HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Նոբելյան» քաղաքականությունը եւ «քաղաքականացված» մրցանակները

ՄԱՍ 2

Իշխանություններն ու «Նոբելյան»-ը

1958 թ․-ին Նոբելյան մրցանակին գրականության ասպարեզում արժանանում է ռուս գրող Բորիս Պաստերնակը, այն բանից հետո, երբ Նոբելյան մրցանակակիր Ալբեր Կամյուն հանձնաժողովին է ներկայացնում վերջինիս «Դոկտոր Ժիվագո» վեպը։

Մինչ այս, Նոբելյան մրցանակի արդեն իսկ արժանացել էր ազգությամբ եւս մեկ ռուս գրող՝ Իվան Բունինը (1933թ․-ին), սակայն, ի տարբերություն վերջինիս, ով արդեն իսկ այդ թվականին ներգաղթել էր Ֆրանսիա՝ ապրելու եւ ստեղծագործելու այնտեղ, Պաստերնակը ենթարկվում է Սովետական իշխանությունների ճնշմանը եւ հրաժարվում Նոբելյան մրցանակից (Նոբելյան հանձնաժողովի եզրակացությունը

Ներգաղթյալ եւ ռեժիմի սահմաններում ստեղծագործողներին ուշադրություն դարձնելու համատարած մրցանակային մոլուցքը արտահայտվել է բազմիցս։ Վերոնշյալ երկու ռուս գրողների հանդեպ ցուցաբերած հետաքրքրությունն ու մրցանակային աղմկալից պատմությունները հոլովվել են ժամանակի քաղաքական ենթատեքստերում։

Հետաքրքիր է, որ Բունինի՝ Փարիզ գաղթելու հետ են կապում վերջինիս ստեղծագործական վերելքը, եւ իհարկե Նոբելյան մրցանակն արդեն իսկ տրվել է այն ժամանակ, երբ նա Խորհրդային միության սահմաններից դուրս էր։ Բունինը հետ չի մնացել իր քաղաքական ժեստը դրսեւորելու հնարավորությունից նույնպես․ մրցանակն ստանալուց անմիջապես հետո նա 100,000 ֆրանկ է նվիրաբերում գրական բարեգործական հիմնադրամին, որը ֆինանսավորում էր ռուս վտարանդի գրողներին։

Նոբելյան իր ճառի ժամանակ Բունինը շեշտում է. « Շնորհավորանքների  եւ հեռագրերի տարափի հորձանուտում գիշերվա մենության ու լռության մեջ մտածում էի Շվեդական Ակադեմայի ընտրության խորը իմաստի մասին։ Նոբելյան մրցանակի հիմնադրման օրվանից մինչ այսօր առաջին անգամ այս մրցանակը տրվել է արտաքսվողին։ Ո՞վ եմ ես իրականում։ Վտարանդի, ով վայելում է Ֆրանսիայի հյուրընկալությունը, որին անհատույց պարտական է․․․»։

Նոբելյան մրցանակն ստանալուց անմիջապես հետո Բունինն արժանանում է ֆրանսիական մամուլի բուռն արձագանքին եւ ռուսական մամուլի նույնքան բուռն քամահրանքին․ մրցանակը որակվում է որպես «իմպերալիստական ինտրիգ»։

Եվ ահա 25 տարի անց, երբ Շվեդական Ակադեմիան որոշում է կայացնում Նոբելյան մրցանակն այս անգամ հանձնել Բորիս Պաստերնակին, ռուսական զանգվազածային լրատվությունը պահպանում է նույն կեցվածքը՝ վերջինիս որակելով «գրական մոլախոտ», որին մրցանակ է տրվում միայն հակախորհրդային պրոպագանդայի պատճառով։

Այնուամենայնիվ, Շվեդական Ակադեմիան, Պաստերնակի՝ մրցանակից հրաժարվելու հանգամանքը որակելով որպես պարտադրանքի հետեւանք, 1989թ․-ի դեկտեմբերի 9-ին (31 տարի անց)  վերջինիս համար նախատեսված մրցանակը հանձնում է որդուն՝ վերականգնելով պատմական արդարությունը։

Հիտլերի «Նոբելյան» ոդիսականը

1935թ․-ին Նոբելյան Խաղաղության մրցանակին արժանանում է գերմանացի լրագրող, պացիֆիստ, հակաֆաշիստական գործողություններով հայտնի գործիչ Կարլ ֆոն Օսեցկին, ով գտնվում էր համակենտրոնացման ճամբարում։ Հիտլերը, այլայլված այս նորությունից, Գերմանիայի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր կառաջադրվեն Նոբլյան մրցանակի համար, պարտադրում է հրաժարվել դրանից՝ անկախ այն բանից, թե ինչ ներդրումների համար է այն տրված։ Արդյունքում Օսեցկուն մրցանակը հանձնվում է մեկ տարի անց։

Ադոլֆ Հիտլերի եւ Նոբելյան մրցանակաբաշխության հատման պատմությունն այսքանով չի ավարտվում։

Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Գ․Ք․Բրանթի կողմից Նոբելյան Խաղաղության մրցանակ ստանալու համար առաջադրել է հենց նրա՝ Ադոլֆ Հիտլերի թեկնածությունը, այն էլ 1939թ․-ին՝ Երկրորդ համաշխարհայինի նախաշեմին։

Շվեդ պատգամավորի այս քայլը Նոբելյան հանձնաժողովը որակում է որպես սատիրիկ քննադատություն։ Բանն այն է, որ խորհրդարանի մի քանի այլ պատգամավորներ Նոբելյան այդ տարվա Խաղաղության մրցանակի համար առաջարկել էին քննարկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Նեւիլ Չեմբեռլենի թեկնածությունը, ով նույն Հիտլերի հետ ստորագրել է Մյունխենյան համաձայնագիրը։ Ահա սրա դեմ էր ուղղված Բրանթի սատիրիկ քայլը, որն, այնուամենայնիվ, Նոբելյան հանձնաժողովի կողմից հապճեպ կերպով մերժվեց, եւ բացառվեց Հիտլերի՝ երբեւէ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու «հնարավորությունը»։

Ժան-Պոլ Սարտրպաշտոնապես հրաժարվողը

«Որպես գրող ես չպետք է թույլ տամ ՝ վերածվել ինստիտուտի, նույնիսկ այս դեպքում, երբ դա ամենապատվավոր բնույթն է կրում․․․ Տարբերություն կա «Ժան-Պոլ Սարտր» եւ «Ժան-Պոլ Սարտր, Նոբելյան մրցանակի դափնեկիր» մակագրությունների միջեւ»․ գրում է Սարտրը իր «Թե ինչու հրաժարվեցի մրցանակից» հրապարակման մեջ։

Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի ամենաաղմկահարույց պատմությունը թերեւս ֆրանսիացի գրող Ժան-Պոլ Սարտրի անվան հետ է կապվում։

Ֆրանսիացի գրողը Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել 1964թ․-ին եւ անմիջապես հրաժարվել դրանից՝ մեջբերելով իր սեփական համոզմունքները։ Սարտրի համոզմամբ (մեջբերված հրապարակման համաձայն)՝ մրցանակներ ստանում են որոշակի «տեսակի» գրողներ, իսկ այն տաղանդավոր եւ արժանի գրողները, ովքեր այդ «տեսակից» չեն, երբեք մրցանակներ չեն ստանում․«․․․Չի պարգեւատրվել Ներունդան՝ Հարավային Ամերիկայի մեծագույն պոետներից մեկը։ Երբեք լրջորեն չի քննարկվել Արագոնի թեկնածությունը, չնայած լիովին արժանի է այդ մրցանակին։ Ցավալի է նաեւ այն փաստը, որ Նոբելյան մրցանակը շնորհվել է Պաստերնակին, այլ ոչ Շոլոխովին, եւ որ միակ խորհրդային ստեղծագործությունը, որ ստացել է մրցանակ, մի գիրք է, որը հրատարակվել է արտասահմանում եւ արգելվել հայրենի երկրում․․․»:

Այսպես ահա Գրականության Նոբելյան մրցանակակիրը պատմության մեջ մնում է միակ օրինակը, ով մեջբերելով սեփական սկզբունքները եւ քաղաքական հակասությունները՝ հրաժարվում է Նոբելյան մրցանակից եւ 250,000 կրոնից (այն ժամանակ՝ ավելի քան 60,000 ԱՄՆ դոլար)։

Այնուամենայնիվ, ռուս գրող Միխայիլ Շոլոխովը, ում մասին այդպիսի սրտացավությամբ իր հրապարակման մեջ նշել էր Սարտրը, հենց հաջորդ տարի՝ 1965թ․-ին, ստանում է Նոբելյան մրցանակը․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter