HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Նախկին ավագանին Ողջիի ավագանու առաջիկա ընտրությունները որակում է ֆարս

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Ողջի համայնքում սեպտեմբերի 13-ին ավագանու ընտրություններն են՝ հինգ տեղի համար պայքարում է 7 թեկնածու: Ողջիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռուզաննա Մելիքյանի կարծիքով՝ առաջադրված թեկնածուներից միայն մեկ-երկուսն են հստակ պատկերացնում ավագանու աշխատանքը:

«Մեր համայնքում ավագանու ինստիտուտը կայացած չէ,-ասում է Ռուզաննա Մելիքյանը,-որովհետեւ ավագանու անդամ առաջադրվում կամ ընտրվում են նրանք, ովքեր ընդհանրապես չեն պատկերացնում ավագանու իրական դերը: Շատերին էլ թվում է, թե ավագանին միայն իրավունքներ ունի, պարտականություններ չունի: Կան, որ առաջադրվում են, ընտրվում ու գնում են խոպան՝ ավարտելով իրենց առաքելությունը»:

Նախորդ ավագանու կազմը լիարժեք մասնակցություն նիստերին ապահովել է միայն ընտրվելուց հետո առաջին երկու տարին, այն էլ՝ ոչ մշտապես լիարժեք կազմով: 2014թ. Ողջիում ընդամենը երկու նիստ է կայացել՝ հունվարին եւ դեկտեմբերին, իսկ 2015թ.՝ միայն հունվարին: Հինգ ավագանիներից երկուսը կին են, երեքը՝ տղամարդ, հենց վերջիններիս բացակայությունն է խաթարել ավագանու բնականոն աշխատանքը Ողջիում:

«Դե քվորում չէր ապահովվում, որովհետեւ տղամարդ ավագանիները մեկնում էին արտագնա աշխատանքի, երկու ավագանիով էլ նիստ անել չի թույլատրվում: Հետո ավագանիներից Էդուարդ Հարությունյանն անցած տարի ընտանիքով, կարելի է ասել, փախավ գյուղից՝ բանկերից վերցրած վարկերի պարտքը թողնելով գյուղի բնակիչների վրա,-անկեղծանում է Ռուզաննա Մելիքյանը,-ես ինքս, որ երաշխավոր եմ եղել իրեն, արդեն 400 հազար դրամից ավելի գումար եմ փակել երկու բանկի: Նույն վիճակում են նաեւ գյուղից մյուս երաշխավորները՝ մոտ 20-25 հոգի»:

10 հա հող, երկու տուն, երկու մեքենա վաճառելուց հետո անգամ գյուղում որեւէ մեկին կասկածելի չի թվացել ավագանու անդամի պահվածքը: Մարդիկ մտածել են, թե Էդուարդ Հարությունյանը վարկերն է փակում ու շարունակել են հանգիստ քնել, երբ մի օր էլ լուսաբացին հայտնաբերել են, որ գյուղի հոգսերը թեթեւացնելու կոչված անձն իրենց թողել է բարդագույն խնդրի առաջ ու, գիշերով վերցնելով ընտանիքը, հեռացել:

Թեպետ ավագանին, կարելի է ասել, չի գործել, այնուամենայնիվ, գյուղում մի ծրագրի հիմք դրվել է՝ համագործակցությամբ «Կարիտաս» բարեսիրական կազմակերպության: Ողջիում ընթացքի մեջ է խմելու ջրագծի բարելավման ծրագիրը: Գյուղում միայն 30 տոկոսն է օգտվում ցանցից, մնացածը կամ ջուրը դույլերով բերում է հարեւանների տներից, կամ ջրհորի ջուր են օգտագործում: «Կարիտաս» բարեսիրական կազմակերպության աջակցությամբ պոմպեր են տեղադրվել, որպեսզի ջուրը մղվի բարձրադիր թաղեր:

Նախկին ադրբեջանաբնակ այս գյուղում 1989թ.-ից հաստատվել են հայ ընտանիքներ Գյումրիից, Արցախից եւ Բաքվից: Այստեղ, ի տարբերություն գյուղական մյուս համայնքների, ընտրություններում արյունակից, ազգակից, քավոր-սանիկ գործոնը թույլ դերակատարություն ունի: Ավագանու թեկնածություն առաջադրած Ռուզաննա Սարգսյանը տնային տնտեսուհի է: 50-ամյա կինը մի փոքր թյուր պատկերացում ուներ ավագանու դերակատարության մասին, նշեց, որ առաջադրվել է գյուղապետին օգնելու, նրա կողքին կանգնելու համար:

«Ուզեցա բախտս փորձեի,-առաջադրումն է մեկնաբանում Ռուզաննա Սարգսյանը,-տեսնի՞մ կընտրեն: Կմտածեմ, օր ընտրվելուց հետո պիտի նախագահի կողքն էղնինք, ամեն հարցում օգնենք: Ջրի հարց է, ճանապարհի հարց է, միասին կազմակերպենք, էնենք»: Եթե ընտրվի, ապա առաջնահերթ բարձրացնելու է գյուղի վերջնամասը աղբի կուտակումներից ազատելու հարցը:

Մյուս կին թեկնածուն՝ Ամալյա Իգիթյանը, 61 տարեկան է, առաջադրվել է գրեթե նույն մտահոգությամբ, ինչ Ռուզաննա Սարգսյանը՝ օգտակար լինել համայնքին. «Գուզեմ, օր մարդիկ սորվին քիչըմ ինքնուրույն ապրել, ես էլ պատրաստ եմ մարդկանց ընդառաջել, ուրդեղ, ինչխոր պետք է պատրաստ եմ ընդառաջ գնալ, եթե կողմնակի գործեր էլ էղնի, պատրաստ եմ մասնակից էղնել, ըբես էնենք օր գյուղի համար լավ էղնի»,-նշում է ավագանու թեկնածուն:

Թեկնածուներից Հրաչ Եղոյանը կրթությամբ երաժիշտ է, նախկինում դասավանդել է, եղել է դպրոցի տնօրեն, հիմա թոշակառու է եւ ունի բավական ազատ ժամանակ գյուղի հոգսերով զբաղվելու համար: «Ուզում եմ հնարավորին չափ օգուտ տալ գյուղին, դրա համար էլ առաջադրվել եմ: Որպես մանկավարժ շուտ եմ թոշակի գնացել, շատ լավ պատկերացնում եմ ավագանու աշխատանքը, գիտեմ բյուջեն ինչ բան է, ծրագիր իրականացնելն ինչ բան է, էնպես որ, կարծում եմ, եթե ընտրվեմ՝ գյուղին օգուտ կտամ»,-ասում է Հրաչ Եղոյանը:

Ավագանու 7 թեկնածուներից եւ ոչ մեկը նախորդ ավագանու կազմում չի եղել: Նրանցից Կարապետ Մելքոնյանն ու Հարություն Խոշբեկյանը նախկին համայնքապետի՝ Սարգիս Ավագյանի օրոք են ավագանի ընտրվել եւ որոշակի փորձառություն ունեն: Ողջիում, ըստ ընտրացուցակների, ընտրություններին մասնակցելու է 417 ընտրող: Ռուզաննա Մելիքյանի փոխանցմամբ՝ 100-ից ավելի ընտրող բացակայում է գյուղից: Ինչպես նախորդ տարիների փորձն  է ցույց տվել՝ ընտրություններին կմասնակցի մոտ 250 հոգի:

Դեռեււս գործող ավագանի, Ողջիի տարրական դասարանի դասվար Մելսիդա Ասատրյանը հրաժարվել է առաջադրվելուց, ինչպես եւ մյուս կին թեկնածուն՝ Լիլիա Քոչարյանը: «Ցավոք, էս չորս տարիների ընթացքում հասկացա, որ ավագանին դերակատարում չունի, կարծիք ես հայտնում, հաշվի չեն առնում, էն տպավորությունն է, որ ավագնին միայն իշխանավորի ասածը հաստատող կառույց լինի,-ասում է Մելսիդա Ասատրյանը,-էնտեղ, որ ուզեք թղթերը նայեք, կան արձանագրություններ, որտեղ նշված են, որ ես համաձայն չեմ տվյալ որոշման հետ, նույնիսկ դեպք է եղել, որ ստորագրել են իմ փոխարեն ու դրա պատճառով ես հայտնվել եմ քննչականներում՝ տարել-բերել են, որ ստուգեն իմ ստորագրությունն է, թե չէ: Ես բացակայել եմ երկրից, իրենք նիստ են արել, իմ փոխարեն ինչ-որ բաներ են գրել: Զգալով, որ էդ տեսակ աշխատանք է, ես հրաժարվեցի նորից առաջադրվելուց»:

Մելսիդա Ասատրյանն ասում է, որ ներկա ավագանու կազմով ժամանակին բավական ծանր է եղել իր համար աշխատելը, քանի որ տղամարդիկ մշտապես համակարծիք են եղել գյուղապետի հետ, իսկ իրենք՝ երկու կանայք, մշտապես փորձել են ոչ թե ընդդիմանալ, այլ գոնե այլակարծությամբ հանդես գալ, որը շատ դեպքերում տապալվել է:

 «Եթե գյուղապետն ասում է, որ բյուջեն էսքան գումար է, անենք էս կամ էն ծրագիրը, արդյունքում տեսնում եմ տարեվերջին, որ ոչինչ արված չէ, ես դա ո՞նց ստորագրեմ, ո՞նց համաձայն լինեմ, -բացատրում է Մելսիդա Ասատրյանը,-առաջարկ եղավ գիշերային լուսավորության ցանց անցկացնել՝ գոնե մի քանի կետ: Բյուջեն կար, խոսեցինք, քննարկեցինք, բայց ոչինչ չարվեց: Հիմա էլ գյուղապետն ասում է, թե ես իմ մարդկանց եմ դնում ավագանու թեկնածու, որ լավ աշխատեմ: Համայնքի ժողով է արել, էդ ժամանակ է հայտարարել, թե իմ մարդիկ են լինելու, ու որքան գիտեմ էդ 7-ից միայն մեկն «իր» մարդը չի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter