HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ինչու աննկատ մնացին չինական «ներդրումները»

Հունվարի 12-ին Հոնգկոնգում տեղակայված չինական Fortune Oil ընկերությունը ձեռք է բերել Bounty Resources Armenia ընկերության 35% մասնաբաժինը:

Լոնդոնի բորսայի www.londonstockexchange.com կայքի տեղեկացմամբ՝ գործարքի արժեքը կազմել է 24 մլն դոլար: Այս գործարքին Հայաստանի Կառավարությունը չարձագանքեց: Եթե հաշվի առնենք, որ նման դեպքերում մեր Կառավարության արձագանքը շատ բուռն է լինում, ապա առնվազն տարօրինակ է, որ ոչ միայն չեն արձագանքում, այլ նաեւ գործարքից անտեղյակ են ձեւանում: Պատճառը, հավանաբար, այն է, որ այս գործարքում նշված գումարը որեւէ կերպ Հայաստանի հետ կապ չունի: Այն պատկանում է ԱԺ երկու պատգամավորների' Վարդան Այվազյանին եւ Տիգրան Արզաքանցյանին:

Տիգրան Արզաքանցյանին գտնելու համար գուցե շուտով հարկ լինի դիմել Ինտերպոլին: Այս պատգամավորն ընդհանրապես չի մասնակցում ԱԺ աշխատանքներին, երբեմն հրապարակումներ են լինում նրան այս կամ այն քաղաքում ծեծելու մասին, իսկ ԱԺ-ի նրա օգնականն ասում է, թե բուժման է մեկնել, ուր՝ անհայտ է: Բայց հաշվի առնելով չինական այս գործարքի «ոլորապտույտները»՝ կարելի է ենթադրել, որ Տ. Արզաքանցյանը զբաղված էր հենց այս գործարքով՝ զանազան ընկերություններ գրանցելով եւ ամեն ինչ խճճելով:

Փորձենք բացատրել, թե ինչ է տեղի ունեցել, եւ ինչու են լոնդոնյան բորսայի, Fortune Oil-ի կայքերի եւ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության ներկայացրած տեղեկությունները հակասական:

Bounty Resources Armenia Limited-ին են պատկանում Աբովյանի, Հրազդանի եւ Սվարանցի երկաթահանքերը: Fortune Oil-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ այդ հանքավայրերի լիցենզիան տրվել է «Նագին» ՍՊԸ-ին, որի 72% բաժնեմասը պատկանում է Caspian Bounty Steel Limited ընկերությանը, իսկ 28 տոկոսը պատկանում է Սուրեն Այվազյանին' Վարդան Այվազյանի որդուն: Caspian Bounty Steel Limited-ը գրանցված է օֆշորային գոտում' Մեծ Բրիտանիայի Վիրջինյան կղզիներում: «Նագինը» Caspian Bounty Steel Limited ընկերության դուստր ձեռնարկությունն է: Caspian Bounty Steel Limited ընկերության 83.3% բաժնեմասը պատկանում է Bounty Resources Armenia Limited ընկերությանը, իսկ մնացած 16.7% բաժնեմասը (շուրջ 2 մլն դոլար) պատկանում է Fortune Oil-ին: Caspian Bounty Steel Limited-ն էլ Bounty Resources Armenia Limited-ի դուստր ձեռնարկությունն է: Ըստ համաձայնագրի՝ Fortune Oil ընկերությունը հնարավորություն ունի Bounty Resources Armenia Limited ընկերությունում իր մասնաբաժինը հասցնել 50%-ի' վճարելով 16 մլն դոլար:

Իսկապես խճճված գործարք է, որի նպատակը բաժնետերերին գաղտնի պահելն է եւ պետությունը շրջանցելը: Ովքե՞ր են օֆշորային գոտում գրանցված ընկերությունների բաժնետերերը՝ հայտնի չէ: Նրանց մասին գիտեն Վարդան Այվազյանը, Տիգրան Արզաքանցյանը եւ այն պաշտոնյաները, ովքեր գաղտնի են մնում: Բայց, հաշվի առնելով Կառավարության լռությունը' նրանք պատահական մարդիկ չեն:

Մեր հարցմանը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը պատասխանել է, որ «համաձայն ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի կոնսեսիոն գործակալության կողմից վարվող կենտրոնացված գրանցամատյանի' «Բաունթի ռեսուրսիս Արմենիա» ընկերությանը երկաթի հանքավայրի շահագործման հանքային իրավունք չի փոխանցվել: Պարզաբանում ենք նաեւ, որ Հրազդանի հանքավայրը պատկանում է «Նագին» ընկերությանը, Աբովյանը եւ Սվարանցը' «Սփայս Սթիլ Արմենիա» ՓԲԸ-ին: Տեղեկացնում ենք, որ վերջին ժամանակաշրջանում նշված հանքավայրերի մասով հանքային իրավունքները այլ ընկերությունների չեն փոխանցվել: Ինչ վերաբերում է վերոնշյալ ընկերությունների բաժնետերերի փոփոխությանը, ապա նախարարությունն այդ մասով որեւէ պաշտոնական ծանուցում չի ստացել»:

Ահա այսչափ տեղեկատվության է տիրապետում Հայաստանի ընդերքով զբաղվող նախարարությունը: Չինական խոշոր մի կազմակերպություն Հայաստանում պատրաստվում է գործունեություն ծավալել, իսկ նախարարությունը տեղյակ չէ կամ անտեղյակ է ձեւանում: Պատկերացնո՞ւմ եք Հայաստանի ընդերքի վիճակը...

«Նագին» ՍՊԸ-ն պատկանում է ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի որդուն' Սուրեն Այվազյանին եւ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին: «Սփայս Սթիլ Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետերերն են դարձյալ Սուրեն Այվազյանը եւ Տիգրան Արզաքանցյանը: Fortune Oil-ի կայքում նշված է նաեւ, որ Caspian Bounty Steel Limited եւ Bounty Resources Armenia Limited ընկերություններում կատարվող ներդրումները ֆինանսավորվում են ընկերության կանխիկ պահուստային միջոցներից:

Սա ենթադրում է, որ մեր պատգամավորները 24 մլն դոլարը կանխիկ են վերցրել, իսկ բաժնեմասերի վաճառքից նրանք որեւէ հարկ չեն վճարում: Տեսնում եք՝ Հայաստանի ընդերքի առուվաճառքով ինչպիսի գումարներ են աշխատում՝ առանց որեւ լումա պետությանը տալու: Փոխարենը պատգամավորները հաստատ «մուծվում» են մեկ ուրիշին: Սա պատգամավոր դառնալու եւ պատգամավոր մնալու բանաձեւերից մեկն է: Այդ պատճառով էլ աննկատ մնացին չինական «ներդրումները»:

Հ.Գ. Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունը, «Նագին» ՍՊԸ-ի հիմնադիրների եւ բաժնետերերի մասին մեր հարցմանն ի պատասխան, ակնհայտ սուտ տեղեկություններ է տրամադրել: Ի դեպ, այդ տեղեկությունների համար վճարել ենք 4 հազար դրամ, մինչդեռ դրանք անվճար են եւ պետք է գործակալության կայքում հասանելի լինեն բոլորին: Իսկ կայքը բավականին երկար ժամանակ չէր աշխատում: Անհասկանալի է՝ գործակալությունը դա միտումնավո՞ր է արել, թե՞ անփույթ աշխատանքի արդյունք է: Նրանց տրամադրած տեղեկանքի եւ արդեն գործող կայքում առկա տեղեկությունները տարբեր են: Գրավոր տեղեկանքում «Նագին» ՍՊԸ-ի հիմնադիրները երկուսն են, իսկ կայքում նշված է 7 հոգու անուն (տես նկարները):

Տրամաբանական կլինի, որ դիմենք դատարան եւ հետ ստանանք մեր 4 հազար դրամը, իսկ սխալ տեղեկություն տալու համար դատարանից պահանջենք պատժել Արդարադատության նախարարությանը: Բայց հաշվի առնելով, որ այդ դատական գործընթացը կարող է տարիներ տեւել, իսկ մեր հայցապահանջը՝ չբավարարվել` այս մասին պարզապես ի գիտություն տեղեկացնում ենք Արդարադատության նախարարին:

Մեկնաբանություններ (1)

Share Market
It was a awe-inspiring post and it has a significant meaning and thanks for sharing the information. Would love to read your next post too... Thanks Regards: Share Market

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter