համայնքի ղեկավար Գագիկ Վանեսյանն այս տարվա օգոստոսի 10-ին դիմում է ներկայացրել համայնքի ավագանուն եւ Սյունիքի մարզպետին` խնդրելով «առողջության, երկարատեւ բուժման անհրաժեշտության պատճառով վաղաժամկետ դադարեցնել համայնքի ղեկավարի իր լիազորությունները»: Մինչ այդ, հուլիսի 3-ից համայնքի ղեկավարը գտնվել է արձակուրդում:

Հուլիսի 31-ին Գագիկ Վանեսյանի հրամանով նրա հայրը՝ Սասուն Վանեսյանը, նշանակվել է համայնքի ղեկավարի տեղակալ, ում եւ գործող համայնքապետը հանձնելով կնիքը եւ առանց սպասելու իր դիմումի պատասխանին, ընտանիքով մեկնել է արտերկիր: Պաշտոնավարման ժամկետից մեկ տարի շուտ համայնքի ղեկավարի լիազորություններից հրաժարվելու որդու արարքը Սասուն Վանեսյանը հիմնավորում է առողջական խնդիրներով, միաժամանակ նշում է. «Մնար, ի՞նչ աներ, ինչ կա էս երկրում, որ …»:

Օգոստոսի վերջին, Սյունիքի մարզպետի կարգադրությամբ, Հարթաշեն համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել համայնքապետարանի աշխատակից Արամայիս Դավթյանը: Վերջինիս խոսքով` որեւէ հանձնում-ընդունում չի եղել, նախկին համայնքապետի հայրն իրեն է փոխանցել կնիքը եւ շարունակում է «հետեւել պաշտոնակատարի կողմից իրականացվող գործառույթներին»:

Համայնքապետ Գագիկ Վանեսյանի` իր լիազորությունները դադարեցնելու մասին Հարթաշենում տարբեր կարծիքներ կան: Ոմանք նշում են, թե տեղյակ չեն, եւ  համայնքապետն իրենց ինչին ա պետք, որ իմանան գյուղում ա թե՝ չէ: Ոմանց կարծիքով` համայնքի ղեկավարին «իրենք չեն ընտրել եւ, միեւնույն է, իրենց կարծիքը հաշվի առնող չկա, էնպես որ նշանակողն էլ են իրենք, հանողն էլ»:

Այն հարցին, թե համայնքի ղեկավարի նոր ընտրություններ նշանակելու դեպքում կան մարդիկ, ովքեր կցանկանային իրենց թեկնածությունն առաջադրել, զրուցակիցներիցս գրեթե բոլորը միանշանակ պատասխանում են` եթե թողնեն, ի՞նչու պիտի չդնեն, ումի՞ց են պակաս»:

Գյուղամիջում հավաքվածներից մեկը նշում է, որ եթե համայնքում որեւէ խնդիր չի լուծվում, համայնքի ղեկավար կարող ա եւ չլինի: Պատմում է, որ տարիներ առաջ հարեւան գյուղում մեկին նախատել են, թե ինչու ես թեկնածուներից ամենաապաշնորհին տվել քո ձայնը, պատասխանել է. «Տեսնեմ կարա՞նք առանց գյուղապետի աշխատենք»:

«Եկել ես մեզնից խոսք քաշե՞ս, դու չգիտե՞ս, որ նշանակովի ա …»,- վրդովված ասում է նախկինում համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված, ապա ինքնաբացարկ հայտնած մի երիտասարդ: «Ա քանի կըլխանի ենք, վեր առանց վերեւի ընտրվենք»,- ընկերոջը պաշտպանում է Կոլյա անունով մի բնակիչ: Նրանցից մեկի կարծիքով` համայնքի ղեկավարի աշխատանքն անշնորհակալ գործ է: «Պիտի ընտրվեմ, որ կառավարության ասածով շարժվեմ, հենա ես իմ կովը հունց օզում եմ պահում եմ»,-ասում է մեկ ուրիշը: Զրուցակիցներս հրաժարվում են իրենց անունները նշել, ասելով, թե ես կգնամ, իրենք սեւերես կմնան: «Առանց էն էլ, նախկին համայնքապետի պատճառով գյուղը մի քանի մասի բաժանվեց, աշխարհով մեկ մատի փաթաթան դառանք»,- ասում են նրանք` ակնարկելով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով 8 տարվա ազատազրկման դատապարտված Հարթաշենի նախկին համայնքապետ Ազատ Ղուկասյանին:

Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արամայիս Դավթյանը նշում է, թե ինքը տեղյակ չէ, երբ կնշանակվի համայնքի ղեկավարի ընտրություն, կամ համայնքների խոշորացման գործընթացով պայմանավորված, արդյոք այն չի՞ հետաձգվի մինչեւ խոշորացում իրականացնելը: Նրա խոսքով` այդ ընթացքում ինքը կնախաձեռնի համայնքային խնդիրների լուծման համար միջոցներ գտնել եւ դեռեւս չի որոշել՝ ընտրության դեպքում կառաջադրի իր թեկնածությունը, թե՝ ոչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter