HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Արմեն Մովսիսյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հրամաններից մեկը Վճռաբեկ դատարանը համարել է անօրինական, իսկ նախարար Մովսիսյանը նույն` ապօրինի ճանաչված հրամանն արձակել է երկրորդ անգամ:

Արդյունքում «Սիփան-1» ընկերությունը, որին պատկանում է Մեղրու Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան,հայտնվելով դատական կարուսելում, նախարարին փորձում է նորից «համոզել»` գործել օրինական դաշտում ու չգերազանցել պաշտոնեական լիազորությունները:

«Ախր, այդ հարցը մեկ անգամ արդեն քննել ենք ու վերջացրել: Այդ ծամոնը բազմակի օգտագործման համար չէ. այն մեկանգամյա է, այդպես չի կարելի»,- անդրադառնալով Մովսիսյանի գործելակերպին` ասում է «Սիփան-1»-ի փաստաբան Կարեն Թունյանը:

Մեղրու Լիճքվազ-Թեյի եւ Տերտերասարի ոսկու հանքավայրերը շահագործելու արտոնագիրը 1999 թ. տրվեց «Սիփան-1» ընկերությանը: 2005 թ. «Սիփան-1» ՍՊԸ-ն գնեց ավստրալական «Այբիրիան Ռիսորսիզ» ընկերությունը, որի բաժնետոմսերի 86,21 տոկոսն ավելի ուշ ձեռք բերեց ավստրալական մեկ այլ ընկերություն` «Թամայա Ռիսորսիզը»: 2008-ի սեպտեմբերին «Թամայան» որոշեց «Հայաստանում այլեւս լրացուցիչ ռեսուրսներ չներդնել»:

Ֆինանսական ճգնաժամի մեջ հայտնված ավստրալացիները հայտարարեցին սպասվածից ցածր պաշարների մասին, եւ որոշ ժամանակ անց «Սիփան-1»-ը գնեց հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը:

Նա ունի մեկ տասնյակից ավելի հանքավայրերի ուսումնասիրման եւ շահագործման լիցենզիաներ: Սիլվա Համբարձումյանը վերջերս գնել է Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի հացի երեք գործարանները:

«Սիփան-1»-ին տրված հանքավայրերի արտոնագրերը 2004 թ. փոխարինվել են հանքարդյունահանման նոր լիցենզիաներով, ինչից հետո 9-ամսյա ժամկետում ընկերությունը պետք է կնքեր լիցենզային պայմանագրեր, որպեսզի իրավունք ստանար հանքավայրերը շահագործելու:

Տերտերասարի դեպքում հիշյալ պայմանագիրը «Սիփան-1»-ը կնքել է, իսկ Լիճքվազ-Թեյի մասով Օգտակար հանածոների պաշարների գործակալությունն (ՕՀՊԳ) ընկերությանն արձանագրային հանձնարարական է տվել` պաշարների վերահաստատման նպատակով կատարել լրահետախուզման աշխատանքներ:

Սա նշանակում է, որ պայմանագրի կնքման համար օրենքով սահմանված 9-ամսյա ժամկետը պետք է հաշվարկվի լրահետախուզման աշխատանքների ավարտից հետո:

2006 թ. մայիսին տեղի է ունեցել ԲՆ ընդերքօգտագործման հարցերով խորհրդի նիստ` բնապահպանության փոխնախարար Արսեն Դարբինյանի նախագահությամբ:

Ցույց տալով Խորհրդի նիստի արձանագրությունը` փաստաբան Կարեն Թունյանն ասում է. «Սա ուղղակի վկայում է` զեկուցողը` ՕՀՊԳ-ի պետ Խ. Սապոնջյանը, տեղեկացնում է, որ «Սիփան-1»-ը ներկայացրել է վերագնահատման աշխատանքները եւ առաջարկել երաշխավորել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ին, որ այդ լրահետախուզման աշխատանքները վերահսկի: Այդպես էլ վարվել են. որոշում են կայացրել, եւ լրահետախուզման աշխատանքները ստացել են պետական գրանցում»:

Նույն թվականի դեկտեմբերին «Սիփան-1» ՍՊԸ-ն բնապահպանության նախարարությանը ներկայացրել է Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծ ու շահագործման թույլտվություն խնդրել:

Փոխնախարար Արսեն Դարբինյանը գրավոր պատասխանել է, թե քանի որ հանքավայրը գտնվում է պաշարների լրահետախուզման եւ վերագնահատման փուլում, «նախարարությունը նպատակահարմար է գտնում հանքավայրի շահագործման նախագծի վերջնական քննարկումներն իրականացնել այդ աշխատանքների ավարտից հետո»:

Պաշտոնական տվյալներով` Լիճքվազ-Թեյի հանքավայրում ոսկու պաշարը 17 տոննա է: Բնապահպանության նախարարության գնահատականով` լրահետախուզումը «կբերի պաշարների զգալի աճի, ինչպես արտահաշվեկշռային պաշարների վերագնահատման, այնպես էլ նոր հանքային մարմինների հայտնաբերման հաշվին»: Սա էլ, ինչպես փոխնախարար Դարբինյանն է նշել, «հավանաբար, կբերի հանքավայրի բացման եւ մշակման սխեմայի փոփոխմանը»:

«Սիփան-1»-ը լրահետախուզման աշխատանքները պետք է ավարտեր մինչեւ 2009 թվականը: 2008-ի դեկտեմբերին ընկերությունը դիմել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն ու, հղում անելով ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցություններին, խնդրել հիշյալ ժամկետը երկարացնել 2 տարով:

«30-օրյա ժամկետում, «Վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն, նախարարությունը տեղեկացնում է, որ պահանջել է լրացուցիչ նյութեր, որոնք ստանալուց հետո էլ «Սիփանին» կպատասխանի: Նույն օրենքը սահմանում է, որ պատասխանի տրամադրումը չպետք է գերազանցի 45 օրը, ու եթե սահմանված ժամկետում հայցվող իրավունքը քեզ չեն տվել, այն համարվում է տրված»,- պարզաբանում է փաստաբան Թունյանը:

Ստացվում է, որ ընկերության դիմումն անպատասխան թողնելով` նախարարությունը մեխանիկորեն բավարարել է վերջինիս` լրահետախուզման ժամկետը 2 տարով երկարացնելու խնդրանքը:

Բայց եթե նույնիսկ այդպես չէ, եւ նշյալ ժամկետը 2008-ի դեկտեմբերի 31-ին լրացել է, «Սիփան-1»-ը լիցենզային պայմանագիրը կնքելու համար 9 ամիս ուներ` մինչեւ 2009 թ. հոկտեմբեր:

Սակայն 2009 թ. մարտին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հրամանով «Սիփան-1» ՍՊԸ-ն զրկվել է Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի հանքարդյունահանման հատուկ լիցենզիայից:

Նախարարը 5 տարի անց հիշել է, որ 2004-ին տրված լիցենզիայից հետո 9 ամսվա ընթացքում ընկերությունը պարտավոր էր կնքել լիցենզային պայմանագիր, իսկ լրահետախուզման հանձնարարականի մասին Մովսիսյանը, չգիտես ինչու, «մոռացել է»:

«Սկզբում «Սիփան-1»-ը փորձել է առաջնորդվել վարչարարության մեկ այլ սկզբունքով: Քանի որ նախկինում մի քանի ընկերությունների լիցենզիաներ առանց աճուրդի տրվել են նույն ընկերություններին, «Սիփան-1»-ը խնդրել է այդ կերպ վարվել նաեւ իր հետ: Որովհետեւ վարչարարություն է, եթե մեկի նկատմամբ դա կիրառում ես, ուրեմն պետք է կիրառես նաեւ մյուսի հանդեպ: Բայց, բնականաբար, մերժել են»,- մանրամասնում է Կ. Թունյանը:
Ընկերությունը դիմել է վարչական դատարան` նախարարի հրամանն անվավեր ճանաչելու պահանջով: Հայցը մերժվել է: Սակայն քննության ընթացքում դատավոր Արծրուն Միրզոյանը կիրառել է հայցի ապահովման միջոց` էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանն արգելելով որեւէ մեկին, առանց հայցվորի համաձայնության, Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել կամ հանքավայրի հանքարդյունաբերման իրավունքն այլ անձի փոխանցել:

Թունյանի խոսքով` սա շատ կարեւոր է, քանի որ հակառակ դեպքում, «եթե լիցենզիայի իրավունքը տրամադրվի ինչ-որ մեկին, ընկերության իրավունքի վերականգնումն անհնարին կդառնա»:

Այս տարվա հունիսին Արմեն Մովսիսյանը «Սյունյաց աշխարհ» թերթին ասել է, թե Լիճքվազ-Թեյի հանքավայրը 1-1,5 ամսվա ընթացքում կհանվի աճուրդի, ու հավանական չէ, որ լիցենզիան տրամադրվի նույն անձին (Սիլվա Համբարձումյանին):

Նախարարը նաեւ շեշտել էր, որ հանքով հետաքրքրվողներ կան: Հետաքրքիրն այն է, որ հենց հաջորդ օրը Վճռաբեկ դատարանը բեկանել է վարչական դատարանի որոշումը եւ նախարար Մովսիսյանի հիշյալ հրամանն ապօրինի ճանաչել:

Այս որոշումը հրապարակման պահից ստացել է օրինական ուժ եւ այլեւս փոփոխման ենթակա չէ: Ուստի «Սիփան -1»-ը սկսել է փորձաքննությունների գործընթացը` լիցենզային պայմանագիրը կնքելու համար: Սակայն նախարար Մովսիսյանը հոկտեմբերի 1-ին արձակել է երկրորդ հրամանը` նորից նույն լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին:

«Սիփան-1»-ն էլ ստպված փորձում է երկրորդ անգամ մտնել նույն գետը: Ընկերությունը կրկին դիմել է վարչական դատարան, ու թեեւ Վճռաբեկ դատարանը խնդիրը, ըստ էության, հանգուցալուծել է, վարչական դատարանը նորից հայցը մերժել է:

«Ախր, դուք չէ, որ պիտի դա քննարկեք այլեւս, դուք չէ, որ պետք է կասկածեք երկրի բարձրագույն դատական ատյանի որոշման վրա, դուք դրա իրավունքը պարզապես չունեք»,- նշում է իրավաբան Թունյանը եւ հավելում, որ Եվրադատարանում ընկերությունը կհաղթի, «որովհետեւ իրավունքի խախտումն ակնհայտ է»:

Ուշագրավ է նաեւ, որ վարչական դատարանն այս անգամ նախարարությանը չի արգելել հանքավայրի հետ կապված որոշակի գործողություններ կատարել: Այս որոշմանը, վերաքննության կարգով քննելիս, Արծրուն Միրզոյանը եւս հավանություն է տվել: Սա այն դատավորն է, ով նախորդ անգամ նույն հիմքերի առկայությամբ միանգամայն հակառակ որոշում էր կայացրել:

Այժմ «Սիփան-1» ՍՊԸ-ի բողոքը Վճռաբեկ դատարանում է, իսկ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը դեկտեմբերի 3-ին հանելու է աճուրդի, որին «Սիփան-1»-ը մասնակցելու իրավունք չունի: Փաստաբան Կարեն Թունյանը համոզված է, որ այս անգամ էլ Վճռաբեկը կառաջնորդվի օրենքով, քանի որ «տնտեսվարման մեջ կան կատեգորիաներ, որոնց հետ չի կարելի խաղ անել»:

«Դա թղթախաղ չէ, որ այսօր մեկի մոտ ստացվի, հաջորդ անգամ` մյուսի: Ընդհանուր կանոններ կան, ներդրումային դաշտի ձեւավորումը շատ նուրբ է, եւ այն, ինչ կոտրում ես, տասնյակ տարիներ այլեւս կարող է չվերականգնվել»,- ասում է փաստաբանը: Այս ամբողջ պատմությունը նա բնորոշում է իբրեւ «չինովնիկական կամայականության յուրահատուկ դրսեւորում»:

Իսկ պատճառն այն է, որ չինովնիկը շատ լավ գիտի, որ իր գործողության արդյունքում պատճառված վնասը հատուցելու է պետությունը:

«Ես չեմ հիշում մեկ դեպք, երբ պետությունը հակընդդեմ հայցով որեւէ պաշտոնյայի ասած լինի` լսիր, ես քո փոխարեն այսքան վնաս կրեցի, գրպանիցդ հանիր, դիր տեղը»,- ասում է Կ. Թունյանը: Նրա խոսքով, եթե գործը հասավ Եվրադատարան, ընկերությունն իբրեւ փոխհատուցում առնվազն կպահանջի ներդրած ողջ գումարը` 11-12 մլրդ դրամ: Եվ այն, բնականաբար, կվճարվի ՀՀ պետական բյուջեից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter