HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Քաղաքապետարանը «զոհում» է բյուջեն, վերելակները` մարդկանց

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերջերս հաճախ է խորհրդակցություններ հրավիրում` վերելակների նկատմամբ վերահսկողությունը ուժեղացնելու նպատակով: Դրանք հաճախանում են, երբ որևէ վերելակի անսարքության մասին հայտնի է դառնում, երբեմն` զոհի կամ վիրավորի գնով:

Խորհրդակցությունների «շարժիչ ուժն» այն է, որ քաղաքապետն ամենից լավ է տեղյակ, թե ինչպես են ծախսվում վերելակների վերանորոգման համար ամեն տարի բյուջեից տրամադրվող գումարները:

Երևանի բնակելի շենքերի վերելակների հիմնանորոգման համար քաղաքապետարանի բյուջեից ամեն տարի հատկացումներ են կատարվում: Վերջին հանդիպումների մեկի ժամանակ հանձնարարվեց ստուգել «ծախսված միջոցների վերաբերյալ հաշվետվությունների արժանահավատությունը, անցկացնել դրանց որակի համապատասխանության միջոցառումներ»: 

Վերելակների հիմնանորոգման համար քաղաքապետարանի բյուջեից տրամադրվող ամենամյա հատկացումներին և ծախսերին կանդրադառնանաք` ըստ վարչական շրջանների:

Մալաթիա-Սեբաստիա. մրցույթը հաղթում է քաղաքապետարանի ՓԲԸ-ն և հոգում նաև իր պահպանման ծախսերը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի վերելակների հիմնանորոգման համար քաղաքապետարանը 2014թ. հատկացրել է մոտ 15 միլիոն դրամ: Նույնքան գումար տրամադրվել է նաև այս տարի:

Նշված գումարով սարքավորումների ձեռք բերման և տեղադրման համար քաղաքապետարանը հայտարարել է բաց ընթացակարգով մրցույթ: Սա նշանակում է, որ կարող էր մասնակցել համապատասխան ցանկացած ընկերություն, և պետք է հաղթեր գնային ամենացածր առաջարկ ներկայացնողը:

Վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի` «Հետքին» տրամադրած տեղեկատվության համաձայն` 2014թ. մրցույթը շահել է «Անխափան վերելակ» փակ բաժնետիրական ընկերությունը: Նույն ընկերությունը մրցույթը շահել է նաև այս տարի: Ընկերությունը տրամադրված 15 միլիոն դրամով 2014թ. վերանորոգել է 98 վերելակ:

Գրավոր հարցմամբ թաղապետարանից խնդրեցինք տրամադրել ՓԲԸ-ի և քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրի պատճենը:

Պայամանգրի հավելվածում ներկայացված էին ձեռքբերված ապրանքների միավոր շատ բարձր արժեքներ: Մինչև պայմանագիրը ստանալը, ծանոթացել էինք «Անխափան վերելակ» ՓԲԸ-ի` ֆինանսների նախարարություն ներկայացրած գնումների պլանին, որում վերելակների միավոր արժեքների գները մի քանի անգամ ցածր էին, քան գրված էր պայմանագրի հավելվածում:

Որպես օրինակ` հակակշռի զսպանակը ֆիննախի ցուցակում գրված է 5400 դրամ, իսկ պայմանագրում` 51,600:

Երկու փաստաթղթերի` ֆիննախի գնումների պլանի և քաղաքապետարան-ՓԲԸ պայմանագրի համեմատությունից ստացվում է, որ ընկերությունը տարեկան 15 միլիոն դրամի պայմանգիր է կնքում 4 միլիոն դրամը չգերազանցող վերելակային սարքավորումներ (նյութածախս) ձեռք բերելու և տեղադրելու համար:

Ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի տվյալների համաձայն` «Անխափան վերելակ» ՓԲԸ-ի հիմնադիրը Երևան համայնքն է: Քաղաքապետարանի մրցույթը իրականում շահել է հենց նրա հիմնադրած ընկերությունը:

ՓԲԸ-ն, ինչպես պարզվեց տնօրենին հետ զրույցում, ֆինանսավորման այլ միջոցներ չունի, քան վերելակների համար տրամադրվող գումարն է: Նրա խոսքով` միավոր արժեքների գները բարձրացրել են բոլոր հարկերը, տեղադրման աշխատանքները, բայց որ ամենաուշագրավն է` ՓԲԸ-ի պահպանման ծախսերը:

«Դա առանձին կազմակերպություն է, որը տասնհինգ միլիոնով պետք է նաև աշխատի, տա աշխատավարձ, հեռախոս, դեպոզիտարիատ, վարձեր, հարկեր, հոսանք, և այլն: Էդ բոլոր ծախսերը մտած են այդ տասնհինգ միլիոն դրամի մեջ»,- մարամասնում է տնօրենը:

Նշենք, որ մրցույթներին` մասնավոր ընկերությունների մասնակցության դեպքում, քաղաքապետարանի պարտավորությունը չէ հոգալ դրանց պահպանման ծախսերը, ավելին` դա դուրս է գնման առարկայի շրջանակից: ՓԲԸ-ի պահպանման ծախսեր, պարզվում է,15 միլիոն դրամի մասն է կազմում:

Դիտարկմանը, որ քաղաքապետարանին պատկանող ընկերություններն են հիմնականում շահում մրցույթը, Մ.Մալխասյանը պատասխանեց. «Քաղաքապետարանին պատկանող… ասեմ ձեզ, ընդամենը  մեկ-երկու ընկերություն է, որ դիմացել է, մնացել է»: Ի՞նչ առումով է դիմացել, տնօրենը նշում է. «Որովհետև մենք ասենք ֆոնդային գումար ունենք, որ աչքի լույսի նման պահում ենք, չենք ծախսում, պրեմիաներ չենք ստանում, մենք էդ գումարները պահում ենք: Այսինքն` մեր հիմնարկը նորմալ վիճակում է, նորմալ գործունեությունը տանում է, լրացուցիչ  ամեն մի կոպեկի համար էլ մենք դողում ենք, որ մեր հիմնարկը պահպանվի»: Որտեղից է կուտակվել ֆոնդային բյուջեն, Մ.Մալխասյանը պատասխանեց. «Տեսեք էդ տասնհինգ միլիոնից մենք քաղաքապետարանին ենք շահութաբաժին… Մենք շահույթ ունենք, չէ՞: Էդ շահույթը մենք չենք կարող տնօրինել, օգտագործել, մենք էդ շահույթը ֆոնդային բյուջեով պահում ենք, հենց էդ տասնհինգ միլիոնից մոտ 1,2 միլիոնը ֆոնդային է գնում: ֆոնդային մնում է, օրինակ` մի անգամ հրդեհ էր եղել մի վերելակում, մենք էդ մեր միջոցներով, մեր ֆոնդերի միջոցով էդ վերելակը վերանորոգեցինք»: 

Բյուջեն մսխվում է գրեթե կրկնակի

Պարզելու համար` որքան կխնայվեր տրամադրված գումարից, եթե մրցույթը հաղթեր մասնավոր ընկերություն, ՓԲԸ-ի հետ կնքած պայմանագիրը համեմատության մեջ դրեցինք մեկ այլ պայմանգրի հետ, որը ձեռք ենք բերել վարչական մեկ այլ շրջանից: Այն կնքված է քաղաքապետարանի և մասնավոր ընկերության միջև` մեկ այլ վարչական շրջանի վերելակների սարքավորումների մատակարարման և սպասարկման համար:

Պայմանագրի հավելվածում գրված են այս ընկերության գնային առաջարկները: Նշված հակակշռի զսպանակը, օրինակ, ինչպես պարզվում է այս երկրորդ պայմանագրից, գնվել և տեղադրվել է 29,510 դրամով:

Չենք պնդում, որ մասնավոր ընկերության առաջարկած գնային առաջարկը նվազագույնն է, սակայն փաստ է, որ քաղաքապետարանի ՓԲԸ-ն Մալաթիա-Սեբաստիայում կարողացել է նույն ապրանքի համար հաղթել գրեթե կրկնակի բարձր գնային առաջարկով, հիշեցնենք` 51,600 դրամով: Միայն այս մասով` վերելակների վրա կատարված աշխատանքները կարող էին կրկնապատկել, եթե մրցույթը չհաղթեր քաղաքապետարանի ՓԲԸ-ն: Միավոր արժեքի գինը բարձրացրել են ՓԲԸ-ի պահպանման ծախսերը:

Եթե քաղաքապետ Տարոն Մարգարյանը իսկապես մտահոգված է վերելակների անվտանգությամբ, կարող է ապագա խորհրդակցությանը բացատրել, թե ինչու է ընկերությանը պահել վերելակները նորոգելու միջոցների հաշվին:

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter