HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մարալիկի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն ներկա քաղաքապետն ու քաղաքապետարանի գույքահարկի տեսուչը

Շիրակի մարզի 3-րդ քաղաքում՝ Մարալիկում, սեպտեմբերի 13-ին համայնքի ղեկավար են ընտրելու: Գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արտակ Գեւորգյանն այս ընտրություններում մրցակից ունի՝ քաղաքապետարանի գույքահարկի տեսուչ, Անիի տարածաշրջանի ԲՀԿ կառույցի ղեկավար Արտակ Ավդալյանը: 2004թ. Մարալիկի քաղաքապետ ընտրված եւ հաջորդ երկու ընտրություններում վերընտրված Արտակ Գեւորգյանի համար այս ընտրությունները բավական լարված են անցնելու:

Պատճառն այն է, որ նախորդ ընտրությունների ժամանակ ներկա քաղաքապետը մրցակից չի ունեցել, որեւէ մեկը չի առաջադրվել, անգամ առաջադրվելու պայմաններում թեկնածուները հետագայում հրաժարվել են պայքարի մեջ մտնելու մտքից: Արտակ Գեւորգյանը սա բացատրում է իր կատարած աշխատանքներով. «Դե, նախորդ ընտրությունների ժամանակ մարդիկ երեւի երկար են մտածել, հասկացել են, որ իմաստ չունի առաջադրվել, չեն առաջադրվել»:

Արտակ Ավդալյանը, ով 2008-ից աշխատում է Մարալիկի քաղաքապետարանում, իր առաջադրման փաստը հիմնավորում է արտերկրում ապրող տեղացի գործարարների ցանկությամբ: Ըստ թեկնածուի՝ Մարալիկում շատ ծրագրեր հնարավոր կլինի իրականացնել, եթե այս ընտրություններում մարալիկցիները վստահության քվեն իրեն տան: «Մենք 20-ից ավելի գործարար, բիզնեսներ ունեցող մարդիկ ունենք, ովքեր արտերկրում են եւ իրենց ցանկությամբ, քաղաքի բնակչության ցանկությամբ եմ առաջադրվել,-ասում է Արտակ Ավդալյանը,-իմ ընտրվելու դեպքում նշածս գործարարները պատրաստ են մեծ ներդրումներ անելու Մարալիկի զարգացման ծրագրերում»:

Քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուն խնդրում է չշահարկել կուսակցության անունը, քանի որ ինքնառաջադրում է եւ ՀՀԿ-ԲՀԿ մրցակցություն այս ընտրություններում չկա: «Անձերի պայքար է, ծրագրերի պայքար է, մեր քաղաքի լավ ապագայի համար է մրցակցությունը: Մարդիկ կտեսնին, որ առաջընթացը քիչ է, ցանկություն ունեն սեփական քաղաքին օգնելու, բայց միակ պայմանն իմ ընտրվելն է, որովհետեւ ներկա քաղաքապետին չեն վստահե,-նկատում է Արտակ Ավադալյանը,-իմ ընտրվելուց անմիջապես հետո հիմնադրամ կստեղծվի, որտեղ ամեն ամիս մեր դրսի գործարարները փող կփոխանցեն, որ քաղաքի համար ծրագեր անենք: Իհարկե, բյուջեն բյուջե, բայց վստահ եմ, որ հիմնադրամն ավելի շատ գործեր է անելու»:

Ներկա քաղաքապետ Արտակ Գեւորգյանը համաձայն չէ մտքի հետ, թե անցած տարիներին քիչ աշխատանք է կատարվել Մարալիկում: 11 տարի առաջ, երբ ստանձնում էր համայնքի ղեկավարումը, անցյալի եւ ներկա պատկերը համադրելիս, իհարկե, շահում է ներկան: Անցած տարիների ընթացքում քաղաքը 95 տոկոսով ապահովել են գիշերային լուսավորության ցանցով:

Մի շարք փողոցներ են բարեկարգվել եւ ասֆալտապատվել, գերմանական KFW բանկի ներդրումային ծրագրով քաղաքում կառուցվել է ջրագծի նոր ցանց, վերակառուցվել է օրվա կարգավորիչ ջրամբարը, եւ մարալիկցին ներկայում օգտվում է 24-ամյա ջրամատակարարումից, պետական բյուջեի ֆինանսավորմամբ վերանորոգվել են 30 բազմաբնակարան բնակելի շենքերի կտուրներ, եւս 7 շենքի կտուր նախատեսվում է նորոգել առաջիկայում: Երկու նոր այգի է հիմնվել քաղաքի տարածքում, 9 կիսակառույց բազմաբնակարան շենքեր են ավարտուն տեսքի բերվել եւ բնակեցվել այս տարիների ընթացքում, կառուցվել են մինի ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի, թենիսի խաղահրապարակներ եւ այլն:

Արտակ Գեւորգյանն ասում է, որ զարմանալի կլիներ չտեսնել արված աշխատանքները, մանավանդ, որ դրանց մի մասը շարունակական են, իսկ որոշներն էլ առաջիկայում կմտնեն իրականացման փուլ:

Մարալիկի բնակիչ Հովհաննես Պողոսյանը գոհ է ներկա քաղաքապետի աշխատանքից: Ասում է՝ աշխատող, գործ անող տղա է, իր ղեկավարման տարիներին որ ոչ մի բան էլ չաներ, միայն էն, որ այսօր ունեն լուսավորված Մարալիկ, արդեն իսկ մեծ բան է: Զրուցակիցս դրական արտահայտվեց նաեւ մյուս թեկնածուի մասին: «Արտակ Ավդալյանին գիտեմ որպես Մարալիկի բնակիչ, լավ տղա է, չգիտեմ, որ ընտրվի ի՞նչ աշխատանքներ կանի, բայց վատ բան չեմ կարող ասել»,-նկատում է Հովհաննես Պողոսյանը:

Լյուդա Արշակյանի համար Մարալիկի հետագա ղեկավարումը նախկին քաղաքապետի կողմից անհնար է: Վերջինս չթաքցրեց, որ համակրում է Արտակ Ավդալյանին եւ Մարալիկի հաջորդ քաղաքապետ կցանկանար հենց իրեն տեսնել: «Շատ բարի, խելացի, մակարդակով տղա: Ես կուզենամ, օր ինքն անցնի, մանկապարտեզը նորոգե, կռիշները նորոգե՝ ջուրը վրեքս կլցվի: Քաղաքում մի հատ հասարակական զուգարան չունենք, էդպիսի մի բան սարքվեր, շուկա ունենանք՝ մարդիկ փողոցները առեւտուր չէնեն: Եսիմ, կմտածեմ, օր Ավդալյանն ընտրվի ավելի լավ կեղնի»,-ասում է Լյուդա Արշակյանը:

7150 բնակիչ ունեցող Մարալիկ քաղաքում, ըստ ընտրացուցակների, սեպտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է 5500 ընտրող: Քաղաքում արդեն իսկ ձեւավորվել է երեք ընտրատեղամաս: Քաղաքից արտագնա մեկնողների հստակ թիվ քաղաքապետի թեկնածու Արտակ Գեւորգյանը չնշեց՝ ասելով, որ հստակ տվյալների չի տիրապետում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter