HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Մանկապարտեզներին ոչ պիտանի հավի միս մատկարարողը հաջողակ բիզնեսմեն է. նեխած միսը իրացվել է նաեւ սուպերմարկետներում

Նոր Նորքի մանկապարտեզներին օգտագործման համար ոչ պիտանի թռչնամիս մատակարարած վանաձորցի երիտասարդը քննիչի սենյակում հաջողակ գործարարի իր կարիերան ներկայացնելիս հպարտությամբ պատմել է, որ ընդամենը երկու տարի առաջ սկսելով բիզնես գործունեությունը` կարողացել է բազմաթիվ մրցույթներ շահել՝ էլեկտրոնային կրիչներ է մատակարարել ՀՀ նախագահի աշխատակազմին, հավկիթ է մատակարարել զորամասերին եւ այլն: Մեկ ամիս առաջ էլ իր էլեկտրոնային հասցեով նամակ-առաջարկ է ստացել` մասնակցելու Երեւանի քաղաքապետարանի հայտարարած «Մանկապարտեզներին հավի միս մատակարարելու» մրցույթին: Մասնակցել ու շահել է մրցույթը, երբ ընդամենը 4 ամիս առաջ էր սկսել զբաղվել թռչնաբուծությամբ:

Երեւանի քաղաքապետարանի հետ 2014թ. հուլիսի 10-ին կնքված մատակարարման պայմանագրի հիման վրա անհատ ձեռներեց Էդվարդ Մխիթարյանը Նոր Նորք վարչական շրջանի 18 մանկապարտեզների պետք է թարմ թռչնամիս մատակարարեր: Նա իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց 2014թ. օգոստոսի 11-ին Նոր Նորք վարչական շրջանի թիվ 101, 116 եւ 118 մանկապարտեզներին կասկածելի ծագման թռչնամիս մատակարարելու ժամանակ:

Քննությունն իրականացնող նախաքննական մարմինը՝ Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունը, մեղադրական եզրակացությունը կազմելիս մեղադրանքի ծավալը փոքրացրել էր՝ տպավորություն ստեղծելով, թե նա իր բիզնես գործունեությունը սկսել էր օգոստոսի 10-ից, ինչպես հայտարարեց Երեւանի քաղաքապետարանը, եւ հաջորդ օրն իսկ ձերբակալվեց օգտագործման համար ոչ պիտանի հավի միսը Նոր Նորքի 3 մանկապարտեզներին մատակարարելու ժամանակ:

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ 4 ամիս առաջ Երեւանի երեք մանկապարտեզներին օգտագործման համար անթույլատրելի թռչնամիս մատակարարած Էդվարդ Մխիթարյանին տուգանեց 500 հազար ՀՀ դրամի չափով: Դատարանը քննությունն իրականացրեց արագացված կարգով, որովհետեւ դատարանում արդեն ամբաստանյալն ընդունել էր իր մեղքը եւ միջնորդել էր արագացված դատաքննություն իրականացնել: Նախաքննության ժամանակ նա իրեն մեղավոր չի ճանաչել եւ այդպես էլ գրել է մեղադրական եզրակացության մեջ: 

Որտեղի՞ց հայտնվեցին հիվանդ հավի մսերը 

Քննչական կոմիտեն մեղադրանքից դուրս էր թողել հաջողակ «գործարարի» գործունեության ամենակարեւոր մասը՝ Էդվարդ Մխիթարյանը քննիչին պատմել է, որ թռչնաբուծարանը հիմնել է 2014թ. մարտի 9-ին՝ գործունեությունը ծավալելով նույն թվականի հունվար ամսին ընկերոջ` Երվանդի անունով հիմնադրված «Ե·Է·Ռ· ԸՆԴ· ՔՈ» ՍՊԸ-ով: Այնուհետեւ Լոռու մարզի Ճոճկան գյուղում գտնվող թռչնաֆաբրիկայի սեփականատիրոջից վարձակալել է այն, «Արաքս» թռչնաֆաբրիկայից ձեռք է բերել 30,940 հատ մեկ օրական ճուտ, տեղի բնակիչներից 8 հոգու վարձել է դրանք խնամելու համար, թռչուններին պահել է 55-60 օր, բայց չի կարողացել կեր գնել, որի հետեւանքով մոտ 5000 հավ սատկել է: Դրանից հետո վարձել է երկու մորթ անողների, որոնք հենց թռչնանոցում 8000 հատ հավ են մորթել (թռչնանոցը մորթի արտադրամաս չի ունեցել), եւս 14 000-ը մորթել է «Արաքս» թռչնաֆաբրիկայում, որի դիմաց նրանց տրամադրել է 1 տոննա հավ: Մինչ այդ, «Զվարթնոց» օդնավակայանում եւ Փարաքար գյուղում պահեստներ է վարձել եւ մորթված հավերը Ճոճկանի թռչնաբուծարանից Արմավիրի մարզում գտնվող նշված պահեստներ է տեղափոխել մայրաքաղաքի փողոցներից մեկում կայանած վարձով ծառայություններ մատուցող «Ֆորդ տրանզիտ» մակնիշի, սառնարան չհանդիսացող մեքենայով եւ իր ընկերոջ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով: Նույն «Ֆորդ տրանզիտ» մեքենան նա ծառայեցրել է նաեւ «Արաքս» թռչնաբուծարանից Ճոճկան թռչնակեր տեղափոխելու համար:

Այնուհետեւ, նույն մեքենայով «Զվարթնոց» օդնավակայանի «Կարգո» պահեստում եւ Փարաքարի պահեստում պահ տված թռչնամիսը քիչ-քիչ նույն «Ֆորդ» եւ «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներով տեղափոխել է Ավան-Առինջ թաղամասի Դուշանբեի փ. 11/8 հասցեում գտնվող բետոնապատ շինություն, որը վարձակալել էր եւ վերածել թռչնամսի մշակման ու փաթեթավորման արտադրամասի: Պատվիրել է «Ալավերդու թռչնաֆաբրիկա» անվանումով պոլիէթիլենային փաթեթներ եւ հավերն իրացրել է այդ անվան տակ:

Ոստիկաններն օգոստոսի 11-ին Ավան-Առինջ թաղամասի Դուշանբեի փ. 11/8 հասցեում հայտնաբերել են «Ալավերդու թռչնաֆաբրիկա» գրառումով պոլիէթիլենային  փաթեթներ, քացախաթթվի եւ կալիումի պերմանգանատի տարաներ, 3 թուջե վաննա, որից 2-ը դատարկ են եղել, իսկ երրորդում առկա էր հավի ամբողջական եւ մասնատված մասեր՝ ուժեղ նեխահոտով եւ տարօրինակ սպիտակ գույնով:

Մեղադրական եզրակացություն. «Է. Մխիթարյանը մեղադրվում է այն բանում, որ հաղթելով Երեւանի քաղաքապետարանի հայտարարած «Մանկապարտեզներին հավի միս մատակարարելու» մրցույթում, 2014թ. հուլիսի 10-ին կնքված մատակարարման պայմանագրի հիման վրա, Երեւանի Դուշանբեի 11/8 հասցեում կազմակերպել եւ իրականացրել է հավի մսի մշակման եւ փաթեթավորման գործունեություն, որի ընթացքում օգագործելով ոչ թարմ, օգտագործման համար ոչ պիտանի հավի միս ապրանքի սպառողական հատկանիշների եւ որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելու համար, հավի մսի' պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող նշված հատկանիշները թաքցնելու նպատակով այն մշակել է թռչնամսի մշակման ընթացքում անթույլատրելի նյութերով' քացախաթթվով եւ կալիումի պերմանգանատով, ապա մշակված հավի մսից 2014թ. օգոստոսի 4-ին եւ 11-ին Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի թիվ 101,116,118 մանկապարտեզներին մատակարարել է խոշոր չափով' 98,750 ՀՀ դրամի ընդհանուր արժողության, ՀՀ կառավարության 2006թ. հոկտեմբերի 19-ի «Մսի եւ մսամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1560-Ն որոշման պահանջներին չհամապատասխանող 79 կգ հավի միս»:

 Նեխած թռչնամիսը վաղուց էր իրացվում սուպերմարկետներում

Քրեական գործում առկա են փաստեր, համաձայն որոնց Է. Մխիթարյանը մինչեւ մայիսի 20-ն ավարտել էր թռչունների մորթը, իսկ թռչնամսի իրացումը սկսել էր դեռեւս ապրիլ ամսից: Մինչ Նոր Նորքի մանկապարտեզներին թռչնամիս մատակարարելը նա արդեն մատակարարել էր «Նոր Զովք» եւ «Երիցյաններ» սուպերմարկետներին: Գործով անցնող վկաներից մեկի՝ թռչնամիսը փաթեթավորողներից Գ. Արզումանյանի ցուցմունքի համաձայն՝ նաեւ Ավանի մանկապարտեզներին: Այս մանկապարտեզները նախաքննական մարմնի  հետաքրքրության շրջանակից դուրս են մնացել, բայց թռչնամիսն առգրավելու նպատակով այցելել են հիշյալ սուպերմարկետներ:

«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի տնօրենը հայտնել է, որ իրենք անհատ ձեռներեց Է. Մխիթարյանից թռչնամիս չեն ստացել եւ այդ մասին հավաստող փաստաթղթեր չկան: Մինչդեռ, Է. Մ խիթարյանն իր 16.09.2014թ. ցուցմունքում հայտնել է, որ մոտ 160 կգ թռչնամիս է վաճառել նշված սուպերմարկետների ցանցին, եւ նրա մոտ եղած փաստաթղթերից պարզվել է, որ «Նոր Զովք» սուպերմարկետի հետ 224 100 դրամի գործարք է իրականացվել:

«Երիցյաններ» սուպերմարկետում հայտնել են, որ 2014թ. ապրիլի 15-ից մինչեւ մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում անհատ ձեռներեց Է. Մխիթարյանից ձեռք են բերել 118 կգ հավ եւ 29 հատ ճուտ: Նշված քանակությունն արդեն վաճառված է եղել եւ 19.08.2014թ. դրությամբ պահեստում այդ թռչնամսից չի եղել:

Է. Մխիթարյանը հայտնել է, որ եւս 10-15 կգ տվել է մի քաղաքացու, որին չի ճանաչում, նաեւ Վանաձորում է իրացրել մի առաքիչի միջոցով:

Միայն այս տվյալներով՝ նա իրացրել է 293 կգ թռչնամիս, որը երեք անգամ ավելին է, քան Նոր Նորքի մանկապարտեզներին մատակարարվածը, եւ այս դեպքում սպառողներն այն օգտագործել են, բայց  քննչական կոմիտեն այս դեպքերը մեղադրանքի շրջանակում չի ներառել: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից տրված տեղեկանքի համաձայն՝ Է. Մ.-ն 2014թ. հունիսի 17-ից մինչեւ հուլիսի 15-ը պահեստից 4189 կգ հավ է դուրս բերել:

Նախաքննական մարմինը սեպտեմբերի 17-ին ունեցել է փորձաքննությունների եզրակացությունները, ըստ որոնց՝ Նոր Նորքի 3 մանկապարտեզներից եւ պահեստներից վերցված թռչնամսի բոլոր նմուշներում հայտնաբերվել են քացախաթթվի եւ կալիումի պերմանգանատի հետքային քանակներ, որոնց օգտագործումը թռչնամսի մշակման ընթացքում թույլատրելի չէ:

1.Քացախաթթուն խորհուրդ չի տրվում մինչեւ 7 տարեկան երեխաների ցանկացած սննդակարգում, քանի որ դրա երկարատեւ օգտագործումը առաջացնում է քացախաթթվի կոմուլացիա (կուտակում), որը կարող է հանգեցնել երիկամների, լյարդի եւ այլ օրգանների ֆունկցիոնալ խանգարման:

2.Քացախաթթվով եւ կալիումի պերմանգանատով մշակված թռչնամսի մեկանգամյա օգտագործումը սուր թունավորումներ չէր կարող առաջացնել: Երկարատեւ օգտագործման դեպքում նշված երկու քիմիական նյութերը, շնորհիվ օրգանիզմում կուտակվելու հատկության, կարող են հանգեցնել քրոնիկ թունավորումների:

Թռչնամսի մանրէաբանական ցուցանիշների հետազոտության արդյունքներով երեք մանկապարտեզներից վերցված թռչնամիսը միայն ՄԱՖԱՄ-ի ցուցանիշով է գերազանցել թույլատրելի սահմանը:

«Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» պահեստներից եւ Փարաքարի պահեստից վերցված թռչնամսի նմուշներում ՄԱՖԱՄ-ի ցուցանիշը գերազանցել է թույլատրելի սահմանը: «Կարգո» պահեստներում պահվող թռչնամսում հայտնաբերվել են նաեւ սալմոնելաներ եւ մոնոցիտոգենես միկրոբներ (L. Monocytogenes): Փորձագետի եզրակացությունը` այն պիտանի չէ հետագա օգտագործման համար:

Իսկ այդ պահեստներում մեծ քանակի հավ է պահվել, մասնավորապես՝ 5000 կգ-ը պահվել է «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» 4 տերմինալ պահեստում, 4500 կգ հավ է պահվել «Զվարթնոց» օդնավակայանի «Կարգո» 5 պահեստ-սառանարանում, իսկ 2300 կգ-ը՝ Փարաքարի պահեստում:

Քննիչ - «Զվարթնոց» օդնավակայանի եւ Փարաքար գյուղի ձեր կողմից վարձակալված պահեստային տարածքներում նունպես առկա է ուժեղ գարշահոտ եւ դուք բանավոր հայտարարել եք, որ նշված թռչնամսի մի մասը փչացած է: Կարո՞ղ եք բացատրել, թե ինչ նպատակով եք շարունակում պահել փչացած թռչնամիսը, չէ՞ որ դրա պահպանության համար վարձ եք վճարում:

Պատասխան- Կուզեի հստակեցնել՝ ոչ թե փչացած, այլ հոտի առկայությունով: Այդ հավը պահվում է սառնարանում՝ ակնկալելով, որ ձեռք բերվի պայմանավորվածություն թռչնաբուծարանների կամ գազանանոցի հետ` կենդանիների կերի համար:

22.10.2014թ. քննիչը գրություն է ուղարկել կենդաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին՝ պարզելու համար, թե Է. Մխիթարյանից թռչնամիս ձեռք բերվե՞լ է: Այս գրությունը մնացել է անպատասխան: Կենդաբանական այգու տնօրենին երկրորդ գրությունն ուղարկվել է 25.02.2015թ.: Այն դարձյալ մնացել է անպատասխան, եւ քննիչը հետամուտ չի եղել նրանից պատասխան ստանալու հարցում:

Այդուհանդերձ, քննիչը փորձել է պարզել սատկած հավերի իրական քանակը եւ այն, թե ինչ են եղել դրանք: Քննիչի հաշվարկով՝ սատկած հավերը մոտ 8 տոննա պետք է կազմեին: Այստեղ դարձյալ մեղադրյալը երկընտրանքի մեջ է հայտնվել՝ չկողմնորոշվելով, թե որին նախապատվություն տա՝ ապօրինի առեւտրաշրջանառության ծավալն ավելացնի՞, թե՞ սատկած հավերի քանակը: Նախընտրում է վերջինը եւ տարբեր ժամանակամիջոցներում տված իր ցուցմունքներում սատկած հավերի մասին խիստ տարբեր թվեր է նշում. սկզբում՝ 3000, մեկ ուրիշ անգամ՝ մոտ 5000 եւ վերջում՝ 9000:  Համենայնդեպս, այլ ցուցմունքներով հիմնավորվում է 5000 թիվը: Բայցեւայնպես, ի՞նչ է արվել 5000 հատ սատկած հավը, քննիչը չի պարզել:

Մեղադրյալ Է. Մխիթարյանի ասածը, թե սատկած հավերը տեղում ոչնչացրել են այրելու միջոցով՝ այլ ցուցմունքներով չի հաստատվել: Մեկ ուրիշ անգամ հարցաքննության ժամանակ հայտնել է. «Տեխնիկական վնասվածքներով հավերն առանձնացվել են ու թափվել, բացի այդ՝ ես եւ իմ աշխատողները կերել ենք այդ հավերից, տարել ենք տուն եւ օգտագործել որպես սննդամթերք, եւ մնացած մի քանի տոննայի պակասորդն այդ պատճառով է եղել եւ ոչ թե իրացման»:

Վկա Ս. Աբրահամյանը, որն ապրանք է առաքել «Ֆորդ» եւ «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներով, իր ցուցմունքում այդ մասին հայտնել է. «Պահեստային տարածքում (նկատի ունի Ավան-Առինջ թաղամասի Դուշանբեի փ. 11/8 հասցեում գտնվող շինությունը, որտեղ հավերը փաթեթավորել են- Ս.Պ.) տեսել եմ երկու տեսակի հավեր, մի մասը փաթեթավորված էր «Ալավերդու թռչնաֆաբրիկայի» փաթեթներով, իսկ մյուս մասը փաթեթավորված չէր: Որքանով տեղյակ եմ՝ չփաթեթավորված հավերը ենթակա չեն վաճառքի եւ օգտագործման, համաձայն Էդ. Մխիթարյանի` նախատեսված են գազանանոց տանելու համար»:

Թռչնապահ Գալյա Բոշյանն իր ցուցմունքում հայտնել է. «··· սատկած հավերը մեր կողմից պահեստավորվում էին պարկերի մեջ, իսկ տնօրենները դրանք տեղափոխում էին, իմ կարծիքով՝ վառելու կամ ոչնչացնելու համար, սակայն կոնկրետ ես դրանք չեմ վառել»:

Գոռ Արզումանյանը հայտնել է. «Բեռնատար ավտոմեքենաններից դատարկում էինք վաննաների մեջ, շուրջ 4 ժամ պահում էինք վաննայում հոսող ջրի տակ, որպեսզի հալչի հավը, մեջից ընտրում էինք անպիտան, փչացած, հոտած հավերը, դնում կողքի, իսկ մնացածը փաթեթավորում էինք պոլիէթիլենային տոպրակներում, որի վրա գրված էր «Ալավերդու թռչնաֆաբրիկա» եւ բարձում էինք մեքենան: 

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետ Ա. Հայրապետյանը, հիմք ունենալով փորձաքննության եզրակացությունը, նախաքննական մարմնին ուղղված գրությամբ տեղեկացրել է, որ 27.10.2014թ. ձեռնարկվել են միջոցներ` թռչնամսի խմբաքանակները ոչնչացնելու համար (հանցանքը բացահայտվելուց 2 ամիս հետո-Ս.Պ.): «2014թ. օգոստոսի 21-ին անհատ ձեռներեց Է. Մխիթարյանին տրվել է արտադրանքի իրացումն արգելելու եւ շուկայից հետ կանչելու ու ոչնչացնելու մասին թիվ 863 կարգադրանքը եւ հանձնարարվել է ոչնչացնել վտանգավոր սննդամթերքը»,- տեղեկացրել է ծառայության պետը (ՍԱՊԾ):

Ի պատասխան` Է. Մխիթարյանը նախաքննական մարմնին հայտնել է. «Ցանկանում եմ տեղեկացնել, որ անհատ ձեռներեց Էդվարդ Մխիթարյանը հավի արտադրությամբ չի զբաղվել: 12 000 կգ քաշով սառեցված հավերի խմբաքանակը պատկանում է «Ե·Է·Ռ· ԸՆԴ· ՔՈ» ՍՊԸ-ին»:

Նշենք, որ Էդվարդ Մխիթարյանն իր նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ «Ե·Է·Ռ· ԸՆԴ·ՔՈ» ՍՊԸ-ն 2014թ. հունվարին հիմնադրվել է ընկերոջ` Երվանդի անունով, սակայն դրա փաստացի տնօրինումն ինքն է իրականացնում: «ՍՊԸ-ն՝ ի դեմս ինձ, իրականացրել է թռչնաբուծական գործունեություն: ՍՊԸ-ով «Արաքս» թռչնաֆաբրիկայից 1 օրական ճտեր եմ ձեռք բերել, կեր եմ ձեռք բերել, Երվանդի անունից կատարած գործարքները կատարել եմ ես, սակայն որպես ՍՊԸ-ի տնօրեն փաստաթղթերի տակ ստորագրել է Երվանդը (Երվանդ Մկրտչյան)»: 

Քննչական կոմիտեն մեղադրանք չի առաջադրել սերտիֆիկացման մարմնի ղեկավար Արմեն Սարգսյանին՝ ՍՊԸ-ին կեղծ հայտարարագիր տրամադրելու եւ դրանով սպառողներին թյուրիմացության մեջ գցելու համար: Վերջինս հայտարարագրով, «իր բացարձակ պատասխանատվությամբ հայտարարել է, որ «Ե·Է·Ռ· ԸՆԴ·ՔՈ» ՍՊԸ-ի հավի մսեղիքը համապատասխանում է ՀՀ կառավարության որոշում N 1904-Ն եւ 1560-Ն մսի եւ մսամթերքի տեխնիկական կանոնակարգի պահանջներին»:

Նախաքննության ժամանակ նաեւ հաշվապահական փորձաքննություն է նշանակվել, որպեսզի պարզվի Է. Մխիթարյանի՝ հարկային պարտավորությունների շրջանակում պետությանը պատճառված վնասի չափը: Սակայն, մեղադրյալի հաշվապահություն չիրականացնելու պատճառով չի հաջողվել պարզել առեւտրաշրջանառության իրական չափը: Միաժամանակ, ֆինանսների նախարարությունը չկատարած ֆինանսական պարտավորությունների հաշվարկը կատարել է երկու մասով՝ անհատ ձեռներեց Է. Մխիթարյանի եւ «Ե·Է·Ռ· ԸՆԴ·ՔՈ» ՍՊԸ-ի, ուստի բաշխվել է նաեւ պատճառված վնասների չափը եւ հարկերից խուսափելու համար Քրեական օրենսգրքի 205 հոդվածով (հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) նախատեսված մեղադրանք չի առաջադրվել նրան:

Է. Մխիթարյանն իր վարձած 15 աշխատողներից ոչ մեկին չի հրամանագրել, նրանց բոլորին աշխատանքի է ընդունել բանավոր պայմավորվածության հիման վրա, պայմանավորված աշխատավարձի կեսն էլ չի վճարել, մասնակի է վճարել նաեւ պահեստի ու արտադրամասի համար պայմանավորված վարձավճարները: Նրանք բոլորը հարցաքննության ժամանակ նշել են չվճարված գումարների չափերը, սակայն քննիչը նրանց տուժող չի ճանաչել, քննչական կոմիտեն եւ մեղադրանքը հաստատող դատախազը նրանց քաղհայցի իրավունք չեն վերապահել: Է. Մխիթարյանին մեղադրանք չի առաջադրվել նաեւ սպառողներին օգտագործման համար ոչ պիտանի խոշոր չափերի թռչնամիս իրացնելու, հարկերից խուսափելու, աշխատողներին չգրանցելու եւ պայմանավորված գումարի չափով չվարձատրելու համար:

 «Հաշվի առնելով ամբաստանյալ Է. Մխիթարյանի անձը դրական բնութագրող տվյալները, պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը, պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, Դատարանը հանգում է հետեւության, որ նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված` տուգանք պատժատեսակի նշանակումը բավարար է նրան ուղղելու, նոր հանցանքի կատարումը կանխելու եւ սոցիալական արդարությունը վերականգնելու համար»,- ասվում է դատավճռում:

Դատավոր Արմեն Վարդապետյանը որոշել է, որ է. Մխիթարյանին 500 000 դրամ տուգանելով՝ սոցիալական արդարությունը վերականգնված է: Դատավճռով որոշվել է վերադարձնել նաեւ նախաքննության ժամանակ Է. Մխիթարյանից առգրավված մոտ 5000 ԱՄՆ դոլարը: Դատարանը, սակայն, չի անդրադարձել պահեստներում մնացած օգտագործման համար ոչ պիտանի 12 տոննա թռչնամիսը ոչնչացնելու հարցին:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter