HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ֆայտոնչի Սամվել. «Մարդ բդի նախ իրա ընտանիքը սիրե, որովհետեւ առաջին հերթին ընտանիքից կզզվիս, հետո՝ հայրենիքից»

Ոսկեգույն կառքը Գյումրիում տարիներ առաջ կարելի էր տեսնել միայն հարսանիքների ժամանակ՝ հիմնականում սուրբ Աստվածածին Յոթ վերք եկեղեցու դիմաց կանգնած: Կառքի հեղինակը Մուրադյան Սամվելն է, ով Գյումրիում առավել հայտնի է, որպես ֆայտոնչի Գրիշի թոռ ու նրա գործը շարունակող: Սկզբնական շրջանում ափսոսում էր կառքը «սովորական գործի մեջ մաշել»: «Սովորականն ու առօրեական» ասվածն էլ Վարդանանց հրապարակում մեկ պտույտը 1000 դրամով գումար աշխատելն էր, կամ էլ քաղաքի մեջ պատվերով հրապարակից որեւէ այլ վայր գնալը: Դրա համար կար գյումրվա ֆայտոնը:

Կառքը «թառլան» ապրանք էր ու պահում էին կարեւոր իրադարձությունների համար: «Ընձի էլ ճիշտ հասկըցեք, քաղքի քարուքանդ փողոցները քշելով ավտոները շարքից դուրս գուկան, ուր մնաց, թե էս կառքը: Ըսոնց անիվները փոսերի համար չեն, մեխանիզմը լադոգների չի դիմանա, չնայած, օր վերցնենք ֆայտոնն էլ է ափսոս, բայց դե պիտի ընտրություն կատարեինք»,-ծխախոտ վառելով բացատրում է Մուրադենց Սամվելը:

Վերջերս մի մարտակառք էր պատրաստել քաղաքապետարանի պատվերով, միջոցառում կար ու հաղթանակով Գյումրի վերադարձած ընբշամարտիկին գեղեցիկ, մի փոքր էլ անսովոր ձեւով դիմավորելու ցանկություն: «Առաջարկեցին մարտակառք սարքեմ, ըսի ես ահագին մատերիալ ունիմ, դուք էլ ձեռք բռնեք՝ սարքեմ: Սիրուն բան էր եղել, քաղաքի մուտքի մոտից մինչեւ հրապարակ բերինք ֆայտոնչի Կարոյի թոռին, բայց դե քիչըմ բողոքեց, ըսեց՝ թափ կուտա,-վարպետ Սամվելը ծիծաղում է,-է, հա՜, էն վախտերը ըդոնք հողի վրա են քշել, հըմի քաղաքի մեջ ուրդեղ օր գլադկի ասֆալտ էր՝ լավ էր, նորմալ գուկայինք, ուրդեղ օր դարուփոս էր՝ կցնցեր: Ես էլ ռեսոր չեմ ուզե դնե, ճիշտ չի էղնի, էն վախտերը ռեսոր չի եղել»:

Մարտակառքի վրա արծիվ է պատկերել, ասում է՝ մեր գերբի վրա կա: Ամբողջական գերբը պատկերելու մտքից հրաժարվել է.«Կեղներ միլիցու ավտո, օր գերբը դնեի վրեն՝ չուզեցի»,-ու նորից ժպիտ է խաղում զրուցակցիս դեմքին:

Այս տարի ֆայտոնչու գործը գրեթե եկամուտ չի ապահովել ընտանիքի համար: Ամբողջ ամառվա ընթացքում ամիս ու կես են աշխատել՝ ցուրտ ու անձրեւային օրերը շատ էին: Քաղաքի բնակչությունը եւս պակասել է, հույսը զբոսաշրջիկներն են, որոնք Գյումրի այդքան շատ չեն այցելում:

«Ֆայտոնի վրա կանգնելու նկարվելու համար փող չենք վերցնե, հրապարակի բոլորը մե կռուգմ կուդան՝ հազար դրամ է, ըդորով մեծ փողեր չես աշխատի: Մարդիկ են քիչ ու ամեն օր նույն դեմքերն են հրապարակ՝ ինչխոր էդ մայլի հայաթն էղնի, հայաթվորը գուկան, կնստին հրապարակի նստարաններին, օրը կանցնեն թողնին կերթան: Մեկ-մեկ հյուրեր կունենան, կբերեն կնստցնեն ֆայտոն՝ էդ է: Քաղաք մարդ չի մնացել, մենակ մեր հայաթից 4 տղամարդ դուրսն է՝ ախպերս իրա տղու հետ, մյուս ախպորս տղեն, իմ տղեն: Մենք էլ ըստեղ ենք, հեչ բան չենք էնե,-նկատում է վարպետ Սամվելը,- մենակ ֆայտոն լծելով հնարավոր չէ տուն պահել,ըդուր համար էլ ձեռքիս հետ դարբնության գործն էլ կենեմ, բայց ըստեղ էլ պատվերը քիչ է, մարդիկ հիմի տուն չեն սարքե, քաղաք մե կվառտիռայիմ գնով երկու հարկանի սեփական տուն կառնիս»:

«4 հատ ձի կպահեմ,-շարունակում է ֆայտոնչու գործի նրբությունները բացատրել վարպետ Սամվելը,- 12 ամիս էդ ձիերը կուտեն՝ կայնած են, լծած են, մեկ է՝ կուտեն, բանմ լավ է լծած էղնին, գոնե քիչ կուտեն (ծիծաղում է-հեղ.) երեք-չորս ժամ կկանգնինք՝ ժամը 6-ից մինչեւ 10-ը, ձիու համար ըդիկ աշխատանք չէ: Առաջ երկու ձի ունեի, հիմի չորսն է, առաջ երկու ֆայտոն ունեի, հիմի մի հատ կառք է ավելցել, մի հատ էլ մարտակառք: Մե ձին 8 տոննա խոտ կուտե, էդ էլ կենե մեկ միլիոն դրամ, ըբը մենք ըդքան փող ու՞րդից աշխատինք: Առաջ օր հարսնիքների ժամանակ զագաս կուտային, ընբես էր, օր պիտի հարսին ու փեսին մինչեւ վերջ տանեինք տեղ հասցնեինք, հըմի եկեղեցու դռնից խոսքի փեսի տուն, կամ հարսի տնից եկեղեցի, կարճ ճանապարհ գուզեն, օր փողը քիչ տան: Եղել է հարսնիք, օր գնացել եմ, հերը սրտանց ուզել է, օր տղուն ֆայտոնով հարսնիք էնե, կանչել են, ֆայտոնները տարել եմ, հարսն ու փեսեն չեն նստել: Մյուս կողմից էլ սաղ ժողովրդի ունենալուց  է կախված, թե չէ կարելի է ընբե՜ս գործեր էնել, կռուգլի տարին էլ հարսնիք էրթալ»:

Գյումրվա բոլոր ավանդական ընտանիքների նման, Մուրադյանների բակում էլ մի քանի ընտանիք են ապրում: Վարպետ Սամվելն ապրում է կրտսեր տղայի ընտանիքի հետ: Որպեսզի մեծ տղան չհեռանա բակից՝ երկրորդ հարկ են կառուցել, կարեւորը գերդաստանն աչքի առաջ է: Ասում է փողը միշտ քիչ է, մարդիկ միշտ ուզում են ավելին ունենալ, բայց իրական հարստությունը դա չէ: Ժամանակին երբ պապի անունը տալով ման էր գալիս, բոլորը հարցնում էին, թե էդ ինչ մեծ հարստություն է թողել ֆայտոնչի Գրիշը թոոռին, որ այդպես մեծարում է:

«Անունն է թողել, օր էսօրվա օրով մարդիկ նաեւ ըդպես գիտեն ընձի, որպես իրա գործը շարունակող,-ասում է ֆայտոնչի Գրիշի թոռը,-ըդիկ քի՞չ բան է, եղել է ժամանակ, օր ըձի դիմել են պապիս անունով, չեմ նեղվել, ընդհակառակը՝ պատիվ եմ համարել»:

Դժվարությունները կան, եղել են ու միշտ էլ լինելու են, ասում է զրուցակիցս, պարզապես ամեն մեկը դրանց դիմակայելու իր ձեւն ունի:

«Մեկը չի դիմանա՝ վռազ ձեռը կքցե չամադաններին, օր հավաքե, տուն տեղը ծախե էրթա ես երկրից, մյուսն էլ սուսուփուս կապրի իրա բաժին երկրի մեջ, էն մեկն էլ ամեն օր կպայքարե, օր իրա երկիրն ուրիշինը չէղնի…ինչքան մարդ, էնքան մտածելակերպ: Էն ճիճվի անեկդոտը գիտե՞ս,-հարցնում է վարպետ Սամվելն ու ստանալով բացասական պատասխան՝ շարունակում,-ուրեմն թրիքի ճիճուն կհարցնե հորը՝ թե պապ, մենք կռանյի՞նք խնձորի մեջ ապրեինք, կըսե՝ հա, կհարցնե, իսկ ծիրանի՞, կըսե հա, կհարցնե՝ ըբը ինչի՞ էս թրիքի մեջ կապրինք, որովհետեւ ըսիկ մեր հայրենիքն է, կպատասխանե հերը: Ինչ գուզեմ ըսեմ՝ լավ, վատ մեր հայրենիքը Հայաստանն է, մենք ըստեղ տիրոջ նման ենք: Ես գնացել Անապա էլ եմ ապրել, աշխատել, բայց երեք ամսից ավել չեմ կռնացել մնա, չնայած ընտանիքս հետս էր: Երկրաշարժից հետո էր, երբ հայտնեցին, թե քաղաքը պիտի դատարակեն: Գնացի, բայց չդիմացա, հետ եկա: Հետո գնացի Տուապսե, էլի չկռնացա մնայի, իսկ հմի չեմ ուզե տնից դուրս ելնի: Առաջ ով ըսեր, թե հանգստանալու բդի էրթամ, ես էլ տոմս կառնեի հետը կերթայի, էնօրը տղես կըսե գնացեք մամայի հետ Ստեփանավան մի քանի օր հանգստացեք, չեմ ուզե, չեմ էրթա, իմ տնից, իմ քաղաքից լավ տեղ չկա»:

«Ես սաղ կյանքս մարդու վատություն էրած չկամ,-շարունակում է զրուցակիցս,-տարիների ընթացքում պատիվ, հարգանք, անուն եմ ձեռք բերել, քելե հըմի ելնինք դուրսը կանգնինք, սաղը կանցնին բարեւ կուդան, քեֆս ու հալս կհարցեն: Հըմի էս ամեն ինչը թողնիս էրթաս օտար հողի մեջ՝ միլիցոնց բդի փարա տաս, երկու հատ լակոտ կռիվ էնեն՝ չկռնանաս մոտենաս բաժնեցնես, մեկմ գա կպնի՝ չկռնանաս ձեն հանես, տազ էնես, լիզուն էլ լավ չիդես, տեղ էլ չունիս, 3-րդ, 4-րդ սորտի մարդ, է՜, ընչի՞, ըշտը ըստեղ թագավորի պես կապրիմ էլի: Վախտին խոպան էլ եմ գնացել, բայց էլ չեմ էրթա: Ընչի իմ շորերս ես լվամ, ճաշը ես եփեմ, աման լվամ, ըբը կնիկ, տղա, հարս, ինչի՞ համար եմ հավաքել գլխուս: Ըստեղ լավ է, ինչքան էլ չունենաս, քեզի մարդ կզգաս: Մարդ բդի նախ իրա ընտանիքը սիրե, որովհետեւ առաջին հերթին ընտանիքից կզզվիս, հետո՝ հայրենիքից: Ամուր, համերաշխ ընտանիք ունեցողը ցիրուցան չի էղնի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter